Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի ընդհանուր       ԵԴ/0182/01/18

իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Տ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                         դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                         Հ. Գրիգորյանի

                                         Ա. Դանիելյանի

                                         Լ. Թադևոսյանի

                                         Ա. Պողոսյանի

                                    

    19 սեպտեմբերի 2025 թվական                   ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ մեղադրյալներ Էրիկ Արշակի Բաբախանյանի, Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի, Արման Սամվելի Մկրտչյանի պաշտպան Ա.Ջուվանովայի և մեղադրյալ Մոհամմադ Ռեզա Էզաթոլլահ Սաֆֆարիի պաշտպան Լ.Ավետիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 9-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15157817 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 1-ի և հունիսի 2-ի որոշումներով Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի, Արման Սամվելի Մկրտչյանի, Էրիկ Արշակի Բաբախանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Արման Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 7-ի որոշումներով Էրիկ Բաբախանյանը և Գերասիմ Հայրապետյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Մոհամմադ Ռեզա Սաֆֆարիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2017 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 57156517 քրեական գործը:

2017 թվականի հուլիսի 28-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 57167917 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ թիվ 57156517 քրեական գործը միացվել է թիվ 57167917 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 57167917 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ թիվ 57167917 քրեական գործը միացվել է թիվ 15157817 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 15157817 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ է. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 10-ի որոշմամբ Գ.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 10-ի որոշմամբ Մ.Սաֆֆարիին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2018 թվականի ապրիլի 3-ին Էրիկ Բաբախանյանի, Գերասիմ Հայրապետյանի, Արման Մկրտչյանի, Մոհամմադ Ռեզա Սաֆարին Էզաթոլլահի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի դատական նիստում, ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Ջուվանովան և ամբաստանյալ Մ.Սաֆֆարիի պաշտպան Լ.Ավետիսյանը միջնորդություններ են ներկայացրել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով` իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ամբաստանյալներ Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ ամբաստանյալներ Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Որոշվել է նաև նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի անվամբ գրանցված անշարժ և շարժական գույքերի վրա դրված կալանքը վերացնել:

3. Դատախազ Կ.Իսրաելյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել և վերացրել է Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Ջուվանովան և մեղադրյալ Մ.Սաֆֆարիի պաշտպան Լ.Ավետիսյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Մեղադրյալ Մ.Սաֆֆարիի պաշտպան Լ.Ավետիսյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, թույլ են տրվել քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը փաստարկել է, որ Մ.Սաֆֆարին իր հետ «Կովկաս» պանդոկ ափսե չի բերել, այլ այդ ափսեն վերցրել է պանդոկի սեղանի վրայից, որը նախապես պատրաստված կամ հարմարեցված չի եղել վերջինիս կողմից, և ակնհայտ է, որ զենք չէ:

Բողոքաբերը նշել է, որ եթե նույնիսկ գործով հարցաքննվեին մնացած բոլոր վկաները, ամբաստանյալները, ապա արդյունքում, միևնույնն է, «Կովկաս» պանդոկի սրահի սեղանին դրված ափսեները չէին կարող գնահատվել որպես զենք, կամ որպես մարմնական վնասվածք պատճառելու նպատակով ամբաստանյալների, այդ թվում և Մ.Սաֆֆարիի կողմից նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց, և ակնհայտ է, որ արարքները պետք է վերաորակվեին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով, ապա նման պայմաններում, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 297-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական վերլուծության արդյունքում իրավաչափ չէ, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու դեպքում արարքի նկատմամբ կիրառելի լինի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության վերաբերյալ հոդվածը, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

Հետևաբար, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավոր ու պատճառաբանված:

5.1. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը, օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը` մերժելով դրա դեմ մեղադրող Կ.Իսրաելյանի հատուկ վերանայման բողոքը:

6. Մեղադրյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Ջուվանովան նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, անօրինական և չպատճառաբանված. առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, նյութական և դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` հանգեցնելով վերոնշյալ մեղադրյալների իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման, որն ազդել է գործի ելքի վրա:

6.1. Բողոքաբերը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի, նախատեսված է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը կամ դրա գործադրման սպառնալիքը: Այլ խոսքով` օրենսդիրը ելել է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանության կատարումն է իրականում վկայում անձի բարձր հանրային վտանգավորության մասին, այլ ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանությունը, երբ առարկան կամ միջոցը կարող է վերցվել նաև դեպքի վայրից: Այսինքն, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարվել է մեղմացում, քանի որ, եթե նախկին իրավակարգավորմամբ քննարկվող որակյալ տեսակը կարող էր առաջացնել ցանկացած իր կամ առարկա որպես զենք գործադրելը, ապա նոր ձևակերպման պարագայում այն պետք է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված լինի:

Մեղադրանքի կողմը հիմնավորված է համարել, որ որպես զենք օգտագործված սպասքի պարագաներն ամբաստանյալներ Է.Բաբախանյանը, Գ.Հայրապետյանը, Ա.Մկրտչյանը և Մ.Սաֆֆարին ոչ թե նախապես պատրաստել կամ հարմարեցրել են, այլ վերցրել են դեպքի վայրից, մասնավորապես` «Կովկաս» պանդոկի սեղաններից, հիշյալ սպասքի պարագաները պատկանել են «Կովկաս» պանդոկին և դրանք ամբաստանյալների կողմից կատարված գործողությունների հետևանքով ոչնչացվելու արդյունքում «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառվել է 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս:

6.2. Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ շարունակվող դատաքննության ընթացքում գործով ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտման ու դրանց հետագա գնահատման արդյունքում միայն դատարանը կարող է հիմնավորված եզրահանգման գալ ինչպես Է.Բաբախանյանի, Ա.Մկրտչյանի, Գ.Հայրապետյանի ու Մ.Սաֆֆարիի մեղավորության, այնպես էլ նրանց վերագրվող արարքների որակման ու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ու պատասխանատվությունից ազատելու հարցերի վերաբերյալ, նշել է, որ ապացույցների որոշակի ծավալ հետազոտելու դեպքում, միևնույն է չէր ապացուցվի այն հանգամանքը, որ դեպքի վայրից վերցված առարկաները մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված են եղել:

6.3. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, անդրադարձել է նաև Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանություններին և, կրկին առանց որևէ հիմնավորման, որոշումը բեկանել է նաև այդ մասով` գնահատելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

Բողոքաբերը նաև նշել է, որ այս հանգամանքի վերաբերյալ նույնիսկ մեղադրանքի կողմը հատուկ վերանայման բողոքում անհամաձայնություն չէր արտահայտել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքի սահմաններից դուրս է եկել` այս առումով նույնպես թույլ տալով դատական սխալ:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ` հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանի և սույն հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմնավորումները:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմնի կողմից Էրիկ Բաբախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հետևյալ արարքների համար. «(...) Նա 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Կովկաս» պանդոկում խմբի կազմում բռնության, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի` ապակյա տարայի, գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Այնուհետև, 2017թ. ապրիլի 02-ին` ժամը 21:20-ից մինչև ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գործող «Մանիգրանտ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում խմբի կազմում ծեծի է ենթարկել Ա.Պ.-ին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Այսպես`

Էրիկ Բաբախանյանը 2017թ. մարտի 31-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկերներ Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի, Արամ Անուշավանի Միքայելյանի, Արման Սամվելի Մկրտչյանի և Արթուր Հովհաննեսի Առաքելյանի հետ այցելել են Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատկանող «Կովկաս» պանդոկ, որտեղ նստել են կիսանկուղային հարկի «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում:

Դրանից որոշ ժամանակ անց` արդեն 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, հարևան առանձնասենյակներից մեկից լսելով բարձր խոսակցության ձայներ, Արթուր Առաքելյանը մոտեցել է «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակ և կոպիտ տոնով զգուշացրել այնտեղ նստած անձանց` բարձր չխոսել և իրենց հանգիստը չխանգարել, որից հետո վերադարձել և նստել է իրենց առանձնասենյակում: Այնուհետև, «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակում նստած Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն և Մոհամմադ Ռեզա Էզաթոլլահ Սաֆֆարին մոտեցել են «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակին և վերը նշված դիտողության կապակցությամբ փորձել են պահանջել պարզաբանում: Չնչին առիթն օգտագործելով` Է.Բաբախանյանը, Ա.Առաքելյանը Գ.Հայրապետյանը, Ա.Միքայելյանը և Ա.Մկրտչյանը մի կողմից, իսկ Ռ.Մ.-ը, Ի.Շ.-ը և Մ.Սաֆֆարին մյուս կողմից վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շուրջ 4 րոպե տևողությամբ, «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում, ապա նաև դրանից դուրս` ընդհանուր սրահում, աղմկել են և հայհոյել, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հասարակական վայր հանդիսացող «Կովկաս» պանդոկում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, դիտավորյալ կերպով խախտել են հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը` բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչն էլ զուգորդվել է վերջիններիս կողմից, բացառությամբ Ռ.Մ.-ի, պանդոկի սեղաններից վերցված և որպես զենք օգտագործվող առարկաներով` ապակյա տարաներով, միմյանց հարվածներ հասցնելով, մասնավորապես` Էրիկ Բաբախանյանը պանդոկի սեղաններից վերցրել և Ռ.Մ.-ի, Ի.Շ.-ի և Մ.Սաֆֆարիի ուղղությամբ է նետել ափսեներ և բաժակ, որպիսի պայմաններում իրենց դիտավորյալ գործողություններով էականորեն խաթարել են հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և խոչընդոտել «Կովկաս» պանդոկի բնականոն աշխատանքը, ինչպես նաև դիտավորությամբ ոչնչացրել են «Կովկաս» պանդոկի սպասքի պարագաները` «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառելով 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2017թ. ապրիլի 02-ին` ժամը 21:20-ից մինչև ժամը 21:30-ի սահմաններում, Էրիկ Բաբախանյանն ընկերների` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներ Սանասար Արմենի Մեսրոպյանի, Արթուր Հովհաննեսի Առաքելյանի և Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի հետ միասին վերջինիս վարած «ՎԱԶ 21-06» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են «Մանիգրանտ» ՍՊ ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայան` ավտոմեքենան գազով լիցքավորելու, որտեղ նույն նպատակով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով եկել են նաև Ա.Պ.-ը և նրա ընկեր Գ.Ա.-ը: Ավտոմեքենաները գազի լիցքավորման աշտարակների մոտ կանգնեցնելուց հետո Ա.Պ.-ը մտել է գազալցակայանի տարածքում գտնվող սննդի կետ, իսկ վերջինիս հետևից սննդի կետ են մտել նաև Էրիկ Բաբախանյանը և Արթուր Առաքելյանը: Սնունդ պատվիրելուց հետո երեքն էլ սպասել են իրենց պատվերին, որի ընթացքում իրար «թարս նայելու» շուրջ խոսակցություն է սկսվել Ա.Պ.-ի և Էրիկ Բաբախանյանի ու Արթուր Առաքելյանի միջև, որից հետո վերջիններս դուրս են եկել սննդի կետից` պարզաբանում ստանալու նպատակով: Սննդի կետի դիմաց Էրիկ Բաբախանյանին և Արթուր Առաքելյանին են միացել նաև դրսում սպասող Սանասար Մեսրոպյանը և Գերասիմ Հայրապետյանը, ապա խոսակցությունը վերածվել է լեզվակռվի, այնուհետև վիճաբանության, որի ընթացքում Էրիկ Բաբախանյանն ընկերների` Արթուր Առաքելյանի, Սանասար Մեսրոպյանի և Գերասիմ Հայրապետյանի հետ միասին խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Պ.-ի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը գլխի գագաթային շրջանի ձախ կեսի հետին հատվածի, ձախ աչքի ստորին կոպի, քթի մեջքի շրջանի, աջ այտային շրջանի քերծվածքների, աջից ծոծրակային շրջանի, քթի շրջանի, աջ ականջախեցու առաջահետին մակերեսի, ձախ ուսագոտու վերին մակերեսի դրսային երրորդի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի 1-ին և 3-րդ կողերի մակարդակների, աջից գոտկային շրջանի, աջ ուսահոդի շրջանի առաջային մակերեսի, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի արյունազեղումների, զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ակնագնդի սկլերայի արյունազեղումների, ձախ ակնագնդի ցնցման, քթոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի, առանց քթային շնչառության ֆունկցիայի խանգարման, գոտկային 4-րդ ողի լայնական ելունի կոտրվածքի ձևով պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով (...)»(1):

 

______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 5-7:

 

9. Նախաքննության մարմնի կողմից Գերասիմ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հետևյալ արարքների համար. «(...) Նա 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Կովկաս» պանդոկում խմբի կազմում բռնության, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի` ապակյա տարայի, գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Այնուհետև, 2017թ. ապրիլի 02-ին` ժամը 21:20-ից մինչև ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գործող «Մանիգրանտ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում խմբի կազմում ծեծի է ենթարկել Ա.Պ.-ին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Այսպես`

Գերասիմ Հայրապետյանը 2017թ. մարտի 31-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկերներ Էրիկ Արշակի Բաբախանյանի, Արամ Անուշավանի Միքայելյանի, Արման Սամվելի Մկրտչյանի և Արթուր Հովհաննեսի Առաքելյանի հետ այցելել են Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատկանող «Կովկաս» պանդոկ, որտեղ նստել են կիսանկուղային հարկի «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում:

Դրանից որոշ ժամանակ անց` արդեն 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, հարևան առանձնասենյակներից մեկից լսելով բարձր խոսակցության ձայներ, Արթուր Առաքելյանը մոտեցել է «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակ և կոպիտ տոնով զգուշացրել այնտեղ նստած անձանց` բարձր չխոսել և իրենց հանգիստը չխանգարել, որից հետո վերադարձել և նստել է իրենց առանձնասենյակում: Այնուհետև, «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակում նստած Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն և Մոհամմադ Ռեզա Էզաթոլլահ Սաֆֆարին մոտեցել են «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակին և վերը նշված դիտողության կապակցությամբ փորձել են պահանջել պարզաբանում: Չնչին առիթն օգտագործելով` Գ.Հայրապետյանը, Է.Բաբախանյանը, Ա.Առաքելյանը, Ա.Միքայելյանը և Ա.Մկրտչյանը մի կողմից, իսկ Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն և Մ.Սաֆֆարին մյուս կողմից վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շուրջ 4 րոպե տևողությամբ, «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում, ապա նաև դրանից դուրս` ընդհանուր սրահում, աղմկել են և հայհոյել, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հասարակական վայր հանդիսացող «Կովկաս» պանդոկում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, դիտավորյալ կերպով խախտել են հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը` բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչն էլ զուգորդվել է վերջիններիս կողմից, բացառությամբ Ռ.Մ.-ի, պանդոկի սեղաններից վերցված և որպես զենք օգտագործվող առարկաներով` ապակյա տարաներով, միմյանց հարվածներ հասցնելով, մասնավորապես` Գերասիմ Հայրապետյանը պանդոկի սեղաններից մեկից վերցրել և Ռ.Մ.-ի, Ի.Շ.-ի ու Մ.Սաֆֆարիի ուղղությամբ է նետել ափսե, որպիսի պայմաններում իրենց դիտավորյալ գործողություններով էականորեն խաթարել են հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և խոչընդոտել «Կովկաս» պանդոկի բնականոն աշխատանքը, ինչպես նաև դիտավորությամբ ոչնչացրել են «Կովկաս» պանդոկի սպասքի պարագաները` «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառելով 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսինքն` Գերասիմ Հայրապետյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Բացի այդ, 2017թ. ապրիլի 02-ին` ժամը 21:20-ից մինչև ժամը 21:30-ի սահմաններում, Գերասիմ Հայրապետյանն ընկերների` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներ Սանասար Արմենի Մեսրոպյանի, Արթուր Հովհաննեսի Առաքելյանի և Էրիկ Արշակի Բաբախանյանի հետ միասին իր վարած «ՎԱԶ 21-06» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են «Մանիգրանտ» ՍՊ ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայան` ավտոմեքենան գազով լիցքավորելու, որտեղ նույն նպատակով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RC 408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով եկել են նաև Ա.Պ.-ն և նրա ընկեր Գ.Ա.-ը: Ավտոմեքենաները գազի լիցքավորման աշտարակների մոտ կանգնեցնելուց հետո Ա.Պ.-ն մտել է գազալցակայանի տարածքում գտնվող սննդի կետ, իսկ վերջինիս հետևից սննդի կետ են մտել նաև Էրիկ Բաբախանյանը և Արթուր Առաքելյանը: Սնունդ պատվիրելուց հետո երեքն էլ սպասել են իրենց պատվերին, որի ընթացքում իրար «թարս նայելու» շուրջ խոսակցություն է սկսվել Ա.Պ.-ի և Էրիկ Բաբախանյանի ու Արթուր Առաքելյանի միջև, որից հետո վերջիններս դուրս են եկել սննդի կետից` պարզաբանում ստանալու նպատակով: Սննդի կետի դիմաց Էրիկ Բաբախանյանին և Արթուր Առաքելյանին են միացել նաև դրսում սպասող Գերասիմ Հայրապետյանը և Սանասար Մեսրոպյանը, ապա խոսակցությունը վերածվել է լեզվակռվի, այնուհետև վիճաբանության, որի ընթացքում Գերասիմ Հայրապետյանն ընկերների` Էրիկ Բաբախանյանի, Արթուր Առաքելյանի և Սանասար Մեսրոպյանի հետ միասին խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Պ.-ի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը գլխի գագաթային շրջանի ձախ կեսի հետին հատվածի, ձախ աչքի ստորին կոպի, քթի մեջքի շրջանի, աջ այտային շրջանի քերծվածքների, աջից ծոծրակային շրջանի, քթի շրջանի, աջ ականջախեցու առաջահետին մակերեսի, ձախ ուսագոտու վերին մակերեսի դրսային երրորդի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի 1-ին և 3-րդ կողերի մակարդակների, աջից գոտկային շրջանի, աջ ուսահոդի շրջանի առաջային մակերեսի, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի արյունազեղումների, զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ակնագնդի սկլերայի արյունազեղումների, ձախ ակնագնդի ցնցման, քթոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի, առանց քթային շնչառության ֆունկցիայի խանգարման, գոտկային 4-րդ ողի լայնական ելունի կոտրվածքի ձևով պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով (...)»(2):

 

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 12-14:

 

10. Նախաքննության մարմնի կողմից Արման Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` հետևյալ արարքների համար. «(...) Նա 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Կովկաս» պանդոկում խմբի կազմում բռնության, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի` ապակյա տարայի, գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Այսպես`

Արման Մկրտչյանը 2017թ. մարտի 31-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկերներ Էրիկ Արշակի Բաբախանյանի, Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի, Արամ Անուշավանի Միքայելյանի և Արթուր Հովհաննեսի Առաքելյանի հետ այցելել են Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատկանող «Կովկաս» պանդոկ, որտեղ նստել են կիսանկուղային հարկի «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում:

Դրանից որոշ ժամանակ անց` արդեն 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, հարևան առանձնասենյակներից մեկից լսելով բարձր խոսակցության ձայներ, Արթուր Առաքելյանը մոտեցել է «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակ և կոպիտ տոնով զգուշացրել այնտեղ նստած անձանց` բարձր չխոսել և իրենց հանգիստը չխանգարել, որից հետո վերադարձել և նստել է իրենց առանձնասենյակում: Այնուհետև, «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակում նստած Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն և Մոհամմադ Ռեզա Էզաթոլլահ Սաֆֆարին մոտեցել են «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակին և վերը նշված դիտողության կապակցությամբ փորձել են պահանջել պարզաբանում: Չնչին առիթն օգտագործելով` Ա.Մկրտչյանը, Ա.Միքայելյանը, Գ.Հայրապետյանը, Է.Բաբախանյանը և Ա.Առաքելյանը մի կողմից, իսկ Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն և Մ.Սաֆֆարին մյուս կողմից վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շուրջ 4 րոպե տևողությամբ, «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում, ապա նաև դրանից դուրս` ընդհանուր սրահում, աղմկել են և հայհոյել, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հասարակական վայր հանդիսացող «Կովկաս» պանդոկում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, դիտավորյալ կերպով խախտել են հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը` բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչն էլ զուգորդվել է վերջիններիս կողմից, բացառությամբ Ռ.Մ.-ի, պանդոկի սեղաններից վերցված և որպես զենք օգտագործվող առարկաներով` ապակյա տարաներով, միմյանց հարվածներ հասցնելով, մասնավորապես` Արման Մկրտչյանը սրահի սեղանից վերցրած ափսեով հարվածել է վիճաբանության մյուս կողմի մասնակիցներին, որպիսի պայմաններում իրենց դիտավորյալ գործողություններով էականորեն խաթարել են հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և խոչընդոտել «Կովկաս» պանդոկի բնականոն աշխատանքը, ինչպես նաև դիտավորությամբ ոչնչացրել են «Կովկաս» պանդոկի սպասքի պարագաները` «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառելով 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս (...)»(3):

 

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:

 

11. Նախաքննության մարմնի կողմից Մոհամմադ Սաֆֆարին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` հետևյալ արարքների համար. «(...) Նա 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության 82 հասցեում գործող «Կովկաս» պանդոկում խմբի կազմում բռնության, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի` ապակյա տարայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Այսպես`

Մոհամմադ Սաֆֆարին 2017թ. մարտի 31-ին` ժամը 23-ի սահմաններում, իր ընկերներ Ռ.Մ.-ի, Ի.Շ.-ի և մի քանի այլ անձանց հետ սնվելու և ժամանակ անցկացնելու նպատակով այցելել են Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատկանող «Կովկաս» պանդոկ, որտեղ նստել են կիսանկուղային հարկի «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակում:

Որոշ ժամանակ անց հիշյալ պանդոկ են այցելել և «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում են նստել Արթուր Առաքելյանն իր ընկերներ` Էրիկ Բաբախանյանի, Արման Մկրտչյանի, Արամ Միքայելյանի և Գերասիմ Հայրապետյանի հետ միասին:

Արդեն 2017թ. ապրիլի 01-ին` ժամը 01:50-ի սահմաններում, Արթուր Առաքելյանը «Քարանձավ 2» սրահի թիվ 95 առանձնասենյակից լսելով բարձր խոսակցության ձայներ` մոտեցել և կոպիտ տոնով զգուշացրել է այնտեղ նստած անձանց` բարձր չխոսել և իրենց հանգիստը չխանգարել, որից հետո հետ է վերադարձել իրենց առանձնասենյակ: Քիչ անց Մոհամմադ Սաֆֆարին, Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն մոտեցել են «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակին և վերը նշված դիտողության կապակցությամբ փորձել են պահանջել պարզաբանում: Չնչին առիթն օգտագործելով` Մ.Սաֆֆարին, Ռ.Մ.-ն, Ի.Շ.-ն մի կողմից, իսկ Ա.Առաքելյանը Գ.Հայրապետյանը, Ա.Միքայելյանը, Ա.Մկրտչյանը և Է.Բաբախանյանը մյուս կողմից վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շուրջ 4 րոպե տևողությամբ, «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում, ապա նաև դրանից դուրս` ընդհանուր սրահում, աղմկել են և հայհոյել, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հասարակական վայր հանդիսացող «Կովկաս» պանդոկում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, դիտավորյալ կերպով խախտել են հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը` բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչն էլ զուգորդվել է վերջիններիս կողմից, բացառությամբ Ռ.Մ.-ի, պանդոկի սեղաններից վերցված և որպես զենք օգտագործվող առարկաներով` ապակյա տարաներով, միմյանց հարվածներ հասցնելով, մասնավորապես` Մոհամմադ Սաֆֆարին սրահի սեղանից վերցրած ափսեով հարվածել է վիճաբանության մյուս կողմի մասնակիցներին, որպիսի պայմաններում իրենց դիտավորյալ գործողություններով էականորեն խաթարել են հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և խոչընդոտել «Կովկաս» պանդոկի բնականոն աշխատանքը, ինչպես նաև դիտավորությամբ ոչնչացրել են «Կովկաս» պանդոկի սպասքի պարագաները` «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառելով 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս (...)»(4):

 

_____________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 18-19:

 

12. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում խուլիգանություն կատարելու համար: Ի տարբերություն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով խուլիգանության դիսպոզիցիան ձևակերպվել է կոնկրետ արարքները նշելով:

(...)

Ինչ վերաբերում է վերջին ծանրացնող հանգամանքին, ապա 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում խոսվում է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրման կամ դրա գործադրման սպառնալիքի մասին: Այլ խոսքով` օրենսդիրը ելնում է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանության կատարումն է իրականում վկայում անձի բարձր հանրային վտանգավորության մասին, այլ ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանությունը, երբ առարկան կամ միջոցը կարող է վերցվել նաև դեպքի վայրից:

(...)

Վերոգրյալ իրավանորմերի և դատողությունների վերլուծության արդյունքում դատարանը փաստում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված խուլիգանությունը, (...) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարելու համար, մինչդեռ մեղադրանքի կողմը հիմնավորված է համարել, որ որպես զենք օգտագործված սպասքի պարագաներն ամբաստանյալներ Է.Բաբախանյանը, Գ.Հայրապետյանը, Ա.Մկրտչյանը և Մ.Սաֆֆարին ոչ թե նախապես պատրաստել կամ հարմարեցրել են, այլ վերցրել են դեպքի վայրից, մասնավորապես` «Կովկաս» պանդոկի սեղաններից, ավելին` հենց մեղադրանքի կողմն է հիմնավորված համարել, որ հիշյալ սպասքի պարագաները պատկանել են «Կովկաս» պանդոկին և դրանք ամբաստանյալների կողմից կատարված գործողությունների հետևանքով ոչնչացվելու արդյունքում «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառվել է 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս (...):

Այսպիսով, դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Է.Բաբախանյանին, Գ.Հայրապետյանին, Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին վերագրվող հիշյալ արարքը ենթակա է որակման որպես մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարում, որի համար 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ է սահմանվել տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Այլ կերպ ասած` հիշյալ հանցանքն ըստ բնույթի` դասակարգված է միջին ծանրության հանցանքների շարքին, որի կատարման համար նախատեսված է նաև այլընտրանքային պատժատեսակներ` հանրային աշխատանքների, կարճաժամկետ ազատազրկման ձևով, որոնք նախատեսված չեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հետևաբար, դատարանը, ղեկավարվելով 2021թ. մայիսի 5-ին ընդունված և 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ կերպ` հետադարձ ուժ տալով հանցավորությունը մասնակիորեն վերացնող և պատիժը մեղմացնող օրենսդրությանը, փաստում է, որ ամբաստանյալներ Է.Բաբախանյանին, Գ.Հայրապետյանին, Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին վերագրվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Միևնույն ժամանակ, դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալներ Գերասիմ Հայրապետյանին և Էրիկ Բաբախանյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող արարքը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով շարունակում է մնալ հանցավոր և համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Սակայն, հիշյալ հոդվածում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք վերացնում են արարքի հանցավորությունը կամ մեղմացնում են պատիժը, հետևաբար` նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու հիմքերը բացակայում են:

(...)

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ամենախիստ պատիժը ազատազրկումն է` առավելագույնը հինգ տարի ժամկետով, ուստի քննարկվող արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար, դրանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

(...)Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.

- ամբաստանյալներ Գերասիմ Հայրապետյանին և Էրիկ Բաբախանյանին վերագրվում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցանքներ, որոնք ենթադրաբար կատարվել են` համապատասխանաբար` 2017 թվականի ապրիլի 1-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին,

- ամբաստանյալներ Արման Մկրտչյանին և Մոհամմադ Սաֆֆարիին վերագրվում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված միջին ծանրության հանցանք, որը ենթադրաբար կատարվել է 2017 թվականի ապրիլի 1-ին,

- ամբաստանյալներ Է.Բաբախանյանը, Գ.Հայրապետյանը, Ա.Մկրտչյանը և Մ.Սաֆֆարին չեն առարկել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ,

- վերոհիշյալ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի կատարմամբ ընդհատված լինելու վերաբերյալ տեղեկություններ քրեական գործում առկա չեն

(...)

Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Գերասիմ Հայրապետյանին և Էրիկ Բաբախանյանին 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ ամբաստանյալներ Արման Մկրտչյանին և Մոհամմադ Սաֆֆարիին 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական պատասխանատվության ենթարկելու` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է: (...)»(5):

 

_____________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-115:

 

13. Դատախազ Կ.Իսրաելյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ դատարանը, ամբաստանյալներ Է.Բաբախանյանին, Ա.Մկրտչյանին, Գ.Հայրապետյանին և Մ.Սաֆֆարիին մեղսագրված` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը որակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այնուհետև կիրառելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու կանոնները, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի սխալ կիրառում, քրեադատավարական օրենքի էական խախտում(6):

 

______________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 1-20:

 

14. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների մատնանշմամբ ու մեկնաբանմամբ Երևան քաղաքի դատախազության դատախազ Կ.Իսրաելյանն իր հատուկ վերանայման բողոքով իրավացիորեն գտել է, որ առանց վերաբերելի ապացույցների պատշաճ ու ամբողջական հետազոտման, մասնավորապես վկաների մի մասին ու ամբաստանյալներին հարցաքննելու, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Էրիկ Բաբախանյանին, Արման Մկրտչյանին, Գերասիմ Հայրապետյանին ու Մոհամմադ Ռեզա Սաֆֆարիին առաջադրված մեղադրանքը վերաորակելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

Այս առումով հաշվի առնելով նաև, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի ինչպես դիսպոզիցիաները, այնպես էլ սանկցիաները բովանդակային առումով տարբերվում են, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առանց դատական քննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի բոլոր հանգամանքների հետազոտման և հավաստի ապացույցների հիման վրա կոնկրետ հանցանքի կատարման մեջ ամբաստանյալների մեղավորության մասին եզրակացության գալու, Է.Բաբախանյանին, Գ.Հայրապետյանին, Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին վերագրվող արարքը որակելով որպես մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարում, որի համար 2021թ. մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվել 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ:

Շարունակվող դատական քննության ընթացքում գործով ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտման ու դրանց հետագա գնահատման արդյունքում միայն դատարանը կարող է հիմնավորված եզրահանգման գալ ինչպես Էրիկ Բաբախանյանի, Արման Մկրտչյանի, Գերասիմ Հայրապետյանի ու Մոհամմադ Սաֆֆարիի մեղավորության, այնպես էլ նրանց վերագրվող արարքների որակման ու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ու պատասխանատվությունից ազատելու հարցերի վերաբերյալ:

Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է նաև հետևյալը:

Թեև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է, որ «...վերոհիշյալ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի կատարմամբ ընդհատված լինելու վերաբերյալ տեղեկություններ քրեական գործում առկա չեն», սակայն դատական վարույթի հավելված-նյութերում առկա չէ նաև որևէ տվյալ առ այն, որ 2017 թվականի ապրիլի 1- 2-ից հետո առ 2022 թ.-ի դեկտեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալներն այլ հանցանք չեն կատարել: Մասնավորապես, երբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ պաշտպանության կողմը 02.12.2022 թ.-ի դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել, լսելով կողմերի կարծիքը, դատարանն անմիջապես հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննարկելու նպատակով և վերադառնալով` հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տվյալ պայմաններում առաջին ատյանի դատարանն ինքն էր պարտականություն կրում տեղեկություններ ստանալու ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի հնարավոր կատարման վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ Էրիկ Բաբախանյանի և Գերասիմ Հայրապետյանի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 02-ի որոշումը նույնպես ենթակա է բեկանման: (...)»(7):

 

________________________

7) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 123-135:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Էրիկ Բաբախանյանի, Գերասիմ Հայրապետյանի, Արման Մկրտչյանի, Մոհամմադ Ռեզա Սաֆարին Էզաթոլլահի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը:

17. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

18. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

(...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:

(...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` «1. Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով`

(...)

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով`

(...)

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից`

(...)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` «1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով`

(...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից`

(...)

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի` ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

2) 10 տարի` միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի` ծանր հանցանքի դեպքում. (...)»:

19. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է: Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը` հանցանքի տեսակի և պատժի մասով` արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն` տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ: Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ(8):

 

_______________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

 

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Է.Բաբախանյանին և Գ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Մ.Սաֆֆարիին և Ա.Մկրտչյանին` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով(9):

 

____________________

9) Տե՛ս սույն որոշման 8-11-րդ կետերը:

 

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը կամ դրա գործադրման սպառնալիքը, իսկ մեղադրանքի կողմը հիմնավորված է համարել, որ որպես զենք օգտագործված սպասքի պարագաներն ամբաստանյալներ Է.Բաբախանյանը, Գ.Հայրապետյանը, Ա.Մկրտչյանը և Մ.Սաֆֆարին ոչ թե նախապես պատրաստել կամ հարմարեցրել են, այլ վերցրել են դեպքի վայրից, մասնավորապես` «Կովկաս» պանդոկի սեղաններից, ավելին` հենց մեղադրանքի կողմն է հիմնավորված համարել, որ հիշյալ սպասքի պարագաները պատկանել են «Կովկաս» պանդոկին և դրանք ամբաստանյալների կողմից կատարված գործողությունների հետևանքով ոչնչացվելու արդյունքում «Վ.Գ.» ՍՊ ընկերությանը պատճառվել է 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս, ուստի ամբաստանյալներ Է.Բաբախանյանին, Գ.Հայրապետյանին, Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին վերագրվող` որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը որակել է որպես մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ արարքի համար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված են այլընտրանքային պատժատեսակներ, որոնք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված չեն, Առաջին ատյանի դատարանը` ղեկավարվելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, մեղադրյալներին վերագրվող արարքը որակել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի կատարմամբ ընդհատված լինելու վերաբերյալ տեղեկություններ քրեական գործում առկա չեն:

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներ Գ.Հայրապետյանին և Է.Բաբախանյանին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ ամբաստանյալներ Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական պատասխանատվությունից ազատել է` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով(10):

 

______________________

10) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

- Դատախազ Կ.Իսրաելյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ դատարանը, ամբաստանյալներ Է.Բաբախանյանին, Ա.Մկրտչյանին, Գ.Հայրապետյանին և Մ.Սաֆֆարիին մեղսագրված` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը որակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այնուհետև կիրառելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու կանոնները, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի սխալ կիրառում, քրեադատավարական օրենքի էական խախտում(11):

 

_____________________

11) Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը, արձանագրելով, որ առանց դատական քննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի բոլոր հանգամանքների հետազոտման և հավաստի ապացույցների հիման վրա կոնկրետ հանցանքի կատարման մեջ ամբաստանյալների մեղավորության մասին եզրակացության գալու, Է.Բաբախանյանին, Գ.Հայրապետյանին, Ա.Մկրտչյանին և Մ.Սաֆֆարիին վերագրվող արարքը որակելով որպես մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որի համար ՀՀ գործող քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվել 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ:

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ դատական վարույթի հավելված-նյութերում առկա չէ նաև որևէ տվյալ առ այն, որ 2017 թվականի ապրիլի 1-2-ից հետո առ 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում ամբաստանյալներն այլ հանցանք չեն կատարել, և նշել, որ Առաջին ատյանի դատարանն ինքն էր պարտականություն կրում տեղեկություններ ստանալու ամբաստանյալներ Է.Բաբախանյանի, Գ.Հայրապետյանի, Ա.Մկրտչյանի և Մ.Սաֆֆարիի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի հնարավոր կատարման վերաբերյալ: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը նույնպես ենթակա է բեկանման(12):

 

___________________

12) Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

 

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ, տվյալ դեպքում, հաշվի առնելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի դիսպոզիցիաների տարբերությունը (հատկապես քննարկման առարկա ծանրացնող հանգամանքի), առանց վերաբերելի ապացույցների պատշաճ ու ամբողջական հետազոտման և գնահատման, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Էրիկ Բաբախանյանին, Արման Մկրտչյանին, Գերասիմ Հայրապետյանին ու Մոհամմադ Ռեզա Սաֆֆարիին առաջադրված մեղադրանքը որակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

22. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ անգամ ամբաստանյալներին վերագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակելու դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի անցել: Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ թե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, թե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի դեպքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե վերագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի(13):

 

______________________

13) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

 

23. Ինչ վերաբերում է սույն որոշման 5-րդ, 6.1-6.2-րդ կետերում վկայակոչված բողոքաբերների փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ բացառապես սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

24. Անդրադառնալով պաշտպան Ա.Ջուվանովայի` սույն որոշման 6.3-րդ կետում շարադրված պնդումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:

4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»:

Վճռաբեկ դատարանն Արթուր Սաքունցի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում:

Նպատակային մեկնաբանման ենթարկելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ (...)» (14):

 

_______________________

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշումը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում դատախազը չի վիճարկել Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը: Ուստի Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, և չի գործել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»(15):

 

_________________________

15) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Sokurenko and Strygun v. Ukraine գործով 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04:

 

25. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը` Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը` Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով բեկանելու վերաբերյալ իրավաչափ չէ:

i

26. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը` Է.Բաբախանյանի և Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ և այդ մասով Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմանն օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Էրիկ Արշակի Բաբախանյանի և Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմանը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը` Էրիկ Արշակի Բաբախանյանի, Գերասիմ Անդրանիկի Հայրապետյանի, Արման Սամվելի Մկրտչյանի և Մոհամմադ Ռեզա Էզաթոլլահ Սաֆֆարիի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/2989

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.09.2025
N ԵԴ/0182/01/18
Որոշում