020.0824.080909
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 25.08.2009 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թ. հունիսի 17-ին` Երևանում: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 11 հոդվածներից:
2. Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի ներդրողների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար` ինքնիշխան հավասարության և փոխշահավետության հիման վրա:
Համաձայնագրով տրամադրվում են երաշխիքներ`
- կողմերի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար և հավասար վերաբերմունք ապահովելու,
- կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանությունն ու կորուստների փոխհատուցումն ապահովելու,
- կողմերի ներդրողների ներդրումներից ստացվող եկամուտների` կապիտալի ծագման երկիր, կամ այլ երկրներ ազատ փոխանցումն ապահովելու նպատակով:
3. Համաձայնագրով սահմանված են կողմերի և ներդրողների միջև վեճերի, համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանը վերաբերող վեճերի կարգավորման, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման կարգերը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- խրախուսել և ստեղծել մյուս կողմի ներդրողների համար ներդրումներ կատարելու բարենպաստ պայմաններ,
- մյուս կողմի ներդրողների նկատմամբ ցուցաբերել արդար և հավասար վերաբերմունք, ապահովել ներդրումների պատշաճ պաշտպանություն և ապահովություն` համաձայն ազգային օրենքների և կանոնակարգերի,
- հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները ՀՀ տարածքում չենթարկվեն օտարման, սեփականազրկման կամ ազգայնացման: Դա կարող է տեղի ունենալ հասարակության և պետության կարիքների համար միայն բացառիկ դեպքերում, օրենքով սահմանված կարգով, անխտրականության հիման վրա և համարժեք փոխհատուցմամբ, որը պետք է վճարվի օտարման միջոցներ ձեռնարկող` ընդունող երկրի սահմանադրության և օրենքների համաձայն,
- ապահովել Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների, համաձայնագրի ցանկով սահմանված միջոցների` առանց ուշացման փոխանցումներն օրենքների և կանոնակարգերի շրջանակներում,
- ձեռնարկել միջոցներ, որպեսզի Պայմանավորվող կողմի ներդրողի ՀՀ տարածքում կատարած ներդրման հետ կապված ցանկացած վեճ կարգավորվի բարեկամաբար, խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Համաձայնության չհասնելու դեպքում մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է իրավունք ունենա վեճը ներկայացնելու ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան,
- ապահովել, որ համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ կարգավորվի դիվանագիտական ուղիներով կատարվող խորհրդակցությունների միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2009 թվականի հունիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 սեպտեմբերի 2009 թվականի
ՍԴՈ-824