ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0066/02/19
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0066/02/19 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Կուրեխյան
Դատավորներ` Ս. Գրիգորյան
Գ. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի ապրիլի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ Գևորգ Շահումյանի, երրորդ անձինք Արամ Խաչատրյանի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև 14.08.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումը:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 39-րդ և 54-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրահանգում առ այն, որ պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար սնանկության կառավարչի` դատարան դիմելու իրավունքը սահմանափակված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերի շրջանակով, ուստի սնանկության կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարք անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու, այլ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության կառավարչի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված լիազորությունները հանգում են պարտապանի գույքի հավաքագրմանը, պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի նրա` օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը: Հետևաբար սնանկության կառավարիչը զրկված չէ պարտապանի գույքի հավաքագրման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելու նպատակով նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված արգելքի խախտմամբ կնքված գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմքով վիճարկելու ու անվավերության հետևանքների կիրառում պահանջելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանը Գևորգ Շահումյանին ճանաչել է բարեխիղճ ձեռքբերող այն դեպքում, երբ, թեև Դատարանի 06.05.2021 թվականի որոշմամբ նրա վրա է դրվել իր` որպես բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու փաստի ապացուցման պարտականությունը, այդուհանդերձ վերջինս գործի քննության ընթացքում նշված փաստը հաստատող որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել: Ավելին, եթե նույնիսկ Գևորգ Շահումյանը բարեխիղճ ձեռք բերող է, գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նա ձեռք է բերում Արամ Խաչատրյանի նկատմամբ պահանջ գրանցելու իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ ԵԴ/0566/04/18 սնանկության գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Արամ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 6).
2) Արամ Խաչատրյանի անվամբ 03.10.2016 թվականից մինչև 14.08.2018 թվականը հաշվառված է եղել «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի 88 DD 008 պետական համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 10).
3) 14.08.2018 թվականին Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Արամ Խաչատրյանը վաճառել, իսկ Գևորգ Շահումյանը գնել է 2013 թվականի արտադրության «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի տրանսպորտային միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 7-9).
4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2018 թվականի վճռով Արամ Խաչատրյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 11 14): Նույն դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հիմք` «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ ու 305-րդ հոդվածների խախտում, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի խախտմամբ կնքված գործարքն առոչի՞նչ է, թե՞ վիճահարույց.
2) արդյո՞ք սնանկության գործով կառավարիչն ունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի խախտմամբ պարտապանի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավունք:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն` համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
i
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի, Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին և կամահայտնությանը, գործարքի ձևին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չեն առաջացնում` անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որևէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք թեև պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը վիճահարույց է, այսինքն` կարող է վիճարկվել դատական կարգով և ճանաչվել անվավեր, եթե գործարքում առկա արատն օրենքի ուղղակի ցուցումով չի հանգեցնում դրա առոչնչության, այն է` այնպիսի իրավիճակի, երբ գործարքն օրենքի ուժով կնքման պահից ակնկալվող իրավական հետևանքները չի առաջացնում` անկախ դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճահարույց գործարքների շրջանակն օրենսդիրը որոշել է բացառման սկզբունքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ (սպառիչ) նախատեսելով գործարքի առոչնչության հիմքերը (տե՛ս, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետը, 306-րդ, 307-րդ հոդվածի 1-ին կետը, 309-րդ հոդվածի 1-ին կետը, 322-րդ հոդվածի 1-ին կետը, 324-րդ հոդվածի 2-րդ կետը, 416-րդ հոդվածի 2-րդ կետը, 417-րդ հոդվածի 4-րդ կետը, 442-րդ հոդվածի 6-րդ կետը, 445-րդ հոդվածի 2-րդ կետը, 477-րդ հոդվածի 2-րդ կետը, 581-րդ հոդվածի 3-րդ կետը, 585-րդ հոդվածի 4-րդ կետը, 594-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 599-րդ հոդվածի 5-րդ կետը, 729-րդ հոդվածի 2-րդ կետը, 788-րդ հոդվածի 2-րդ կետը, 808-րդ հոդվածի 3-րդ կետը, 878-րդ հոդվածի 3-րդ կետը և այլն), միևնույն ժամանակ օրենքի այլ պահանջների խախտմամբ կնքված գործարքները դիտարկելով վիճարկելի, այսինքն` այնպիսիք, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով կարող են վիճարկվել դատական կարգով և անվավեր ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ նույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`
ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.
բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:
Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշել է նաև, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, (...): Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետին և 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին` վերստին հաստատելով, որ ինքնանպատակ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին դատարանի կողմից անհապաղ ուղարկելու վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված պահանջը, քանի որ, ըստ օրենքի կարգավորման նպատակի, նշված նորմով օրենսդիրը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի, ի թիվս այլնի, նաև օտարումն արգելելու նպատակ է հետապնդել: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նաև սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որևէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտն ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն (տե՛ս Արտավազդ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վահան Թերզյանի և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանի թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և կրկին փաստելով, որ պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում կարևորվում է սնանկության ամբողջ ընթացքում պարտապանի գույքի ամբողջականությունն ապահովելու երաշխիքի առկայությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով նրա գույքի նկատմամբ սահմանափակումներ սկսվում են կիրառվել սնանկության վարույթի հարուցման պահից: Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու փաստն արդեն ստեղծում է պարտապանի հնարավոր սնանկության վտանգ, ինչն այդ փուլում առաջացնում է իր գույքի էական նվազեցմանն ուղղված պարտապանի հետագա անբարեխիղճ վարքագիծը կանխելու անհրաժեշտություն: Այդ պատճառով առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու արգելքն սկսում է գործել սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից, որպիսի միակ փաստի հետ օրենսդիրը պայմանավորել է այդ արգելքի գործարկումը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու սահմանափակումը կիրառելու համար նշված նորմը որևէ այլ պայման, քան սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն է, չի պահանջում: Ուստի սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման առկայությունն արդեն բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի առկայության փաստը հաստատելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո պարտապանի գույքի վերաբերյալ կնքված օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձևով ծանրաբեռնող գործարքները համարվում են օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքներ: Այդ գործարքները փաստացի կնքվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջի խախտմամբ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր գործարքներ են:
i
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման հիմքը դատական ակտն է, որի ընդունման հետ էլ պետք է կապել արգելքի առկայությունը, իսկ պետական գրանցումը դատական ակտի հիման վրա արդեն իսկ կիրառված սահմանափակման ճանաչումը, դրա երաշխավորումն ու պաշտպանումն է պետության կողմից: Ուստի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակումն առկա է համապատասխան դատական ակտի ընդունման, և ոչ թե այդ սահմանափակումը պետական գրանցման ենթարկելու պահից: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման կիրառումը դրա պետական գրանցման ենթարկելու պահով պայմանավորելու դեպքում այն կորցնում է իր գործնական նշանակությունը և դառնում ինքնանպատակ, (...) խեղաթյուրվում է օրենսդրի հետապնդած` սահմանափակումը պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման պահից կիրառելու ու այդ փուլից ի վեր պարտապանի գույքի ամբողջականության պահպանության նկատմամբ դատական վերահսկողություն սահմանելու նպատակը, որը հստակ և որոշակի ամրագրված է օրենսդրի կողմից ու որևէ բացառություն չի նախատեսում (տե՛ս Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Ջոն Ասատրյանի, Սասուն Ասատրյանի և Սիրվարդ Ասատրյանի թիվ ՍնԴ/0036/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2022 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման խախտմամբ պարտապանին պատկանող գույքի օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձևով ծանրաբեռնող գործարքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր են` անկախ նշված սահմանափակման պետական գրանցման փաստից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունը, ինչպես նաև այն փաստը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման խախտմամբ կնքված գործարքների առոչնչություն չի սահմանում, գտնում է, որ նշված պահանջների (արգելքի) խախտմամբ կնքված գործարքները վիճահարույց են, հետևաբար կարող են վիճարկվել և անվավեր ճանաչվել բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ հոդվածի իմաստով իրավասու անձանց կողմից ներկայացված հայցի հիման վրա:
2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսելով, որ անվավեր գործարքները չեն հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ ռեստիտուցիոն պարտավորությունների (որոնք կապված են գործարքի անվավերության հետ), և գործարքի վավերության պայմաններին չհամապատասխանող գործարքները դասակարգելով երկու տեսակների` առոչինչ և վիճահարույց գործարքներ` միևնույն ժամանակ դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանել է նման գործարքների կապակցությամբ ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունների մի շարք առանձնահատկություններ: Ընդ որում, այդ առանձնահատկությունները վերաբերում են ոչ միայն անվավերության հիմքերին, պայմաններին, հետևանքներին, նման գործարքներով տուժող կողմին պատճառված վնասի հատուցման իրավունքին և հայցային վաղեմության ժամկետներին, այլ նաև այն անձանց շրջանակին, որոնք կարող են դատական կարգով ներկայացնել տվյալ հիմքով գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) անվավերության հետևանք կիրառելու պահանջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ, ի տարբերություն առոչինչ գործարքների, որոնց անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել բացառապես նույն օրենսգրքում նշված անձինք: Այլ կերպ ասած, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունի բացառապես այն անձը, որին նման իրավասություն ուղղակիորեն վերապահված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է հարկ է համարում նշել հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`
(...)
բ) սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում.
գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
(...)
ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
Անդրադառնալով սնանկության վերաբերյալ գործով կառավարչի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված լիազորությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ լիազորությունը մեկնաբանելիս և դրա բովանդակությունը (սահմանները) որոշելիս որպես ելակետ անհրաժեշտ է ընդունել այն, որ տվյալ լիազորությունը, որի կիրառումն օրենսդիրը պայմանավորել է «սույն օրենքով նախատեսված դեպքերում» հիպոթեզով, վերաբերելի է ոչ թե սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքի հավաքագրման, պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ տարաբնույթ (այդ թվում` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով պարտապանի փոխանցած կամ նրանից բռնագանձված գույքը հետ վերադարձնելու) պահանջներով դատարան հայց ներկայացնելուն, այլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր այն դեպքերին, երբ սնանկության գործով կառավարիչը, իրացնելով դատական վերահսկողության ներքո տվյալ սնանկության գործի շրջանակներում օրենքով իր վրա դրված գործառույթները, առանձին վարութային (ընթացակարգային) հարցերի լուծման նպատակով սնանկության գործը քննող դատարանին ներկայացնում է դիմումներ և միջնորդություններ (օրինակ` պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու [»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված], պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու [»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված], պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելը թույլատրելու («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդված), սնանկության գործն ավարտելու (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդված] վերաբերյալ): Հետևաբար սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված լիազորության համատեքստում դիտարկվել չի կարող:
Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ սնանկության կառավարիչը, սնանկության վարույթի շրջանակներում իրացնելով պարտապանի գույքի հավաքագրման, պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու իր գործառույթը, որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ, վերջինիս անունից տարաբնույթ (այդ թվում` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով պարտապանի փոխանցած կամ նրանից բռնագանձված գույքը հետ վերադարձնելու) պահանջներով ներկայացնում է դատական հայցեր, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Համապատասխանաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորությունը չի ընդգրկում թեկուզև օրենքի պահանջների խախտմամբ պարտապանի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով ընդդեմ գործարքը կնքողների, այդ թվում` պարտապանի, հայց ներկայացնելու իրավական հնարավորությունն առնվազն այն պատճառաբանությամբ, որ նման հայց ներկայացնելիս սնանկության գործով կառավարիչն իր դատավարական կարգավիճակի բերումով հանդես է գալիս ոչ թե պարտապանի անունից, այլ ընդդեմ պարտապանի:
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցը չի կարող դիտարկվել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորության համատեքստում:
Քննարկվող հարցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետով նախատեսված` «իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ» ձևակերպման համատեքստում դիտարկելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, նախևառաջ փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ բլանկետային որևէ նորմով նախատեսված չէ «Սնանկության մասին օրենքի» 39-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ կնքված գործարքները պարտապանի (գործարքի կողմի) կամ սնանկության կառավարչի կողմից վիճարկելու իրավունք: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նախատեսված չէ նաև սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Քննարկվող համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` պարտապանի կողմից կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) հետ ստանալու ինստիտուտի իրավական բնույթին:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ`
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.
դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա.
ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.
1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,
2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,
3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի իրավունքը` օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմանափակումների և այլ պայմանների պահպանմամբ դիմելու դատարան պարտապանի կողմից փոխկապակցված կամ երրորդ անձանց կատարված անհատույց կամ հատուցելի փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային), կատարված գործարքների, փոխանցումների ու գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, ինչպես նաև պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածների և սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում առանձնացնելով պարտապանին պատկանող գույքի փոխանցումների այնպիսի տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին, օրենսդիրը սահմանել է փոխանցված գույքի նկատմամբ պարտապանի իրավունքները վերականգնելու (այն հետ ստանալու) իրավունքը` միևնույն ժամանակ վերջինս չդիտարկելով նույն հոդվածում նկարագրված գործարքների անվավերության համատեքստում որպես անվավերության հետևանք:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և արձանագրել է, որ վկայակոչված իրավակարգավորումը «նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք (Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ոչ թե պարտապանի կողմից կնքված գործարքներն անվավեր ճանաչելու հիմքեր (համապատասխանաբար նաև պարտապանի կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու կառավարչի իրավունք), այլ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող` օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածում և որոշակի պայմաններով կատարված գործարքների արդյունքում գույք ձեռք բերած անձի սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն (հատուկ) հիմքեր, որոնց առկայության պարագայում սնանկության գործով կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում, դատական կարգով ներկայացնել համապատասխանաբար փոխանցված կամ բռնագանձված գույքը հետ վերադարձնելու կամ գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը հատուցելու պահանջ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանները, որոնց առկայության հետ օրենքը կապում է պարտապանի կողմից կատարված փոխանցումների (գործարքների), զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի հիման վրա կատարված բռնագանձումները հետ ստանալու իրավունքը, գործարքի անվավերության ինստիտուտի ու համապատասխանաբար` պարտապանի կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու կառավարչի իրավունքի հետ որևէ առնչություն չունեն:
Քննարկվող համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը ևս որևէ կերպ չի լիազորում սնանկության գործով կառավարչին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում դատական քննության առարկա դարձնելու պարտապանի կողմից կնքված գործարքների անվավերության և դրանց անվավերության հետևանքները կիրառելու հարցը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի` սնանկության վարույթի նպատակներից ելնելով, դատական հայցեր ներկայացնելու (հայցով դատարան դիմելու) իրավունքը սահմանափակված է բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով (դեպքերով), և վերջինս չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի խախտմամբ պարտապանի կողմից կնքված գործարքն օրենքի պահանջների խախտմամբ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավունք:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Արամ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
14.08.2018 թվականին Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, որով Արամ Խաչատրյանն իրեն պատկանող «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գևորգ Շահումյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2018 թվականի վճռով Արամ Խաչատրյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը:
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև 14.08.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումը:
Դատարանը, արձանագրելով, որ «սույն գործով կառավարչի կողմից որպես հայցի իրավական հիմք վկայակոչվել են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303, 305-րդ հոդվածները և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը, իսկ որպես փաստական հիմք` նշվել է, որ պարտապանը գույքն օտարել է սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո», և պատճառաբանելով, որ «կառավարչի կողմից ներկայացվել է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ այն դեպքում, երբ կառավարչին նման իրավունք օրենքով տրված չէր», «վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել միայն օրենքում ուղղակիորեն նշված անձինք», «գործով չի հիմնավորվում գործարքի մյուս կողմի անբարեխիղճ լինելու հանգամանքը, հետևաբար (...) նա բարեխիղճ ձեռքբերող է», «կառավարիչը սույն գործարքը վիճարկելու իրավունք չունի, բացի այդ` անգամ նման իրավունք ունենալու դեպքում` գույքն օտարվել է բարեխիղճ ձեռքբերողի, և առկա չեն բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ պահանջելու հիմքերը», 14.07.2021 թվականի վճռով Կառավարչի հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սնանկության գործով կառավարիչը սույն գործով հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ Գևորգ Շահումյանի, իսկ պարտապանը գործին ներգրավվել է որպես երրորդ անձ: Նշվածից հետևում է, որ կառավարիչը և պարտապանը գործին մասնակցում են դատավարական տարբեր կարգավիճակներով, այսինքն` սույն գործով կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգով պարտապանի անունից հանդես չի եկել», ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկվում են այն դեպքերը, երբ սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կարգով կարող է դիմել դատարան` պարտապանի կողմից երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար», »»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները հիմք են տալիս վերաքննիչ դատարանին եզրահանգելու, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում և սահմանափակված է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի շրջանակով: Նշվածից հետևում է, որ սնանկության գործով կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարքն անվավեր ճանաչելու, այլ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար», «Սույն գործի փաստերի համաձայն` (...) գործարքը կնքվել է պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված է գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը, որպես պարտապանին պատճառված վնաս ստանալու համար դատարան դիմելու կառավարչի իրավունքը», եզրահանգել է, որ Կառավարիչը չունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմքով պարտապանի կնքած գործարքը վիճարկելու իրավունք, և 11.01.2022 թվականին որոշում է կայացրել Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 14.07.2021 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով գործի փաստերը, արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, հաստատված համարելով Արամ Խաչատրյանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտմամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցը 14.08.2018 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարելու փաստը, ըստ էության, եկել են իրավաչափ եզրակացության, որ Կառավարիչը նշված վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու լիազորություն չունի:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները հիմք են տալիս եզրահանգելու, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում ու սահմանափակված է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի շրջանակով, սույն որոշման շրջանակներում արտահայտված դիրքորոշումների համատեքստում գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը, ներկայացնելով պարտապան Արամ Խաչատրյանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտմամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի 14.08.2018 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պահանջ, չի գործել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների կողմից թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը հանգեցրել է գործի ըստ էության սխալ լուծման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոշարադրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու, ու այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված չեն, ինչը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը կիրառելու` վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու համար` նաև սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի «իա.1)» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ հայցվորը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի «իա.1)» կետի համաձայն` ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ՍնԴ/0066/02/19 քաղաքացիական գործով 2025 թվականի ապրիլի
4-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ
մասերի վերաբերյալ
04.04.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի ապրիլի 4-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ Գևորգ Շահումյանի, երրորդ անձինք Արամ Խաչատրյանի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` նույն որոշման պատճառաբանություններով:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ն. Հովսեփյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև 14.08.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումը:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 39-րդ և 54-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրահանգում առ այն, որ պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար սնանկության կառավարչի` դատարան դիմելու իրավունքը սահմանափակված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերի շրջանակով, ուստի սնանկության կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարք անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու, այլ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության կառավարչի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված լիազորությունները հանգում են պարտապանի գույքի հավաքագրմանը, պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի նրա` օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը: Հետևաբար սնանկության կառավարիչը զրկված չէ պարտապանի գույքի հավաքագրման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելու նպատակով նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված արգելքի խախտմամբ կնքված գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմքով վիճարկելու ու անվավերության հետևանքների կիրառում պահանջելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանը Գևորգ Շահումյանին ճանաչել է բարեխիղճ ձեռքբերող այն դեպքում, երբ, թեև Դատարանի 06.05.2021 թվականի որոշմամբ նրա վրա է դրվել իր` որպես բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու փաստի ապացուցման պարտականությունը, այդուհանդերձ վերջինս գործի քննության ընթացքում նշված փաստը հաստատող որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել: Ավելին, եթե նույնիսկ Գևորգ Շահումյանը բարեխիղճ ձեռք բերող է, գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նա ձեռք է բերում Արամ Խաչատրյանի նկատմամբ պահանջ գրանցելու իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ ԵԴ/0566/04/18 սնանկության գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Արամ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 6).
2) Արամ Խաչատրյանի անվամբ 03.10.2016 թվականից մինչև 14.08.2018 թվականը հաշվառված է եղել «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի 88 DD 008 պետական համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 10).
3) 14.08.2018 թվականին Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Արամ Խաչատրյանը վաճառել, իսկ Գևորգ Շահումյանը գնել է 2013 թվականի արտադրության «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի տրանսպորտային միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 7-9).
4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2018 թվականի վճռով Արամ Խաչատրյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 11 14): Նույն դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հիմք` «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ նույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`
ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.
բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:
Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշել է նաև, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, (...): Հետևաբար` պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետին և 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին` վերստին հաստատելով, որ ինքնանպատակ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին դատարանի կողմից անհապաղ ուղարկելու վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված պահանջը, քանի որ, ըստ օրենքի կարգավորման նպատակի, նշված նորմով օրենսդիրը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի, ի թիվս այլնի, նաև օտարումն արգելելու նպատակ է հետապնդել: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նաև սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որևէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտն ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն (տե՛ս Արտավազդ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վահան Թերզյանի և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանի թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և կրկին փաստելով, որ պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում կարևորվում է սնանկության ամբողջ ընթացքում պարտապանի գույքի ամբողջականությունն ապահովելու երաշխիքի առկայությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով նրա գույքի նկատմամբ սահմանափակումներ սկսվում են կիրառվել սնանկության վարույթի հարուցման պահից: Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու փաստն արդեն ստեղծում է պարտապանի հնարավոր սնանկության վտանգ, ինչն այդ փուլում առաջացնում է իր գույքի էական նվազեցմանն ուղղված պարտապանի հետագա անբարեխիղճ վարքագիծը կանխելու անհրաժեշտություն: Այդ պատճառով առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու արգելքն սկսում է գործել սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից, որպիսի միակ փաստի հետ օրենսդիրը պայմանավորել է այդ արգելքի գործարկումը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու սահմանափակումը կիրառելու համար նշված նորմը որևէ այլ պայման, քան սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն է, չի պահանջում: Ուստի սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման առկայությունն արդեն բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի առկայության փաստը հաստատելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո պարտապանի գույքի վերաբերյալ կնքված օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձևով ծանրաբեռնող գործարքները համարվում են օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքներ: Այդ գործարքները փաստացի կնքվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջի խախտմամբ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր գործարքներ են:
i
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման հիմքը դատական ակտն է, որի ընդունման հետ էլ պետք է կապել արգելքի առկայությունը, իսկ պետական գրանցումը դատական ակտի հիման վրա արդեն իսկ կիրառված սահմանափակման ճանաչումը, դրա երաշխավորումն ու պաշտպանումն է պետության կողմից: Ուստի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակումն առկա է համապատասխան դատական ակտի ընդունման, և ոչ թե այդ սահմանափակումը պետական գրանցման ենթարկելու պահից: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման կիրառումը դրա պետական գրանցման ենթարկելու պահով պայմանավորելու դեպքում այն կորցնում է իր գործնական նշանակությունը և դառնում ինքնանպատակ, (...) խեղաթյուրվում է օրենսդրի հետապնդած` սահմանափակումը պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման պահից կիրառելու ու այդ փուլից ի վեր պարտապանի գույքի ամբողջականության պահպանության նկատմամբ դատական վերահսկողություն սահմանելու նպատակը, որը հստակ և որոշակի ամրագրված է օրենսդրի կողմից ու որևէ բացառություն չի նախատեսում (տե՛ս Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Ջոն Ասատրյանի, Սասուն Ասատրյանի և Սիրվարդ Ասատրյանի թիվ ՍնԴ/0036/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2022 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման խախտմամբ պարտապանին պատկանող գույքի օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձևով ծանրաբեռնող գործարքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր են` անկախ նշված սահմանափակման պետական գրանցման փաստից: Ընդ որում, նշված սահմանափակման խախտմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու համար օրենսդիրը որևէ այլ նյութաիրավական պայման, քան գործարքը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո առանց դատարանի որոշման կնքված լինելն է, չի պահանջում, ինչպես նաև որևէ կերպ չի արժևորում պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշման մասին գործարքի կողմերի իմանալը, գույքը ձեռք բերողի բարեխղճությունը և այլ հանգամանքներ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով ցանկացած շահագրգիռ անձ իրավասու է դիմել դատարան օրենքի պահանջների խախտմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
Հարկ ենք համարում արձանագրել, որ օրենսդիրը նախատեսելով, որ անվավեր գործարքները չեն հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ ռեստիտուցիոն պարտավորությունների (որոնք կապված են գործարքի անվավերության հետ), գործարքի վավերության պայմաններին չհամապատասխանող գործարքները դասակարգել է երկու տեսակների` առոչինչ և վիճահարույց գործարքներ` միևնույն ժամանակ դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանելով դրանց կապակցությամբ ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունների որոշակի առանձնահատկություններ` անվավերության հիմքեր ու պայմաններ, անձանց շրջանակ, որոնք կարող են դատական կարգով ներկայացնել տվյալ հիմքով գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) անվավերության հետևանք կիրառելու պահանջը, երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա կիրառելու, անվավեր գործարքի կնքմամբ պատճառված վնասը մեղավոր կողմից հօգուտ տուժող կողմի բռնագանձելու, վնասները լրիվ ծավալով հատուցելու հնարավորությունը, նման գործարքներից բխող պահանջների նկատմամբ կիրառվող հայցային վաղեմության հատուկ ժամկետներ և այլն:
Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածներով գործարքների անվավերության հիմքերն օրենսդիրը սահմանել է սպառիչ կերպով, ինչից հետևում է, որ օրենքով ուղղակիորեն նախատեսվածից զատ այլ հիմքերով գործարքն անվավեր ճանաչվել չի կարող:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրության արդյունքում հարկ ենք համարում արձանագրել, որ այն չի պարունակում պարտապանի կողմից կնքված գործարքներն անվավեր ճանաչելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածներով նախատեսվածից տարբերվող այլ հիմքեր:
Քննարկվող համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` պարտապանի կողմից կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) հետ ստանալու ինստիտուտի իրավական բնույթին:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ`
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.
դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա.
ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.
1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,
2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,
3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ:
Հարկ ենք համարում արձանագրել, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի իրավունքը` օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմանափակումների և այլ պայմանների պահպանմամբ դիմելու դատարան պարտապանի կողմից փոխկապակցված կամ երրորդ անձանց անձանց կատարված անհատույց կամ հատուցելի փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային), կատարված գործարքների, փոխանցումների ու գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, ինչպես նաև պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածների և սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքում հարկ ենք համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում առանձնացնելով պարտապանին պատկանող գույքի փոխանցումների այնպիսի տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին, օրենսդիրը սահմանել է փոխանցված գույքի նկատմամբ պարտապանի իրավունքները վերականգնելու (այն հետ ստանալու) իրավունքը` միևնույն ժամանակ վերջինս չդիտարկելով նույն հոդվածում նկարագրված գործարքների անվավերության համատեքստում որպես անվավերության հետևանք: Գտնում ենք, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ոչ թե պարտապանի կողմից կնքված գործարքներն անվավեր ճանաչելու հիմքեր, այլ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածում և որոշակի պայմաններով կատարված գործարքների արդյունքում գույք ձեռք բերած անձի սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն (հատուկ) հիմքեր, որոնց առկայության պարագայում սնանկության գործով կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում, դատական կարգով ներկայացնել համապատասխանաբար փոխանցված կամ բռնագանձված գույքը հետ վերադարձնելու կամ գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը հատուցելու պահանջ: Հետևաբար սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանները, որոնց առկայության հետ օրենքը կապում է պարտապանի կողմից կատարված փոխանցումների (գործարքների), զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի հիման վրա կատարված բռնագանձումները հետ ստանալու իրավունքը, գործարքի անվավերության ինստիտուտի հետ որևէ առնչություն չունեն:
Քննարկվող համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չի սահմանափակում սնանկության գործով կառավարչի իրավական հնարավորությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայությամբ դատական քննության առարկա դարձնելու պարտապանի կողմից կնքված գործարքների անվավերության և դրանց անվավերության հետևանքները կիրառելու հարցը:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցին` հարկ ենք համարում նշել հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`
(...)
բ) սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում.
գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
(...)
ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
i
ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով սնանկության ինստիտուտի նշանակությանը` դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցին և վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի` ներառյալ պարտապանների շահերը: Միևնույն ժամանակ սնանկության գործով կառավարչի` օրենքով ամրագրված լիազորությունների, նրա դերակատարման վերաբերյալ ամրագրված օրենսդրական կարգավորումների համալիր ուսումնասիրման արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ «սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար», եզրահանգել է, որ «սնանկության գործով կառավարչի լիազորությունները հանգում են պարտապանի գույքի պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի վերջինիս տրված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը» (ընդգծումը Վճռաբեկ դատարանին է): Փաստելով, որ «պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է, որպիսի պայմաններում սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գործողությունների շրջանակն իրավաչափորեն սահմանափակվում է` նպատակ ունենալով ապահովելու պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը», ուստի «անվճարունակ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ պարտապանի գործողություններն իրականացնում է սնանկության գործով կառավարիչը` հանդես գալով որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող ոչ շահագրգիռ անձ` միաժամանակ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «այդպիսի իրավակարգավորումը նպատակ ունի ապահովելու իրավաչափ հավասարակշռություն մի կողմից պարտապանի, մյուս կողմից` պարտատերերի շահերի պաշտպանության համար»:
Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «Սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր` որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը (ընդգծումը Վճռաբեկ դատարանին է):
(...) սնանկության հարաբերությունները կարգավորող մի շարք օրենսդրական կարգավորումների ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ սնանկության գործով կառավարիչն այդ հարաբերություններում օժտված է լուրջ դերակատարմամբ և մի շարք դեպքերում այնպիսի լիազորությունների իրականացման իրավասությամբ, որոնք մինչև սնանկ ճանաչվելը կրում էր պարտապանը, սակայն սնանկության առաջացման փաստով պարտապանի` դրանց իրացման հնարավորությունը սահմանափակելը պայմանավորված է բացառապես սնանկության վարույթի բարեհաջող և արդյունավետ ընթացքի ապահովմամբ, պարտապանին պատկանող գույքի պահպանմամբ, ինչպես նաև պարտատերերի պահանջների պատշաճ բավարարմամբ: (...):
Քաղաքացիադատավարական օրենսդրությունը, սնանկության գործով կառավարչին վերապահելով սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնելու հնարավորություն, օգտագործում է «օրենքով նախատեսված դեպքերում» ձևակերպումը: Միաժամանակ օրենսդիրը սնանկության գործով կառավարչի կողմից սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնելու դեպքերը մասնավորեցրել է Օրենքի շրջանակներում, որով էլ նախատեսվում է դատական կարգով լուծում պահանջող հարցերով դատարան դիմելու, այն դատավարություններում ներգրավվելու` սնանկության գործով կառավարչի իրավասությունը, որոնցում պարտապանը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ: Վերջին դեպքը վկայում է պարտապանի` որպես հայցվոր, պատասխանող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ դատարան դիմելու իրավունքի մասին, թեպետ հիշյալ դեպքում պարտապանի անունից դատարան է դիմում սնանկության գործով կառավարիչը:
Վերոգրյալից բխում է օրենսդրի` Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունը` հստակեցնելու այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասությունը պատկանում է սնանկության գործով կառավարչին, ինչպես նաև այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավունք ունի սնանկ ճանաչված պարտապանը:
Օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը կատարել է վերոնշյալ պարտականությունը, մասնավորապես` Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի` օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը` միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:
i
Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի` դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին (ընդգծումը Վճռաբեկ դատարանին է): Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված սնանկության գործով կառավարչի լիազորությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը և սնանկ ճանաչվելուց հետո, ի թիվս այլնի, պարտապանի անունից իրացնում է նաև դատարան հայց ներկայացնելու իրավունքը (...)` բայց բոլոր դեպքերում հանդես գալով որպես սնանկ ճանաչված պարտապանի ներկայացուցիչ (տե՛ս Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ ենք համարում փաստել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի բացառում սնանկության գործով կառավարչի իրավունքը` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր հիմունքներով վիճարկելու պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքները` պարտապանի անունից իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գործարքի կողմի համար երաշխավորված` նման գործարքը վիճարկելու իրավունքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի իմաստով հանդես գալով որպես սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձի շահերի ի պաշտոնե ներկայացուցիչ:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված սնանկության գործով կառավարչի լիազորությունը մեկնաբանելիս որպես ելակետ անհրաժեշտ է ընդունել այն, որ տվյալ լիազորությունը, որի կիրառումն օրենսդիրը պայմանավորել է «սույն օրենքով նախատեսված դեպքերում» հիպոթեզով, վերաբերելի է ոչ թե սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքի հավաքագրման, պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ տարաբնույթ (այդ թվում` պարտապանի գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) նրա կնքած գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու կամ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով պարտապանի փոխանցած կամ նրանից բռնագանձված գույքը հետ վերադարձնելու) պահանջներով դատարան հայց ներկայացնելուն, այլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր այն դեպքերին, երբ սնանկության գործով կառավարիչը, իրացնելով դատական վերահսկողության ներքո տվյալ սնանկության գործի շրջանակներում օրենքով իր վրա դրված գործառույթները, առանձին վարութային (ընթացակարգային) հարցերի լուծման նպատակով գործը քննող դատարանին ներկայացնում է դիմումներ և միջնորդություններ (օրինակ` պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված), պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված), պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելը թույլատրելու (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդված), սնանկության գործն ավարտելու (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդված) վերաբերյալ):
Համապատասխանաբար գտնում ենք, որ դատական պրակտիկայում հանդիպող այն իրավաընկալումը, որ սնանկության գործով կառավարչի` սնանկության վարույթի նպատակներից ելնելով, դատական հայցեր ներկայացնելու (հայցով դատարան դիմելու) իրավունքը սահմանափակված է բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով (դեպքերով), չի համապատասխանում սնանկության վարույթի էությանը, հակասում է դրա նպատակներին ու խեղաթյուրում է սնանկության գործով կառավարչի առանձնահատուկ դերակատարությունը սնանկության վարույթում` ի թիվս այլնի ինքնանպատակ դարձնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1 ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումներն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գործարքների անվավերության վերաբերյալ իրավակարգավորումները:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Արամ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
14.08.2018 թվականին Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, որով Արամ Խաչատրյանն իրեն պատկանող «TOYOTA CAMRY 2.5 GAZ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գևորգ Շահումյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2018 թվականի վճռով Արամ Խաչատրյանը ճանաչվել է սնանկ:
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Խաչատրյանի և Գևորգ Շահումյանի միջև 14.08.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումը:
Դատարանը, արձանագրելով, որ «սույն գործով կառավարչի կողմից որպես հայցի իրավական հիմք վկայակոչվել են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303, 305-րդ հոդվածները և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը, իսկ որպես փաստական հիմք` նշվել է, որ պարտապանը գույքն օտարել է սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո», և պատճառաբանելով, որ «կառավարչի կողմից ներկայացվել է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ այն դեպքում, երբ կառավարչին նման իրավունք օրենքով տրված չէր», «վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել միայն օրենքում ուղղակիորեն նշված անձինք», «գործով չի հիմնավորվում գործարքի մյուս կողմի անբարեխիղճ լինելու հանգամանքը, հետևաբար (...) նա բարեխիղճ ձեռքբերող է», «կառավարիչը սույն գործարքը վիճարկելու իրավունք չունի, բացի այդ` անգամ նման իրավունք ունենալու դեպքում` գույքն օտարվել է բարեխիղճ ձեռքբերողի, և առկա չեն բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ պահանջելու հիմքերը», 14.07.2021 թվականի վճռով Կառավարչի հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սնանկության գործով կառավարիչը սույն գործով հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ Գևորգ Շահումյանի, իսկ պարտապանը գործին ներգրավվել է որպես երրորդ անձ: Նշվածից հետևում է, որ կառավարիչը և պարտապանը գործին մասնակցում են դատավարական տարբեր կարգավիճակներով, այսինքն` սույն գործով կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգով պարտապանի անունից հանդես չի եկել», ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկվում են այն դեպքերը, երբ սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կարգով կարող է դիմել դատարան` պարտապանի կողմից երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար», »»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները հիմք են տալիս վերաքննիչ դատարանին եզրահանգելու, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում և սահմանափակված է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի շրջանակով: Նշվածից հետևում է, որ սնանկության գործով կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարքն անվավեր ճանաչելու, այլ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար», «Սույն գործի փաստերի համաձայն` (...) գործարքը կնքվել է պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված է գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը, որպես պարտապանին պատճառված վնաս ստանալու համար դատարան դիմելու կառավարչի իրավունքը», եզրահանգել է, որ Կառավարիչը չունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմքով պարտապանի կնքած գործարքը վիճարկելու իրավունք, և 11.01.2022 թվականին որոշում է կայացրել Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 14.07.2021 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ «(...) սույն գործով ստորադաս դատարանները, հաստատված համարելով Արամ Խաչատրյանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտմամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցը 14.08.2018 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարելու փաստը, ըստ էության, եկել են իրավաչափ եզրակացության, որ Կառավարիչը նշված վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու լիազորություն չունի:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները հիմք են տալիս եզրահանգելու, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում ու սահմանափակված է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի շրջանակով, սույն որոշման շրջանակներում արտահայտված դիրքորոշումների համատեքստում գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը, ներկայացնելով պարտապան Արամ Խաչատրյանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտմամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի 14.08.2018 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պահանջ, չի գործել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների կողմից թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը հանգեցրել է գործի ըստ էության սխալ լուծման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը», մերժել է վճռաբեկ բողոքը` Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ն. Հովսեփյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Սույն գործով ստորադաս դատարանները, հաստատված համարելով Արամ Խաչատրյանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտմամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցը 14.08.2018 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարելու փաստը, ըստ էության եկել են ոչ իրավաչափ եզրակացության, որ Կառավարիչը նշված վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու լիազորություն չունի:
Չհերքելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները հիմք են տալիս եզրահանգելու, որ սնանկության գործով կառավարչի` պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում ու սահմանափակված է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի շրջանակով, այնուամենայնիվ չհիմնավորված ենք համարում Վերաքննիչ դատարանի` սույն գործով արտահայտած դիրքորոշումը, թե սնանկության գործով կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարքն անվավեր ճանաչելու, այլ միայն սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար:
Անընդունելի ենք համարում սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները և նրանից կատարված բռնագանձումները հետ ստանալու իրավունքը նշված փոխանցումների ու բռնագանձումների հիմքում ընկած գործարքներն անվավեր ճանաչելով պայմանավորելը` նկատի ունենալով, որ տվյալ դրույթներով օրենսդիրը սահմանել է ոչ թե պարտապանի կնքված գործարքների անվավերության հատուկ հիմքեր, պայմաններ և դրանց նկատմամբ անվավերության առանձնահատուկ հետևանքներ, այլ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածում ու որոշակի պայմաններով կատարված գործարքների արդյունքում գույք ձեռք բերած անձի սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն (հատուկ) հիմքեր, որոնք որևէ կերպ կապված չեն գործարքի վավերության պայմանների խախտման հետ:
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ ճանաչված Արամ Խաչատրյանի` սույն գործով որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված լինելու պայմաններում Կառավարիչը սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգով պարտապանի անունից հանդես չի եկել, հետևաբար սույն քաղաքացիական գործով նրա կողմից հայցադիմում ներկայացնելու փաստը պետք է դիտարկվի բացառապես նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված լիազորության սահմաններում, որը, իր հերթին, սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների ուժով բացառում է Կառավարչի անունից պարտապանի կնքած գործարքի անվավերության պահանջ ներկայացնելու հնարավորությունը, ևս համարում ենք չհիմնավորված: Այն իրողությունը, որ պարտապանը, հայցադիմումում որպես այդպիսին նշված լինելու պայմաններում, սույն գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, մեր գնահատմամբ որևէ կերպ չի ազդում Կառավարչի` իրավունքի ուժով (ex jure) պարտապանի անունից որպես ի պաշտոնե ներկայացուցիչ իր լիազորություններն իրականացնելու, այդ թվում` դատական կարգով լուծում պահանջող հարցերով դատարան դիմելու (հայց ներկայացնելու) հնարավորության վրա: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի կարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ պարտապանը պետք է հայցվորի կողմում ներգրավվեր սույն քաղաքացիական գործի քննությանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող անձ` նկատի ունենալով, որ գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նման պայմաններում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ և 305-րդ հոդվածների, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումը բեկանելու և փոփոխելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:
Դատավորներ` Էդ. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=46161896180553998