040.0502.090601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2001 թվականի N 502
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հունիսի 9-ի N 502 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների (այսուհետև` աշխարհագրական օբյեկտների անվանումներ) հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները (այսուհետև` աշխարհագրական անվանումներ) հաշվառվում ու գրանցվում են դրանց կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, ինչպես նաև նշված անվանումների մասին պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:
3. Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են հայերենով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե) կողմից: Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են ավանդական (թղթային) և էլեկտրոնային եղանակներով:
4. Աշխարհագրական օբյեկտներ են`
մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներ,
պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
երկաթուղային կայանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,
փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտներ:
5. Հաշվառման համար հիմք են հանդիսանում`
i
ա) Հայաստանի Հանրապետության տարածքի` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000 և 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները և 1:500, 1:1000, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,
բ) ընդհանուր և թեմատիկ բառարաններում, ցանկերում և ցուցակներում ընդգրկված աշխարհագրական անվանումները,
գ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված աշխարհագրական անվանումները.
դ) տեղագրական, աշխարհագրական, երկրագիտական, ազգագրական, պատմական և այլ ուսումնասիրություններում, գիտական աշխատություններում օգտագործված աշխարհագրական անվանումները.
ե) քարտեզագրական աշխատանքների կատարման ժամանակ բացահայտված աշխարհագրական անվանումները.
զ) դաշտային հետազոտությունները, տեղազննման աշխատանքները, բանավոր և գրավոր հարցումները:
(5-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
i
6. Հաշվառման արդյունքում ստացված տվյալները լրացվում են համապատասխան ձևաթղթերում, որոնց ձևը սահմանվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Լրացված հաշվառման ձևաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով)` հաշվառված աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման մասին եզրակացություն ստանալու համար:
i
7. Հածվառված աշխարհագրական անվանումներն արտացոլվում են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների թերթերի կամ դրանց պատճենների վրա: Եթե քարտեզի մասշտաբը հնարավորություն չի տալիս արտացոլելու տվյալ վայրի բոլոր աշխարհագրական անվանումները, ապա թույլատրվում է օգտագործել սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղագրական քարտեզները և հատակագծերը:
(7-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
i
8. Գրանցման մատյանները վարվում են մարզերով` ըստ աշխարհագրական օբյեկտների տեսակների:
(8-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
9. Գրանցման մատյանում գրանցվում են աշխարհագրական անվանումների մասին հետևյալ տվյալները`
ա) աշխարհագրական օբյեկտի անվանումը,
բ) աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը,
գ) աշխարհագրական օբյեկտի անվանման ծածկագիրը,
դ) աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),
ե) աշխարհագրական օբյեկտի անվանակոչման և անվանափոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը,
զ) աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները,
է) քարտեզի այն թերթի (թերթերի) համարը (համարները), որի (որոնց) վրա պատկերված է տվյալ աշխարհագրական օբյեկտը,
ը) այլ տվյալներ:
10. Աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները կատարվում են անընդհատ` հաշվառման և գրանցման տվյալների հիման վրա` կատարված փոփոխություններն արտացոլելով հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և քարտեզներում (հատակագծերում):
i
11. Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման տվյալների էլեկտրոնային տարբերակը հավաքվում է կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում:
(11-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
12. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը բաց է:
Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները:
i
13. «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետ` քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի էլեկտրոնային քարտից (անձնագրից), որտեղ տեղադրված է օբյեկտի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը:
Քարտերն ամփոփվում են ըստ մարզերի և համայնքների:
(13-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում և թարմացվում են էլեկտրոնային տարբերակներով, իսկ տրամադրվում են ավանդական (թղթային) կամ էլեկտրոնային տարբերակներով:
(14-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 11.02.10 թիվ 101-Ն որոշում)
i
16. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությունը նախապատրաստվում է պետական քարտադարանի տվյալների հիման վրա և հրատարակվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուի (գազետիր), բառարանների և տեղեկատուների տեսքով: