040.1694.140213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1745-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
XII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
45. Երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում, առողջ աճի և զարգացման ապահովում, պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում և հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:
XIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
46. Ընդհանուր նպատակներն են`
1) երեխաների առողջապահության պետական քաղաքականության իրականացում,
2) երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում,
3) հաշմանդամության կանխարգելում:
47. Ծրագրի նպատակային ցուցանիշներն են`
1) երեխաների մահացության համար սահմանված Հազարամյակի ազգային նպատակային ցուցանիշների ձեռքբերում.
2) նորածնային մահացության կրճատում 1/4-ով.
3) հիվանդանոցային մահաբերության, այդ թվում` մինչև 1 տարեկան երեխաների մինչշուրջօրյա մահաբերության ցուցանիշի նվազեցում 1/5-ով.
4) 4 պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.
5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի աճ 30 տոկոսով.
6) 0-5 տարեկան երեխաների սնուցման կարգավիճակի բարելավում, թերաճության և գերքաշության ցուցանիշների կրճատում նվազագույնը 20 տոկոսով.
7) ցածր քաշով նորածինների թվի նվազեցում 20 տոկոսով.
8) երեխաների սակավարյունությունների մակարդակի նվազեցում 1/4-ով.
9) զարգացման խանգարումների գնահատման, վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործող համակարգի բարելավում, ուղեգրման գործընթացի հստակեցում.
10) հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների մատչելիության բարելավում, անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.
11) դպրոցներում բժշկական օգնության կազմակերպման ծառայությունների բարելավում, գործառույթների հստակեցում.
12) «Դեռահասներին բարյացակամ» առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավում` ցանցի ընդլայնում.
13) վնասակար սովորությունների (ծխել, արագ սնունդ, ֆիզիկական ոչ բավարար ակտիվություն) տարածվածության կրճատում, հատկապես ավագ տարիքի հասակի դպրոցականների շրջանում:
XIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
48. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) երեխաների առողջապահության բարելավմանն ուղղված նպատակային ծրագրեր.
2) երեխաների և դեռահասների համար մատչելի և որակյալ բուժօգնություն.
3) երեխաների սնուցման բարելավում.
4) ժառանգական և զարգացման բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերում և դրանցով պայմանավորված հիվանդությունների հետևանքների կանխարգելում.
5) մասնագիտական կարողությունների զարգացում:
49. Ծրագրի իրականացման ակնկալվող ցուցանիշներն են`
1) 2015 թ.-ին 1000 կենդանի ծնունդի հաշվով. մանկական (0-1 տ) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 8 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 11.4 տոկոս), իսկ 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը` 10 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 13,4 տոկոս).
2) 2015 թ.-ին 1000 կենդանի ծնունդի հաշվով նորածնային (0-28 օրական) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 6 տոկոս (Ելքային ցուցանիշը 2010 թ.` 7,7 տոկոս).
3) 2015թ. հիվանդանոցային մինչշուրջօրյա մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 12.5 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 15,4 տոկոս).
4) 2015 թ-ին` 95 տոկոս և ավելի մակարդակ` առանձին պատվաստումներում ընդգրկվածության ապահովում, 90 տոկոս և ավելի մակարդակ` պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների ապահովում.
5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը 2015 թ. կկազմի 50 տոկոս և ավելի, 2010 թ. ելքային ցուցանիշը` 38 տոկոս.
6) 2015 թ. համար թերաճության ցուցանիշը կկազմի 15 տոկոս, գերքաշության ցուցանիշը` 12 տոկոս (2010 թ. ելքային ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 19 տոկոս և 15 տոկոս).
7) 2015 թ. ցածր քաշով նորածինների ցուցանիշը չի գերազանցի 6.5 տոկոս: (ելքային ցուցանիշը 2010 թ.` 7.6 տոկոս).
8) 2015 թ. անեմիաների տոկոսը 0-5 տարեկան երեխաների շրջանում չի գերազանցի 30 տոկոս (ելքային ցուցանիշը 2005 թ.` 37 տոկոս).
9) անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության 90 տոկոս և ավելի մակարդակի ապահովում.
10) հաշմանդամ երեխաների առնվազն 3/4-ի համար վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովում.
11) դպրոցների 5 տոկոսի ընդգրկվածության ապահովում «Առողջ դպրոցներ» ծրագրում` թիրախային տարին 2015 թ.:
XV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
50. Միջոցառումներն են`
1) երեխաների իրավունքների` ներառյալ երեխաների ու դեռահասների առողջության և սնուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում.
2) երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարության ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և իրականացում.
3) խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման ռազմավարության մշակում.
4) առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում և տարածում.
5) երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Տարեկան 720 000 երեխա կստանա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն լրիվ ծավալով և հիվանդանոցային բուժօգնություն` պետական պատվերով սահմանված ծավալներին համապատասխան.
6) հիվանդանոցային բուժօգնության ոլորտում Երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն.
7) Վանաձորի, Կապանի և Գյումրու մանկական վերակենդանացման ծառայությունների ստեղծում և (կամ) հզորացում բժշկական սարքավորումներով.
8) իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան.
9) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության շարունակական ընդլայնում, ներառելով Երևան քաղաքի բուժհաստատությունները.
10) հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ,
11) երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և ներդրում.
12) ալյուրի հարստացման ազգային ծրագրի ներդրման շարունակական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան.
13) կրծքով կերակրման խրախուսման ծրագրի և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում.
14) Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ.
15) նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում`
ա. նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում.
բ. հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում: Միջոցառմամբ նախատեսվում է նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը բարձրացնել 50 տոկոսով, և ցածր քաշով նորածինների ցուցանիշը նվազեցնել 20 տոկոսով.
16) նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի իրագործում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
17) մասնագետների վերապատրաստում (վերաորակավորում) կրթական անհատական ծրագրերի միջոցով` պետպատվերի շրջանակներում նպատակային ֆինանսավորմամբ.
18) մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության (նպատակային կլինիկական օրդինատուրա) գործուն համակարգի ստեղծում, կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ապացուցողական բժշկության դրույթներին.
19) բժշկական բազային կրթական համակարգում մանկաբուժություն մասնագիտության ներառում բազային մասնագիտությունների ցանկում, ԱԱՊ-ի համակարգի մանկաբույժների կրթում մագիստրատուրայի միջոցով:
ԳԼՈՒԽ III.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ XVI. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
51. Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթություն ստանալու ապահովումը: Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
52. 1999 թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը, հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի` Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:
XVII. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
53. Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին:
54. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացումն ու սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները:
55. Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումն իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը: Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:
56. Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:
57. Հանրակրթության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով ընդունվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով խավերի համար:
58. Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2011 թ. հուլիսի 19-ի ՀՕ-246): Հաստատված ռազմավարություններին համապատասխան ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, իրականացվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: Նշված ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվում են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման համար: Ծրագրում առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ ՆԴՀ-ներ չեն գործում:
59. Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները:
60. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1398 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 23-ը հատուկ հանրակրթական դպրոցներ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 382500 երեխա` ներառյալ հանրապետության 77 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկված շուրջ 2000 երեխաները: 2007 թվականից գործում է Երեխաների կրթական կարիքների գնահատման Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:
61. Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Համաձայն ընդունված ռազմավարության` տարեցտարի ավելացվում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը: Միաժամանակ, ներառական դպրոցների ցանցի զարգացման համար բավարար հիմքեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվել է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը:
XVIII. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
62. «Ըստ դպրոցից աշակերտների բացակայության ուսումնասիրության արդյունքների («ՈՒսումնասիրություն Հայաստանում աշակերտների` դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ»: Հայաստանի Հանրապետության, Երևան, 2008 թ.)»` դպրոցից դուրս մնալու դեպքերը բազմաթիվ այլ զարգացած և զարգացող երկրների համեմատությամբ համեմատաբար քիչ են եղել, սակայն տարեցտարի աճել են: 2002-2004 թվականներին դպրոց չհաճախող երեխաների ընդհանուր թիվը կազմել է համապատասխանաբար 1531, 4823 և 7630, իսկ դպրոց չհաճախելու ցուցանիշը` 0,3 տոկոս, 1,0 տոկոս և 1,6 տոկոս: Դպրոցից դուրս մնալու հետևանքով 2008 թվականին տարրական դպրոցն ավարտողները կազմել են ընթացող տարում դպրոց ընդունվածների 97.2 տոկոս, իսկ հիմնական դպրոցն ավարտողները` 96.4 տոկոս: Այս երևույթների պատճառները լրացուցիչ ուսումնասիրման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների կարիք ունեն, քանի որ Հայաստանը Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակի համար սահմանել է, որ մինչև 2015 թվականը համախառն ընդգրկվածությունը հիմնական դպրոցում պետք է հասնի 99 տոկոս, իսկ ավագ դպրոցում` 95 տոկոս:
63. Ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները: Ըստ մոտավոր գնահատականների` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը հանրապետությունում շուրջ 8000 է: Մինչդեռ, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը մոտ 7400 է: Քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման համակարգը և ներառական կրթությունը դեռևս համատարած ներդրված չեն, միարժեքորեն հնարավոր չէ ասել` այդ երեխաները կրթությունից դուրս են մնում, թե հաճախում են հանրակրթական հաստատություններ, սակայն պաշտոնապես ճանաչված չեն որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
64. Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`
1) փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ.
2) թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը.
3) հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը.
4) դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին.
5) շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:
XIX. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
65. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունն ապահովի մրցունակ մասնագետներով:
66. Հանրակրթության պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել հիմնական հանրակրթական ծրագրերի մատչելիությունը նախադպրոցահասակ և դպրոցահասակ երեխաների համար և բարելավել կրթության որակը:
XX. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
67. Ընդհանուր նպատակներն են`
1) բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան.
2) բարձրացնել ընդգրկվածությունը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում.
3) բարելավել դպրոցահասակ երեխաների` ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները.
4) նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանն ուղղված կարողությունների զարգացմանը:
68. Ակնկալվող արդյունքներն են`
1) երեխաների թվի աճ` նախադպրոցական ծառայություններում` հասցնելով նախադպրոցական տարիքի երեխաների թվի 90 տոկոսին.
2) երեխաների թվի աճ` տարրական և միջին դպրոցներում հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 99 տոկոսին.
3) ավագ դպրոցներում` ներառյալ նախնական մասնագիտական ծրագրերում երեխաների թվի աճ` հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 95 տոկոսին.
4) ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնում.
5) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեփոխված համակարգ.
6) երեխաների բազմակողմանի զարգացման ապահովում:
XXII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
69. Միջոցառումներն են`
1) համայնքներում նախադպրոցական կրթության ինստիտուցիոնալ հիմքերի ներդրում` նախադպրոցական ծառայությունների կազմակերպում.
2) նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդաբանական ձեռնարկների մշակում և հրատարակում.
3) հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում.
4) հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան.
5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա.
6) ներառական կրթություն ծրագրի իրականացում 150 դպրոցում.
7) հատուկ հանրակրթության ճյուղերին համապատասխան մեկական հատուկ դպրոցի ստեղծում, որը կգործի նաև որպես համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոն.
8) երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում.
9) դատապարտված երեխաների կրթության և նախնական մասնագիտական կրթության որակի բարձրացում.
10) դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (16 առարկայից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն).
11) դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում.
12) դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում.
13) հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում.
14) դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում.
15) հանրակրթական դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստում:
ԳԼՈՒԽ IV.
ՄՇԱԿՈՒՅԹ XXIII. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
70. Մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է դիտարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման իրականացումը, որը պայմանավորված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և երեխայի հարցերով հատուկ նստաշրջանի «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» փաստաթղթի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:
71. Ընդունելով Երեխայի իրավունքների պաշտպանության ծրագիրը` Հայաստանի Հանրապետությունն ընդունում է երեխաների հետ կապված հարցերի առաջնայնությունը: Ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որ ներառում է երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաև` մշակույթի: Առաջադրված խնդիրները համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Կայուն զարգացման ծրագրի հետ:
72. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում:
XXIV. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
73. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացրել Գեղարվեստական կրթության հայեցակարգը: Հայեցակարգն արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու իրավունքներն ու ազատությունները.
74. Երեխաների հանգիստը, ժամանցը և մշակութային կյանքը կազմակերպելու ուղղությամբ իրականացվել են`
1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը: 2007 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում ստացել են Հայաստանի Հանրապետության 134 դպրոցների 1993 սովորողներ: 2008 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում են ստացել 139 դպրոցների 2062 սովորողներ, 2009-2011 թթ. 144 դպրոցների 2443 սովորողներ.
2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ, որտեղ ներառվել է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մոտ 560 շնորհալի երեխաներ: 2008-2011 թթ. միջազգային մրցույթների և փառատոների մասնակցել են 246-ից ավելի շնորհալի երեխաներ և պատանիներ.
3) մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոններ: Կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրում, խորհրդատվություն, առաջավոր փորձի փոխանակում, վարպետության և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Կշարունակվի պետական պատվերի շրջանակներում հրատարակված նոր ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի անվճար բաշխումը մարզերի դպրոցներին.
4) «Գրականության գծով պետական պատվեր» բյուջետային ծրագրի շրջանակներում իրականացվում է «Մանկական, մանկապատանեկան գրականության հրատարակում» ենթածրագիրը: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական գրականություն.
5) շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունները զարգացնելու և ամառային հանգիստը բովանդակալից անցկացնելու նպատակով 2007-2010 թթ. Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպվել է «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, որտեղ հանգստացել և վարպետության կատարելագործման դասեր են ստացել Հայաստանի Հանրապետության 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի 55-70 շնորհալի երեխաներ.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են`
ա. Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ, որի նպատակը երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստելն է,
բ. Հայաստանի Հանրապետության մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում, որը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում,
գ. «Միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար» Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից 2007 թ. հիմնվել է դպրոցականի ֆիլհարմոնիան: 2007-2012 թթ. դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել է շուրջ 156 համերգներ:
75. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում, մասնավորապես, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ, լուսանկարչական արվեստի հանրապետական մրցույթ, պատանի մոդելավորողների, ձևավորողների, կոնստրուկտորների, ճարտարապետների հանրապետական մրցույթ-ցուցահանդես: Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում կազմակերպվում է, մասնավորապես, Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը: Վերոհիշյալ նպատակներին էր ուղղված նաև Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնի կազմակերպումը, որտեղ ներկայացվում են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ (այդ թվում նաև` մանկական համույթներ):
76. Պետական աջակցություն սոցիալապես անապահով և հաշմանդամ երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:
77. Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր`
1) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը.
2) «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում: 2005 թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպվում է թատերական փառատոնը.
3) «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիր` Հայաստանի Հանրապետության մարզերում.
4) մանկական մուլտֆիլմերի նկարահանում: Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում են 4-5 մուլտֆիլմեր.
5) մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն: Փառատոնին մասնակցում են պատանի ստեղծագործողների ֆիլմեր Հայաստանից և արտերկրից: Ծրագիրը շարունակական է:
78. Նախատեսվում է 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում ներառել «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի» ստեղծումը:
XXVI. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
79. Հիմնական խնդիրներն են`
1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ.
2) գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ.
3) ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում, մասնավորապես, սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մշակութային կրթության ապահովմամբ.
4) երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպում.
5) երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծում.
6) հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին.
7) տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում.
8) մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» կազմակերպում.
9) շնորհալի երեխաների բացահայտում և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում, այդ թվում` համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծում:
80. Հիմնական նպատակը`
1) արվեստի և մշակույթի բնագավառում անհատի բազմակողմանի և մտավոր ներուժի զարգացում, ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակցություն, կրթության մատչելիության ապահովում:
81. Ընդհանուր նպատակներն են`
1) երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում.
2) երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերում.
3) արվեստի և մշակույթի ոլորտներում մասնագիտական գիտելիքների ուսուցանում.
4) արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավում.
5) երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովում.
6) երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստում:
XXVII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
i
82. Ակնկալվող արդյունքներն են`
1) Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի մասնագետներով համալրմանը.
2) մշակութային կրթական հաստատություններում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացում, կրթական նոր մեթոդների ներդրում.
3) շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում.
4) պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացում.
5) երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում.
6) մանկական կինոյի զարգացում:
XXVIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
83. Միջոցառումներն են`
1) «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում.
2) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակության համար.
3) Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի գործունեության իրականացում.
4) միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար, այդ թվում` «Արտուտիկ» ամառային ստեղծագործական ճամբարի կազմակերպում.
5) շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկի համալրում.
6) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում.
7) պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում.
i
8) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպում.
9) գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում.
10) պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում.
11) հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ինտեգրման նպատակով Մանկապատանեկան արվեստի 1-ին միջազգային ինտեգրատիվ փառատոնի իրականացում.
12) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի համերգների կազմակերպում.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում.
14) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում.
15) «Գրականությունը երեխաներին գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրի իրականացում.
16) «Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն» (աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին) ծրագրի իրականացում.
17) մանկական մուլտֆիլմերի նկարահանումը.
18) «ԿԻՆՈՄԱՆ» «Կրթամշակութային կենտրոնի ստեղծում» ծրագիր:
ԳԼՈՒԽ V.
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ XXIX. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
84. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման գործը հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիր է, քանզի, եթե հանցավորությունն ընդհանրապես ոտնձգություն է մարդկանց կյանքի, առողջության, գույքի դեմ, ապա անչափահասների հանցավորությունը ոտնձգություն է նաև ապագայի, հատկապես` իրավական պետությունում օրինապահ հասարակություն ունենալու նպատակի իրագործման դեմ:
85. Չնայած վերջին տարիներին անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ընդհանուր առմամբ, և իրավախախտ անչափահասների շրջանում տարվող կանխարգելիչ աշխատանքներին, մասնավորապես, արձանագրված շոշափելի առաջընթացին, այս բնագավառում առկա հիմնախնդիրները շարունակում են օրակարգային մնալ:
86. Հաշվի առնելով «Անչափահասների գործերով արդարադատություն» արտահայտության համակողմանի բնույթը` այս ոլորտը սույն ներածությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասության ոլորտը (իրավախախտումների, երեխաների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության կանխարգելում և այլն) ներկայացված է անչափահասների գործերով արդարադատության մյուս` առավել ընդհանրական բաղադրիչներից (օրենսդրություն, դատական համակարգ, անչափահասների նկատմամբ նշանակված պատիժների և այլ միջոցների կատարում և այլն) առանձին:
XXX. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
87. Անչափահաս մուրացիկների հարցն առաջնային լուծում պահանջող հիմնախնդիր է: Կատարված համալիր աշխատանքների արդյունքում տարեցտարի արձանագրվում է նվազում մուրացկանությամբ զբաղվող երեխաների թվում: Այսպես, եթե շուրջ 10 տարի առաջ հաշվառման մեջ հայտնված մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը կազմում էր շուրջ 300, ապա այժմ 15-ն է:
88. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկով և միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվեց անչափահասների և երիտասարդների վտանգավոր վարքի կանխարգելման և օրինախախտության դեմ պայքարի փորձարարական գործընթաց` ստեղծվեցին համայնքային վերականգնողական կենտրոններ:
89. Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային չափանիշներին` որոշակի վերապահումներով:
90. Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում անչափահասների գործերով արդարադատության համակարգ» արտահայտությունն իր դասական իմաստով գոյություն չունի: Հայաստանում չկա անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրություն, մասնագիտացված դատարաններ, չկան հատկապես անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում մասնագիտացված մասնագետներ (դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, քննիչներ և այլն):
91. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կան դրույթներ, որոնք անհամատեղելի են առաջադեմ հասարակություններում անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային: Օրինակ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքում անչափահասներին, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում պահելու համար սահմանված են նույն ժամկետները, ինչ չափահասների դեպքում, ինչը տարբեր վտանգներ է ներառում` հաշվի առնելով անչափահասների առանձնակի խոցելիությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը գտնվում է վերանայման փուլում` ժամանակն է վերջնական լուծում տալ այս հիմնախնդրին:
92. Օրենսդրության ոլորտում որոշակի խնդիրներ կան նաև անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման առումով: Վերջին ժամանակներս ակտիվացել են քննարկումները Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն համակարգ ձևավորելու վերաբերյալ:
93. Ինչ վերաբերում է այս ոլորտում ներգրավված անձանց մասնագիտական կարողություններին, այդ ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում: Եթե նախկինում դատավորների, դատախազների, փաստաբանների և այլ անձանց վերապատրաստումները կազմակերպվում էին տարերային ձևով` միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վերապատրաստման ծրագրերի շրջանակներում, ապա ներկայումս կան բոլոր նախադրյալները վերջիններիս վերապատրաստումների անընդհատությունն ու հետևողականությունն ապահովելու համար` ի դեմս գործող կրթական հաստատությունների` դատական դպրոցի, դատախազության դպրոցի, ոստիկանության կրթահամալիրի և այլն:
94. Չնայած, որ Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանին ուղղված հանձնարարականներում նշել է անչափահասների գործերով մասնագիտացված դատարաններ ունենալու անհրաժեշտությունը, այն նաև ընդունել է, որ այն դեպքերում, երբ անչափահասների գործերով դատարաններ ունենալը գործնական նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ, անչափահասների վերաբերյալ գործերը քննելու համար մասնագիտացված դատավորների նշանակումը կարող է երաշխավորել, որ նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի: Այս ուղղությամբ դրական առաջընթաց է նաև այն, որ վերջերս Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատարանում նշանակվել է մեկական դատավոր, ով, ի թիվս այլ գործերի, պետք է քննի անչափահաս իրավախախտների, վկաների և տուժողների վերաբերյալ բոլոր գործերը: Սա հնարավորություն կտա առավել նպատակային վերապատրաստումների միջոցով լրացնել անչափահասների գործերով դատարաններ չունենալու հետ կապված բացը:
95. Անչափահասների հանցավորությունն ընդհանուր առմամբ, և անչափահասների կրկնահանցավորությունը` հատկապես, առավել կանխատեսելի և կանխարգելի դարձնելու, ինչպես նաև այս ուղղությամբ կատարվող քայլերի արդյունավետությունը գնահատելու, հանցավորության դեմ պայքարն առավել ուղղորդված դարձնելու համար կենսական անհրաժեշտություն է այս բնագավառում գիտական մակարդակի համակողմանի հետազոտությունների իրականացումը: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի այդ հետազոտությունների կատարմանը, շահագրգիռ գերատեսչություններից բացի, ներգրավվեն նաև համապատասխան կրթական և գիտական հաստատությունները: Հետազոտությունները համապատասխան տվյալներով համալրելու համար անհրաժեշտ է բարելավել տվյալների հավաքման համակարգը: Ներկայումս անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալներ հավաքագրում են առնվազն չորս գերատեսչություններ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թե՛ հիշյալ, և թե՛ համապատասխան տվյալների տիրապետող այլ մարմինները, տվյալներ հավաքելիս առաջնորդվեն միասնական ցուցիչներով` տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով:
96. Անչափահասների շրջանում հանցավորությունը և կրկնահանցավորությունը նվազեցնելու գործում կարևորագույն դերակատարություն ունեն զանգվածային լրատվության միջոցները` օրինապահ վարքագծի քարոզման առումով: Միևնույն ժամանակ, զանգվածային լրատվության միջոցները, հատկապես հեռուստաալիքները, պատշաճ վերահսկողության դեպքում կարող են հակառակ` կործանարար ազդեցություն ունենալ` տարբեր հեռուստասերիալների միջոցով հանցավոր կյանքի անուղղակի քարոզչության միջոցով: Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել` հիշյալ հեռուստասերիալների և հաղորդումների բովանդակությունը ողջամիտ վերահսկողության ենթարկելու ուղղությամբ:
97. Իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրման և կրկնահանցավորությունից նրանց զերծ պահելու առումով էական նշանակություն ունի անչափահասների համար նախատեսված միակ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվողների համար պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումների կազմակերպումը: Հատկապես կարևոր նշանակություն ունի ազատազրկման ընթացքում անչափահասների մասնագիտական ուսուցման և պատշաճ կրթության կազմակերպումը` ազատվելուց հետո անչափահասների զբաղվածությունն ապահովելու և դրանով իսկ նրանց հանցավոր ուղին վերընտրելու հավանականությունից զերծ պահելու առումով:
98. Զգալի անելիքներ կան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող հանրակրթական դպրոցի և մասնագիտական հատուկ ուսումնարանի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ (հատկապես դասավանդվող հանրակրթական առարկաների և ուսուցանվող մասնագիտությունների բազմազանության առումով): Կալանքի տակ գտնվող անչափահասների` կրթություն ստանալու, մարզական և ժամանցային միջոցառումներին մասնակցելու իրավունքն անհրաժեշտ է հարգել: Չնայած, որ տարբեր կալանավորվածներին միմյանցից անջատ պահելու համար կարող են հիմնավոր պատճառներ լինել, կրթական և ժամանցային միջոցառումներին մասնակցությունը կարելի է ապահովել այդ նպատակների համար անչափահասների խմբեր ձևավորելու միջոցով, ինչը հնարավորություն կտա տարբեր խմբերում միմյանցից անջատ պահել այն անչափահասներին, ում դեպքում դրա անհրաժեշտությունն առկա է:
99. Չնայած վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներին` անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում դեռևս կան տարբեր հրատապություն ունեցող խնդիրներ:
XXXI. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
100. Հիմնախնդիրներն են`
1) իրավախախտումը ծնող պատճառների ու պայմանների վեր հանումը ու հետագա զանցանքների և հանցանքների կանխումը.
2) իրավախախտի և տուժողի միջև համագործակցային պայմանների ստեղծումը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անհամապատասխանությունն անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային.
4) օրենսդրության ոլորտում առկա խնդիրներ անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման վերաբերյալ.
5) միասնական ցուցիչների բացակայությունն անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալների հավաքագրման գործընթացում.
6) կալանավորված անչափահասների կրթության իրավունքի ապահովում:
XXXII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
101. Ընդհանուր նպատակն իրավախախտ անչափահասների, տուժողների և համայնքի իրավունքների ու շահերի պաշտպանությունն է:
XXXIII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
102. Հիմնական նպատակներն են`
1) Հայաստանում այլընտրանքային իրավական սոցիալականացման համակարգի զարգացում.
2) անչափահասների գործերով արդարադատության օրենսդրության բարեփոխում.
3) իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրում և կրկնահանցավորության կանխարգելում:
XXXIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
103. Ակնկալվող արդյունքներն են`
1) հասարակությունից մեկուսացնելու ձևով պատիժների և այլ միջոցների կիրառման դեպքերի սահմանափակում.
2) իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար առավել նպաստավոր օրենսդրություն.
3) անչափահասների գործերով արդարադատության բնագավառում մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոստիկաններ, փաստաբաններ և այլն).
4) ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրում` ազատազրկման ընթացքում կյանքի անհրաժեշտ հմտություններ փոխանցելու միջոցով.
5) անչափահասների հանցավորության վերաբերյալ հասարակության իրազեկության և հանցավորության դեմ պայքարի գործում հասարակության դերի բարձրացում.
6) շահագրգիռ տարբեր գերատեսչությունների գործունեության և ջանքերի առավել արդյունավետ և հետևողական համակարգում.
7) հանցավորության դեմ տարվող պայքարի քաղաքականություն` հիմնավորված գիտական վերլուծություններով և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ.
8) կրկնահանցավորության հավանականության նվազում:
XXXV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
104. Միջոցառումներն են`
1) 12-18 տարեկան հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների (իգական և արական սեռերի) համար վերականգնողական ծառայությունների ստեղծում.
2) առկա վերականգնողական համայնքների կենտրոնների զարգացում և ցանցի ընդլայնում.
3) համայնքներում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում.
4) ավագ դպրոցներում դպրոցական տեսուչ ծրագրի իրականացում.
5) անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում).
6) տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ (հաշվի առնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (UNODC) կողմից մշակված ցուցիչները).
7) գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ.
8) պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար.
9) հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկության բարձրացման պարբերական միջոցառումներ (հակաքարոզչություն հեռուստատեսությամբ և այլ զանգվածային լրատվության միջոցներով), այդ թվում` քրեական բովանդակությամբ հեռուստասերիալների բովանդակության հսկողության ողջամիտ միջոցներով.
10) օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
11) աջակցություն իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնին` ուսուցանվող արհեստների և արվեստների ցանկն ընդլայնելու և ուսուցումը ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար ևս կազմակերպելու հարցում:
(1-ին հավելվածը փոփ. 13.11.14 թիվ 1273-Ն որոշում)
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում