ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 51
37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՂ ԱՆԿԱՆՈՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
2002 թ. ՄՄԿ պատվերով Հայկական սոցիոլոգիական ընկերակցության կողմից անցկացված «Բնակչության տեղեկացվածությունը միգրացիայի խնդիրների վերաբերյալ» սոցիոլոգիական ուսումնասիրությունն արձանագրել է, որ`
- ՀՀ բնակչության 40%-ը տեղյակ չէ մուտքի թույլտվության (վիզայի) անհրաժեշտության մասին,
- 58.7%-ը տեղյակ չէ աշխատանքի թույլտվության մասին,
- 55%-ը` կարծում է որ ապաստան հայցող անձինք կարող են աշխատել
- 49%-ը` որ անօրինական ճանապարհներով այլ երկրներ տեղափոխված իրենց հայրենակիցներին ի վերջո, հաջողվում է այնտեղ հիմնավորվել
- 61%-ը ցանկություն է հայտնել լրացուցիչ տեղեկություններ ստանալ օրինական միգրացիայի` մասնավորապես աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին:
Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ անտեղյակությունը ուղղակիորեն ծնում է անօրինական միգրացիոն վարք:
ՄՄԿ-ի մի այլ` «Անկանոն միգրացիան Հայաստանից և միգրանտների անօրինական սահմանահատումները» 2002 թ. հետազոտության համաձայն` 1998 թ.-ին ՀՀ վերադարձված 1500 ՀՀ քաղաքացիների 92%-ը մեկ տարի անց կրկին մեկնել էր Հայաստանից: Բազմաթիվ միգրանտներ փորձում են բոլոր միջոցները կրկին մեկնելու այն երկրները, որտեղից վերադարձել են կամ այդ երկրի հետ ընդհանրություն ունեցող այլ երկիր:
Հետազոտությունը արձանագրում է, որ Հայաստանում, մասնավորապես Երևանում, գործող բազմաթիվ ճամփորդական գործակալություններ հանդես են գալիս միջնորդների դերում, որոնք նպաստում են Հայաստանից անկանոն միգրացիային:
Ըստ ԵԱՀԿ պատվերով Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ-ի կողմից 2007 թ. իրականացված «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007 թթ.» հետազոտության արդյունքների` միգրանտների 70.4%-ը աշխատանքը գտել էր դեռևս մեկնումից առաջ (պայմանավորվածություն աշխատանքի նկարագրության, աշխատավարձի չափի և աշխատանքային պայմանների մասին):
Միջնորդավորված ուղևորությունների թիվը կազմում է 65%, որից`
- 28%` ընդունող երկրում ապրող ընկերներ/ազգականներ
- 12%` ընդունող երկրում բնակվող մասնավոր միջնորդներ
- 10%` Հայաստանում բնակվող մասնավոր միջնորդներ
- 7%` Հայաստանում կամ արտերկրում գործող գործակալություններ
Միգրանտների միայն 12%-ն է գրավոր աշխատանքային պայմանագիր կնքել: Դա վկայում է անօրինական միգրացիայի ծավալի մասին:
Վերոհիշյալ հետազոտության շրջանակում կատարված հարցազրույցները ցույց են տվել, որ միգրանտները ծանոթ են եղել ընդունող երկրների միգրացիոն ռեժիմին և աշխատանքային օրենսդրությանը, ներառյալ ՌԴ, և գիտակցել են, որ նրանց անօրինական կեցությունը և անօրինական աշխատանքը կսահմանափակի իրենց իրավունքները և ազատությունները: Միաժամանակ ՌԴ-ում աշխատող միայն մի քանի հարցված միգրանտներ են ունեցել օրինական աշխատանքի համար պահանջվող բոլոր փաստաթղթերը` կեցության և աշխատանքի թույլտվություն և աշխատանքային պայմանագիր:
Աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը հաշվառվել է որպես զբոսաշրջիկ և չի ունեցել աշխատանքի թույլտվություն: Այս խմբի միգրանտների մեծամասնությունը երբևէ չի երկարացրել կացության թույլտվության ժամկետը: Միգրանտներից մի քանիսը նույնիսկ նշել են, որ իրենց գրանցումը կեղծ է եղել: Օրենքը շրջանցելու հիմնական պատճառն այն է եղել, որ կարիք չի զգացվել վատնել ժամանակ և փող օրինական գործընթացի վրա, քանի որ այն իրենից ներկայացնում է միայն բյուրոկրատական քաշքշուկ և իրավունքների պաշտպանության իրական երաշխիք չի հանդիսանում: Միգրանտները կարծում են, որ օտար երկրում չկա մեկը, ով պատրաստ է զբաղվել իրենց պաշտպանությամբ: Նրանք նշում են, որ իրավունքները, օրենքը և պաշտպանությունը կապված են միայն փողի հետ, և որ կաշառքը կարող է լուծել բոլոր խնդիրները:
Միգրանտներից ստացված ինֆորմացիան պարզորոշ ցույց է տալիս, որ աշխատանքային շահագործումը և աշխատանքային կանոնակարգերի խախտումը նպատակի երկրներում լայն տարածված է, չնայած որ միգրանտները, որպես կանոն դրանից չեն բողոքում: Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ միգրանտները քիչ են վճարվել կամ ընդհանրապես չեն վճարվել, ստիպված են եղել ապրել և աշխատել անընդունելի պայմաններում կամ վտանգել իրենց կյանքը, աշխատանքի են հրավիրվել կեղծ խոստումներով, աշխատավարձից պահումներ են ունեցել սեփական համաձայնությամբ կամ առանց դրա, կատարել են արտաժամյա աշխատանք, չեն ունեցել հանգստյան օրեր:
Որոշ դեպքերում շահագործումը հանգեցրել է հարկադիր աշխատանքի տարբեր դրսևորումների: Այս առումով հետազոտության արդյունքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ: Նախ, որոշ բացառություններով, հարկադիր աշխատանքի տարրեր պարունակող իրավիճակները սովորաբար ուղղակի ֆիզիկական բռնության հետևանք չեն: Երկրորդ, միգրանտները հաճախ մուտք են գործել նպատակի երկիր` ընկերների, ծանոթների կամ ընտանիքի անդամների աջակցությամբ, որոնք գտնվում են այդ երկրում: Այս պարագայում նրանց աշխատանքային շահագործման խոցելիությունը շատ բարձր է, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ունեցել են անօրինական կարգավիճակ և մշտապես գտնվել են հավանական դեպորտացիայի վախի Ներքո: Երրորդ, զոհերը հակված չեն հայտարարելու հարկադիր աշխատանքի փորձի մասին: Նրանք իրավապահ մարմինների հետ համագործակցելու շատ քիչ շարժառիթներ ունեն և շատ քիչ են տեղեկացված իրենց իրավունքների մասին:
Աշխատանքային օրենսդրության տարատեսակ խախտումների հետ մեկտեղ հարցման մի շարք արդյունքներ ուղղակիորեն վկայում են պարտքի գործոնի չարաշահման և այլ բռնությունների մասին: Զգալի թվով միգրանտներ նշում են, որ իրենց ճանապարհորդության արժեքը, բնակարանի վարձը, սննդի արժեքը պահվել են իրենց աշխատավարձից: Այս իրավիճակները կարող են առաջ բերել հարկադիր աշխատանք, եթե պարտքը ողջամտորեն չի նվազեցվում կատարվող աշխատանքի դիմաց: Անհատն ստիպված է լինում շարունակել աշխատանքը, որպեսզի վճարի պարտքը, որը չի նվազում, այլ հաճախ նույնիսկ ավելանում է, քանի որ միգրանտը հարկադրված է լինում նոր պարտքեր վերցնել:
2. Անկանոն միգրացիայի պատճառներն ու հետևանքները
Հայաստանի ներկայիս միգրացիոն իրավիճակն ընդհանուր առմամբ մնում է բարդ: Դրա պատճառներն են. գործազրկության բարձր և արժանավայել գոյատևման համար եկամուտների ոչ բավարար մակարդակները, մարդու իրավունքների (քաղաքացիական, տնտեսական, քաղաքական և այլն), իրացման գործում առկա հիմնախնդիրները, ապագայի հանդեպ վստահության ու հավատի զգացման խաթարվածությունը, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների և տեմպերի ընդգծված տարածքային շեղվածությունները և այլն:
Ստորև ներկայացվում են Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի պատճառներն ու հետևանքները, որոնք քաղված են ոլորտում կատարված տարբեր հետազոտություններից:
ԱՄԿ «Արտագնա աշխատանքային միգրացիան Հայաստանից 2008-2009 թվականներին, աշխատանքային միգրացիայի միտումների և միգրացիոն փորձառությունների վերլուծություն» զեկույցը ցույց է տալիս, որ խաբված և շահագործման ենթարկված միգրանտների խումբը հավաքագրման եղանակի իմաստով առանձնանում էր, քանզի այս խմբում որպես հավաքագրող գրեթե ամբողջապես հանդես էին գալիս զբաղվածության մասնավոր գործակալությունները, և կամքին հակառակ աշխատանքի տեղավորումը, որն ինքնին պարտադրանքի ուժեղ ցուցանիշ է, արձանագրվել է միայն այս խմբում: Ինչով կարող է պայմանավորված լինել այս իրավիճակը, այս հարցի հնարավոր պատասխաններ կարելի է համարել Վանաձորում անցկացված որակական գնահատման արդյունքները, թեև դրանք չեն կարող ընդհանրացվել և (կամ) վերջնական համարվել: Համենայն դեպս, ֆոկուս խմբերը բացահայտել են մի շատ կարևոր պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիր` կապված միգրանտների մեկնումն ու Ռուսաստանում աշխատանքի տեղավորումը կազմակերպող տեղական «ֆիրմաների» հետ: Գնահատման ընթացքում հնարավոր չի եղել պարզել` արդյոք դրանք օրինական կարգով գրանցված զբաղվածության մասնավոր գործակալություններ էին, թե գործում էին այդպիսի քողի ներքո, սակայն փաստն այն էր, որ նման «ֆիրմաների» հետ գործ ունենալը հաճախ հանգեցրել է խնդրահարույց միգրացիոն փորձառությունների, որոնցից մի քանիսի արդյունքում առաջանում էին անգամ աշխատանքի շահագործման նպատակով թրաֆիկինգին բնորոշ իրավիճակներ:
Արտերկիր ապօրինի մուտք գործելու պատճառների բացահայտման տեսանկյունից ուշագրավ իրողություններ են արձանագրվել Եվրոպայի խորհրդի պատվերով Վ. Գևորգյանի «Անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ վարվող քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» 2006 թ. կատարած հետազոտության արդյունքներով: Հարցմանը մասնակցած փորձագետների մոտ 80%-ը որպես արտերկիր ապօրինի մուտք գործելու գլխավոր պատճառ է նշում ընդունող երկրներ մուտք գործելու օրենսդրության խստությունն ու սահմանափակումներն ընդհանրապես: Այս կարծիքին են հատկապես պետական գերատեսչությունների ներկայացուցիչները (ավելի քան 91%) և ԶԼՄ-ների ներկայացուցիչների 2/3-ը: Փորձագետների ավելի քան 55%-ը անօրինական մուտքի հիմնական պատճառների թվում նշում են`
- մուտքի երկրների իմիգրացիոն ծառայությունների անմատչելիությունն ու օրինական մուտքի ձևակերպման ընթացակարգերի բյուրոկրատացվածությունը;
- երրորդ տեղում նշվում է օրինական մուտքի համար սահմանված անհրաժեշտ մուծումների մեծ չափերը (մոտ 40%);
- որպես կարևոր պատճառներ են նշվում Նաև մուտքի երկրներում օրինական բնակության իրավունքի ձեռք բերման դժվարությունները (մոտ 30%) և աշխատանքի թույլտվություն ստանալու դժվարությունները (մոտ 20%):
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի քաղաքականության արդյունավետ իրականացմանը խանգարող հիմնական արգելքների ու խոչընդոտների շարքում ուսումնասիրությունը առանձնացնում է արգելքների ու խոչընդոտների երկու խումբ` օրենսդրական և կառուցվածքա-գործառութային:
Օրենսդրական բացերի տեսանկյունից` ՀՀ միգրացիոն ոլորտի օրենսդրության վերլուծությունից պարզ է դառնում, որ այն այսօր ունի մի շարք ակնհայտ բացեր, մասնավորապես առ այսօր ընդունված չեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից ելքի և Հայաստանի Հանրապետություն մուտքի մասին», «իմիգրացիայի մասին», «Արտագնա աշխատանքների կազմակերպման մասին» ՀՀ օրենքները: Նշված ակնհայտ բացերից զատ ՀՀ միգրացիոն ոլորտի օրենսդրության բացերի վերաբերյալ փորձագետները նշել են Նաև մի շարք այլ բացեր, մասնավորապես`
1. տուրիստական, աշխատանքի տեղավորման, ծանոթությունների, մոդելների և նման այլ բյուրոների գործունեության արտոնագրման հարցերի չկարգավորվածությունը;
2. ՀՀ Քրեական օրենսգրքում անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերի չկարգավորվածությունը:
Կառուցվածքա-գործառութային արգելքներն ու խոչընդոտները`
1. Անկանոն միգրացիայի կարգավորման իրավասություն ունեցող մարմինների համագործակցության մեխանիզմների անհստակությունը,
2. միգրացիոն հոսքերի հստակ և տարբերակված հաշվառման մեխանիզմների անկատարությունը,
3. անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում այլ երկրների հետ համագործակցության կատարյալ համակարգի բացակայությունը,
4. քաղաքականության իրականացման գործընթացների արդյունավետ համակարգման մեխանիզմների ու ավանդույթների բացակայությունը և այլն:
Համապատասխան պետական կառավարման ինստիտուտների կողմից անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացող քայլերը շատ վատ են համակարգվում, չկան համաձայնեցված գործողություններ, ինչպես նաև այդ գործողությունների արդյունավետության գնահատման միասնական չափորոշիչներ:
Արտերկրում անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնվելու հիմնական պատճառ կարող են դառնալ հետևյալ հանգամանքները.
Մի կողմից`
. արտասահմանում օրինական աշխատանք գտնելու ընթացակարգերը խիստ բարդ են կամ այդպիսի հնարավորությունները գրեթե բացակայում են
. բավարար տեղեկատվության պակաս կա արտասահմանում օրինական աշխատելու համար անհրաժեշտ պայմանների մասին
Մյուս կողմից`
. զարգացած երկրների տնտեսությունների առանձին ճյուղերում առկա է օտարերկրյա աշխատուժի նկատմամբ որոշակի պահանջարկ կապված`
- ազգաբնակչության ծերացման
- ծնելիության մակարդակի կտրուկ անկման
- իրենց քաղաքացիների կողմից ոչ գրավիչ համարվող տարբեր աշխատանքների (հիվանդանոցային քույրեր, տնային սպասուհիներ, գյուղատնտեսության աշխատողներ) առկայության
- տնտեսության առանձին ճյուղերի առաջանցիկ զարգացման տեմպերի հետևանքով (ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և այլն) բարձրակարգ մասնագետների պահանջի առաջացման հետ:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկանոն միգրացիայի առաջացման պատճառները միայն ելքի երկրի իրողություններով չեն սահմանափակվում, դրանում մեծ դեր են խաղում նաև ընդունող երկրի ձգող գործոնները` մասնավորապես այս կամ այն երկրի գրավչությունը, հնարավորությունը ապաստան հայցելու ճանապարհով օրինական բնակության հիմքեր ձեռքբերելու, ինչպես նաև այդ համակարգի ընձեռած սոցիալական բարիքներից օգտվելու համար: Որպես կանոն, միգրանտները ձգտում են հայտնվել այն երկրում, որն ընդգրկված է մեծածավալ միգրացիոն հոսքեր ընդունող նշանակետ երկրների շարքում, հատկապես արևմտաեվրոպական, որտեղ ապաստանի տրամադրման վերջնական որոշման ընդունման գործընթացը երկար ժամանակ է պահանջում:
Ապաստանի հայցումը միգրանտների համար նաև ապահով քայլ է համարվում, քանի որ պրակտիկորեն ոչ մի հետևանք չունի, չնայած ապաստան ստանալու և այդ ճանապարհով երկրում մնալու համար դիմողի ներկայացրած պատմություններն անհիմն են ճանաչվում: Ավելին, անգամ այդ անձանց հետագայում տվյալ երկիր կրկին այցելելու որևէ սահմանափակում չկա, եթե նրանք ապաստանի հայցի մերժում ստանալուց հետո կամավոր լքում են երկիրը:
Եթե ծագման երկրներում անկանոն միգրանտների տեղափոխումից օգտվում են միջնորդները, ապա նպատակակետ երկրներում` ապաստան հայցողների փաստաբանները, ովքեր անհիմն հույսեր են ներշնչում ապաստան հայցողներին, հատկապես ապաստանի հայցի մերժման բողոքարկման դեպքում` ներքուստ համոզված լինելով, որ ոչինչ չեն շահելու:
Ինչպես արդեն նշվել է, անկանոն միգրանտների մի ստվար բանակ են կազմում աշխատանքային միգրանտները: Իրականում աշխատանքային միգրանտներից և օտարերկրյա գործատուներից յուրաքանչյուրը օրինական գործընթացներից խուսափելու իր պատճառն ունի: Սովորաբար միգրանտները խուսափում են միգրացիոն հաշվառման և աշխատանքի թույլտվության` այդքան բարդ համակարգից, ինչպես նաև բյուրոկրատական քաշքշուկից: Գործատուները իրենց հերթին շահագրգռված են օտարերկրյա աշխատուժի ոչ ֆորմալ ներգրավմամբ, որպեսզի էժան վարձատրեն աշխատողներին, ինչպես նաև շահագործեն նրանց աշխատանքը և իրենց վրա չվերցնեն իրավական ոչ մի պարտավորություն: Օտարերկրյա աշխատուժի ստվերային ներգրավմամբ գործատուներն ապահովում են իրենց մրցունակությունը` մասնավորապես աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների տնտեսման ճանապարհով: Գործատուի համար էժան աշխատուժի օգտագործումը կարող է շահեկան լինել նաև այն առումով, որ ապրանքի ինքնարժեքը կդառնա ավելի էժան: Մյուս կողմից, երկու կողմերն էլ միմյանց կապված չեն, թե գործատուն ցանկացած պահից կարող է ազատվել աշխատողից, թե աշխատողը հեշտությամբ կարող է փոխել գործատուին: Օրենքից դուրս վիճակը երկուստեք «շահեկան» է դառնում:
Անկանոն միգրանտների թվի աճին էապես ազդում է նաև աշխատանքի թույլտվությունների քվոտաների` մինչև տարվա վերջ սպառման հանգամանքը: Յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր ներքին աշխատաշուկան` երկրում թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում այն համալրելու առաջնահերթությունը տալով սեփական քաղաքացիներին, ինչը միջազգայնորեն ընդունելի նորմ է: Միջազգային իրավունքում յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ելք կատարել իր երկրից, բայց դա ավտոմատ չի հանգեցնում ցանկացած Երկիր մուտքի: Ամեն մի երկիր ինքն է որոշում, թե ում թողնի մուտք գործել իր երկիր, ինչպիսի փաստաթղթերով, ժամկետներով և ինչ պայմաններով, և պետության ինքնիշխանությունը արտահայտվում է նաև այս կերպով:
Մինչ այժմ կատարված հետազոտությունները բավականաչափ պատկերացում են տալիս նաև անկանոն միգրացիայի հետևանքների վերաբերյալ:
Ըստ ԵԱՀԿ պատվերով Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ-ի կողմից 2007 թ. իրականացված «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007 թթ.» հետազոտության արդյունքների` քանի որ աշխատանքային միգրացիայի հիմնական նպատակը Հայաստանում ապրող ընտանիքների համար ապրուստի միջոցների հայթայթումն է, միգրանտների մեծամասնությունը համաձայնում է աշխատելու և ապրելու ծանր պայմաններին և, ընդունող երկրներում ապրելու և աշխատելու օրինական գործընթացներից խուսափելով, վտանգում է իր իրավունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն որոշ դեպքերում գրանցվել են շահագործման դեպքեր, որոնք հանգեցրել են հարկադիր աշխատանքի տարբեր դրսևորումների: Այս առումով հետազոտության արդյունքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ: Նախ, որոշ բացառություններով, հարկադիր աշխատանքի տարրեր պարունակող իրավիճակները սովորաբար ուղղակի ֆիզիկական բռնության հետևանք չեն: Երկրորդ, միգրանտները հաճախ մուտք են գործել նպատակի երկիր` ընկերների, ծանոթների կամ ընտանիքի անդամների աջակցությամբ, որոնք գտնվում են այդ երկրում: Այս պարագայում նրանց աշխատանքային շահագործման խոցելիությունը շատ բարձր է, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ունեցել են անօրինական կարգավիճակ և մշտապես գտնվել են հավանական դեպորտացիայի վախի ներքո: Երրորդ, զոհերը հակված չեն հայտարարելու հարկադիր աշխատանքի փորձի մասին: Նրանք իրավապահ մարմինների հետ համագործակցելու շատ քիչ շարժառիթներ ունեն և շատ քիչ են տեղեկացված իրենց իրավունքների մասին:
Աշխատանքային միգրանտները խաբեությունների և շահագործումների կրկնակի զոհ են դառնում` մի կողմից օտարերկրյա գործատուների, մյուս կողմից` միջնորդների կողմից: Այդ մասին է վկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2008 թ. անցկացված «ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության զեկույցը», որն անդրադարձ է կատարել նաև նախքան արտերկիր մեկնելը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 43.6% դեպքում այդ պայմանավորվածությունները չեն իրականացվել միջնորդի և գործատուի թերացումներով պայմանավորված:
Փորձը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե միգրանտները ինչպես են տվյալ երկրում հայտնվում անօրինական միգրանտի կարգավիճակում, այնտեղ մնալու և հաստատվելու նպատակով սկսում են քայլ առ քայլ խախտել մուտքի երկրի օրենսդրությունը` սկսած երկրում մնալու ժամկետներից մինչև չթույլատրված, երբեմն նաև արգելված գործունեությամբ զբաղվելը: Անընդհատ խույս տալով իրավապահներից` նրանք, ի վերջո, կտրվում են հասարակությունից, չեն կարող օգտվել բժշկական ծառայություններից, դիմել իրավապահ մարմիններին, ակնկալել հասարակության, շրջապատի աջակցությունը: Աստիճանաբար անկանոն միգրանտների շփումների շրջապատը սեղմվում է` սահմանափակվելով նմանատիպ կարգավիճակում գտնվող կամ տվյալ երկրում անօրինական գործունեությամբ զբաղվող անձանցով: Իրենց կարգավիճակից ելնելով` միգրանտները երկար տարիներ չեն մնում են այդ վիճակում և չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև մտավախություն ունեն, որ ընդունող երկիր կրկին մեկնելը լուրջ բարդություններ կարող է առաջացնել:
Անկանոն միգրանտների լրջագույն խնդիրներից մեկը երկրի տարածքում ազատ տեղաշարժի հնարավորության բացակայությունն է: Դա հատուկ է նաև Ռուսաստանի դեպքում, որն ունի իր օբյեկտիվ պատճառները: ՌԴ օրենսդրության համաձայն Ռուսաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմի պետության քաղաքացուն ՌԴ մուտք գործելուց հետո ժամանակավոր հաշվառման են կանգնեցնում 3 ամսով, որից հետո նա պետք է ստանա կացության կարգավիճակ կամ լքի երկիրը: Կացության կարգավիճակ ստանալը բավականին բարդ գործընթաց է, որովհետև այն տրվում է ՌԴ կառավարության կողմից հաստատված քվոտայի սահմաններում` որոշակի պահանջներից ելնելով: Որպեսզի երկրում շարունակեն օրինական բնակվել, օտարերկրացիները մեկնում են ԱՊՀ մոտ երկրներ, որպես կանոն, ՈՒկրաինա և Բելառուս, ապա նորից են մուտք գործում Ռուսաստան և ստանում նոր հաշվառվում 3 ամիս ժամկետով: Ոմանք բավարար միջոցներ չունենալով` շարունակում են մնալ երկրում առանց թույլտվության և խուսափում են ազատ տեղաշարժից:
Խուսափելով ելքի երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից` շատ հաճախ մուտքի երկրներում միգրանտները հայտնվում են գրեթե նույն կամ ավելի վատ պայմաններում: Չնայած եկամտի բացարձակ չափը ավելին է լինում, քան ելքի երկրում, սակայն հիմնական ապրանքատեսակների և ծառայությունների անհամեմատ բարձր գները բերում են նրան, որ այդ մարդիկ մուտքի երկրներում զգում են սոցիալական սանդղակի ավելի ցածր աստիճանի վրա, քան ելքի երկրում:
Անկանոն միգրացիայից կազմակերպված հանցագործություն ընդամենը մեկ քայլ է: Հասարակությունից մեկուսացված և օտարված անօրինական միգրանտների մի մասի համար հետապնդելի և պատժելի գործունեության տեսակներով (թմրաբիզնես, զենքերի վաճառք, մարմնավաճառություն, գողություններ և այլն) զբաղվելուց բացի, այլևս ոչ մի հնարավորություն չի մնում: Շատ դեպքերում դա վերաբերում է նաև այս կարգի ընտանիքների անչափահաս անդամներին: Նրանցից շատերն, ի վերջո, դառնում են կազմակերպված հանցագործության զոհ: Այն հանգամանքը, որ անօրինական միգրանտների մի զգալի մասը մուտքի երկրներ են տեղափոխվում կեղծ փաստաթղթերով, կամ արդեն տեղում են ձեռք բերում դրանք, նրանց լիովին կախման մեջ է պահում այդ փաստաթղթերով նրանց ապահովող հանցագործ կազմավորումներից:
Շատ դեպքերում կանանց վերահսկելու նպատակով բռնություն են կիրառում, կամ օգտվում դրա սպառնալիքից: Ինքնությունը հաստատող փաստաթղթերի բռնագրավումը սահմանափակում է իշխանություններին դիմելու միգրանտների հնարավորությունը: Անօրինական միգրանտի կարգավիճակ ունեցող շատ երիտասարդ կանայք բողոքել են, որ իրենք վատ վերաբերմունքի, անտանելի «աշխատանքային պայմանների» և «աշխատավայրում» բանտարկված պահվելու հետևանքով ձեռք են բերել հոգեկան խանգարումներ:
Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթություն հաստատելով և համապատասխան հրավերով արտասահման մեկնելով` մարդիկ հազվադեպ են կասկածում հրավիրողի իրական զգացմունքների և մտադրությունների վրա: Եթե նրանց առաջարկում են դայակի աշխատանք հարուստ ընտանիքում, նրանք ամենևին չեն պարզում, թե դա ինչ «ընտանիք» է: Խոցելիության, խտրականության, շահագործման, նվաստացման և մարգինալ կարգավիճակի հավանականությունը միգրանտների շարքում հատկապես բարձր է կանանց պարագայում:
Արտագնա անօրինական աշխատանքային գործունեությամբ զբաղվողները հաճախ օգտագործում են պարզ և փորձած` «ցածր գների» մեթոդը, հաճախորդը անմիջապես ոչինչ չի վճարում, սակայն «ներքաշելով» խաղի մեջ, նրան ստիպում են վճարել` աստիճանաբար բարձրացնելով վճարաչափերը:
Օտարերկրյա գործատուները անկանոն միգրանտներին ավելի ցածր աշխատավարձ են վճարում, քան քաղաքացի աշխատողներին կամ օրինական ճանապարհով այդ աշխատանքն իրականացողներին: Աշխատանքից ազատվելու դեպքում միգրանտները հաճախ չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը: Ավելին, նրանք չեն կարող պահանջել իրենց` նույնիսկ այդ ցածր աշխատավարձը. չէ՞ որ իրենք անօրինական են աշխատում: Բացի գործատուներից, նրանց կարող են շահագործել նաև միգրանտների անօրինական տեղափոխմամբ զբաղվող անձինք:
Անօրինական միգրանտները համապատասխանում են ընդունող երկրի` հատկապես տնտեսության ցածր որակավորման հատվածների աշխատանքային պահանջներին: Անօրինական աշխատանքային միգրանտները հազվադեպ են պաշտպանված լինում նաև սոցիալական ապահովագրության դեպքերից, քանի որ հիմնականում երիտասարդ են և առողջապահական ծառայությունների կարիք առանձնապես չեն զգում: Անօրինական աշխատանքային միգրանտները նաև ճկուն աշխատուժ են, որոնց տնտեսական անկման ժամանակ հեշտ է աշխատանքից հեռացնելը:
Այսպիսով` անկանոն միգրացիան հանգեցնում է մի շարք անցանկալի հետևանքների, ինչպիսիք են`
Անօրինական միգրանտների տեսանկյունից`
- իրենց իրավունքների և շահերի ոտնահարումը
- խաբեությունների և շահագործման թիրախ դառնալը
- արտաքսման ենթարկվելը (քանի որ Հայաստանից միգրացիոն հոսքերը գերազանցապես ուղղված են Ռուսաստան, ապա հինգ տարի շարունակ երկիր կրկին մուտք գործելու սահմանափակումը ճակատագրական է լինում բազմաթիվ ընտանիքների համար, որովհետև արտագնա աշխատանքը առանձին ընտանիքների համար զբաղվածության միակ հնարավոր եղանակն է)
- առողջապահական խնդիրները, որովհետև ոմանք ապրում են ներքնահարկերում
- ունեցվածքի կորուստը, որովհետև իրենց միգրացիան կազմակերպելու համար`ոմանք վաճառում են իրենց գույքը, տունը,
- երեխաների դեպքում` կրթության խաթարվածությունը
- կազմակերպված հանցագործության զոհ դառնալը
- անընդհատ վարչաիրավական հետապնդումները,
- ազատ տեղաշարժի հնարավորությունների բացակայությունը
- խտրականությունը,
- սոցիալ-տնտեսական դժվարությունները:
Ելքի պետությունների տեսանկյունից`
- արտասահմանում գտնվող իր քաղաքացիների մի ստվար բանակի առաջացումը, որոնց իրավունքները հնարավոր չէ պաշտպանել
- արտաքսված քաղաքացիների հիմնախնդիրները լուծելու անհրաժեշտությունը
- հայերի պարագայում - նշանակետ երկրներում արդեն 5-6 սերունդ բնակվող մեր հայրենակիցների բարի համբավին հասցվող վնասը
- ընտանիքների քայքայումը, որովհետև աշխատանքային միգրանտները երբեմն ստիպված են լինում երկար մնալ իրենց ընտանիքներից հեռու
- տեղաշարժվող բնակչության կողմից ՄԻԱՎ-ի և վարակիչ հիվանդությունների` երկիր ներթափանցումը:
Մուտքի պետությունների տեսանկյունից`
- իրենց օրենսդրության խախտումը
- ապաստան հայցողների թվի աճը և դրանով հանդերձ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը իրենց երկրների սոցիալական համակարգերի վրա
- հասարակության մեջ ռասիզմի և քսենոֆոբիայի տրամադրությունների ուժգնացումը
- բացասական անդրադարձը բնակչության զբաղվածության և աշխատավարձի մակարդակի վրա
- պետական բյուջե հարկային մուտքերի ոչ լիարժեք ապահովումը, քանի որ միգրանտների զգալի մասն աշխատում է ստվերում
- բնակարանային օրենսգրքի կանոնների խախտումը` մասնավորապես բնակմակերեսի գերբնակեցումը միգրանտների կողմից, որոնք առաջացնում են հարևան տեղաբնակների դժգոհությունը
- քրեածին միջավայրի ստեղծումը:
Բաժին 3. Առաջարկություններ և միջոցառումների ծրագիր
Այսպիսով` հետանկախացման տարիներից սկսած միգրացիայի բնագավառում առաջացած մարտահրավերներից մեկը, որին բախվել է Հայաստանը, անկանոն միգրացիան է: Միգրացիոն հոսքերը համաչափ և վերահսկելի լինելուց դարձան լայնածավալ, քաոսային, բազմավեկտորային և բազմակատեգորիալ, ինչը սահմանափակեց պետության հնարավորությունները միգրացիոն գործընթացների արդյունավետ կարգավորման համար: ՈՒսումնասիրված հետազոտություններում, ինչպես նաև ընդունող երկրների միգրացիոն վիճակագրական աղբյուրներում որևէ հիշատակում, գնահատական չկա օտարերկրյա պետությունների տարածքում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ:
ՀՀ միգրացիայի պետական կարգավորման հիմնական քաղաքական ուղենիշներն ու թիրախները սահմանվել են ՀՀ կառավարության ծրագրում, որում «արտագաղթի կասեցումն ու ներգաղթի խրախուսումը» ճանաչվել է հիմնական գերակայություններից մեկը (ՀՀ կառավարության ծրագիր. Երևան 2008, էջ 25): Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիոն մասնակիորեն կարող է լուծվել ընդհանուր արտագաղթի ծավալների կրճատման համատեքստում: Քանի որ էմիգրացիոն (այդ թվում` անկանոն միգրացիայի վերածվող) հոսքերի արմատական պատճառները հիմնականում կապված են ՀՀ քաղաքացիների ոչ պատշաճ զբաղվածության և սոցիալ-տնտեսական վիճակի հետ, ուստի իր կարևորագույն նշանակությունն ունի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումների խորացումը, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմանների գրավչության մեծացումը:
Բացի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումից, անկանոն միգրացիայի հակազդման արդյունավետ համակարգը իրենից ներկայացնում է կանխարգելիչ իրավական, վարչական և քարոզչական ակտիվ միջոցառումների շարք, որոնք պետք է իրականացնել խնդրով հետաքրքրված ինչպես առանձին ընդունող երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ` չսահմանափակելով մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
Ինչպես արդեն նշվել է սույն ուսումնասիրության «Երևույթի դեմ պայքարի մեխանիզմները» բաժնում, անկանոն միգրացիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար անհրաժեշտ է կիրառել համապարփակ (կոմպլեքս) մոտեցում, այլ կերպ ասած` այս երևույթի առաջացման և զարգացման յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է կիրառել համապատասխան, յուրահատուկ քայլեր հետևյալ փուլերում:
I փուլ - Անկանոն միգրացիայի սաղմնավորում
II փուլ - Մուտքի երկրներում հայտնաբերված անօրինական միգրանտներ
III փուլ - Վերադարձից հետո ընկած ժամանակահատված
IV փուլ - Աշխատանքային միգրացիա երևույթի կանոնակարգում:
I փուլ. Անկանոն միգրացիայի սաղմնավորում
1. Իրավական, վարչական միջոցառումներ
Անհրաժեշտ քայլերը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից ելքի և Հայաստանի Հանրապետություն մուտքի մասին» ՀՀ օրենքի ընդունում
- Արտագնա աշխատանքների հետ կապված միջնորդական աշխատանքներ իրականացնող մասնավոր կազմակերպությունների գործունեության նկատմամբ մոնիտորինգի համակարգի ստեղծում
- «Անկանոն միգրացիայի կազմակերպում» հասկացության սահմանում ՀՀ քրեական օրենսգրքում և համապատասխան պատժամիջոցների նախատեսում (թրաֆիքինգի եղանակով)
- ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրում
- ՀՀ սահմանային կառավարման համակարգի կատարելագործում:
2. Հայաստանի բնակչության շրջանում տեղեկատվության տարածում նշանակետ երկրներ մուտք գործելու, բնակվելու, աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին:
Անհրաժեշտ քայլերը
- Միգրացիոն պետական ծառայությունում, ինչպես նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային ն տարածքային առանձին կենտրոններում պոտենցիալ միգրանտների խորհրդատվության հեռախոսային 8-ժամյա թեժ գծի գործարկում, ընդունելության կազմակերպում
- լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, աշխատանքի տեղավորման միջնորդ գործակալությունների ներկայացուցիչների համար սեմինարների, կլոր սեղանների կազմակերպման աշխատանքների շարունակում` անկանոն միգրանտների կարգավիճակում հայտնվելու ռիսկերի և վտանգների վերաբերյալ պոտենցիալ անկանոն միգրանտների տեղեկացվածության և իրազեկվածության բարձրացման նպատակով
- անկանոն միգրացիային վերաբերող բրոշյուրների, տեղեկատվական նյութերի, պլակատների մշակման, հրատարակման և բնակչության շրջանում տարածման աշխատանքների շարունակում
- հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով երևույթին նվիրված հաղորդումների եթեր արձակման աշխատանքների շարունակում
- անկանոն միգրացիայի թեմայով մասնագիտացող լրագրողների փորձագիտական աջակցության շարունակում
- միգրացիոն խնդիրները լուսաբանող լրագրողների ամենամյա մրցանակաբաշխության անցկացման աշխատանքների շարունակում
- մասնագիտական օժանդակություն ՀՀ մարզերում տարբեր կազմակերպությունների կողմից բացվող միգրացիոն խորհրդատվական կենտրոններին:
II փուլ - Մուտքի երկրներում հայտնաբերված անօրինական միգրանտներ
Անհրաժեշտ քայլերը
- Կողմերի տարածքներում անկանոն միգրացիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության հաստատում, օպերատիվ կապի ապահովում,
- ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցող ինտերնետային տեղեկատվական համակարգերի հետագա կատարելագործում, ինչը հնարավորություն կընձեռի այդ անձանց էլեկտրոնային կապի հաղորդուղիներով անմիջականորեն կապվելու Հայաստանի պետական կառավարման համապատասխան մարմինների մասնագետների հետ և իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստանալ արագ և հավաստի պատասխաններ, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների շրջանում համակարգերի մասին տեղեկատվության տարածում
- շահագրգիռ երկրների հետ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման նպատակով բանակցությունների շարունակում
- Եվրամիություն-Հայաստան ռեադմիսիոն համաձայնագիր կնքելու արդեն սկսված գործընթացի ակտիվացում:
III փուլ - Վերադարձից հետո ընկած ժամանակահատված
Անհրաժեշտ քայլերը
- Բանակցությունների շարունակում ընդունող երկրների հետ` նրանց օժանդակությամբ վերադարձողներին Հայաստանում վերաինտեգրման աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ
- աշխատաշուկայում ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված զբաղվածության ծրագրերի շարունակում և նոր ծրագրերի ներդրում
- միգրանտների հետ աշխատող պետական մարմիններում Հայաստանի Հանրապետություն վերադարձողների համար խորհրդատվական բնույթի ծառայությունների տրամադրման աշխատանքների շարունակում, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ակտիվացում:
IV փուլ - Աշխատանքային միգրացիա երևույթի կանոնակարգում
Անհրաժեշտ քայլերը
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով`
- ՀՀ օրենսդրության` մասնավորապես ԱՄԿ թիվ 143 և 97 կոնվենցիաների պահանջներին ներդաշնակեցման աշխատանքների շարունակում
- ՀՀ օրենսդրության ներդաշնակեցում մասնավորապես ԵԽ «Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի» հոդված 18-19 հոդվածներին
- անդամակցություն ՄԱԿ-ի 1990 թ. «Բոլոր աշխատող միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիային
- անդամակցություն ԵԽ «Աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակի մասին» թիվ 93 (1977 թ. նոյեմբերի 24) կոնվենցիային
- անդամակցություն ԱՄԿ «Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վերաբերյալ» 1997 թվ-ի թիվ 181 կոնվենցիային
- աշխատանքային միգրացիայի բնագավառում երկկողմ համաձայնագրերի վերանայում կամ կնքում (փոխադարձության և ոչ փոխադարձության սկզբունքով), մասնավորապես`
. ԱՊՀ շրջանակներում կնքված երկկողմ համաձայնագրերի վերանայում (մասնավորապես ՌԴ-ի հետ 1994 թ. կնքված համաձայնագրի)
. աշխատանքային միգրացիայի բնագավառում Քատարի Պետության, ինչպես նաև հետ Ֆրանսիայի և Բուլղարիայի երկկողմ համաձայնագրերի կնքման գործընթացի ակտիվացում
. հայաստանյան աշխատուժի ներգրավման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման ներկայումս հետաքրքրություն արտահայտած երկրների` Արաբական Միացյալ էմիրությունների և Օմանի հետ համաձայնագրի նախագծի մշակման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում
- օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնում 2011 թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված Հայաստան-Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի համար արդեն սկսված Visa facilitation և ցիրկուլյար միգրացիա նախաձեռնությունների պայմաններում:
Բացի այդ, անկանոն միգրացիայի ծավալները կարող են նվազել, եթե ընդունող երկրները ևս ձեռնարկեն գործուն քայլեր ապաստանի համակարգի գրավչության նվազեցման ուղղությամբ` մասնավորապես արագացնելով ապաստանի հայցերի քննարկման գործընթացը, կրճատելով այդ ընթացքում տրամադրվող նպաստի չափը և սոցիալական այլ երաշխիքներ, ինչպես նաև ապաստան հայցողների ազատ տեղաշարժի իրավունքը, ինչը, սակայն, դուրս է ՀՀ օրենսդրության գործիքակազմից:
Միջոցառումների ժամանակացույց
._____________________________________________________________________.
|հ/հ| Միջոցառման անվանումը | Տարեթիվը |Պատասխանատու|
| | | |կատարող |
|___|_______________________________________|____________|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_______________________________________|____________|____________|
| 1 |«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների`|2012 թ. |ՀՀ Ոստիկա- |
| |Հայաստանի Հանրապետությունից ելքի և | |նություն |
| |Հայաստանի Հանրապետություն մուտքի մասին»| |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |ՀՀ օրենքի ընդունում | |ՀՀ ԱԱԾ |
|___|_______________________________________|____________|____________|
| 2 |«Անկանոն միգրացիայի կազմակերպում» |2012-2013թթ.|ՀՀ Ոստիկա- |
| |հասկացության սահմանում ՀՀ քրեական | |նություն |
| |օրենսգրքում և համապատասխան | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |պատժամիջոցների նախատեսում (թրաֆիքինգի | | |
| |եղանակով) | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 3 |Արտագնա աշխատանքների հետ կապված |2012 թ. |ՀՀ ԱՍՀՆ |
| |միջնորդական ծառայություններ մատուցող | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |մասնավոր կազմակերպությունների | |ՀՀ ԱԳՆ |
| |գործունեության նկատմամբ պետական | | |
| |մոնիթորինգի համակարգի ներդրում, նման | | |
| |կազմակերպությունների և պետական | | |
| |մարմինների միջև գործընկերային | | |
| |հարաբերությունների հաստատում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 4 |միգրացիոն պետական ծառայությունում, |2012-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |ինչպես նաև «Զբաղվածության պետական | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |ծառայություն» գործակալության մարզային | |ՀՀ ԱԳՆ |
| |կամ տարածքային առանձին կենտրոններում | | |
| |պոտենցիալ միգրանտների խորհրդատվության | | |
| |հեռախոսային 8-ժամյա թեժ գծի գործարկում,| | |
| |ընդունելության կազմակերպում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 5 |Լրատվամիջոցների, հասարակական |2012-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |կազմակերպությունների, աշխատանքի | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |տեղավորման միջնորդ գործակալությունների | |ՀՀ ԱԳՆ |
| |ներկայացուցիչների համար սեմինարների, | | |
| |կլոր սեղանների կազմակերպման | | |
| |աշխատանքների շարունակում` անկանոն | | |
| |միգրանտների կարգավիճակում հայտնվելու | | |
| |ռիսկերի և վտանգների վերաբերյալ | | |
| |պոտենցիալ անկանոն միգրանտների | | |
| |տեղեկացվածության և իրազեկվածության | | |
| |բարձրացման նպատակով | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 6 |Անկանոն միգրացիային վերաբերող |2012-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |բրոշյուրների, տեղեկատվական նյութերի, | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |պլակատների մշակման, հրատարակման և | |ՀՀ ԱԳՆ |
| |բնակչության շրջանում տարածման | | |
| |աշխատանքների շարունակում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 7 |Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով|2012-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |երևույթին նվիրված հաղորդումների եթեր | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |արձակում անկանոն միգրացիայի թեմայով | |ՀՀ ԱԳՆ |
| |մասնագիտացող լրագրողների փորձագիտական | | |
| |աջակցության շարունակում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 8 |Մասնագիտական օժանդակություն ՀՀ |2012-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |մարզերում տարբեր կազմակերպությունների | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |կողմից բացվող միգրացիոն խորհրդատվական | |ՀՀ ԱԳՆ |
| |կենտրոններին | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 9 |ՀՀ օրենսդրության` մասնավորապես ԱՄԿ թիվ |2013 թ. |ՀՀ ԱՍՀՆ |
| |143 և 97 կոնվենցիաների պահանջներին | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |ներդաշնակեցման աշխատանքների շարունակում| | |
|___|_______________________________________|____________|____________|
| 10|ՀՀ օրենսդրության ներդաշնակեցում |2013 թ. |ՀՀ ԱՍՀՆ |
| |մասնավորապես ԵԽ «Եվրոպական վերանայված | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |սոցիալական խարտիայի» հոդված 18-19 | | |
| |հոդվածներին | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 11|անդամակցություն ՄԱԿ-ի 1990 թ. «Բոլոր |2012-2013թթ.|ՀՀ ԱԳՆ |
| |աշխատող միգրանտների և նրանց ընտանիքի | |ՀՀ ԱՍՀՆ |
| |անդամների իրավունքների պաշտպանության | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |մասին» կոնվենցիային | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 12|անդամակցություն ԵԽ «Աշխատանքային |2012-2014թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |միգրանտների իրավական կարգավիճակի մասին»| |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |թիվ 93 (1977 թ. նոյեմբերի 24) | | |
| |կոնվենցիային | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 13|(13-րդ կետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 5 արձանագրային որոշում) |
i
|___|_______________________________________|____________|____________|
| 14|աշխատանքային միգրացիայի բնագավառում |2012-2014թթ.|ՀՀ ԱԳՆ |
| |երկկողմ համաձայնագրերի վերանայում կամ | |ՀՀ ԱՍՀՆ |
| |կնքում (փոխադարձության և ոչ | | |
| |փոխադարձության սկզբունքով), | | |
| |մասնավորապես` | | |
| |- ԱՊՀ շրջանակներում կնքված երկկողմ | | |
| |համաձայնագրերի վերանայում | | |
| |(մասնավորապես ՌԴ-ի հետ 1994 թ. կնքված | | |
| |համաձայնագրի) | | |
| |- աշխատանքային միգրացիայի բնագավառում | | |
| |Քատարի Պետության, ինչպես նաև հետ | | |
| |Ֆրանսիայի և Բուլղարիայի երկկողմ | | |
| |համաձայնագրերի կնքման գործընթացի | | |
| |ակտիվացում | | |
| |- հայաստանյան աշխատուժի ներգրավման | | |
| |վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման | | |
| |ներկայումս հետաքրքրություն արտահայտած | | |
| |երկրների` Արաբական Միացյալ | | |
| |Էմիրությունների և Օմանի հետ | | |
| |համաձայնագրի նախագծի մշակման շուրջ | | |
| |բանակցային գործընթացի ակտիվացում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 15|Օրինական աշխատանքային միգրացիայի |2012-2016թթ.|ՀՀ ԱԳՆ, |
| |հնարավորությունների ընդլայնում ԵՄ-ի | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |կողմից Հայաստանի համար արդեն սկսված | | |
| |Mobility and Partnership, Visa | | |
| |facilitation և ցիրկուլյար միգրացիա | | |
| |նախաձեռնությունների պայմաններում: | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 16|Շահագրգիռ երկրների հետ ռեադմիսիոն |2012-2016թթ.|ՀՀ ԱԳՆ, |
| |համաձայնագրերի կնքման նպատակով | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |բանակցությունների շարունակում | |ՀՀ ԱԱԾ |
|___|_______________________________________|____________|____________|
| 17|Եվրամիություն-Հայաստան ռեադմիսիոն |2012-2016թթ.|ՀՀ ԱԳՆ, |
| |համաձայնագիր կնքելու արդեն սկսված | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |գործընթացի ակտիվացում | |ՀՀ ԱԱԾ |
|___|_______________________________________|____________|____________|
| 18|ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցող |2012 թ. |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |ինտերնետային տեղեկատվական համակարգերի | | |
| |հետագա կատարելագործում, ինչը | | |
| |հնարավորություն կընձեռի այդ անձանց | | |
| |էլեկտրոնային կապի հաղորդուղիներով | | |
| |անմիջականորեն կապվելու Հայաստանի | | |
| |պետական կառավարման համապատասխան | | |
| |մարմինների մասնագետների հետ և իրենց | | |
| |հուզող հարցերի վերաբերյալ ստանալ արագ | | |
| |և հավաստի պատասխաններ արտերկրում | | |
| |ապրող ՀՀ քաղաքացիների շրջանում | | |
| |համակարգերի մասին տեղեկատվության | | |
| |տարածում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 19|բանակցությունների շարունակում ընդունող |2012-2016թթ |ՀՀ ԱԳՆ, |
| |երկրների հետ` նրանց օժանդակությամբ | |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |վերադարձողներին Հայաստանում | | |
| |վերաինտեգրման աջակցություն | | |
| |ցուցաբերելու հարցերի շուրջ | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 20|աշխատաշուկայում ՀՀ վերադարձող |2013-2016թթ.|ՀՀ ԱՍՀՆ |
| |քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված | |ՀՀ Էկոնոմ. |
| |զբաղվածության ծրագրերի վարում և նոր | |նախ. |
| |ծրագրերի ներդրում | | |
|___|_______________________________________|____________|____________|
| 21|միգրանտների հետ աշխատող պետական |2012 թ. |ՀՀ ՏԿՆ ՄՊԾ |
| |մարմիններում Հայաստանի Հանրապետություն | |ՀՀ ԱՍՀՆ |
| |վերադարձողների համար խորհրդատվական | |ՀՀ առողջապ. |
| |բնույթի ծառայությունների տրամադրման | |նախ. |
| |աշխատանքների շարունակում, ոլորտում | |ՀՀ ԿԳՆ |
| |գործող հասարակական | |ՀՀ ոստիկա- |
| |կազմակերպությունների հետ գործընկերային | |նություն |
| |հարաբերությունների ակտիվացում | |ՀՀ ԱԳՆ |
._____________________________________________________________________.