Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.0712.070907

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 սեպտեմբերի 2007 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի հուլիսի 18-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պայմանագիրն ստորագրվել է 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու իրավական հիմքն ամրապնդելու նպատակով:

2. Կողմերը պարտավորվում են տրամադրել միմյանց իրավական օգնություն, եթե արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքներով: Կողմի հայեցողությանն է թողնված իրավական օգնության տրամադրումն այն դեպքերում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, հայցվող կողմի օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ: Պայմանագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա` համաձայն Կողմերի քրեական օրենսդրությունների:

3. Պայմանագրում նշված են իրավական օգնության շրջանակը, պայմանագրի նպատակների իրագործման համար պատասխանատու կենտրոնական մարմինները (Հայկական կողմի համար գլխավոր դատախազությունը` եթե գործերը գտնվում են նախաքննության փուլում, և արդարադատության նախարարությունը` եթե գործերը դատական վարույթում են կամ վճիռների կատարման փուլում, իսկ Եգիպտական կողմի համար` արդարադատության նախարարությունը), նկարագրված են հարցման ձևն ու բովանդակությունը, հարցումների մերժման կամ հետաձգման հիմքերը:

4. Փոխադարձ կարգով Հայկական կողմը նաև պարտավորվում է.

- բացառել երկու Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն ահաբեկչության հանցագործությունների հարցերով իրավական օգնության մերժումը,

- գաղտնի պահել իրավական օգնության համար հարցումը և դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված որևէ գործողություն,

- առանց հայցվող կողմի թույլտվության չօգտագործել համապատասխան տեղեկատվությունը կամ վկայություններն այլ նպատակով, հարցումները կատարել հայցվող կողմի օրենքներին և սույն պայմանագրի դրույթներին համապատասխան,

- իրավական օգնությունը տրամադրել ըստ հարցման մեջ նշված ձևի և հատուկ ընթացակարգերի` այնքանով, որքանով դրանք չեն հակասում ՀՀ օրենքներին,

- իր ներքին օրենքներին համապատասխան ջանքեր գործադրել` պարզելու համար հարցման մեջ նշված անձանց և իրերի գտնվելու վայրն ու ինքնությունը:

5. Պայմանագրով երաշխավորվում է վկայություն տալու, փորձաքննություն անցկացնելու կամ այլ ընթացակարգային գործողություններ կատարելու համար հանդես եկող անձի անձեռնմխելիությունը` անկախ նրա քաղաքացիությունից: Եթե այդ անձը կալանավորված է կամ պատիժ է կրում ազատազրկման ձևով, հայցվող կողմի համաձայնությամբ նա կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող կողմին, ընդ որում, ոչ ավելի, քան 90 օր ժամկետով: Անձի փոխանցումը մերժվում է, եթե կալանավորված կամ պատիժ կրող անձը չի տալիս իր գրավոր համաձայնությունը, կամ եթե այդ անձի մասնակցությունն անհրաժեշտ է հայցվող կողմի տարածքում դատական ընթացակարգերում:

Պայմանագրի 6-րդ հոդվածը սահմանում է իրավական օգնություն տրամադրելու համար հարցումների մերժման կամ հետաձգման հիմքերն ու կարգը:

Կողմերը նաև պարտավորվում են համագործակցել հանցագործության գործիքների և եկամուտների բացահայտման ոլորտում` հիմք ընդունելով սույն պայմանագրի և ՄԱԿ-ի` 2000թ. Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ կոնվենցիայի դրույթները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 սեպտեմբերի 2007 թվականի

ՍԴՈ-712

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.09.2007
N ՍԴՈ-712
Որոշում