010.0043.250513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի և սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միակողմանի ճանաչում է միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններին և հաստատում դրանց ցանկը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «4 շահագրգիռ պետական կառավարման մարմինների և (կամ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով.
2) 3-րդ մասից հանել «Խորհրդի քարտուղարն է և» բառերը.
3) 8-րդ մասի 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման դասընթացներ և շնորհում համապատասխան վկայագրեր.»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների միակողմանի ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունում գործող, միջազգային ճանաչում ունեցող միակողմանի ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները պետք է գրանցվեն հավատարմագրման ազգային մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 24-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2016 թվականի մարտի 31-ը, համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի հավատարմագրումը մեկ անգամ կարող է իրականացվել վերապահումներով: Համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի վերապահումներով հավատարմագրումը հաստատվում է Խորհրդի որոշմամբ: Հավատարմագրման վկայագրում վերապահումների մասին կատարվում է համապատասխան նշում: Վերապահումով տրված հավատարմագրման վկայագիրը գործում է առավելագույնը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Վերապահումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25 մայիսի 2013 թվականի
ՀՕ-43-Ն