14.03.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից 
2 դեկտեմբերի 1998 թ.
 
i 
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
 
i 
| Հոդված 1. | 
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը | 
 
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: ↩
(1-ին հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298, 10.12.13 ՀՕ-128-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն օրենքներ)
 
| Հոդված 2. | 
Վետերանների մասին օրենսդրությունը | 
 
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
 
| Հոդված 3. | 
Միջազգային պայմանագրերը | 
 
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 
i 
| Հոդված 4. | 
Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը | 
 
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:
Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամություն ունեցող վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: ↩
Հաշմանդամություն ունեցող վետերաններն իրավունք ունեն նաև` ↩
ա) («ա» կետն ուժը կորցրել է 01.01.2007 թվականից` 29.11.06 ՀՕ-224-Ն օրենք)
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298, 25.12.03 ՀՕ-60-Ն, 14.12.04 ՀՕ-38-Ն, 29.11.06 ՀՕ-224-Ն, 02.02.10 ՀՕ-2-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն օրենքներ)
 
| Հոդված 5. | 
Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը | 
 
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
 
| Հոդված 6. | 
Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը | 
 
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:
(6-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298 օրենք)
 
| Հոդված 7. | 
Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար | 
 
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
i 
| Հոդված 8. | 
Անցումային դրույթ | 
 
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2006 թվականի հունվարի 1-ից պատվովճարի չափը չի կարող պակաս լինել տասը հազար դրամից:
(8-րդ հոդ. փոփ. 26.10.05 ՀՕ-200-Ն օրենք)
 
| Հոդված 9. | 
Օրենքի ուժի մեջ մտնելը | 
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
 
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ռ. Քոչարյան | 
| 
  Երևան 30 դեկտեմբերի 1998 թ.  ՀՕ-267
  |