05.04.2026 -
040.1730.121102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1730-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
3. Սահմանել, որ`
1) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է`
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց` ներառյալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումը,
բ. ցերեկային խնամքի բաղադրիչի դեպքում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, իսկ շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց օրինական ներկայացուցիչներին աջակցության տրամադրումը: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում` որոշակի ժամկետով կացարանով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման ապահովումը,
գ. կազմակերպությունում խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա` հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան 19 տարին լրանալը խնամքով ապահովումը.
2) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է կազմակերպությունում խնամք ստացող անձանց խնամքը և դաստիարակությունը` խնամք իրականացնողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով, կացարանով ապահովումը, առաջնային բժշկական օգնության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, ֆունկցիոնալության գնահատման ապահովումը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում` նաև խնամքը, ազատ ժամանցը, աջակցող միջոցներով ապահովման գործընթացը, ինչպես նաև հասարակությունում ինտեգրումը` այդ թվում մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով.
3) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում 0-18 տարեկան երեխաների համար, ինչպես նաև կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում:
(3-րդ կետը փոփ. 08.09.16 թիվ 957-Ն, 03.08.2023 թիվ 1304-Ն, 26.03.2026 թիվ 336-Ն որոշումներ)
4. «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
6. «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
(վերնագիրն ու տեքստը փոփ. 26.03.2026 թիվ 336-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 թվականի նոյեմբերի 6-ին
0