Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 415-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական            Քաղաքացիական գործ

    պալատի որոշում                              թիվ ԵԴ2/37822/02/23

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/37822/02/23       2025 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) բողոքը քաղաքացիական գործով ըստ Ընկերությունների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի` իրենց գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին թիվ 3502-Ա որոշումը (այսուհետ` Որոշում):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք են ներկայացրել Ընկերությունները (ներկայացուցիչ Արև Հարությունյան):

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը, հիմնավորումը և պահանջը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.

i

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Այդ որոշման հետևանքով ուժի մեջ է մտել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշումը, որով Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը ճանաչվել է անվավեր: Որոշման հիմքը պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումն է, որը 04.12.2024 թվականից ճանաչվել է անվավեր, հետևաբար Որոշումը ևս պետք է ճանաչվի անվավեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` Որոշումը ճանաչել անվավեր:

 

3. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 25.12.2023 թվականի վճռով մերժվել է Ընկերությունների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 178-191).

2) Վերաքննիչ դատարանը 24.06.2024 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 25.12.2023 թվականի վճռի դեմ Ընկերությունների ներկայացրած վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 49-57).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 36-41).

4) Երևանի քաղաքապետը, 26.10.2023 թվականի Որոշմամբ, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, Ընկերություններին ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (հատոր 1-ին, գ.թ. 42, 43).

5) թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի` պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).

6) թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ժառանգության վկայագիրը կամ այն գործարքը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտը կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում` դատարանի համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշվել է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց դիտարկվել է գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը (տե՛ս «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ն ընդդեմ Մհեր Ալիխանյանի թիվ ԼԴ/1352/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2020 թվականի որոշումը):

Ելնելով վերը նշված իրավանորմերի բովանդակությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է վերանայվող դատական ակտի և անվավեր ճանաչված գործարքի միջև կապը: Մասնավորապես` այդ գործարքը պետք է անմիջականորեն դրված լինի տվյալ դատական ակտի հիմքում:

Հաջորդ կարևոր պայմանը վերանայվող դատական ակտի և այն դատական ակտի միջև ժամանակագրական կապն է, որով տվյալ գործարքը ճանաչվել է անվավեր: Մասնավորապես` գործարքն անվավեր ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ժամանակագրորեն պետք է հաջորդի վերանայվող դատական ակտին, այլապես այն չի հանդիսանա դատական ակտը վերանայելու նոր հանգամանք:

Ինչ վերաբերում է անվավեր գործարքներին, ապա անվավեր գործարքները բաժանվում են երկու խմբի` առոչինչ գործարքներ և վիճահարույց գործարքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին և կամահայտնությանը, գործարքի ձևին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չեն առաջացնում` անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որևէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք թեև պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (տե՛ս Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպքում խոսքը վիճահարույց գործարքների մասին է, քանի որ համապատասխան նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ գործարքը պետք է անվավեր ճանաչված լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյոք պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը համարվում է գործարք, և արդյոք դրա անվավեր ճանաչվելը հիմք է դատական ակտը վերանայելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` միակողմ գործարքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները, եթե դրանք չեն հակասում օրենքին, գործարքի միակողմանի բնույթին և էությանը:

Գործարքները կարող են դասակարգվել տարբեր հիմքերով: Այդպիսի հիմքերից մեկը գործարքին մասնակցող կողմերի քանակն է: Ընդ որում, գործարքի մասնակիցներ կարող են հանդիսանալ քաղաքացիական իրավունքի բոլոր սուբյեկտները: Այսպես, կախված գործարքին մասնակցող կողմերի քանակից` գործարքները լինում են միակողմ, երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր): Միակողմ գործարքների դեպքում, ի տարբերություն երկկողմ կամ բազմակողմ գործարքների, բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը: Ընդ որում, դրանք պետք է համապատասխանեն օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պատվիրատու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ), պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով, պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ, հանրային կազմակերպություններ:

Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` պայմանագիրը գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք է:

Նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` մասնակից է պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, նույն օրենքից և իրավական այլ ակտերից: (...):

09.11.2022 թվականի թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 «Կապալային աշխատանքների կատարման» գնման պայմանագրի 3.1.4 կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե կապալառուի կողմից խախտվել են պայմանագրի 3.1.3 կետով նախատեսված հիմքերով աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական իրավահարաբերություններում կողմերից մեկը, հանդես գալով որպես հանրային (գործադիր) իշխանության մարմին` վարչական մարմին, օժտված է այնպիսի լիազորություններով, որոնց կիրառումը բացառում է իրավահարաբերության սուբյեկտների իրավահավասարությունը, այսինքն` վարչական իրավահարաբերությունները հիմնված են ենթակարգության վրա: Մինչդեռ տվյալ դեպքում, հաշվի առնելով գնումների գործընթացի բնույթը, տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերի շրջանակը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները` պատվիրատուն հանդես չի գալիս որպես հանրային (գործադիր) իշխանության մարմին` վարչական մարմին, քանի որ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերություններում պատվիրատուն գործում է քաղաքացիաիրավական պայմանագրի, այն է` իրավահարաբերության սուբյեկտների հավասարության հիման վրա: Ուստի գնումների գործընթացում պատվիրատուի` պայմանագրի հիման վրա ընդունված որոշումն իր բնույթով միակողմանի գործարք է, որն ուղղված է քաղաքացիաիրավական իրավահարաբերությունները սահմանելուն, փոփոխելուն կամ դրանք դադարեցնելուն:

Պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը կայացնելու համար պայմանագրով նախատեսված հիմքով անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը, որը տվյալ դեպքում ենթակարգային բնույթ չի կրում ու դրա իրավական ուժը հիմնված է ոչ թե հանրային իրավունքի նորմերի, այլ քաղաքացիաիրավական նորմերի և պայմանագրի պայմանների վրա, ու որն էլ առաջացնում է իրավական հետևանքներ, մասնավորապես` դադարեցնում է տվյալ պայմանագրով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գնումների գործընթացում պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը հանդիսանում է միակողմանի գործարք, որի անվավեր ճանաչվելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու հիմք է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 25.12.2023 թվականի վճռով Ընկերությունների հայցը` Որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Անդրադառնալով Որոշման պատճառաբանվածությանը` Դատարանը ցանկանում է նշել, որ Որոշմամբ ուղղակիորեն նշվել է, թե ինչն է հիմք հանդիսացել Որոշումը կայացնելու համար: Տվյալ դեպքում, Որոշման կայացման հիմք է հանդիսացել Պայմանագրի միակողմանի լուծումը, ինչի մասին նշվել է Որոշմամբ: Որոշմամբ պատճառաբանվել են նաև այն հիմքերը, որոնք հանգեցրել են Պայմանագիրը միակողմանի լուծելուն, մասնավորապես, դրանում նշվել է Պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, համապատասխան գրությունները` պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Որոշմամբ վկայակոչված գրություններին և դրանք Հայցվորների կողմից ստացված չլինելուն և առհասարակ, Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ Պայմանագրային նորմերին, ապա Դատարանի գնահատմամբ, Որոշումը պատճառաբանված լինելու կանոնակարգումների նպատակը հանդիսանում է այն, որ դրա հասցեատիրոջ համար հասկանալի լինի, թե ինչն է հիմք հանդիսացել Որոշումը կայացնելու համար: Տվյալ դեպքում պարզ է եղել, որ Որոշման կայացման հիմքը Պայմանագրի միակողմանի լուծում է եղել, ինչը լրացուցիչ պատճառաբանվել է նրանով, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Հայցվորներին` Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար, բացի այդ, սահմանվել է ողջամիտ ժամկետ` պատճառված վնասները վերականգնելու համար, այնինչ նշվածին որևէ արձագանք չի տրվել: (...)»:

Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Նախ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Որոշման կայացման հիմքը Պայմանագրի միակողմանի լուծումն է եղել, ինչը լրացուցիչ պատճառաբանվել է նրանով, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բողոքաբերներին` Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար, բացի այդ, սահմանվել է ողջամիտ ժամկետ` պատճառված վնասները վերականգնելու համար, այնինչ նշվածին որևէ արձագանք չի տրվել: Ըստ datalex.am կայքում առկա տվյալների` թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով 15.12.2023թ. վճռի` «Խաչ-Արմ» ՍՊԸ-ի և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, հիշյալ վճիռը ներկայումս բողոքարկվում է վերաքննության կարգով: Ընդհանուր առմամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով պահանջը, այն է` «ԽԱՉ-ԱՐՄ» ՍՊԸ-ին և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի թիվ 3502-Ա որոշման անվավերության հարցն, ըստ էության, ածանցյալ է թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Խաչ-Արմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջից: Այսինքն, նկատի ունենալով այն փաստը, որ թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործը դեռևս գտնվում է Վերաքննիչ դատարանում քննության փուլում, կարելի է սույն հարցի քննությունն առհասարակ առարկայազուրկ համարել, քանի որ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի ենթադրյալ բավարարումը կամ մերժումը մեխանիկորեն կհանգեցնի Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի թիվ 3502-Ա որոշման անվավերության կամ անփոփոխ մնալուն: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և թիվ ԵԴ2/8591/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 01.08.2023 թվականի ու թիվ ԵԴ/57929/02/22 քաղաքացիական գործով 06.10.2023 թվականի և թիվ ԵԴ/66922/02/22 քաղաքացիական գործով 20.10.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությունը: (...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 305-րդ, 326-րդ, 352-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձանց փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով ու եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձանց ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև` այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար: (...)»:

 

Այսինքն` սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Որոշման վավերության հարցը, ըստ էության, ածանցյալ է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշման վավերության հարցից: Իսկ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումն անվավեր է ճանաչվել թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ և օրինական ուժի մեջ է մտել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանք է ու սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Թիվ ԵԴ2/37822/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ «ԽԱՉ-ԱՐՄ» ՍՊԸ-ի և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924406479

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԵԴ2/37822/02/23
Որոշում