21.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 143.1-ին հոդվածով.
|
| «Հոդված 143.1. |
Կրիպտոակտիվը |
1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:
2. Սույն հոդվածի իմաստով` ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները և դրանց մասին տվյալները, և որը սինխրոնիզացվում է և պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում` կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ:
3. Սույն հոդվածի իմաստով` փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների և գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման և գրանցման պայմանների վերաբերյալ:
4. Սույն հոդվածի իմաստով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները և դրանց մասին տվյալները:
5. Օրենքի խախտմամբ, այդ թվում` նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումն առ ոչինչ է:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 176-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում`
1) ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին.
2) օրենքի համաձայն` կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով:
i
Հոդված 5. Օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-394-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2024 թվական: