Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 49- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/3187/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3187/02/15                2018թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Ղազարյանի ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` տեղեկություններ տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռաֆիկ Ղազարյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իրեն տրամադրել 01.01.2013 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը կայացած Ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները և կայացված որոշումները, 01.01.2013 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը կայացած Ընկերության ընդհանուր ժողովների անցկացման մասին իրեն ուղարկված ծանուցումները և դրանք ստանալու վերաբերյալ ապացույցները, 01.01.2010 թվականից մինչև վճռի փաստացի կատարումն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Ռաֆիկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.04.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Ղազարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Ռաֆիկ Ղազարյանի վրա չի դրվել ընդհանուր ժողովներ անցկացված լինելու վերաբերյալ փաստն ապացուցելու պարտականություն, ուստի նա չի կարող կրել դրա բացասական հետևանքը: Ավելին, Ընկերությունն էր պարտավոր ապացուցել, որ Ռաֆիկ Ղազարյանին տրամադրել է պահանջված փաստաթղթերը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ընկերության ներկայացուցչի փաստարկների համաձայն` 2013 թվականից ի վեր Ընկերության ընդհանուր ժողով չի անցկացվել: Մինչդեռ ակնհայտ է, որ գործին մասնակցող անձի ներկայացուցչի հայտարարությունը, ով նույնիսկ չի նախազգուշացվում սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, քանի որ ցուցմունք չի տալիս դատարանում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով չի կարող հավասարեցվել գործին մասնակցող անձի ցուցմունքին: Հետևաբար միայն Ընկերության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ժողովներ չեն անցկացվել, բավարար չէ այդ փաստն ապացուցված համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատարանում գործի քննության ընթացքում պատասխանողը նշել է, որ կայացված ժողովներից բացի այլ ժողովներ տեղի չեն ունեցել: Ավելին, պատասխանողը միշտ էլ արտահայտել է պատրաստակամություն տրամադրելու անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև առաջարկել է գրասենյակում ծանոթանալ բոլոր փաստաթղթերին: Հայցվորի պահանջը (հայցի առարկան) որոշակի չի եղել, կրել է վերացական բնույթ, որի պատճառով էլ առհասարակ հնարավոր չէր որոշել ապացուցման ենթակա փաստերը և բաշխել ապացուցման պարտականությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 25.02.2005 թվականի Ընկերության Կանոնադրության համաձայն` որպես Ընկերության կանոնադրական կապիտալ` ներդրված է 50.000 ՀՀ դրամ, որն Ընկերության մասնակիցների միջև բաշխված է հետևյալ կերպ. Լեոն Կարաբաշյան` 22.000 ՀՀ դրամ (44%), Աննա Արզումանյան` 15.000 ՀՀ դրամ (30%), Ռաֆիկ Ղազարյան` 13.000 ՀՀ դրամ (26%): Համաձայն Կանոնադրության 8-րդ բաժնի 1-ին կետի` Ընկերության մասնակիցներն ունեն իրավունք մասնակցել Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, տեղեկատվություն ստանալ Ընկերության գործունեության մասին, ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին և այլ փաստաթղթերին, հայցով դիմել դատարան, Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված, գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների գանգատարկման նպատակով: Համաձայն Կանոնադրության 13-րդ բաժնի 1-ին կետի` Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Համաձայն Կանոնադրության 13-րդ բաժնի 3-րդ կետի` հերթական ընդհանուր ժողովն անցկացվում է ֆինանսական տարվա ավարտից երկու ամիս անց` մեկ ամսվա ընթացքում: Հերթական ընդհանուր ժողովից բացի գումարվող ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են ընկերության գործադիր մարմնի կողմից: Համաձայն Կանոնադրության 13-րդ բաժնի 4-րդ կետի` Ընկերության գործադիր մարմինն ընդհանուր ժողովի անցկացման օրվանից 20 օր առաջ այդ մասին պատվիրված նամակներով ծանուցում է ընկերության բոլոր մասնակիցներին: Ծանուցման մեջ պետք է նշված լինեն ընդհանուր ժողովի անցկացման տեղը, ամսաթիվը, ժամը և առաջարկվող օրակարգը: Ընկերության մասնակիցների կողմից օրակարգի վերաբերյալ առաջարկությունների և լրացումների ներկայացումը, գործադիր մարմնի կողմից դրանք օրակարգում ընդգրկելը և այդ մասին մասնակիցներին ծանուցելը, ընդհանուր ժողովի օրակարգը նախապատրաստելիս մասնակիցներին անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումն իրականացվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 6-10):

2. 28.04.2015 թվականին Ընկերության տնօրեն Լ. Կարաբաշյանին ուղղված դիմումի համաձայն` Ընկերության մասնակից Ռաֆիկ Ղազարյանը խնդրել է տրամադրել Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ պարունակող հետևյալ փաստաթղթերի պատճենները` 2013-2014 թվականներին Ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները և կայացված որոշումները, 2013-2014 թվականներին Ընկերության ընդհանուր ժողովների անցկացման մասին Ռաֆիկ Ղազարյանին ուղարկված ծանուցումները և դրանք ստանալու վերաբերյալ ապացույցները, 2010-2014 թվականներին Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները, կամ հնարավորություն ընձեռել նշված փաստաթղթերին ծանոթանալ Ընկերությունում (հատոր 1-ին, գ.թ. 11):

3. Գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և 16.02.2016 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի վրա պարտականություն է դրել ապացուցելու այն փաստը, որ հանդիսանում է պատասխանող Ընկերության մասնակից, ներկայացված պահանջներից յուրաքանչյուրի դեպքում մինչև դատարան դիմելը Ընկերությունից պահանջել է այն փաստաթղթերը, որոնք նշված են «Հայցադիմումի ավելացում» անվամբ փաստաթղթում (այն է` 01.01.2013 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը կայացած Ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները և կայացված որոշումները, նույն ժամանակահատվածում Ընկերության ընդհանուր ժողովների անցկացման մասին Ռաֆիկ Ղազարյանին ուղարկված ծանուցումները և դրանք ստանալու վերաբերյալ ապացույցները, 01.01.2010 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը կայացած Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները), և որ դրանք չի ստացել: Պատասխանողի վրա դրել է պարտականություն ապացուցելու այն փաստը, որ այն փաստաթղթերը, որոնք պահանջվել են, տրամադրել է, և որ այլ փաստաթղթեր չեն պահանջվել (հատոր 1-ին, գ.թ. 32-33, 49-51):

4. 10.11.2015 թվականի նախնական դատական նիստին մասնակցել է Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը, ով նշել է, որ 2014 թվականի արձանագրությունները չեն տրամադրվել, քանի որ ընդհանուր ժողով չի հրավիրվել դատական վեճերի պատճառով, որպիսի պայմաններում ժողով անցկացնելը ֆիզիկապես անհնար է եղել (հատոր 1-ին, դատական նիստի արձանագրություն, գ.թ. 34-35, 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործին մասնակցող անձանց ցուցմունքների` որպես ապացույցի տեսակի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

ա) արդյո՞ք նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս համապատասխան փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում չներառելու և այդ փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա չդնելու պայմաններում հայցը կարող է մերժվել այդ փաստի վերաբերյալ ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ,

բ) արդյո՞ք գործին մասնակցող անձի` փաստաբան հանդիսացող ներկայացուցչի հայտարարությունը կարող է համարվել ապացույց:

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները` նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն` դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե գործը դատաքննության նախապատրաստելու փուլը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը, ապա դատաքննության փուլը գործի ըստ էության քննության փուլն է, որի կենտրոնական մասն ապացույցների հետազոտումն է (բացառությամբ արագացված դատաքննություն կիրառելու և պարզեցված վարույթ իրականացնելու դեպքերի): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապացույցների հետազոտումն իրականացվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն, գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, նախապես սահմանված որոշակի հաջորդականությամբ: Ընդ որում, ապացույցները հետազոտվում են դատական նիստի` դատաքննության ընթացքում: Ապացույցների հետազոտման անմիջականությունը հնարավոր է ապահովել հենց դատաքննության ընթացքում: Հետևաբար գործին մասնակցող անձն ապացույցի տեսակ հանդիսացող ցուցմունք կարող է տալ միայն դատաքննության ընթացքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունը չի նախատեսում կարգավորում գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալուց առաջ վերջինիս քրեական պատասխանատվության մասին նախազգուշացվելու վերաբերյալ ստորագրություն վերցնելու մասին, սակայն դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանները, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված` սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվությունը, գործնականում ցուցմունք տվող գործին մասնակցող անձից, վկայի կողմից ցուցմունք տալու նմանությամբ, վերցնում են ստորագրություն նշված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ 09.02.2018 թվականին ընդունված (դեռևս ուժի մեջ չի մտել) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն արդեն նախատեսել է գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալու ընթացակարգը, մասնավորապես` սահմանելով, որ գործին մասնակցող անձը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, նրանից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակցող անձի` փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կողմից ցուցմունք տալու հնարավորությանը:

Վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված ապացույցների թույլատրելիության կանոնը ենթադրում է նաև, որ գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցների վերոգրյալ տեսակներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց ցուցմունքների հետազոտման անմիջականությունը բացառում է ներկայացուցչի միջոցով ցուցմունք տալու հնարավորությունը: Գործին մասնակցող անձինք` որպես վիճելի նյութաիրավական հարաբերության անմիջական մասնակիցներ, պարտավոր են ցուցմունք տալ անձամբ, քանի որ գործին մասնակցող անձանց ցուցմունքների հետազոտման և ապա գնահատման առանձնահատկությունները բխում են այն հանգամանքից, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունները դատարանին հաղորդում են գործի ելքով անմիջականորեն շահագրգռված անձինք` վիճելի իրավահարաբերությունների անմիջական մասնակիցները: Հետևաբար գործին մասնակցող անձի ներկայացուցչի բանավոր հայտարարությունները չեն կարող համարվել ցուցմունքներ` ապացույցի տեսակ, ավելին, վերջիններս չպետք է նախազգուշացվեն քրեական պատասխանատվության մասին` նկատի ունենալով, որ տալիս են ոչ թե ցուցմունք, այլ հայտնում են դիրքորոշում, բանավոր հայտարարություն են տալիս ներկայացվողի (վստահորդի) կողմից իրենց հայտնած հանգամանքների վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումները վերաբերում են փաստաբան հանդիսացող ներկայացուցիչներին, քանի որ, օրինակ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ կազմակերպությունները` որպես գործին մասնակցող անձ, դատարանում ցուցմունք տալ չեն կարող, նրանց անունից ցուցմունք տալ կարող են վերջիններիս անունից հանդես գալու իրավունք ունեցող անձինք (օրինակ` կազմակերպության ղեկավարը): Հետևաբար Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը սույն գործով կիրառելի է փաստաբան հանդիսացող ներկայացուցչի նկատմամբ: Այլ խոսքով` փաստաբանի հայտնած դիրքորոշումը չի կարող համարվել ապացույցի տեսակ` գործին մասնակցող անձի ցուցմունք: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նշված դիրքորոշումը հայտնել է նաև նախկինում կայացված որոշումներով: Մասնավորապես` Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/00479/02/08 քաղաքացիական գործով 13.11.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «կողմի ներկայացուցչի ցուցմունքը» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի ուժով թույլատրելի ապացույց չի կարող դիտվել: Երանոս Հարությունյանն ընդդեմ Էլաննա Հարությունյանի թիվ ԵԱՔԴ/1911/02/13 գործով 27.11.2015 թվականի որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցիչը, դատարանում ցուցմունք տալով, չի կարող որևէ փաստ ընդունել` հաշվի առնելով, որ վերջինս չի հանդիսանում գործին մասնակցող անձ: Հետևաբար սույն գործով Վճռաբեկ դատարանը, ըստ էության, վերահաստատում և զարգացնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գործին մասնակցող անձի բանավոր հայտարարությունը կարող է համարվել ցուցմունք հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) ցուցմունք կարող է տրվել բացառապես դատաքննության ընթացքում,

2) ցուցմունք տալուց առաջ անձը պետք է նախազգուշացվի սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, որի կապակցությամբ նրանից պետք է վերցվի ստորագրություն,

3) ցուցմունք կարող է տալ բացառապես գործին մասնակցող անձը, այլ ոչ թե վերջինիս` փաստաբան հանդիսացող ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության մասնակից Ռաֆիկ Ղազարյանը պահանջել է տրամադրել Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ պարունակող հետևյալ փաստաթղթերի պատճենները` 2013-2014 թվականներին Ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները և կայացված որոշումները, 2013-2014 թվականներին Ընկերության ընդհանուր ժողովների անցկացման մասին Ռաֆիկ Ղազարյանին ուղարկված ծանուցումները և դրանք ստանալու վերաբերյալ ապացույցները, 2010-2014 թվականներին Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները, կամ հնարավորություն ընձեռել նշված փաստաթղթերին ծանոթանալ Ընկերությունում: Գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և 16.02.2016 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշել է սույն գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման բեռը, որում չի ներառել 2013 թվականից ի վեր Ընկերությունում ընդհանուր ժողովներ անցկացված լինելու փաստը: 10.11.2015 թվականի նախնական դատական նիստին մասնակցել է Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը, ով նշել է, որ 2014 թվականի արձանագրությունները չեն տրամադրվել, քանի որ ընդհանուր ժողով չի հրավիրվել:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ թեև դեռևս 29.05.2015 թվականի գրությամբ պահանջված տեղեկատվությունն Ընկերության մասնակից Ռաֆիկ Ղազարյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն չի ստացել, սակայն սույն գործով հայցվոր Ռաֆիկ Ղազարյանին տրվել է հնարավորություն ծանոթանալու Ընկերության փաստաթղթերին, այդ թվում` ընդհանուր ժողովների արձանագրություններին, ինչը և կատարվել է հայցվորի կողմից, որը հաստատվել է դատաքննությամբ: Բացի այդ, Դատարանը նշել է, որ Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվել է 2010 թվականից մինչև 2015 թվականի շահութահարկի մասով հաշվարկը, որին ծանոթացել է հայցվորը, հետևաբար հայցվորի կողմից այս մասով ներկայացված պահանջները, ըստ էության, կատարվել են: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Ընկերության ներկայացուցչի կողմից պնդվել է այն հանգամանքը, որ 2013 թվականից ի վեր, բացառությամբ երկու ընդհանուր ժողովների, որոնց հայցվորը ներկա է գտնվել, Ընկերության ընդհանուր ժողով չի անցկացվել, իսկ հակառակը հայցվորի կողմից չի ապացուցվել, ուստի Ռաֆիկ Ղազարյանի անվամբ որևէ ծանուցում և դրանք ստանալու վերաբերյալ ապացույց չեն կարող ներկայացվել հայցվորին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ հայցվորին պատասխանողի կողմից հնարավորություն է տրվել ծանոթանալու Ընկերության փաստաթղթերին, այդ թվում` ընդհանուր ժողովի արձանագրություններին: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ընկերության ներկայացուցչի փաստարկների համաձայն` 2013 թվականից ի վեր, բացառությամբ երկու ընդհանուր ժողովների, որոնց հայցվորը ներկա է գտնվել, ընկերության ընդհանուր ժողով չի անցկացվել: Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը` նշելով, որ գործին մասնակցող անձանց ցուցմունքները ևս հանդիսանում են ապացույցի տեսակ: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ 2013 թվականից ի վեր Ընկերության ընդհանուր ժողով անցկացված լինելու հանգամանքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պարտավոր էր ապացուցել հայցվորը: Հետևաբար իր կողմից վկայակոչված փաստերի չապացուցման պարագայում դրանց բացասական հետևանքները պետք է կրի վերջինս:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործի քննությունն իրականացրել է դատաքննության նախապատրաստական փուլով և 16.02.2016 թվականին նշանակված նախնական դատական նիստում հայցվորի վրա պարտականություն է դրել միայն ապացուցելու, որ Ընկերության մասնակից է, որ ներկայացված պահանջներից յուրաքանչյուրի դեպքում մինչ դատարան դիմելն Ընկերությունից պահանջել է համապատասխան փաստաթղթերը և որ դրանք չի ստացել, իսկ պատասխանողի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ պահանջված փաստաթղթերը տրամադրվել են: Այսինքն` 2013 թվականից ի վեր Ընկերությունում ընդհանուր ժողովներ անցկացված լինելու փաստը Դատարանը չի ներառել ապացուցում պահանջող փաստերի շրջանակում (ապացուցման առարկայի մեջ) և Ռաֆիկ Ղազարյանի վրա նշված փաստն ապացուցելու պարտականություն չի դրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չէր կարող Ռաֆիկ Ղազարյանի վրա թողնել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստը չապացուցելու բացասական հետևանքները, որը ներառված չի եղել ապացուցման առարկայի մեջ, ինչպես նաև այդ հիմքով մերժել հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից հիմք ընդունված` Ընկերության փաստաբան ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ 2014 թվականից ընդհանուր ժողովներ անց չեն կացվել, բավարար չէ այդ փաստն ապացուցված համարելու համար, քանի որ Ընկերության փաստաբան ներկայացուցչի հայտարարությունն ապացույցի տեսակ չէ, հետևաբար վերջինիս կողմից արված հայտարարությունը չէր կարող հավասարեցվել գործին մասնակցող անձի ցուցմունքին և ապացույցի տեսակ համարվել, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵԱՔԴ/3187/02/15
Որոշում