01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «` «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման համաձայն» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10) մասնագիտական վերապատրաստման վկայական` վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա վարորդներին և անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի փաստաթուղթ.
11) մասնագիտական վերապատրաստում` վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականության նվազեցման, ինչպես նաև վթարային արձագանքման վերաբերյալ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական ուսուցում, որն իրականացնելու են վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
12) հատուկ վտանգավոր բեռներ` վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի և շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն և ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում:»:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «փոխադրումների համար» բառերը փոխարինել «փոխադրումներին» բառով.
2) 4-րդ կետից հանել «և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները» բառերը.
3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ կետերով.
«7) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը.
9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.
10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը.
11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը:»:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.
«8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու և վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.
9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը:»:
i
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում և 14-րդ հոդվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «վտանգավոր բեռներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Փոխադրողը պարտավոր է ուղեկցող անձնակազմի միջոցով ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը:»:
i
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) անցնում է առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում, հանձնում է որակավորման քննություններ և դրանց դրական արդյունքի հիման վրա ստանում է վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը:
5. Վտանգավոր բեռներ փոխադրողը, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է ունենա վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի մասնագիտական վերապատրաստում, հանձնի որակավորման քննություն և դրա դրական արդյունքի հիման վրա ստանա մասնագիտական վերապատրաստման վկայական:»:
i
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ)» բառերով:
Հոդված 8. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
3. Վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, ապահովել անվտանգության մասնագետների առկայությունը և վերապատրաստումը, վարորդների մասնագիտական վերապատրաստումը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-297
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հոկտեմբերի 2023 թվական: