ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ/0847/01/20
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ. Շահվերդյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Կ. Մարդանյան
Ն. Հովակիմյան
Ռ. Մխիթարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
26 դեկտեմբերի 2025 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշման դեմ պաշտպան Գ. Պապոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
i
1. 2020 թվականի օգոստոսի 11-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 16862019 քրեական գործն ըստ մեղադրանքի` Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ, Էլմիրա Մալխասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցրել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, և քրեական վարույթը կարճել:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանելու և վարույթը` նույն դատարան` նոր քննության փոխանցելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ. Պապոյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Մասնավորապես` սույն վարույթի փաստական հանգամանքները գնահատելով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` բողոքի հեղինակը եզրահանգել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 106-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձությամբ կիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Էլմիրա Մալխասյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվում է այն արարքի համար, որ նա. «(...) Խարդախությամբ, այն է` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա.Ա-ից հափշտակել է խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության, «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս:
Այսպես` Է. Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով Ա.Ա-ի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ տեղադրված հայտարարությունը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 19.07.2019թ., ժամը 21:00-ի սահմաններում զանգահարել է Ա.Ա-ին, վերջինիս ներկայացել կեղծ` «Մանե» անվամբ և հայտնել վաճառվող բջջային հեռախոսը գնելու իր ցանկության մասին, ինչից հետո Ա.Ա-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերել նույն օրը, ժամը 21:00-ից մինչև 22:00-ն հանդիպել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ: Պայմանավորվածության համաձայն հանդիպելով նշված վայրում, օգտվելով լուսավորության բացակայությունից` Ա.Ա-ին վճարել է 560.000 ՀՀ դրամին համարժեք 5.000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թվով 15 հուշադրամներ և վերցել «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը` այդ կերպ կատարելով խոշոր չափերով խարդախություն (...)»(1):
_______________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 208-213:
7.1. Է. Մալխասյանը ծնվել է * * * * թվականի * * * * * * * *-ին(2):
_______________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-128:
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալ Է. Մալխասյանը հայտնեց, որ ցանկացած ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն դեմ չէ:
Առաջին ատյանի դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և միևնույն ժամանակ արձանագրելով, որ դատարանը, դատաքննության ցանկացած փուլում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պետք է լուծի ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, գտնում է, որ ամբաստանյալ Է. Մալխասյանի նկատմամբ (...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և (...) քրեական գործի վարույթը կարճել` հետևյալ պատճառաբանությամբ.
(...)
Համադրելով քրեական օրենսդրության նախկին և ներկա կանոնակարգումները` Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձի վիճակն առավել ամբողջական բարելավող է (...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը, հետևաբար` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ մինչև 01.07.2022թ. կատարված հանցագործությունների նկատմամբ կիրառելի է այդ նորմը:
(...) Ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի, ՀՀ քրեական նոր օրենսգրքով քրեական պատասխանատվությունից ազատելու` վաղեմության կրճատված ժամկետներ են նախատեսվում 18-21 տարեկան անձանց համար, մասնավորապես` 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս ՀՀ քրեական նոր օրենսգրքի` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կանոնները սահմանող 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով, հետևաբար` այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ թույլատրելի է, քանի որ բխում է անձի վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրական պահանջից:
(...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցավոր արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:
Միևնույն ժամանակ 18-ից մինչև 21 տարին լրանալն անձի կողմից (...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու դեպքում, (...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հինգ տարի վաղեմության ժամկետը (...) ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի ուժով կրճատվում է մեկ երրորդի չափով` կազմելով 3 տարի 4 ամիս:
(...)
Առաջին ատյանի դատարանը, գործում առկա տվյալները ենթարկելով պատշաճ գնահատման, իսկ գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ամբաստանյալ Է. Մալխասյանին մեղսագրված` ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 19.07.2019թ., այսինքն` 18-ից մինչև 21 տարին լրանալը (19 տարեկան հասակում):
Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Եսայանի` 30.12.2019թ. որոշմամբ` Է. Մալխասյանի նկատմամբ թիվ 16862019 քրեական գործով հայտարարվել է հետախուզում` նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
06.02.2020թ. Է. Մալխասյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, այնուհետև` տեղափոխվել Մալաթիայի բաժին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 21.07.2021թ. որոշմամբ` թիվ ԵԴ/0847/01/20 (...) քրեական գործով ամբաստանյալ Է. Մալխասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` քննությունից թաքնվելու հիմքով:
12.08.2021թ. Է. Մալխասյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Վերը նշված փաստական տվյալները ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ համադրված վերլուծության և գնահատման արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է. Մալխասյանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով նրա նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս` ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքը կասեցված դիտելու համար:
Այդուհանդերձ` հարկ է նշել նաև, որ ամբաստանյալ Է. Մալխասյանը քրեական վարույթի ընթացքում 22 օր ժամկետով թաքնվել է քննությունից:
Հետևաբար` հիմք ընդունելով ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջը` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Է. Մալխասյանին` ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ և ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության` 3 տարի 4 ամիս և դրան գումարած` քննությունից խուսափելու 22 օր ժամկետը լրանալու օրվա` 11.12.2022թ. դրությամբ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է Է. Մալխասյանի վերաբերյալ մեկ այլ` թիվ ԱՐԴ/0156/01/22 քրեական գործը, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների ենթադրյալ կատարման համար, սակայն նկատի ունենալով, որ նշված գործը դեռևս գտնվում է քննության ընթացքում և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դեռևս չի հաստատվել Է. Մալխասյանի կողմից` այդ գործով նրան մեղսագրվող արարքների կատարման փաստը` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Է. Մալխասյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը դեռևս չի կարող վկայել սույն քրեական գործով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին:
Այսպիսով` սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է. Մալխասյանին մեղսագրված` ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս չի առարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ: (...)»(3):
_______________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-128
i
9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն է, (...):
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի հետադարձության կարգով կիրառելիություն օրենքով նախատեսված չէ:
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասին հետադարձ ուժ տալով, անտեսել է այն հանգամանքը, որ այն օրենքով նախատեսված չէ: Այսինքն` հիշյալ դրույթը հետադարձության կարգով չէր կարող կիրառվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների վրա:
Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցանքներով կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը, քանի որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված հետադարձության կանոններն ստացել են անմիջական գործողություն: (...)»(4):
_______________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 77-88
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
i
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Էլմիրա Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելիս հետադարձության կարգով կիրառելի՞ է արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` «Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ (...) հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն` «1. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով:
2. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով»:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների նոր իրավակարգավորման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործող քրեական օրենսգրքով կրճատված ժամկետներ են նախատեսվում ոչ միայն մինչև տասնութ տարին լրանալը, այլ նաև տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար, մասնավորապես, նշվում է, որ տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով:
11. Քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ:
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին, մասնավորապես` հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության մեկնաբանմանը, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):
Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված` ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են, բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:
Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված` առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել և վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին, այդ թվում` պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կարգին(5):
_______________________
i
5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ին թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետը:
11.1. Վճռաբեկ դատարանը Միշա Մուրադյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը տրված հիշյալ մեկնաբանության տեսանկյունից ստացվում է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ հանցանք կատարած անձի համար քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Ընդ որում, եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձ ուժի հարցում որևէ սահմանափակում նախատեսված չէր, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում: Այսպես` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում` դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:
Այս համատեքստում, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը խնդրահարույց է համարել այն իրավիճակը, երբ նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող կոնկրետ նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվելու, այդ թվում` քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը որպես իմպերատիվ դիտարկվելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նոր նորմ սահմանելու դեպքերում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել: Վճռաբեկ դատարանի համոզմամբ նման կարգավորումը չի կարող համահունչ լինել ինչպես քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես` արդարության սկզբունքին, այնպես էլ միջազգային իրավունքին: Ինչով պայմանավորված, Վճռաբեկ դատարանը վերանայելով և զարգացնելով քրեական օրենքի հետադարձ ուժի պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, Միշա Մուրադյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու պահանջը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմերի պարագայում: Մասնավորապես, եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը` առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի` իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի` քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ:
Հակառակ պարագայում կստացվի, որ քրեական պատասխանատվության բաղադրիչ հանդիսացող պատժի մեղմացման ցանկացած դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժ ունի (օրինակ` հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի փոփոխության կամ այլընտրանքային ավելի մեղմ պատիժ նախատեսվելու դեպքում և այլն), մինչդեռ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նոր օրենքի պարագայում պետք է կիրառվեն արարքի կատարման պահին գործող կարգավորումները, և անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի, ինչն անընդունելի է:
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում` քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նաև նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվի(6):
_______________________
i
6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը:
11.2. Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով որոշմամբ, վեր հանելով այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող նոր քրեական օրենքի հետադարձությամբ կիրառելիության հարցում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող` ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում(7): Այսինքն, պարզելու համար, թե քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական օրենքի փոփոխությունն արդյո՞ք բարելավում է ենթադրյալ հանցանք կատարած անձի վիճակը, անհրաժեշտ է համադրված ուսումնասիրել երկու քրեական օրենսգրքերի ընդհանուր դրույթները:
_______________________
i
7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 12-րդ կետը:
12. Վերոնշյալի համատեքստում քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հետադարձության կարգով կիրառելիության հարցը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ընդլայնում է վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող հատուկ նորմի կիրառման շրջանակները, այն է` քրեական պատասխանատվության ենթարկելու կրճատված վաղեմության ժամկետներ է նախատեսում նաև տասնութից մինչև քսանմեկ տարեկան անձանց համար, մասնավորապես, տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կրճատվում են մեկ երրորդի չափով, ուստի վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը հետադարձությամբ կիրառելն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետևյալ փաստարկներով. նախ` գործող քրեական օրենսդրության` քրեական օրենքին հետադարձ ուժ տալու չափանիշները նախկին քրեական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համեմատ խստացվել են, ուստի կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումները: Երկրորդը` տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու առումով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասն առավել նպաստավոր պայման է նախատեսում, մասնավորապես, նշված խմբի անձանց համար սահմանված են քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության կրճատված ժամկետներ, ուստի, հիշյալ դրույթը` որպես հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենք, պետք է հետադարձ ներգործություն ունենա(8),
_______________________
8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը
- Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական օրենքը հետադարձությամբ կիրառելու ճշտությունը, նախ արձանագրել է, որ գործող քրեական օրենսդրության` քրեական օրենքի հետադարձությամբ կիրառելու չափանիշներն անմիջական գործողություն ունեն: Երկրորդը` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայման է նախատեսում, սակայն դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն նախատեսված չէ(9):
_______________________
9) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը
14. Սույն որոշման 12-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով տվյալ վարույթի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է. Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելիս հետադարձության կարգով կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները մեկ երրորդի չափով կրճատելու պահանջը:
Տվյալ դեպքում, Է. Մալխասյանը, վերագրվող` խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակությունը ենթադրաբար կատարելու պահին` 2019 թվականի հուլիսի 19-ին, եղել է տասնինը տարեկան(10): Է. Մալխասյանին մեղսագրված և կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսդրությամբ որպես միջին ծանրության հանցանք համարվող այդ ենթադրյալ արարքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասին հետադարձ ուժ տալու արդյունքում, կրճատվում է մեկ երրորդի չափով` կազմելով երեք տարի չորս ամիս: Է. Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության կրճատված ժամկետը` քննությունից խուսափելու ժամանակի հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվելու դրությամբ լրացել էր, և միաժամանակ վերջինս չի առարկել այդ հիմքով իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ(11), իսկ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Է. Մալխասյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը(12) չի կարող վկայել սույն քրեական վարույթով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին(13): Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի ապրիլի 6-ին, Է. Մալխասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելով և քրեական վարույթը կարճելով, հանգել է ճիշտ հետևության` իրավացիորեն փաստելով, որ Է. Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի հետադարձության կարգով կիրառելով, ենթակա է կրճատման մեկ երրորդի չափով: Միևնույն ժամանակ, անընդունելի համարելով Առաջին ատյանի դատարանի մոտեցումն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հիշյալ նորմին պետք է հետադարձ ուժ տրվի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական օրենսդրության հետադարձությունը սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից` անկախ այն հանգամանքից` համապատասխան կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել է (14): Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշման բեկանման հիմքում դրված Վերաքննիչ դատարանի փաստարկին, ապա սույն վարույթով այն ընդունելի չէ` հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով և սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները(15):
_______________________
10) Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7.1-րդ կետերը:
11) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԴ/0156/01/22 քրեական գործը:
i
13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը:
14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշման 20-րդ կետը:
15) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով հիշյալ որոշման 16-20-րդ կետերը:
15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է` չի կիրառել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը մեկ երրորդի չափով կրճատելով Առաջին ատյանի դատարանը պահպանել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Հետևաբար, մեղադրյալ Է. Մալխասյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ու հիմնավորված է, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Գրիգորյան
Ա. Դանիելյան
Ա. Պողոսյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3100