ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/3206/05/25
Վարչական գործ թիվ ՎԴ/3206/05/25 2026 թ.
Նախագահող դատավոր` Գ. Սոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող` Հ. Բեդևյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի փետրվարի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կամիլլա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Կամիլլա Հակոբյանի ընդդեմ ՀՀ նախագահի և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` Ծառայություն)` հայցվորի անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով կամ բջջային հեռախոսահամարով ծանուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կամիլլա Հակոբյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին էլեկտրոնային փոստի միջոցով կամ բջջային հեռախոսահամարով ծանուցել իր անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2025 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.05.2025 թվականի որոշմամբ Կամիլլա Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կամիլլա Հակոբյանը (ներկայացուցիչ` Հովհաննես Քոչարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Ալլա Գասպարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունն իրավասու չէ հաստատել հրամանագրի` օրենքի ուժով ընդունված լինելը և անձին ծանուցել դրա մասին, նշված հարցի կարգավորումը նրա իրավասության սահմաններից դուրս է: Մինչդեռ քաղաքացիության մասին ՀՀ օրենսդրությունը ֆիկցիայի կարգով ընդունված հրամանագրերը Ծառայություն ուղարկելու կամ այլ մեխանիզմներով Ծառայությանը դրանց հաղորդակից դարձնելու կարգավորումներ չի պարունակում, ուստի թե՛ Ծառայությունը և թե՛ ստորադաս դատարանները պարտավոր էին առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագրի վերաբերյալ դիմողին ծանուցելը Ծառայության իրավասությունն է, որը կասկածի տակ չի առել նաև Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում: Նշվածից ուղղակիորեն բխում է, որ ֆիկցիայի ուժով ընդունված համարվող վարչական ակտի մասին ծանուցելը նույնպես հանդիսացել է Ծառայության իրավասության հարցը, և վերջինս պարտավոր էր գործողության մեջ դնել ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» թիվ 1390-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 40-րդ և 42-րդ կետերով սահմանված կարգավորումները և հայցվորի դիմումը լուծել ըստ էության:
Ինչ վերաբերում է հայցի առարկային, ապա հայցվորը ներկայացված հայցադիմումով խնդրել է ծանուցել հրամանագրի` օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ և չի պահանջել որևէ փաստաթուղթ, այնինչ ստորադաս դատարանները պահանջվող ծանուցումը նույնացրել են ֆիկցիայի ուժով ընդունված համարվող փաստաթղթի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, և վարույթը համարվում է հարուցված համապատասխան դիմումը վարչական մարմնում մուտքագրվելու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը վերադարձվում է:
Սույն դեպքում հայցվորի 26.05.2023 թվականի դիմումը վերադարձվել է վերջինիս փաստաթղթերն ամբողջական չլինելու պատճառաբանությամբ, հետևաբար հայցվորի կողմից ներկայացված վերոնշյալ դիմումի հիմքով վարույթ չի հարուցվել:
Հետևաբար թիվ ՎԴ/5290/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.11.2023 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայցվորի կողմից ներկայացված դիմումի բացակայության պայմաններում չէր կարող հարուցվել ՀՀ քաղաքացիության դադարեցման վարույթ, ուստի հայցվորի կողմից նման պայմաններում չէր կարող բարձրացվել նաև օրենքով սահմանված ժամկետում ՀՀ նախագահի հրամանագիր չընդունվելու հետևանքով այն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ ծանուցելու մասին պահանջ:
Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/5290/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.11.2023 թվականի վճռին, ապա այդ վճռով Ծառայությանը պարտավորեցվել է ընդունել Կամիլլա Հակոբյանի դիմումը` նրա անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ` առանց վերջինիս ծնողի` ՀՀ քաղաքացիության դադարեցումը հավաստող փաստաթղթի առկայության, և ոչ թե ընթացք տալ հայցվորի` 26.05.2023 թվականի արդեն իսկ Ծառայության կողմից վերադարձված դիմումին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը` անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, օրինակ, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (8225/78) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ (36760/06) գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշումը, § 229, ինչպես նաև «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը (21638/03), կետ 44):
Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, § 49):
Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (4451/70) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշումը, § 36):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի (23805/94) գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշումը, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն` վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, նույն որոշումը, § 36, ինչպես նաև Նունեշ Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (69829/01, 2672/03) գործով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշումը): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (55782/00) գործով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների` իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Միրագալ Էսկոլանոն ընդդեմ Իսպանիայի (38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98) գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշումը, Զվոլսկին և Զվոլսկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (46129/99) գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշումը, § 51):
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով անձի դատական պաշտպանության հիմնարար իրավունքին, 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (...): Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է (...) իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից: (...) Դատարանի` արդարադատության գործառույթ իրականացնելու միակ հիմքը օրենքով սահմանված կարգով իրեն ուղղված դատական պաշտպանության պահանջ պարունակող դիմումների քննությունն է: Առաջին ատյանի դատարանը որևէ հայեցողություն չունի օրենքին համապատասխանող դիմումին ընթացք տալու կամ չտալու հարցում` այն պետք է ընդունվի վարույթ և քննվի անվերապահորեն և առանց որևէ բացառության (...)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան ներկայացվող հայցադիմումների համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված են դրանց ներկայացվող հատուկ պահանջներ, որոնց պահպանվածությունը հանդիսանում է ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու նախադրյալ: Նշվածից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի հայցադիմումն օրենսդրական պահանջներին համապատասխան ներկայացված լինելու հանգամանքը, և, ըստ այդմ, լուծի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված են նաև հայցադիմումը ստանալուց հետո դատարանի կողմից կայացվող որոշման տեսակները, ինչպես նաև սպառիչ կերպով սահմանված են դրանցից յուրաքանչյուրի կայացման համար անհրաժեշտ հիմքերը:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ «(...) դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաև` Օրենսգիրք) հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է` Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: (...)
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու և վերահասցեագրելու` համապատասխանաբար Օրենսգրքի 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայությունը (բացակայությունը). դրանց բացակայության դեպքում ծագում է ՀՀ վարչական դատարանի` տվյալ հայցը վարույթ ընդունելու պարտականությունը (Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մաս)» (տե՛ս, Աշոտ Քոչարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ ՎԴ/6721/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):
Այսպիսով, հայցադիմումի ընդունելիության փուլում դատարանը պարզում է հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու և այն վերահասցեագրելու օրենսդրորեն նախատեսված հիմքերի առկայությունը (բացակայությունը), իսկ դրանց բացակայության դեպքում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Միաժամանակ, հայցադիմումի ընդունելիության փուլում դատարանը չպետք է առաջնորդվի բացառապես ձևական մոտեցմամբ` անտեսելով արդարադատության մատչելիության հիմնարար սկզբունքի նշանակությունը: Հայց ներկայացրած անձի իրավունքների և շահերի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված հայցի էությունը, գնահատի այն հանգամանքը, թե արդյոք հայցադիմումում առկա թերություններն արգելք են հանդիսանում գործի հետագա քննության համար, թե դրանք հնարավոր է շտկել գործի ըստ էության քննության ընթացքում, ապահովի թերությունները շտկելու իրական հնարավորություն և առանց բավարար հիմքերի չընտրի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակող ամենախիստ միջոցը:
Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը պետք է գնահատի բացառապես հայցադիմումին ներկայացվող ձևական և ընդհանուր ընթացակարգային պահանջների պահպանվածության հարցը և որևէ դեպքում չպետք է քննարկման առարկա դարձնի հայցադիմումի բովանդակությունը կազմող վեճի ըստ էության լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Նշված հանգամանքները կարող են գնահատվել միայն գործի ըստ էության քննության փուլում` դրվելով վարչական դատավարության իրականացման հիմնարար սկզբունքների պահպանվածությամբ իրականացված գործը եզրափակող և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ պատճառաբանված դատական ակտի կայացման հիմքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում վեճի ըստ էության լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների գնահատումն ու քննարկումը, առավել ևս այդ հանգամանքների քննարկման արդյունքում հայցադիմումի ընդունումը մերժելը խախտում է անձի դատարանի մատչելիության իրավունքը` անձին զրկելով դատավարական բոլոր երաշխիքների պահպանմամբ և իրավունքների իրացմամբ իր գործի ըստ էության քննության հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Տվյալ դեպքում Կամիլլա Հակոբյանը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել պատասխանողին էլեկտրոնային փոստի միջոցով կամ բջջային հեռախոսահամարով ծանուցել իր անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ:
Դատարանը 19.03.2025 թվականին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում` հետևյալ հիմնավորմամբ. «(...) Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցապահանջ, մինչդեռ Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից 26.05.2023 թվականին պատասխանողին ներկայացված դիմումը 03.06.2023 թվականին վերադարձված լինելու, այսինքն` անձի դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցված չլինելու և արդյունքում պատասխանողի կողմից անգործություն ցուցաբերված չլինելու պայմաններում հայցվորի մոտ չի ծագել վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, որպիսի պայմաններում հայցվորի կողմից 10.02.2025 թվականին պատասխանողին ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին ներկայացված դիմումն առարկայազուրկ դիմում է և չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով գործողության կատարման հայց հարուցելու համար:
Վերոգրյալ հիմնավորումներով Դատարանը փաստում է, որ ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմումը մերժելու կամ այդ դիմումի կապակցությամբ անգործություն ցուցաբերելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի փաստարկներն անհիմն են, որպիսի պայմաններում չի առաջացել վեճ և հայցվորի մոտ չի ծագել վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, այսինքն` առկա չէ դատարան դիմելու «իրավական շահ»:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում դատական պաշտպանության դիմելու փաստական հիմքը բացակայում է, այսինքն` հայցվորի և պատասխանողի միջև չի ծագել վեճ, որպիսի պայմաններում սույն վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության»:
Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշմամբ Կամիլլա Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) հայցվորը Ծառայությունից հայցում է օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի գոյության մասին ծանուցում, որի միջոցով նա ըստ էության փորձում է ձեռք բերել համապատասխան փաստաթուղթը, որպիսի դեպքում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցվորի ներկայացրած հայցը համապատասխանում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի, այլ 2-րդ մասի չափանիշներին:
Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, Ծառայությունը, քաղաքացիության դադարեցման հարցով հանդիսանալով ՀՀ կառավարության լիազոր մարմին, թեև իրականացնում (կազմակերպում) է Կարգով սահմանված գործառույթները` ապահովելով նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու անձի դիմումի ընթացքի վերաբերյալ նրան տեղեկատվության տրամադրումը, սակայն նա չի կարող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու կամ չլինելու հարցով համարվել որպես պատշաճ սուբյեկտ` իր իրավասությունից դուրս տեղեկացնելով անձին ՀՀ նախագահի հրամանագրի` օրենքի ուժով ընդունված լինելու հանգամանքի վերաբերյալ:
Ընդ որում` հայցատեսակը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի կամ 2-րդ մասի տարանջատման համար էական հանգամանք է հանդիսանում հայցվորի դիմումի նպատակը, որը հենց օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի մասին ծանուցվելն է, իսկ այդ դեպքում գործում է ոչ թե 1-ին մասը, այլ 2-րդը, քանի որ 1-ին մասը վերաբերում է վարչական ակտի հետ որևէ առնչություն չունեցող վարչական մարմնի գործողությանը:
(...)
սույն դեպքում հայցվորն իր որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ ծանուցումը, այսինքն` օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը, 08.02.2025 թվականի դիմումով հայցել է Ծառայության պետից, ով նման հարցով իրավասու սուբյեկտ չէ և չի կարող լինել:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն հայցը հարուցվել է (մինչ այդ նախադատական կարգով 08.02.2025 թվականի դիմումը ներկայացվել է) այնպիսի մարմնի դեմ, որն իրավասու սուբյեկտ չէ, և նման հարցով նրա դեմ հարուցված հայցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ այն չունի հանրային իշխանության մարմնի և անձի միջև ծագած վեճին բնորոշ հատկանիշներ: Ընդ որում` սույն հայցի վարույթ ընդունման և ըստ էության քննության դեպքում Կարգով սահմանված ծանուցման իրավաչափության ստուգման գործընթացում անվերապահորեն բարձրացվելու է հայցվորի կողմից հայցված բարենպաստ վարչական ակտի` օրենքի ուժով ընդունված լինելու կամ չլինելու հարցը, ինչը սակայն նշված պատճառաբանություններով չի կարող քննարկվել Ծառայության և հայցվոր Կամիլլա Հակոբյանի միջև ծագած ենթադրյալ վեճի շրջանակներում»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
Սույն վարչական գործի փաստերի համաձայն` թիվ ՎԴ/5290/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.11.2023 թվականի վճռով Կամիլլա Հակոբյանի հայցը բավարարվել է` Ծառայությանը պարտավորեցվել է ընդունել Կամիլլա Հակոբյանի դիմումը` նրա անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 18.12.2024 թվականին (թիվ ՎԴ/5290/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.11.2023 թվականի վճիռ, գ.թ. 20-28): Այնուհետև, Ծառայության պետին ուղղված 08.02.2025 թվականի դիմումով Կամիլլա Հակոբյանի ներկայացուցիչը խնդրել է էլեկտրոնային փոստով ***(1) կամ 091-10-91-20 բջջային հեռախոսահամարով Կամիլլա Հակոբյանին ծանուցել նրա անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ (գ.թ. 29-32): Ի պատասխան նշված դիմումի` Ծառայության` քաղաքացիության շնորհման վարչության պետի տեղակալը 18.02.2025 թվականի թիվ 42/94/1/40093-25 գրությամբ հայտնել է, որ «(...) դիմումը Ծառայության կողմից հետ է վերադարձվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի թիվ 1390-Ն որոշման 1-ին Հավելվածի 9-րդ կետը` վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական չլինելու հիմնավորմամբ, միաժամանակ նշելով, որ բացակայող փաստաթղթերի առկայության դեպքում ՀՀ քաղաքացիության դադարեցման դիմումը կրկին կարող է ներկայացվել (...)» (գ.թ. 33-34):
________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
Սույն դեպքում ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով Կամիլլա Հակոբյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին էլեկտրոնային փոստի միջոցով կամ բջջային հեռախոսահամարով ծանուցել իր անչափահաս որդու` Ալլեն Հակոբյանի` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու վերաբերյալ, միաժամանակ նշել է, որ իր պահանջը ներկայացնում է գործողության կատարման հայցատեսակի շրջանակում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Ներկայացված հայցադիմումի ընդունումը Դատարանի կողմից մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ դատարան դիմող անձը հայցադիմումը ներկայացնում է դրա ձևին և բովանդակությանը վերաբերող օրենսդրական պահանջների պահպանմամբ, վերջինիս մոտ առաջանում է օրինական սպասելիք, որ իր ներկայացրած հայցադիմումը, իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների պահպանմամբ, ընդունվելու է վարույթ, իսկ դատարանի մոտ ծագում է ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու պարտականություն:
Ողջ վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի դեպքում հայցադիմումի ընդունելիության փուլում ստորադաս դատարանների կողմից քննարկվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա էին պարզման և գնահատման գործի ըստ էության քննության ընթացքում:
Մասնավորապես ստորադաս դատարանը որոշման պատճառաբանության մեջ նշել է հետևյալը` «ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու անձի դիմումի ընթացքի վերաբերյալ վերջինիս Կարգով սահմանված նորմերով ծանուցելու Ծառայության պարտականությունը վերաբերում է բացառապես այդ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությանը և այն չի կարող վերաբերել ՀՀ նախագահի իրավասության ոլորտում գտնվող հարցերին, ուստի անձի կողմից Ծառայության դեմ ծանուցումների հարցով վեճ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ հիշյալ մարմինը չի կատարում ծանուցման իր պարտականությունը (օրինակ` առկա է դիմումի ընթացք, բայց Ծառայությունն անձին չի հայտնում դրա մասին):
Այսպես` եթե խնդիրը վերաբերում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին, ապա Ծառայությունն անձին կարող է ծանուցել դրա մասին այն դեպքում, երբ ստացվի ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը (...):
Այսինքն` Ծառայությունը, քաղաքացիության դադարեցման հարցով հանդիսանալով ՀՀ կառավարության լիազոր մարմին, թեև իրականացնում (կազմակերպում) է Կարգով սահմանված գործառույթները` ապահովելով նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու անձի դիմումի ընթացքի վերաբերյալ նրան տեղեկատվության տրամադրումը, սակայն նա չի կարող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրն օրենքի ուժով ընդունված լինելու կամ չլինելու հարցով համարվել որպես պատշաճ սուբյեկտ` իր իրավասությունից դուրս տեղեկացնելով անձին ՀՀ նախագահի հրամանագրի` օրենքի ուժով ընդունված լինելու հանգամանքի վերաբերյալ»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս Դատարանը պետք է անդրադառնար հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու` օրենսդրորեն հստակ նախատեսված հիմքերին, իսկ դրանց բացակայության դեպքում կայացներ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ի կատարումն դատական ակտերը պատճառաբանելու պարտականության, Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս ՀՀ վարչական դատարանից պահանջվում է փաստարկել ու հիմնավորել տվյալ վեճի` որևէ դատարանի քննության ենթակա չլինելու հանգամանքը (տե՛ս, Սյուզաննա Գևորգյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ ՎԴ/3560/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն դեպքում դատական պաշտպանության դիմող անձի կողմից ներկայացված հայցատեսակին բնորոշ պահանջների պահպանվածության և համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում Դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի 19.03.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` հիմքում, ըստ էության, դնելով գործի ըստ էության քննության փուլում պարզման ենթակա հանգամանք` այդպիսով անհարկի սահմանափակելով հայցվորի դատական պաշտպանության հիմնարար իրավունքը:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը, 19.03.2025 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, կայացրել են ոչ իրավաչափ դատական ակտեր` թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.03.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող` Հ. Բեդևյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3127