050.0119.240512
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «24»        05            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012226
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 մայիսի 2012 թվականի թիվ 119-Ն
 
2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի հունիսի 12-ից շրջանառության մեջ դնել «Սերգեյ Փարաջանով» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
i
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մայիսի 15-ի
թիվ 119-Ն որոշմամբ
 
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
1. «Սերգեյ Փարաջանով» հուշադրամի նկարագրությունը
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված արծաթե հուշադրամ:
 
Հուշադրամի դիմերեսի աջ մասում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի լուսանկարն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի ֆիրմային նշանը: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 100 ԴՐԱՄ» և Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի և ձախ շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»:
 
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի լուսանկարն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև` Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 - 1990»:
 
Հուշադրամի էսքիզների հեղինակն է ՈՒրսուլա Վալեժակը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
 
Հուշադրամի բնութագիրը
 
     Անվանական արժեքը             100 դրամ
     Մետաղը և  հարգը              արծաթ, 9250
     Քաշը                         28,28 գ
     Չափը                         28,0 x 40,0 մմ
     Դրամաշուրթը                  հարթ
     Որակը                        պրուֆ
     Տպաքանակը                    մինչև  5555 հատ
 
1.1 «Սերգեյ Փարաջանով» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
 
(հավելվածը փոփ. 26.06.12 թիվ 166-Ն որոշում)
______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում