03.02.2024 - 13.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
i
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:↩
(1-ին հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն, 10.12.21 ՀՕ-390-Ն օրենքներ)
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում` նաև օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: ↩
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
3. Հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
(2-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 3. |
Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոնը, հանրային ծառայողը |
1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները:
2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:
3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը:↩ ↩ ↩ ↩ ↩
4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:
5. Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն, քաղաքական զսպվածություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով:↩
6. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող:
7. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորին չափ ճշգրիտ արտացոլում է տվյալ պաշտոնի հիմնական գործառույթները և չի կրում ընդհանրական բնույթ:
(3-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-11-Ն, 24.03.21 ՀՕ-162-Ն, 07.05.21 ՀՕ-206-Ն, 23.12.22 ՀՕ-602-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 03.10.23 ՀՕ-302-Ն, 22.11.23 ՀՕ-366-Ն, 22.12.23 ՀՕ-424-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 4. |
Հանրային պաշտոնները |
1. Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի` պետական և համայնքային:
3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների` քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:
4. Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների` քաղաքական, վարչական և հայեցողական:
Հոդված 5. |
Քաղաքական պաշտոնները |
1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:
2. Պետական քաղաքական պաշտոններն են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների պաշտոնները, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների, որոնք օրենքով սահմանված դեպքում կարող են հանդիսանալ նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն, որն զբաղեցվում է պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով: ↩
3. Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:
4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
5. Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, որոնք գործում են նաև օրենքով սահմանված լիազորությունների հիման վրա, և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ:↩ ↩
6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում` պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում: ↩ ↩
6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
(5-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-11-Ն, 07.07.22 ՀՕ-336-Ն, 16.01.24 ՀՕ-25-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Վարչական պաշտոնները |
1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
2. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով:
3. Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ↩
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
4. Պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոնները:↩ ↩
5. Համայնքային վարչական պաշտոններն են Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները:↩ ↩
6. Վարչական, բացառությամբ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի, պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:↩
7. Օրենքով սահմանված դեպքերում պետական վարչական պաշտոններն զբաղեցվում են պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով:
8. Վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը:
(6-րդ հոդ. փոփ. 10.07.19 ՀՕ-144-Ն, 17.11.21 ՀՕ-358-Ն , 16.12.21 ՀՕ-416-Ն, 16.12.21 ՀՕ-430-Ն, 09.06.22 ՀՕ-268-Ն, 23.12.22 ՀՕ-615-Ն, 16.01.24 ՀՕ-25-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Ինքնավար պաշտոնները |
1. Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
2. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:
3. Ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրության պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները:↩
4. Ինքնավար պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
5. Ինքնավար պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոններն զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:
(7-րդ հոդ. փոփ. 10.12.21 ՀՕ-390-Ն օրենք)
Հոդված 8. |
Հայեցողական պաշտոնները |
1. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:
2. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում: ↩
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
3. Պետական հայեցողական պաշտոններ են Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոնները, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը, նախարարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կառավարությանը, վարչապետին ենթակա պետական մարմինների ղեկավարների, անկախ պետական մարմնի, ինքնավար պետական մարմնի նախագահների, մարզպետի խորհրդականի, օգնականի պաշտոնները, գլխավոր դատախազի,քննչական կոմիտեի նախագահի, նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնները, նախարարությանը ենթակա պետական մարմնի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի պաշտոնները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի, Ազգային ժողովի խմբակցության փորձագետի, Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնները, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի պաշտոնը, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավարի, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնները, դատավորի (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի), գլխավոր դատախազի տեղակալի, քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների, նախարարի տեղակալի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինների ղեկավարների տեղակալների, անկախ պետական մարմնի նախագահի տեղակալի, ինքնավար մարմնի նախագահի տեղակալի, մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնները և անկախ պետական մարմնի, ինքնավար մարմնի անդամի օգնականի պաշտոնները:↩
3.1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:
4. Համայնքային հայեցողական պաշտոններն են համայնքի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, համայնքների ղեկավարի տեղակալի օգնականի, համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների պաշտոնները:↩ ↩
5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք:↩
6. Սույն հոդվածով նախատեսված օգնականի, ռեֆերենտի, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
7. Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
8. Խորհրդականի պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր, որի համար չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, որի անմիջական ենթակայությամբ աշխատելու է խորհրդականը: Պաշտոնի անձնագիրը, ներկայացված չափանիշներին համապատասխան, հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը):
9. Խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի է նշանակվում առանց մրցույթի` բավարարելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
i
10. Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի` հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը` օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով` Սփյուռքի գործերի հանձնակատարներ: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են վարչապետի որոշմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ Սփյուռքի գործերի հանձնակատարները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի և իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները: ↩
11. Այն մարմիններում, որտեղ սահմանված չէ մամուլի քարտուղարի պաշտոն, և առկա չէ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանում, մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը մարմնի ղեկավարի հրամանով կարող է վերապահվել մարմնի ղեկավարի օգնականին: Այս դեպքում սույն հոդվածով սահմանված չափանիշները պարտադիր չեն:
i
12. Պետական կառավարման համակարգի մարմիններում հայեցողական պաշտոնների թիվը, ըստ մարմինների, սահմանում է վարչապետը:
(8-րդ հոդ. փոփ. 08.05.19 ՀՕ-35-Ն, 21.01.20 ՀՕ-1-Ն, 21.01.20 ՀՕ-11-Ն, 01.07.21 ՀՕ-291-Ն, 24.09.21 ՀՕ-326-Ն, 17.11.21 ՀՕ-363-Ն , 16.12.21 ՀՕ-430-Ն, 09.06.22 ՀՕ-268-Ն, 16.01.24 ՀՕ-25-Ն օրենքներ)
Հոդված 9. |
Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը |
1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների: ↩
2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:
3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
4. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
8. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը:
9. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
10. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ և 14.1-ին մասերով նախատեսված դեպքերի: ↩
11. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը:
12. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
13. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
14. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
ԻՐՏԵԿ |
02.03.2020 թվականին դատավորի օգնականը (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի) ազատվում է զբաղեցրած պաշտոնից և նշանակվում է դատավորի (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի) օգնականի պետական հայեցողական պաշտոնում, և նրա հետ վերջնահաշվարկ չի կատարվում` 21.01.20 ՀՕ-11-Ն օրենք: |
14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը` համապատասխան դատավորի առաջարկությամբ:
15. Համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
16. Փոխվարչապետին, նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:↩
17. Նախարարի տեղակալին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, մարզպետի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:
18. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան նախարարը, իսկ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:
19. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
20. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Հանրապետության նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
21. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:
22. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
23. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան փոխվարչապետը:
24. Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
25. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:
i
26. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:↩
27. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը (լիազորությունները) կասեցվելիս նրան պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ: ↩
28. Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում:
(9-րդ հոդ. փոփ. 08.05.19 ՀՕ-35-Ն, 10.07.19 ՀՕ-144-Ն, 21.01.20 ՀՕ-11-Ն, 25.03.21 ՀՕ-135-Ն, 16.12.21 ՀՕ-416-Ն, 09.06.22 ՀՕ-166-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 07.07.22 ՀՕ-336-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-245-Ն օրենքներ)
Հոդված 10. |
Քաղաքացիական աշխատանքը հանրային իշխանության մարմիններում |
1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
i
2. Կառավարության սահմանած կարգով և դեպքերում պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:
Հոդված 11. |
Տեխնիկական սպասարկում իրականացնելը |
1. Տեխնիկական սպասարկում իրականացնելը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:
2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Հանրային ծառայության հիմնական սկզբունքները |
1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են`
1) իրավունքի գերակայությունը,
2) հանրային ծառայության արդյունավետությունը,
3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը,
4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը,
5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,
6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,
7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:
2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` օրենքով կարող են սահմանվել կազմակերպման և գործունեության լրացուցիչ սկզբունքներ:
Հոդված 13. |
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը |
1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
2. Եթե հանրային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված է բարձրագույն կրթության պահանջ, ապա քաղաքացին պետք է ունենա ինստիտուցիոնալ և (կամ) համապատասխան մասնագիտության ծրագրով հավատարմագրված բուհի շնորհած որակավորում և դիպլոմ:
Հոդված 14. |
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը |
1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. ↩
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:
i
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը` հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:
(14-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-166-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 15. |
Հաստիքների առավելագույն քանակը, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը |
i
1. Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակ և համայնքային ծառայություն ունեն պաշտոնների անվանացանկ:
3. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր):
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում` քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:
5. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց համար նախատեսված քանակից ավելի հաստիքներ չեն կարող ունենալ, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
i
6. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հոդված 16. |
Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններում |
1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգելու, դասային աստիճաններ (կոչումներ, աստիճաններ) սահմանելու և շնորհելու (զրկելու) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու և այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:↩
1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու և լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:
i
2. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(16-րդ հոդ. փոփ. 10.12.21 ՀՕ-390-Ն օրենք)
Հոդված 16.1. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը |
1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հայտարարված արտակարգ դրության կամ սահմանված կարանտինի ընթացքում աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացվելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները, և այդ ժամանակահատվածի համար չի վճարվում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադա-րեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:
2.1. «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու համար սահմանված ժամկետում չդիմելը կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չտրամադրելը կամ թույլտվության դադարեցումը պաշտոնից ազատելու կամ լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է:
3. Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետու-թյան նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
(16.1-րդ հոդ. լրաց. 10.12.21 ՀՕ-390-Ն, 01.03.23 ՀՕ-65-Ն օրենքներ)
Հոդված 17. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը նրանց ծառայողական գործունեության (պաշտոնավարման) մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
i
2. Անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. |
Հանրային ծառայողի հիմնական իրավունքները |
1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.
5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.
6) իրավական պաշտպանությունը:
Հոդված 19. |
Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները |
1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.
4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.
5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
7) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը:
Հոդված 20. |
Հանրային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները |
1. Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե հանձնարարական տվող պաշտոնատար անձը գրավոր վերահաստատում է իր հանձնարարականը, ապա հանրային ծառայողը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, պարտավոր է կատարել այդ հանձնարարականը և այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն հանձնարարական տվող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը:
3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:
ԳԼՈՒԽ 5
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 21. |
Բարևարքության համակարգի տարրերը |
1. Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում` պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը: ↩
(21-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 22. |
Վարքագծի սկզբունքները |
1. Վարքագծի սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:
Հոդված 23. |
Հանրությանը ծառայելու գիտակցումը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հանրության բարօրության ապահովմանը` պետության քաղաքականության նպատակների արդյունավետ իրագործման միջոցով:
Հոդված 24. |
Հավատարմությունը հանրային շահին |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորությունները գործադրում են ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հանրության:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները մշակված հանրային քաղաքականության կենսագործման գործընթացում դրսևորում են հավատարմություն և հուսալիություն` անկախ համոզմունքից և դիրքորոշումից:
Հոդված 25. |
Բարեկրթությունը և հարգալիրությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը:
Հոդված 26. |
Բարեխղճությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս գործում են ազնիվ և բարեխիղճ:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հանրային ռեսուրսներն օգտագործում են արդյունավետ և խնայողաբար:
Հոդված 27. |
Օբյեկտիվությունը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն` բացառելով որևէ խտրականություն:
2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է:
3. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք չունի կրելու կուսակցական պատկանելությունը խորհրդանշող նշաններ:
(27-րդ հոդ. փոփ. 07.05.21 ՀՕ-206-Ն օրենք)
Հոդված 27.1. |
Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը |
1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն:
2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը:
3. Հանրային ծառայողներն իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով մասնակցելու նախընտրական քարոզչությանը` պահպանելով քաղաքական զսպվածությունը:
4. Հանրային ծառայողները քաղաքական կամ հանրային քննարկումներին, միջոցառումներին, այդ թվում` նախընտրական քարոզչությանը մասնակցելիս իրավունք չունեն հանդես գալու ի պաշտոնե կամ նշելու իրենց պաշտոնեական դիրքի, կոչման մասին կամ որևէ կերպ օգտագործելու պաշտոնի հեղինակությունը որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կիրառվում ընտրություններին որպես թեկնածու հանդես եկող հանրային ծառայողների նկատմամբ:
6. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ծառայողի` որպես պաշտոնատար անձի մասնակցությունը քաղաքական բնույթի քննարկումներին պետք է կրի բացառապես տեղեկատվական բնույթ և արտահայտի պաշտոնական դիրքորոշումը:
(27.1-ին հոդ. լրաց. 07.05.21 ՀՕ-206-Ն օրենք)
Հոդված 28. |
Վարքագծի կանոնները |
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց` սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով:↩
2. Պատգամավորի, դատավորի, դատախազի, քննիչի վարքագծի կանոնները սահմանվում են այլ իրավական ակտերով:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պահպանել սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:
4. Հանրային ծառայողների` սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
5. Քաղաքացիական ծառայողների` սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
6. Այլ հանրային ծառայողների` սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը` ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում: Դրանց չսահմանման դեպքում գործում են քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները:
7. Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա` կանոնագրքերով:
8. Հանրային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման կառուցակարգեր կարող են սահմանվել տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտերով, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների: ↩
9. Վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
(28-րդ հոդ. փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 29. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները↩ ↩ |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև:
3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում` ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում` նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով:
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
3) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը` տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
4) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
5. Սույն հոդվածի իմաստով` «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:
6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված` սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը` Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը, քննիչը` համապատասխան մարմնում գործող Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին:
10. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հանրային ծառայողը սահմանված կարգով հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը` Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, քննիչը, դատախազը` Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով արգելված նվեր, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
11. Սույն հոդվածի իմաստով` փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը:
12. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում ստացված նվերը ենթակա է հանձնման պետությանը, իսկ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային ծառայողների կողմից` համապատասխան համայնքին:
(29-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 30. |
Նվերների հաշվառումը և հանձնումը↩ ↩ |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այսուհետ` Ռեեստր):
2. Քառասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (հինգ և ավելի) բնույթ կրող դեպքերի:
3. Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն:
4. Նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ` պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված:
(30-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 31. |
Անհամատեղելիության պահանջները |
i
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները նկարագրված են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: ↩
2. Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
3. Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:
i
4. Հանրային ծառայողը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք:↩
5. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո` մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը:
6. Սույն օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է`
1) առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը.
2) առևտրային կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելը.
3) առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը.
4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի:
7. Սույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում` ↩
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված գործունեությունն իրականացնելը,
2) անհատ ձեռնարկատեր լինելը,
3) առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման, կամ չի գերազանցում սույն հոդվածի 8-րդ մասի 11-րդ կետում նշված թույլատրելի բաժնեմասնակցությունը:
8. Սույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`
1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.
2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.
3) առևտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքն ստանալը.
4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.
5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր ունենալը.
6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.
7) փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը.
8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.
9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը:
10) Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալը` նույն ընկերության կանոնադրական կապիտալում առավելագույնը մեկ տոկոս մասնակցության շրջանակներում.
11) բանկի թողարկած կանոնադրական կապիտալի 0,0001%-ը չգերազանցող բաժնեմասնակցությունը ձեռք բերելը:
9. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները համարվում են ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած, եթե նրանք այդ առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկվել են վարչական կամ քրեական պատասխանատվության:
10. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերելու առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):
Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: ↩
11. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները: ↩
11.1. Որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք:
11.2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է որևէ ձևով ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին:
12. Սույն օրենքի իմաստով` գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական աշխատանքներ կատարելը:
13. Սույն օրենքի իմաստով` կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (ասիստենտ) աշխատելը կամ հանրակրթական և մասնագիտական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը: ↩
14. Սույն օրենքի իմաստով` ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը:
15. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի հանդեպ:
16. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
17. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
18. Սույն հոդվածի իմաստով` փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը:
(31-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-11-Ն, 09.06.22 ՀՕ-268-Ն, 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 32. |
Այլ սահմանափակումներ |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է`
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.
2) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
3) իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.
4) հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական այդ թվում` նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.↩
6) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
7) պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:
i
2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել լրացուցիչ սահմանափակումներ:
3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
4. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից սույն հոդվածով նախատեսված սահմանափակումը խախտելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասը կիրառելի է վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
(32-րդ հոդ. փոփ. 07.05.21 ՀՕ-206-Ն օրենք)
Հոդված 33. |
Շահերի բախումը ↩ |
1. Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա:
2. Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ: Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսավարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:
3. Իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվել չի համարվում այն դեպքը, երբ տվյալ գործողությունը (անգործությունը) կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ ակնհայտ է, որ որոշումը կամ գործողությունը (անգործությունը) ուղղված է ապահովելու արտոնություն պաշտոն զբաղեցնող անձի, նրա հետ փոխկապակցված անձի կամ վերջիններիս անդամակցած առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների համար:
4. Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում` որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
5. Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:
6. Պաշտոն զբաղեցնող անձի վերադասը կամ անմիջական ղեկավարը գրավոր հայտարարության ուսումնասիրության հիման վրա ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը միաժամանակ.
1) սահմանափակել պաշտոն զբաղեցնող անձի հասանելիությունը որոշակի տեղեկատվության,
2) տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարել պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ,
3) պաշտոն զբաղեցնող անձի համաձայնությամբ սահմանել ժամկետ շահերի բախումը վերացնելու համար,
4) սահմանափակել տվյալ դեպքում պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները, հայեցողության շրջանակը, եթե դա օրենքով արգելված չէ,
5) ձեռնպահ մնալ կոլեգիալ մարմիններում որոշում կայացնելուց, եթե համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքով այլ բան նախատեսված չէ,
6) շահերի բախման բացակայության դեպքում շարունակել կամ վերսկսել պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումը:
7. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում` հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
8. Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունն ստանալն անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ անհապաղ գործողություն կատարելը կամ որոշում կայացնելը պայմանավորված է անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ` այդ մասին տեղեկացնելով վարույթի մասնակիցներին, իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, իսկ վերադաս կամ անմիջական ղեկավար չունենալու դեպքում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
9. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի առնչությամբ շահերի բախման իրավիճակի առկայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության կապակցությամբ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
10. Օրենքով նախատեսված դեպքերում սույն հոդվածով սահմանված դրույթների խախտումն առաջացնում է վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:
Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
11. Սույն հոդվածի իմաստով` փոխկապակցված անձինք են`
1) պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը.
2) պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.
3) այն կազմակերպությունը, որին մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա պաշտոն զբաղեցնող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:
12. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա: Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի վրա սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերը չեն տարածվում:
(33-րդ հոդ. փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
i
ԳԼՈՒԽ 6
ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ↩
(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
Հոդված 34. |
Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականությունը↩ |
(34-րդ հոդ. վերնագիրը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
1. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք:↩ ↩ ↩
1.1. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվում նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:↩
3. Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր:↩ ↩ ↩
4. Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր:
4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:
5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում` գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ:↩
5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո` երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:↩ ↩
i
5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող` 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ: Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:↩
5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
7. Հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար: ↩
8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ և հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար:↩
9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում` որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
10. Սույն օրենքի իմաստով` համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:
11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:↩
12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի անդամը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում` դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:
13. Հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ:
(34-րդ հոդ. փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն, 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 03.10.23 ՀՕ-302-Ն, 22.12.23 ՀՕ-424-Ն օրենքներ)
Հոդված 35. |
Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին ծանուցելը |
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` տրամադրելով համապատասխան ակտի պատճենը: Ծանուցման ձևը և կարգը սահմանում է հանձնաժողովը:
Հոդված 36. |
Հայտարարագրման ժամկետները ↩ |
(36-րդ հոդ. վորնագիրը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:↩
2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո` 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:
3. Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:
(36-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն օրենքներ)
Հոդված 37. |
Հայտարարագրում փոփոխություն կատարելը |
1.Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո` քառօրյա ժամկետում: Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված է: Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարագրում անհամապատասխանությունը վերացնելու ժամկետը չի կարող գերազանցել յոթ աշխատանքային օրը: Փոփոխված տվյալով հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը:↩
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հիման վրա անհամապատասխանությունը սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:
3. Հայտարարագրում փոփոխություն է կատարվում նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի արդյունքով հանձնաժողովը հայտարարագրում արձանագրում է տվյալների անհամապատասխանություն, որը վերացնելու համար տրամադրվում է եռօրյա ժամկետ:
(37-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
Հոդված 38. |
Հայտարարագիրը լրացնելու և ներկայացնելու եղանակը |
1. Հայտարարագիրը լրացվում և ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարագիրը ոչ էլեկտրոնային եղանակով (թղթային) կարող է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած բացառիկ դեպքերում:
Հոդված 39. |
Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները |
1. Հայտարարագրում նշվում են`
1) հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները.
2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), քաղաքացիությունը, հասցեն, պաշտոնը (աշխատանքային գործունեությունը).
3) հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ:
2. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք են հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը:
Հոդված 40. |
Գույքի հայտարարագրի բովանդակությունը↩ |
1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`↩
1) անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք.
2) տրանսպորտի միջոցը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) բաժնային արժեթղթերը, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաև պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ, բացառությամբ բանկային վկայագրի).
4) հանձնված, վերադարձված փոխառությունը.
5) բանկային ավանդը.
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ` թանկարժեք գույք).
7) դրամական միջոցները (այդ թվում` բանկային հաշիվներում առկա):
1.1. Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
1.2. Փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը:
2. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)` ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից):
3. Գույքը հայտարարագրելիս նշվում են`↩
1) անշարժ գույքի դեպքում` անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.
2) տրանսպորտի միջոցի դեպքում` տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.
3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում` արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել` նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
4) հանձնված, վերադարձված փոխառության դեպքում` փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
5) բանկային ավանդի դեպքում` հաստատության անվանումը, գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.
6) թանկարժեք գույքի դեպքում` գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.
7) դրամական միջոցի դեպքում` դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում` նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:
3.1. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված գույքի դեպքում ներառվում են նաև գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը:
4. Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հայտարարագրման ենթակա անշարժ գույք, տրանսպորտի միջոց, թանկարժեք գույք ձեռք բերելու կամ օտարելու գործարքները` նշելով գույքի տեսակը, ձեռք բերելու կամ օտարելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:
5. Արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը` նշելով արժեթղթի տեսակը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:
6. Փոխառության դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն: Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, եթե նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:↩
6.1. Բանկային ավանդի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա ավանդի դեպքում` նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:
7. Դրամական միջոցի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը և արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում` նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:↩
(40-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն օրենքներ)
Հոդված 40.1. |
Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը:
2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը.
1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը.
2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.
3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.
4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.
5) վարկի մարմանն ուղղված վճարումները.
6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.
7) ցանկացած այլ ծախս, այդ թվում` որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են`
1) ծախսի տեսակը.
2) կատարված ծախսի բովանդակությունը.
3) ծախսի չափը (գումարը).
4) ծախսի արժույթը:
5. Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրը կատարած ծախսերը:
(40.1-ին հոդ. լրաց. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
Հոդված 41. |
Եկամուտների հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները:
2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ:
3. Եկամուտները հայտարարագրվում են առանց հարկերի և (կամ) պարտադիր այլ վճարների:
4. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները.↩
3.1) ստացված վարկերը (այդ թվում` հիփոթեքային).
4) տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.↩
5) շահաբաժինները.
6) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
7) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
8) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).
9) ժառանգության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները).
10) ապահովագրական հատուցումները.
11) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
12) գույքը (նաև հայտարարագրման ոչ ենթակա) օտարելուց ստացված եկամուտը.
13) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում.
14) միանվագ վճարները.
15) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
16) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
17) կենսաթոշակը.
18) գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը:
5. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված այլ եկամուտները` նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները:
6. Եկամուտը հայտարարագրելիս նշվում են`
1) եկամտի տեսակը.
2) եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.↩
3) եկամտի չափը (գումարը).
4) եկամտի արժույթը:
6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաև տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը, ինչպես նաև ստացված փոխառության տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը:
6.2. Վարկը հայտարարագրելիս նշվում են նաև վարկի նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիպոտեկի դեպքում` նաև հիպոտեկի առարկան և դրա գտնվելու վայրը:
7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:↩
8. Պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրն ստացված եկամուտները:
9. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:↩
(41-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն օրենքներ)
Հոդված 42. |
Շահերի հայտարարագրի բովանդակությունը |
1. Հայտարարագրի` «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն կամ որի իրական շահառու են հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը, մասնակցությունը ձեռք բերելու կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն: Սույն մասի իմաստով իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը:↩
2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:↩
3. Հայտարարագրի` «Պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, որում հայտարարատու պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:
4. Հայտարարագրի` «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:
5. Հայտարարագրի` «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է, կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:
6. Հայտարարագրի` «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը):
7. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված պայմանագրերի առնչությամբ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ գործող պայմանագրերը, իսկ տարեկան հայտարարագրերում` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կնքված պայմանագրերը:
(42-րդ հոդ. փոփ. 23.04.19 ՀՕ-26-Ն, 19.01.21 ՀՕ-51-Ն օրենքներ)
Հոդված 43. |
Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը |
1. Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:↩
i
2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել` առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու:
3. Անչափահասի հայտարարագրի տվյալները, բացառությամբ նրա անվան, հայրանվան և ազգանվան, հրապարակման ենթակա չեն:
4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը:
5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարագիրը մնում է հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում հայտարարագիրն արխիվացվում է: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագիրը վերականգնվում և հրապարակվում է:
6. Հայտարարագրի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
(43-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Հոդված 44. |
Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները |
1. Պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ:
2. Հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում են պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով ստեղծված էթիկայի հանձնաժողովները, որոնց գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով:
Հոդված 45. |
Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները |
1. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները`
1) քննում և լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.
2) հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին:
Հոդված 46. |
Բարևարքության հարցերով կազմակերպիչը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի հանրային ծառայության պաշտոն:
2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը`
1) հանրային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.
3) համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
4) մշակում է հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում տվյալ մարմնում հաստատման.
5) վարում է հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն:
6) նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.
7) հանրային ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:
3. Պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող օրենքների համաձայն ձևավորված էթիկայի հանձնաժողովները, որոնք գործում են մշտական հիմունքներով, իրականացնում են սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գործառույթը:
(46-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 7.1
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
(7.1-րդ գլուխը լրաց. 07.12.22 ՀՕ-540-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 46.1. |
Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն |
1. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն պետական կամ համայնքային ծառայություն իրականացնող կամ հանրային պաշտոն զբաղեցնող այն անձն է, որն ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի և վերջինիս փոխարինող առնվազն մեկ անձի նշանակումը, որը համատեղվում է այդ անձանց այլ գործառույթների հետ:
Հոդված 46.2. |
Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի իրավունքները և պարտականությունները |
1. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն`
1) պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին,
2) պարտավոր է տրամադրել համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված` հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել համապատասխան մարմնի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ,
3) իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն,
4) իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:
Հոդված 46.3. |
Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի գործունեության համակարգումը |
1. Հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին մեթոդական աջակցությունը, խորհրդատվությունը, ինչպես նաև ոլորտային միջազգային պարտավորությունների շրջանակներում վերջիններիս աշխատանքների իրականացման համակարգումն ապահովում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինն իրավունք ունի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուից պահանջելու և ստանալու տեղեկություններ և հիմնավորող փաստաթղթեր հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի, ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, ներկայացնելու ոլորտային միջազգային պարտավորությունների համակարգումից բխող առաջարկություններ:
ԳԼՈՒԽ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների երաշխիքներն են`
1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.
2) վարձատրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.
3) ամենամյա վճարովի արձակուրդը.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.
5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
i
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար կարող են սահմանվել նաև այլ սոցիալական երաշխիքներ:
Հոդված 48. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը |
1. Յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ և հանրային ծառայող առանց որևէ խտրականության ունի օրենքով սահմանված չափով վարձատրության իրավունք:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողն ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի սոցիալական (նաև կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 49. |
Հանրային ծառայության ստաժը |
1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:
2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները:
3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության և (կամ) պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:
ԳԼՈՒԽ 9
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ
Հոդված 50. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը |
1. Հանրապետության նախագահին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
3. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Դատական դեպարտամենտի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
5. Բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմինների հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
Հոդված 51. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը |
1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:
2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:
3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ:
4. Վարչապետը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ղեկավարների առաջարկությունների հիման վրա:
5. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների ղեկավարներն առաջարկությունը ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով:
6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր:
7. Միջնորդությանը կցվում են`
1) բարձրագույն դասային աստիճանի շնորհման հիմնավորումը.
2) բարձրագույն դասային աստիճանի շնորհմանը ներկայացված անձի կենսագրությունը.
3) բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
8. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր, որին կցվում են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի:
9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները:
10. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:
Հոդված 52. |
Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը |
1. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:
2. Հանրապետության նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է հրամանագրի ընդունմամբ:
3. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձնելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն է տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:
Հոդված 53. |
Բարձրագույն դասային աստիճաններից զրկելը |
1. Բացառությամբ հանցագործության համար որպես պատիժ նշանակելու դեպքի, բարձրագույն դասային աստիճանից զրկում է Հանրապետության նախագահը:
2. Բարձրագույն դասային աստիճաններից զրկելու վերաբերյալ միջնորդությանը կցվում են`
1) բարձրագույն դասային աստիճանից զրկելու հիմնավորումը.
2) բարձրագույն դասային աստիճանից զրկելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
3. Բարձրագույն դասային աստիճանից զրկումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 31-33-րդ հոդվածների, 34-րդ հոդվածի 1-12-րդ մասերի, 35-40-րդ հոդվածների, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի երկրորդ նախադասության, 3-5-րդ մասերի:
i
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքը, բացառությամբ 23-24-րդ, 28-րդ, 30-37-րդ հոդվածների, 38-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ մասի առաջին նախադասության, 38.1-40-րդ, 41-րդ հոդվածի 1-ին մասի, 41.1-44-րդ հոդվածների, 52-րդ հոդվածի 5-րդ մասի:
3. Սույն օրենքի 31-33-րդ հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
4. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերը, 35-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները:↩
5. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաև հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն ընդունվում (սահմանվում) են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը: Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանվում են մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները:
6. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 39-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-ին մասը, 41.1-44-րդ հոդվածները, 52-րդ հոդվածի 5-րդ մասը շարունակում են գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:
7. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 38.1-ին և 38.2-րդ հոդվածները շարունակում են գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի ձևավորումը:
(54-րդ հոդ. փոփ. 14.03.19 ՀՕ-3-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 55. |
Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցումը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը եռամսյա ժամկետում սահմանում է անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույց և կարգ:
Հոդված 56. |
Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրերի հաստատումը |
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, հաստատվում են հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնների անձնագրերը:
Հոդված 57. |
Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները կատարել վեց ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ընդունել սույն օրենքի կիրառումն ապահովող Կառավարության որոշումները:
Հոդված 58. |
Պաշտոնավարման առանձնահատկությունները |
i
1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, և մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից` դառնալով հայեցողական պաշտոն:
2. Այն նախարարություններում, որտեղ չկա մամուլի քարտուղարի պաշտոն, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եռամսյա ժամկետում հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից` դառնալով հայեցողական պաշտոն, և զբաղեցվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն օրը:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջները տարածվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա` կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու դեպքում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնավարող աշխատակազմի ղեկավարների վրա:
5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կառավարման համակարգի մարմիններում և մարզպետարաններում խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նրանք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: Մյուս պետական մարմիններում, որտեղ խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձինք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները, և չկա օրենքով նախատեսված պաշտոնից ազատման այլ հիմք, շարունակում են զբաղեցնել պաշտոնը: Այն պետական մարմիններում, որտեղ սահմանված են խորհրդականի պաշտոններ, և այդ պաշտոնները սահմանված չեն սույն օրենքով, այն զբաղեցնող անձինք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից:
Հոդված 59. |
Հայտարարագրման ժամկետները↩ |
(59-րդ հոդվածն ուժը կորցրել է 02.05.2020 թվականից` 25.03.20 ՀՕ-200-Ն օրենք)
i
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ գլխում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը կարդալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»` համապատասխան հոլովաձևերով:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 28.03.2019 թվականից` 14.03.19 ՀՕ-3-Ն օրենք)↩
(60-րդ հոդ. փոփ. 14.03.19 ՀՕ-3-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 29 Երևան ՀՕ-206-Ն
|