12.06.2026 -
040.0954.310818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 954-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կիրականացվի փուլային եղանակով` յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում նվազեցված կազմով ձևավորված դասարանների` հաջորդ դասարան փոխադրմամբ, և կներդրվի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից` առաջին դասարաններում` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26, անհնարինության դեպքում` մինչև 30 սովորող:
(1.1-ին կետը լրաց. 11.06.2026 թիվ 821-Ն որոշում)
1.2. Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից` դպրոցը կարող է իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը` սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով:
(1.2-րդ կետը լրաց. 11.06.2026 թիվ 821-Ն որոշում)
1.3. Սահմանել, որ հաստատությունում մինչև սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված` դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)` 30:
(1.3-րդ կետը լրաց. 11.06.2026 թիվ 821-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 954-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հաստատության դասարանների կազմավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում դասարանը միևնույն առարկայացանկով սահմանված առարկաները նույն ծրագրերով ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբն է:
3. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում դասարաններ չեն կազմավորվում:
4. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում տվյալ առարկան հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրող սովորողներից կազմավորվում են ուսումնական խմբեր:
5. Հիմնական դպրոցում դասարանները` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, իսկ ավագ դպրոցում` ուսումնական խմբերը յուրաքանչյուր կիսամյակի համար կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա` դպրոցի տնօրենի հրամանով` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված` Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
6. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարանը և ուսումնական խումբը կազմավորվում են, եթե սովորողների թիվը գերազանցում է` սույն որոշմամբ դասարանների և ուսումնական խմբերի համար սահմանված սովորողների թվին: Մեկից ավելի դասարանների կազմավորման դեպքում սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ:
7. Դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ ուսումնական խմբերը` յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:
8. Դասարանների կազմավորումից հետո ուսումնական տարվա ընթացքում դասարաններում սովորողների թիվը կարող է գերազանցել առավելագույնը 2 սովորողով` հաստատությունում լիցենզիայով սահմանված տեղերի առկայության դեպքում:
9. Ուսումնական խմբերում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող:
10. Ավագ դպրոցում`
1) հիմնական ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 26-30 սովորող.
2) նպատակային ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 20-25 սովորող:
11. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:
12. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով`
1) արհեստ և արվեստ.
2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
13. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից:
14. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է`
1) առավելագույնը 15 սովորող.
2) կրթության առանձնահատուկ պայմանների` մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)` առավելագույնը 6 սովորող:
15. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում` կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի` տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի (բնակավայրի) միակ դպրոցն է:
16. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները կազմավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:
(հավելվածը խմբ. 31.08.2023 թիվ 1484-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթներ/, 11.06.2026 թիվ 821-Ն որոշումներ)