30.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
| Հոդված 2. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը |
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
| Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բարձր տեխնոլոգիաներ` նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, և որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները.
2) տեղեկատվական տեխնոլոգիաներ` համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.
3) հարթակ` ինքնաշխատ ծրագրային համակարգ, որի միջոցով ներկայացվում են համապատասխան դիմումները, ու կազմակերպվում է պետական աջակցության տրամադրումը.
4) վարձու աշխատող` աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող. ↩
5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որի` ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները. ↩
6) լիազոր մարմին` բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմին.
7) պետական աջակցություն` բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ այլ սուբյեկտների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն տրամադրվող գումար.
8) մասնագիտական աշխատանք` Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.
9) աշխատանքային միգրանտ` օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատանքային իրավունք ունեցող մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին սույն օրենքի իմաստով աշխատանքային միգրանտ չի համարվում.
10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, որն աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո. ↩
11) հաշվետու ժամանակաշրջան` պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան, որը հաշվարկվում է եռամսյակներով:
(3-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 4. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները |
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակն է բարձր տեխնոլոգիաների`
1) մրցունակության բարձրացումը.
2) նոր աշխատուժի ներգրավումը.
3) աշխատողների հմտությունների շարունակական բարձրացումը.
4) որպես արտադրանք արտահանող երկրի դիրքերի ամրապնդումը:
| Հոդված 5. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը ↩ |
i
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև` տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է`
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած` օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ.
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն` իր աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում`
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը, և պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին` որպես միջնորդ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով.
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն փոխանցում է աշխատանքային միգրանտին` որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաև աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու և ընդունելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
i
8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին` 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև վերջիններիս աշխատանքային միգրանտները պետական աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:
i
10. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
(5-րդ հոդ. խմբ. 07.05.26 ՀՕ-221-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 6. |
Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները ↩ |
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունն ստանում են կամավորության սկզբունքով` հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունն ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում միջնորդի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը` լիազոր մարմնի գրության տեսքով:
(6-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 7. |
Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը |
1. Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`
1) դիմող տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված` պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.
2) դիմող տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս և ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 և ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.
3) պետական աջակցություն ստանալու համար ներկայացված տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.
4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտն ունի 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
| Հոդված 8. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը |
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ: ↩
2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը` «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա:
3. Պետական աջակցության դադարեցման դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում սույն օրենքի շրջանակում կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները: ↩
4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու և ավելի խախտման դեպք:
5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում:
(8-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 9. |
Հրապարակայնությունը |
1. Պետական աջակցություն ստացած, ինչպես նաև աջակցության համար դիմած և մերժված անձանց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
2. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաև սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները:
| Հոդված 10. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը |
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով լիազոր մարմինը հարթակում վարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր):
2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փաստացի գործունեության կամ դրանց գտնվելու վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում` օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազան:
3. Վարչական ռեգիստրը ստեղծվում է պետական եկամուտների կոմիտեի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:
4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` տնտեսավարող սուբյեկտները հաշվետվությունները ներկայացնում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է լիազոր մարմինը:
| Հոդված 11. |
Տեղեկությունների տրամադրումը |
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները` Կառավարության սահմանած կարգով:
2. Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի ղեկավարի և Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի համատեղ իրավական ակտով:
3. Լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրից անձանց վերաբերյալ տվյալներ է ստանում պետական աջակցության տրամադրման նպատակով:
(11-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 12. |
Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Սույն օրենքի համաձայն` բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվետվությունները չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափերով:
| Հոդված 13. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիտորինգը |
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, պետական աջակցություն ստացած սուբյեկտներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է մոնիտորինգ: ↩
2. Մոնիտորինգն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքման, տվյալների ստուգման, համեմատման, գնահատման, վերլուծությունների իրականացման միջոցով:
3. Մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(13-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
| Հոդված 14. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով եկամտային հարկի նկատմամբ: ↩
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով եկամտային հարկի նկատմամբ: ↩
3. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչև հարթակի գործարկումը տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում և մշակվում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով:
(14-րդ հոդ. փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն օրենք)
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. դեկտեմբերի 17 Երևան ՀՕ-498-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 դեկտեմբերի 2024 թվական: