(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1383-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
9 փետրվարի 1996 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 փետրվարի 1996 թ. թիվ 35
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Շրջանառու միջոցների` արտադրական պաշարների, թռչունների, փոքրարժեք և արագամաշ առարկաների ու ապրանքների արժեքը գործող գների մակարդակին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շրջանառու միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտավոր են, իսկ ոչ պետական ձեռնարկությունները կարող են վերագնահատել հաշվապահական հաշվեկշիռներում 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված շրջանառու միջոցները` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
3. Շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը շրջանառու միջոցների արժեքների տարբերությունը) հաշվեգրվում են համապատասխան ֆոնդերին` որպես շրջանառու միջոցների ձևավորման լրացուցիչ աղբյուր:
4. Վերագնահատման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող կամ օտարվող շրջանառու միջոցները բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքով:
Վերագնահատման ընթացքում սեփականաշնորհման և ապապետականացման նպատակով շրջանառու միջոցները գնահատելիս հաշվեկշռային արժեք է համարվում շրջանառու միջոցների` սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքը:
i
5. Սահմանել, որ շրջանառու միջոցների վերագնահատումն ավարտվում է մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը և վերագնահատման արդյունքներն արտացոլվում են երկրորդ եռամսյակի հաշվապահական հաշվեկշռում:
/խմբ. 04.07.96 թիվ 204 որոշում/
6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`
ա) սույն որոշմանը համապատասխան մշակել հաշվետվության ձևերը և 20-օրյա ժամկետում դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին.
բ) վերագնահատման վերաբերյալ հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություններ:
i
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեթոդական օգնություն ցույց տալ ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` շրջանառու միջոցների վերագնահատման և հաշվապահական հաշվետվություններում դրա արդյունքների արտացոլման համար:
8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին` սահմանված կարգով ապահովել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունների շրջանառու միջոցների վերագնահատման անցկացումը:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների ներկայացմամբ առանձին շրջանառու միջոցների համար սահմանել վերագնահատման այլ գործակիցներ` վաղօրոք արտադրական կիրառումից կամ շրջանառությունից հանված շրջանառու միջոցների մասով` սույն որոշման 5-րդ կետի պահանջների պահպանմամբ:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 9-ից:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996 թվականի
փետրվարի 9-ի թիվ 35 որոշմամբ
 
Կ Ա Ր Գ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
 
1. Վերագնահատման ենթակա են հետևյալ շրջանառու միջոցները` արտադրական պաշարները (հումքը, նյութերը, գնովի կիսապատրաստուկները, համալրող սարքերը, վառելիքը, տարան, պահեստամասերը, շինարարական նյութերը, դեղամիջոցներն ու միանվագ օգտագործման բժշկական սարքավորումները և համանման մյուս միջոցները), թռչունները, փոքրարժեք և արագամաշ առարկաներն ու ապրանքները:
2. Շրջանառու միջոցը վերագնահատվում է բնաիրային չափանիշով հաշվարկված մեկ միավոր (կիլոգրամ, հատ, մետր, լիտր և այլն) շրջանառու միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով բնաիրային չափանիշով հաշվարկված շրջանառու միջոցի` 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռում առկա մնացորդով:
Շրջանառու միջոցի վերականգնման արժեքը որոշվում է տվյալ շրջանառու միջոցի վերջին ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեքը բազմապատկելով այդ շրջանառու միջոցի ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատվածի համար սահմանված վերագնահատման գործակցով, համաձայն սույն կարգի հավելվածի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերագնահատված շրջանառու միջոցների ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեք է համարվում դրանց վերագնահատված արժեքը, իսկ ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատված` վերագնահատման արդյունքների արտացոլման ժամանակահատվածը (այդ թվում` նաև նախկինում մինչև սույն կարգով կատարված վերագնահատումը): Ընդ որում, եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IY եռամսյակից հետո, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումն այդ շրջանառու միջոցների վրա չի տարածվում, քանի որ այդ ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված վերագնահատման գործակիցը հավասար է 1-ի: Իսկ եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IY եռամսյակին նախորդող ժամանակահատվածում, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումը կատարվում է մասամբ` կիրառելով շրջանառու միջոցների ոչ թե իրական ձեռքբերման ժամանակահատվածի, այլ այդ շրջանառու միջոցների նախկինում արդեն վերագնահատված և ձևակերպված ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված գործակիցը:
Փոքրարժեք և արագամաշ առարկաների վերականգման արժեքը որոշելիս վերականգնվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետությունում
շրջանառու միջոցների վերագնահատման
կարգի
 
Շրջանառու միջոցների վերագնահատման գործակիցները
 
--------------------------------------------------------------------------
 թիվ/թիվ         Վերջին ձեռքբերման ժամանակահատվածը        Գործակիցը
ը/կ
--------------------------------------------------------------------------
 1.              Մինչև  1992 թ. ապրիլի 1-ը                  770.0
 
 2.              1992 թ. II եռամսյակ                        760.0
 
 3.              1992 թ. III եռամսյակ                       478.0
 
 4.              1992 թ. IY եռամսյակ                        205.0
 
 5.              1993 թ. I եռամսյակ                         143.0
 
 6.              1993 թ. II եռամսյակ                        88.9
 
 7.              1993 թ. III եռամսյակ                       75.4
 
 8.              1993 թ. IY եռամսյակ                        16.8
 
 9.              1994 թ. I եռամսյակ                         2.86
 
 10.             1994 թ. II եռամսյակ                        1.35
 
 11.             1994 թ. III եռամսյակ                       1.26
 
 12.             1994 թ. IY եռամսյակ                        1.0
 
 13.             1995 թվական                                1.0
 
--------------------------------------------------------------------------