i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր),
իրագործման նպատակով.
2008 թ. նոյեմբերի 14-ի` ԱՊՀ Կառավարությունների Ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված` մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի բնագավառում համագործակցությունը` գերակա ուղղություններով,
2003 թ. սեպտեմբերի 18-ի հուշագիրը միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին,
2004թ. սեպտեմբերի 15-ի` ԱՊՀ կառավարությունների Ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված` ԱՊՀ մասնակից պետությունների` մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածի համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հայեցակարգը,
1998թ. սեպտեմբերի 11-ի արձանագրությունը Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոճանապարհների մասին,
ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածների արդյունավետ շահագործման և զարգացման ապահովման համաձայնեցված քաղաքականության անցկացման, դրանց գործունեության` տրանսպորտային-տնտեսական օպտիմալ պայմանների ապահովման, լրացուցիչ տարանցիկ տրանսպորտային հոսքերի ներգրավման անհրաժեշտությունը,
գիտակցելով, որ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքները հանդիսանում են տրանսպորտային միջանցքների եվրասիական համակարգի բաղկացուցիչ և անբաժանելի մասը,
հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման համաշխարհային փորձը,
համաձայնեցին հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները.
միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) - Կողմերի կողմից հաստատված` ինչպես առկա, այնպես էլ նորաստեղծ տրանսպորտային տարբեր միջոցների (բացառությամբ օդայինի), մայրուղային տրանսպորտային հաղորդակցման ուղիների ամբողջություն` համապատասխան հարմարանքներով, որոնք ապահովում են ուղևորների և բեռների փոխադրումները ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներն իրար կապող ուղղություններով,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգեր - ՄՏՄ համաձայնեցված զարգացման ապահովման նպատակով ԱՊՀ Կողմերի իրավասու մարմինների և ճյուղային համագործակցման մարմինների նորմատիվ իրավական, ռեսուրսային և տեղեկատվական-նյութատեխնիկական գործունեության ոլորտներ,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցում - միջպետական գործունեություն` ուղղված ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի համաձայնեցված և հավասարակշիռ գործունեության և փոխգործակցության պայմանների ստեղծմանը` դրանց օգտագործման և զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով,
ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ զարգացումը տրանսպորտի ոլորտում կանոնակարգող միջազգային պայմանագրերի և ԱՊՀ մասնակից պետությունների ազգային նորմատիվ իրավական ակտերի համալիր,
ՄՏՄ ռեսուրսային ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ ուղղություններով միջազգային տրանսպորտի գործընթացը կարգավորող` տրանսպորտային, ենթակառուցվածքային, ֆինանսական, տեխնոլոգիական ապահովման տարրերի, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման համակարգի, բեռների և շրջակա միջավայրի պահպանության ապահովման ամբողջականացում,
ՄՏՄ տեղեկատվական-նյութատեխնիկական ապահովման ենթահամակարգ - բեռների և ուղևորների փոխադրման տեղեկատվական-փաստաթղթային կազմակերպման միջոցների և կանոնների, դրանց մոնիտորինգի, ՄՏՄ օգտագործման արդյունավետության վերլուծության և տվյալների հավաքման ամբողջականացում,
Կողմերի լիազոր մարմիններ - ՄՏՄ զարգացման և օգտագործման հետ կապված հարցերի լուծման համար Կողմերի կողմից որոշված մարմիններ:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Համաձայնագիրը կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող ՄՏՄ հատվածների զարգացման և օգտագործման հարցերը ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը որոշում են ՄՏՄ արդյունավետ զարգացումը` որպես կայուն միջազգային տարանցիկ հաղորդակցության հիմնական բաղկացուցիչ մաս, և ստեղծում են սահմանափակումների վերացման համար փոխշահավետ պայմաններ` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով բեռների և ուղևորների անարգել փոխադրումն ապահովելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 4
1. Կողմերը միջոցներ են ձեռնարկում` ուղղված ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցմանը:
2. Սույն Համաձայնագրով սահմանված ուղղությունների իրականացման նպատակով Կողմերի իրավասու մարմինները մշակում են ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցմանն ուղղված համատեղ պրակտիկ գործողությունների համաձայնեցված ծրագիր:
3. ՈՒղղությունների իրագործումն իրականացվում է փուլերով` Կողմերի իրավասու մարմինների և ԱՊՀ միջազգային տրանսպորտային նախագծերի ճյուղային համագործակցության մարմինների մշակումների հիմքի վրա:
ՀՈԴՎԱԾ 5
1. ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման առաջնային ուղղություններն են համարվում.
ԱՊՀ մասնակից պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցումը տրանսպորտի և մաքսային բնագավառի բազմակողմ համաձայնագրերով և կոնվենցիաներով ամրագրված միջազգային իրավունքի և չափորոշիչների, նորմերի և սկզբունքների հետ` ԱՊՀ մասնակից պետությունների տարատեսակ տրանսպորտի` եվրոպական և ասիական տրանսպորտային համակարգերին ինտեգրումն ապահովելու նպատակով,
ՄՏՄ համաձայնեցված զարգացման համար իրավական պայմաններ ստեղծելու նպատակով ԱՊՀ շրջանակներում միջազգային պայմանագրերի մշակում և ընդունում,
ռեժիմների և արտոնությունների միասնականացում` ամրագրված երկկողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են հանդիսանում սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ինչպես նաև` անցում երկկողմ միջազգային պայմանագրերից բազմակողմի,
միջազգային, այդ թվում նաև տարանցիկ փոխադրումների իրականացման ժամանակ արգելքների համաձայնեցված վերացմանն ուղղված պայմանների ստեղծում,
համագործակցություն այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը կապված է միջազգային փոխադրումների կազմակերպման հետ:
2. Կողմերի իրավասու մարմինները մշակում են ՄՏՄ համաձայնեցված զարգացման հարցերը շոշափող առաջարկություններ` կապված նորմատիվ իրավական ակտերի կարգավորման և դրանց կիրառման մեխանիզմների կատարելագործման հետ, որոնք ուղղված են.
միջազգային փոխադրումների ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների դրույթների միասնականացմանը,
նույնականացման միջոցների և փոխադրման փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչմանը,
տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծմանը:
ՀՈԴՎԱԾ 6
ՄՏՄ ռեսուրսային ապահովման ենթահամակարգի զարգացման առաջնային ուղղություններ են հանդիսանում.
ՄՏՄ հատվածների ենթակառուցվածքների զարգացման գերակայության, դրա օգտագործման արդյունավետության բարձրացման և զարգացման նախագծերի ներդրումային գրավչության մասին համաձայնեցված հանձնարարականների մշակումը,
ՄՏՄ ուղղություններով բեռների համակցված և բազմաբնույթ փոխադրումների իրականացման ժամանակ թափանցիկ սակագների ավելի լայն կիրառումը,
ՄՏՄ ուղղությունների վրա միջազգային փոխադրումների իրականացման դեպքում արգելքների վերացման համար պայմանների ստեղծումը,
մաքսային անցակետերի տեխնոլոգիական զինվածության բարելավումը և թողունակության բարձրացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերի և մաքսային վերահսկողության տեխնոլոգիաների կատարելագործումը,
տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված համակարգերի և հարմարանքների ներդրումը,
բեռների առաքման տրանսպորտային տեխնոլոգիական փոխհամաձայնեցված կառուցվածքների ձևավորումը, համակցված բեռնափոխադրումների զարգացումը, սահմանային անցումների և անցակետերի աշխատանքի տեխնոլոգիական կատարելագործումը` նրանց անցման ժամանակի առավելագույն նվազեցման նպատակով,
ՄՏՄ օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով պարբերական համատեղ հետազոտությունների իրականացումը` միջազգային տրանսպորտային ծառայությունների շուկայում և ապրանքային շուկաներում կատարվող փոփոխություններին համարժեք արձագանքելու համար:
ՀՈԴՎԱԾ 7
ՄՏՄ տեղեկատվական նյութատեխնիկական ենթահամակարգի զարգացման գերակա ուղղություններ են հանդիսանում.
տրանսպորտային նյութատեխնիկական վիճակի բարելավումը,
տրանսպորտի բոլոր տեսակների հետ ինտեգրված տեղեկատվական-նյութատեխնիկական կենտրոնների ստեղծումը,
բեռների` միջազգային պահանջներին համապատասխան` առաջնակարգ նավիգացիոն համակարգերի և մոնիտորինգի ներդրումը,
ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող, ՄՏՄ հատվածներում իրականացվող տրանսպորտային գործընթացի կարգավորման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծումը, որը պետք է ինտեգրված լինի տրանսպորտային գործընթացների ազգային գերատեսչական և ճյուղային ավտոմատացված կառավարման համակարգերին,
ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող ՄՏՄ հատվածներով փոխադրվող ապրանքների գտնվելու վայրի, վիճակի և կարգավիճակի մասին տեղեկատվական թափանցիկության հասանելիությունը,
միջազգային չափորոշիչներին համապատասխան` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական միջգերատեսչական համակարգի իրականացումը,
բոլորի կողմից ընդունված` գլոսարիի (օրենքների և ակտերի մեկնաբանությունների ժողովածուի) և կից միասնական փաստաթղթերի փաթեթի ստեղծումը,
ՄՏՄ օգտագործմամբ իրենց գործունեությունն իրականացնող տրանսպորտային օպերատորների առևտրային և տեղեկատվական անվտանգության ապահովումը:
ՀՈԴՎԱԾ 8
1. Կողմերն իրենց իրավասու մարմինների և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների համակարգման և տեղեկատվական ապահովման համար, ինչպես նաև ՄՏՄ համալիր և համաձայնեցված զարգացման իրագործման նպատակներով կստեղծեն ԱՊՀ Տրանսպորտային միջանցքներն համակարգող հանձնաժողով, որը կիրականացնի իր գործունեությունը ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից հաստատված դրույթների հիման վրա:
2. ԱՊՀ Տրանսպորտային միջանցքներն համակարգող հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.
Կողմերի իրավասու մարմինների և ՄՏՄ համատեղ օգտագործման և համաձայնեցված զարգացման հարցերով ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների գործունեության համակարգումը և տեղեկատվական ապահովումը,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման, ՄՏՄ օգտագործման և համաձայնեցված զարգացմանն ուղղված համալիր միջազգային տրանսպորտային նախագծերի և դրանց իրականացման ֆինանսատնտեսական մեխանիզմների համատեղ պրակտիկ գործողությունների ծրագրի մշակումը և համաձայնեցումը,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի զարգացման ղեկավարմանն ուղղված առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը,
ՄՏՄ ապահովող ենթահամակարգերի զարգացման ներդրումների ներգրավման համար պայմանների ձևավորումը,
ՄՏՄ ներուժի օգտագործման արդյունավետության վերլուծությունը և առաջարկությունների մշակումը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են հանդիսանում նրանց պետությունները:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ընթացքում, լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:
ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Այն պետության համար, որն ԱՊՀ մասնակից չէ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա` ստորագրման մասին համաձայնություն տված կամ նրան միացած պետության` այդպիսի միանալու մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք ավանդապահին իր` նման մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ և կարգավորելով այն պարտավորությունները, որոնք ի հայտ են եկել Համաձայնագրի գործողության ժամանակ:
Կատարված է Յալթա քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 20-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հուլիսի 18-ին
Վերապահում
Մոլդովայի Հանրապետության
ԱՊՀ կառավարությունների Ղեկավարների խորհրդի` մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին Համաձայնագրի Որոշման վերաբերյալ
20-ը նոյեմբերի, 2009 թ. ք. Յալթա
«Մոլդովայի Հանրապետությունը կկիրառի սույն Համաձայնագրի դրույթները` այդ ոլորտում ազգային օրենսդրությանը և իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
Մոլդովայի Հանրապետությունը կիրականացնի սույն Համաձայնագրի դրույթների իրականացման ֆինանսավորումը պետական բյուջեով այդ նպատակների համար հաստատված միջոցների հաշվին:
Սույն Համաձայնագիրը Մոլդովայի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո»:
Վարչապետ` Վլադիմիր Ֆիլատ