01.06.2025 -
040.0174.040311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2011 թվականի N 174-Ն
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.08.12 թիվ 1074-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 23.08.12 թիվ 1074-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 174-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` հրապարակային ծանուցում հրապարակող անձ) կողմից հրապարակային ծանուցումը (այսուհետ` հայտարարություն) ինտերնետով հրապարակելու պայմանները և արխիվացման ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինտերնետով հրապարակային ծանուցումը տեղադրվում է azdarar.am կայքում (այսուհետ` կայք):
3. Հայտարարություն հրապարակող անձինք հայտարարության տեքստն էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով) սահմանված ձևաչափով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն):
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 23.08.12 թիվ 1074-Ն որոշում)
5. Յուրաքանչյուր անձ կարող է բաժանորդագրվել կայքում` նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն և ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն:
6. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվի գործակալություն ոչ ուշ, քան սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ: Հայտարարությունը կայքում հրապարակվում է կայքը վարող անձի կողմից հայտարարությունն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ. 23.08.12 թիվ 1074-Ն որոշում)
7. Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հրապարակային ծանուցում հրապարակող անձը:
8. Հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը:
9. Կայքում տեղադրված ծանուցումները կայքում պահպանվում են երկու տարի ժամկետով, որից հետո դրանք արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(2-րդ գլուխն ուժը կորցրել 23.01.2025 թիվ 70-Ն որոշում)
III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(3-րդ գլուխն ուժը կորցրել 23.01.2025 թիվ 70-Ն որոշում)
IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(4-րդ գլուխը լրաց. 23.01.2025 թիվ 70-Ն որոշում)
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը` անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկություններ:
22. Հրապարակային ծանուցումը հանձնելիս` հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
23. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը` համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, որն ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի պահանջներին և հայտարարության փոխանցման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում:
24. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված` կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող` հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
25. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը` նշելով պատճառը:
26. Հայտարարությունը համարվում է չեղարկված` կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող` հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
27. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 21-րդ կետի համաձայն կարող է ֆիզիկական անձի վերաբերյալ ներկայացվել հրապարակային ծանուցում, որում նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ ֆիզիկական անձի կողմից այն դիտելու համար անհրաժեշտ է համապատասխան հղումով անցնելուց հետո մուտքագրել իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
28. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 27-րդ կետի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության:
(վերնագիրը փոփ. 23.08.12 թիվ 1074-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 174-Ն որոշման
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓ
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հայտարարություն տվող անձի կողմից ներկայացվող հրապարակային ծանուցման (այսուհետ` հայտարարություն) տեքստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման N 2 հավելվածի ձևաչափին:
II. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԱԼԳՈՐԻԹՄԸ
2. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացվող հայտարարության տեքստը պետք է ներկայացվի էլեկտրոնային ձևաչափով` համաձայն համաձայն Ձև 1-ի ձևի:
(2-րդ կետը փոփ. 23.01.2025 թիվ 70-Ն, 23.01.2025 թիվ 70-Ն որոշումներ)
3. Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով և յունիկոդ (unicode) տառաշարով:
4. Հայտարարությունը և հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «doc», «docx» ձևաչափի ֆայլերով: Կից նյութերը կարող են ներկայացվել «doc», «docx», «xls», «xlsx», «pdf», «jpg», «png», «gif» ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով` «zip» ձևաչափով:
III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
5. Գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն ներկայացնողի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:
Ձև
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏ
(ձևն ուժը կորցրել է 23.01.2025 թիվ 70-Ն որոշում)
Ձև 1
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
._____________________________________________________________________.
|Հայտատուի տվյալները |Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, |
|(լրացվում է ինքնաշխատ |իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման |
|կայքի կողմից` կայք մուտք |մարմնի և իրավաբանական անձի դեպքում` լրիվ |
|գործելիս և դեր ընտրելիս)|անվանումը և ՀՎՀՀ-ն: |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարության իրավական |Այն իրավական ակտը, որով սահմանված է |
|հիմքը |հայտարարություն ներկայացնելու պահանջը: |
|_________________________|___________________________________________|
|Ծանուցման վերնագիրը |Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված |
| |հայտարարության անվանումը: |
|_________________________|___________________________________________|
|Ծանուցման տեքստը |Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված |
| |հայտարարության բովանդակությունը, իսկ, եթե |
| |հայտարարության բովանդակությունը գերազանցում|
| |է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է |
| |հայտարարության համառոտ բովանդակությունը, |
| |իսկ հայտարարության ամբողջական տեքստը |
| |ներկայացվում է կից նյութի տեսքով` PDF |
| |ձևաչափով: |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարության |Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը: |
|արդիականության ժամկետը | |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարությունը տալու |Հայտարարությունը տալու իրավասություն |
|իրավասություն ունեցող |ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը: |
|անձի տվյալները | |
._____________________________________________________________________.
(1-ին ձևը լրաց. 23.01.2025 թիվ 70-Ն որոշում)