ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
5 մայիսի 2023 թվականի N 1
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է` դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:
i
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները:
i
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված նորմերը խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 173.2-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ նույն օրենսգրքի 135.1-ին և 135.2-րդ հոդվածներով սահմանված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ` հիսնապատիկի չափով:
i
Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի ապրիլի 21-ին Առողջապահության նախարարին ուղղված թիվ 02/05.31/13710-2023 հանձնարարականով, համաձայն որի` Առողջապահության նախարարությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է ներկայացնի Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում:
Այսպես` Ներքին գործերի նախարարության կողմից Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված արգելքի ապահովման նպատակով Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի կիրառման շրջանակում խնդիր է առաջանում «պաշտոնատար անձ» և Օրենքի 11-րդ հոդվածով որպես պատասխանատվության սուբյեկտ նախատեսված «իրավաբանական անձ» հասկացությունների փոխկապվածության հարցը որոշելիս` ելնելով նաև «պաշտոնատար անձ» հասկացության վերաբերյալ առկա ոչ միասնական մեկնաբանություններից:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածում ամրագրված կարգավորմամբ, մասնավորապես` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Օրենքում և Օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նախագծերը շրջանառվել են մեկ փաթեթով, ինչը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Օրենսգրքի 173.2-րդ հոդվածը և դրանում վկայակոչված «պաշտոնատար անձ» հասկացությունը բխում են Օրենքի 11-րդ հոդվածում տեղ գտած կարգավորումներից, քանի որ 173.2-րդ հոդվածը Օրենսգրքում լրացվել է Օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
i
Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
i
Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ: Հետևաբար նշված պաշտոնատար անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության թվարկված ոլորտներից որևէ մեկում կանոնները չպահպանելու համար, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձը, իր զբաղեցրած պաշտոնով պայմանավորված (դա կարող է լինել օրինակ հանրային սննդի օբյեկտի տնօրեն, մենեջեր կամ այլ պատասխանատու անձ), պարտավոր է ապահովել այն կանոնների պահպանման ապահովումը, որոնց չկատարման համար սահմանված է վարչական պատասխանատվություն (տվյալ դեպքում` բնակչության առողջության պահպանության ոլորտում), ապա հաշվի առնելով այն, որ վերջինիս վրա է դրված քննարկվող կանոնները պահպանելու պարտականությունը` Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի իմաստով նշված անձը դիտարկվում է որպես «պաշտոնատար անձ» և իրականացնում է «պաշտոնատար անձի» պաշտոնի հետ բնույթով նույնանման կազմակերպչական ու կառավարչական գործառույթներ:
Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ին թիվ 3-690(ՎԴ) քաղաքացիական գործի շրջանակներում հայտնած դիրքորոշման մեջ նշվում է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելիս պետք է հաշվի առնի Օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջները, որում ամրագրված պաշտոնեական պարտականություն հասկացությունը գործող ՀՀ օրենսդրության շրջանակներում պետք է մեկնաբանել որպես կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ:
i
Վճռաբեկ դատարանն իր` 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՎԴ/3166/05/17 վարչական գործով կայացված որոշմամբ նշել է, որ իրավաբանական անձին Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բացակայության պատճառով Օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված զանցակազմի սուբյեկտ է համարվում ոչ թե իրավաբանական անձը, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձը:
Վերոգրյալի վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ իրավաբանական անձինք չեն հանդիսանում վարչական պատասխանատվության սուբյեկտ, ուստի վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձի այն պաշտոնատար անձը, ով իրականացնում է կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ և ում պաշտոնեական պարտականությունների մեջ է մտնում կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնների և մյուս այլ կանոնների պահպանման ապահովումը:
Հարկ է նշել, որ Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի` «Օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը» ձևակերպման մեջ «Օրենքով» բառը գործածելիս օրենսդիրը նկատի է ունեցել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը (համապատասխան արգելք նախատեսող հոդվածով), իսկ 173.2-րդ հոդվածն Օրենսգրքում լրացվել է ի ապահովումն Օրենքի պահանջների կատարման, որտեղ նշված «պաշտոնատար անձը» կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ իրականացնող անձն է:
i
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «իրավաբանական անձ» հասկացության ներքո պետք է նկատի ունենալ իրավաբանական անձի այն պաշտոնատար անձին, ում պաշտոնեական պարտականությունների մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքի պահանջների ապահովումը, որն էլ տվյալ իրավաբանական անձի կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ իրականացնող անձն է:
Ա. Ավանեսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2023 թվական: