01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. |
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների կատարման կարգը |
1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը կատարվում է Կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով:
2. Սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումները կատարում են ապրանքը տնօրինողի ընտրած` Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված` Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ` Գնահատման մարմին):
3. Գնահատման մարմինը նմուշառումը կատարում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացնում լիազոր մարմնի ուղեկցող նամակով:
4. Նմուշառման միջոցով խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում և ի պահ է հանձնվում լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:
5. Պահեստային նմուշը ուղեկցող նամակով փորձարկման է ներկայացնում լիազոր մարմինը:
6. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
7. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա` Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատասխանը համարվում է վերջնական:
8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
9. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության երկու դեպք արձանագրվելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը, և, օրենսդրության համաձայն, իրականացվում են ստուգումներ:
10. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում, օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է:
11. Ռեֆերենս լաբորատորիայի կատարած փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը:»:
i
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «պետական լաբորատորիա`» բառերով:
Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում փորձարկում կատարելու վերաբերյալ իրավակարգավորումները գործում են մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը, որից հետո բողոքարկումն իրականացվում է ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-330-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: