ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
Վարչական գործ թիվ ՎԴ/4308/05/20 թիվ ՎԴ/4308/05/20
Նախագահող դատավոր` Գ. Սոսյան 2026 թ.
Դատավորներ` Կ. Գևորգյան
Ա. Պողոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող` Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
2026 թվականի ապրիլի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտեմ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտեմ Ղարիբյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, երրորդ անձ «Կամսար» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն)` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու), և որպես հետևանք` Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2020 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2022 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը և 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտեմ Ղարիբյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2020 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը և 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 11.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2025 թվականի ... հրապարակված` 02.06.2025 թվականին որոշմամբ Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.03.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պողոսյանը 19.03.2025 թվականին հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտեմ Ղարիբյանը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արևիկ Գալոյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 29-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 22.1-րդ, 23-րդ, 25-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 8-րդ, 38-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շինարարության թույլտվության համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերում կադաստրային կոորդինատների բացակայության պայմաններում հնարավոր չէ հանգել հետևության, որ շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
Ավելի քան ակնհայտ և ապացուցված է եղել, որ վիճարկվող շինթույլտվությամբ խախտվել է հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, քանզի վիճարկվող շինթույլտվությունները տրված են օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ, այդ թվում` առանց գեոդեզիական հանույթի և կառուցվող շինության տեղադիրքի կոորդինատների, շինությունը փաստացի կառուցված է նաև հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, շինթույլտվությունների հիման վրա տրված է ավարտական ակտ, այսինքն ակնհայտ է շինթույլտվությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է այս հանգամանքները` վճիռը թողնելով անփոփոխ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը կամ փոփոխել այն` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը չի ապացուցվել, ընդհակառակը` գործում առկա ապացույցները վկայում են հակառակի մասին, ուստի վերջինիս կողմից չէր կարող վիճարկման առարկա դառնալ Ընկերությանը տրված շինարարության թույլտվությունը:
Սահմանված կարգով ներկայացվել են նախագծային փաստաթղթերը, փորձաքննության դրական եզրակացությունը, ինչպես նաև պահանջված այլ փաստաթղթերը, որի արդյունքում և տրամադրվել է համապատասխան շինարարության թույլտվություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ***(1) վկայականի համաձայն` ***(2) հասցե, կադաստրային ծածկագիր ***(3) անշարժ գույքի նկատմամբ 09.07.2018թ. գրանցվել է Արտեմ Ղարիբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 8):
_________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ:
2) Հանդիսանում է անձնական տվյալ:
3) Հանդիսանում է անձնական տվյալ:
2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122018-07-0110 վկայականի համաձայն` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, ք. Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս, թիվ 39 հողամասի, կադաստրային ծածկագիր` 07-001-0705-0140, անշարժ գույքի նկատմամբ 12.12.2018թ. գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9):
3) Նախագծային թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու հայտի համաձայն` հյուրանոցային-ռեստորանային համալիր Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 39 07-001-0705-0140 կառուցման համար կից ներկայացվել է կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող օբյեկտի մոտավոր տեղանշմամբ, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ընկերության պետական ռեգիստրի վկայականի պատճենը, նախատեսվող համալիրի էսքիզային նախագիծը (հատոր 1-ին, գ.թ. 78):
4) Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համաձայն` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս թիվ 39 հասցեում հյուրանոցային համալիրի, կից ռեստորանի, միջինից բարձր ռիսկայնության օբյեկտի նոր կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար տրվել է շինարարության թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 75-77):
5) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 06.12.2018 թվականին գրանցվել է «ՌԻՄՄԱՐ» ՍՊԸ-ի կանոնադրության փոփոխությունը, ըստ որի` ընկերության ֆիրմային անվանումը փոփոխվել է «Կամսար» ՍՊԸ-ի (հատոր 2, գ.թ. 58-59):
6) Չափագրող Տիգրան Փոթիկյանի կողմից 04.06.2020 թվականին ռեֆերենց կայանի միջոցով կատարվել է ***(4) հասցեի անշարժ գույքի չափագրում (հատոր 1-ին, գ.թ. 13-16):
_________________
4) Հանդիսանում է անձնական տվյալ:
7) «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 12.05.2021 թվականի թիվ 21/008-Ն եզրակացության հետևություններ բաժնի համաձայն` «Համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 39 հողամասի և դրան հարակից տարածքների կադաստրային քարտեզում առկա են քարտեզագրական շեղումներ: Կադաստրային քարտեզում շեղումները և անճշտություններն արտահայտված են նրանով, որ փաստացի տեղադիրքով օրինական հողամասերը գտնվում են օրինական հատկացված տեղադիրքերում, սակայն օրինական հողամասերի WGS 84 համակարգով տրամադրված կոորդինատների մուտքագրմամբ օրինական հողամասի տեղադիրքը էական շեղումով է մուտքագրվում կադաստրային քարտեզում, այդ նույն կոորդինատները բնության մեջ տեղադրելով` էական շեղումով է արտահայտվում բնության մեջ: Կադաստրային քարտեզում առկա շեղումների վերացմամբ և շեղման գործակիցների կիրառմամբ ուղղվում են օրինական հատկացված հողամասի կոորդինատները, և համապատասխան լիազոր մարմնի կողմից կադաստրային քարտեզում փոփոխված կոորդինատների մուտքագրմամբ հնարավոր է ճշգրիտ որոշել օրինական հողամասերի տեղադիրքը բնության մեջ: Կադաստրային քարտեզի ուղղման դեպքում համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 39 հողամասի տեղադիրքը կհամապատասխանի ներկա պահին փաստացի բնության մեջ օգտագործվող հողամասի տեղադիրքին: Համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 39 հասցեում գտնվող հողամասի կամ նույն հողամասում կառուցված շինության և ***-ի(5) միջև համադրում առկա չէ: Տ. Փոթիկյանի կողմից 04.06.2020 թվականին տրված հանույթում նշված 27.28 քմ հատվածը գտնվում է համայնք Հրազդան, ք. Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 39 հողամասի օրինական սահմաններում և «Կամսար» ՍՊԸ-ի կողմից տիրապետվում է օրինական հիմքով` ըստ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122018-07-0110 վկայականի հատկացված հողամասի» (հատոր 2-րդ, գ.թ. 110-122):
__________________
5) Հանդիսանում է անձնական տվյալ:
8) «Գեոգրաֆ» ՍՊԸ-ի 26.05.2021 թվականի թիվ 03/052021-01 մասնագիտական եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, ք. Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է շեղումով: Նույն հողամասի կոնֆիգուրացիան համապատասխանում է կադաստրային քարտեզում առկա 07-001-0705-0140 ծածկագրով հողամասի կոնֆիգուրացիային ու տեսքին, սակայն, ըստ կադաստրային քարտեզի կոորդինատների, չի համապատասխանում բնության մեջ եղած իրադրությանը: Միաժամանակ նույն եզրակացության հետազոտության բաժնում արձանագրվել է հետևյալը. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, ք. Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզի ուղղման պարագայում հողամասը և շինությունը բնության մեջ կունենան գրեթե նույն տեղադիրքը, ինչ այժմ փաստացի կա: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասի և բնության փաստացի տեղադիրքի և ***-ի(6) (ծածկագիր` ***(7)) կադաստրային քարտեզի կոորդինատների միջև առկա է համադրում, եթե կադաստրային քարտեզի շեղումները հաշվի չառնվեն: Սակայն կադաստրային քարտեզի շեղումը տվյալ տարածքում չի վերաբերում միայն թիվ 39 հասցեի հողամասին, հարակից ամբողջ տարածքը` կադաստրային ամբողջ թաղամասն ունի շեղում, ինչը ենթադրում է, որ հողամասերի նշահարումները, շենք-շինությունների նշահարումները և համադրման վերաբերյալ ակտերը պետք է կազմվեն` հիմք ընդունելով և հաշվի առնելով քարտեզի շեղումները: Սույն պարագայում, եթե հաշվի առնվեն քարտեզի շեղումները, որևէ համադրում չի առաջանա» (հատոր 2-րդ, գ.թ. 128-138):
__________________
6) Հանդիսանում է անձնական տվյալ:
7) Հանդիսանում է անձնական տվյալ:
9) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ փորձագետի եզրակացության համաձայն. «(...) Սույն փորձաքննությանը տրամադրված, Հրազդանի համայնքապետարանի կողմից տրված 07.05.2018 թվականի թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունների համար հիմք հանդիսացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փաթեթի մաս կազմող «Հյուրանոցառեստորանային համալիրի գլխավոր հատակագիծ և արտաքին կոմունիկացիաներ-Գիրք1»-ի «Գլխավոր հատակագիծ» թերթում բացակայում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 128-Ն հրամանի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` նախագծվող օբյեկտների տեղադիրքերի կոորդինատները, ինչպես նաև փորձաքննությանը չեն տրամադրվել միջնորդությամբ պահանջված` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 73-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված, նախագծային կապալի պայմանագրին կցվող տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթները (սահմանված նյութերի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն պահանջող օբյեկտների համար` անկախ դրանց ռիսկայնության աստիճանից), որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ կադաստրային քարտեզում և բնության մեջ հստակ տեղորոշել վերոնշյալ նախագծում ներկայացված հողամասը և շինությունները: Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասում գտնվող փորձաքննության առարկա հանդիսացող անշարժ գույքերում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահմաններում կառուցված հյուրանոցի շենքը շուրջ 27.1 քմ մակերեսով գտնվում է թիվ ***(8) կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում, իսկ տեղադրված ցանկապատի մի մասը` 11.6 մ-12.2 մ խորությամբ, գտնվում է վերոնշյալ ծածկագրով հողամասի սահմանից ներս: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 20.10.2021 թվականի փորձագետի միջնորդությանն ի պատասխան ստացված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Հրազդան քաղաքի Մաքրավան համայնքի կադաստրային քարտեզից հատվածի (էլեկտրոնային տարբերակի) և նույն հատվածի վերաբերյալ 2014 թվականին կատարված օդալուսանկարի (վեկտորային ֆորմատով) համադրմամբ, ինչպես նաև տեղում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համադրված վերլուծությամբ պարզվել է, որ առկա են անհամապատասխանություններ փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի` կադաստրային քարտեզում ներկայացված տեղադիրքերի և փաստացի օգտագործվող հողամասերի (նաև ճանապարհի) միջև: Վերոնշյալ խնդրի լուծումը, կողմերի փոխհամաձայնության բացակայության պայմաններում, պահանջում է կադաստրային հողամասերից բարձր միավորումներում (կադաստրային թաղամաս, համայնք, մարզ) ներառվող հողամասերի համալիր ուսումնասիրություն և ուղղում, որի կատարումը դուրս է շինարար-փորձագետի իրավասության սահմաններից: Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի` հողամասի սահմաններն ամրագրվում են կադաստրային քարտեզներում, սեփականության, օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում և արտացոլվում են տեղանքում: Թիվ 07-001-0705-0140 կադաստրային ծածկագրով հողամասի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթների առկայության և համալիր ուսումնասիրության իրականացման պարագայում նախագծման փուլում հնարավոր կլիներ հայտնաբերել «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող և թիվ ***(9) կադաստրային ծածկագրով (կադաստրային քարտեզում ներկայացված սահմաններով) հողամասերի համադրված լինելու հանգամանքը: Միաժամանակ փորձաքննության օբյեկտ հանդիսացող հողամասերի համադրման հանգամանքի հայտնաբերման հնարավորության առումով հարկ է նշել, որ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ անհրաժեշտ էր սկսել կադաստրային քարտեզում ներկայացված հողամասի սահմանների և կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման գործընթացը` տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթների համաձայն ...» (հատոր 3-րդ, գ.թ. 17-28):
__________________
8) Հանդիսանում է անձնական տվյալ:
9) Հանդիսանում է անձնական տվյալ:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությանը, ըստ այդմ` դատարանի կողմից հայցվորի իրավական շահագրգռվածության գնահատմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Այսպիսով, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի իրավաչափության վիճարկումը վարչադատական կարգով կարող է իրացվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին` այդ համատեքստում բացահայտելով վարչական հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական շահագրգռվածության չափանիշները: Մասնավորապես.
ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ է, քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավական շահագրգռվածությունը ենթադրում է, որ դատական պաշտպանության պետք է դիմեն միայն նրանք, ովքեր ունեն օբյեկտիվորեն հիմնավորված շահ: Այլ կերպ ասած` վարչական դատավարությունում «շահագրգրվածություն» եզրույթը կարելի է բնորոշել իբրև անձի իրական և փաստացի հետաքրքրվածություն` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու վերականգնման ուղղությամբ:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին ընդգծել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելու, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ: Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում դատական պաշտպանություն հայցած սուբյեկտի` «շահագրգիռ անձ» լինելը քննարկելիս դատարանը պետք է հանգամանալից անդրադառնա ոչ միայն սուբյեկտային կազմի առկայությանը, այլև այդ սուբյեկտի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ ունենալուն և այն «ռեալ/իրական» շահի առկայությանը, որը ենթակա է պաշտպանության կամ վերականգնման (տե՛ս, «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Աշոտ Գրիգորյան, Հարություն Գրիգորյան և «Ակբա բանկ» ԲԲԸ, թիվ ՎԴ/2769/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.04.2025 թվականի որոշումը):
Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավական շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դրա հաստատման համար բավարար չէ միայն հայցվորի սուբյեկտիվ պնդումը. անհրաժեշտ է, որ այն հաստատվի օբյեկտիվ տվյալներով: Այլ կերպ ասած, դատարան դիմելով` հայցվորը պետք է մատնանշի և հիմնավորի իր որևէ իրավունքի և/կամ ազատության խախտման փաստը կամ դրա խախտման վտանգը, իսկ դատարանը պետք է գնահատի այդ իրավունքի և/կամ ազատության պաշտպանության համատեքստում հայցվորի իրավական շահագրգռվածության առկայությունը (տե՛ս, Ալբերտ Ամիրյանն ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ Հովհաննես Ավետիսյան, թիվ ՎԴ/9108/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.10.2025 թվականի որոշումը):
Այսպիսով, ամփոփելով ողջ վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ վարչադատական կարգով անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ըստ այդմ` դատարան ներկայացված պահանջի քննության նախապայմանը դատարան դիմող սուբյեկտի իրավական շահագրգռվածության առկայությունն է, ի մասնավորի` վարչական ակտերի վիճարկման դեպքում` վարչական ակտի իրավաչափության վիճարկման «իրական/ռեալ» իրավունքներ ունենալը:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտերի վարչադատական կարգով վիճարկման դեպքում հայցվորի իրավական շահագրգռվածության` դատարան դիմելու իրավական շահի առկայության հարցի պարզումից է ուղղակիորեն կախված տվյալ գործի հետագա ընթացքը, այլ խոսքով` գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտի բնույթը: Վերստին արձանագրելով, որ դիմելով դատարան` հայցվորը պետք է մատնանշի և հիմնավորի իր որևէ իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստը կամ վտանգը, իսկ դատարանն էլ գնահատի հայցվորի իրավական շահագրգռվածության առկայությունը` Վճռաբեկ դատարանը շեշտադրում է, որ նշված գործընթացում հայցվորի իրավական շահի առկայության վերաբերյալ կասկածի դեպքում, դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով սեփական նախաձեռնությամբ պահանջել կամ ձեռնարկել համապատասխան միջոցներ կասկած հարուցող հանգամանքները հերքող փաստական տվյալներ ձեռք բերելու համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Արտեմ Ղարիբյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2020 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը և 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունը:
Դատարանը 11.03.2024 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ. «(...) Ընդ որում, սույն գործի լուծման համար որևէ նշանակություն չունի այն հարցը, թե արդյո՞ք վեճի առարկա շինությունը փաստացի կառուցվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, թե` ոչ: Գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում Դատարանը գտնում է, որ սույն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում նաև` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ «Փորձագետի եզրակացությունով է, չի հաստատվում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն` «Կամսար» ՍՊԸ-ի կողմից կառուցված օբյեկտը (օբյեկտները) նախագծված է եղել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ***(10) վկայականի համաձայն Արտեմ Ժորայի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող` ***(11) հասցեում գտնվող հողամասի վրա:
__________________
10) Հանդիսանում է անձնական տվյալ:
11) Հանդիսանում է անձնական տվյալ:
Մասնավորապես, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ «Փորձագետի եզրակացությունից» և այդ եզրակացության վերաբերյալ փորձագետի կողմից տրված ցուցմունքից հետևում է, որ նախագծվող օբյեկտների տեղադիրքերի կոորդինատների, տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթների բացակայության պայմաններում հնարավոր չէ կադաստրային քարտեզում և բնության մեջ հստակ տեղորոշել վիճարկվող շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած նախագծում ներկայացված հողամասը և շինությունները: Հետևաբար, հնարավոր չէ հաստատված համարել նաև այն փաստը, որ վեճի առարկա կառույցը նախագծված է եղել նաև հայցվորին պատկանող հողամասի վրա:
Ինչ վերաբերում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ «Փորձագետի եզրակացությունով» արձանագրված այն հանգամանքին, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասում գտնվող փորձաքննության առարկա հանդիսացող անշարժ գույքերում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահմաններում կառուցված հյուրանոցի շենքը շուրջ 27.1 քմ մակերեսով գտնվում է թիվ ***(12) կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում, իսկ տեղադրված ցանկապատի մի մասը` 11.6 մ-12.2 մ խորությամբ, գտնվում է վերոնշյալ ծածկագրով հողամասի սահմանից ներս, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը որևէ նշանակություն սույն գործի լուծման համար ունենալ չի կարող: Մասնավորապես, նույն եզրակացության «Հետազոտություն» բաժնում արձանագրված փաստերից, ինչպես նաև փորձագետի ցուցմունքից հետևում է, որ նշված եզրահանգմանը փորձագետը հանգել է արդեն կառուցված հյուրանոցի շենքի, ինչպես նաև որպես «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահման հանդիսացող մետաղական սյուներով կառուցված ցանկապատի եզրային կետերի հանութագրման արդյունքում ստացված կոորդինատները փորձաքննությանը տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից տրված Կոտայքի մարզի Հրազդան համայնքի կադաստրային քարտեզից հատվածի հետ` «AutoCad» ծրագրով` «WGS-84» (ARMREF 02) կոորդինատային համակարգում համադրելու միջոցով: Այսինքն` տվյալ եզրահանգումը վերաբերում է փաստացի կառուցված շինությանը, փաստացի իրավիճակին, և որևէ առնչություն չունի նախագծային փաստաթղթերի հետ: Իսկ հայցվորի իրավական շահագրգռվածության և սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության իրավաչափության հարցերի գնահատման տեսանկյունից նշանակություն ունի միայն այն հարցը, թե արդյո՞ք ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն` «Կամսար» ՍՊԸ-ի կողմից կառուցվող օբյեկտը (օբյեկտները) նախագծված է եղել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ***(13) վկայականի համաձայն Արտեմ Ժորայի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող` ***(14) հասցեում գտնվող հողամասի վրա, թե` ոչ:
__________________
12) Հանդիսանում է անձնական տվյալ:
13) Հանդիսանում է անձնական տվյալ:
14) Հանդիսանում է անձնական տվյալ:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հաստատվում այն փաստը, որ 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության տրամադրմամբ խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ու ազատություններ, այդ թվում` սեփականության իրավունքը:
Վերոնշյալ հիմնավորումներով անհիմն են նաև հայցվորի` լսված լինելու իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկները, քանի որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել հայցվորին վեճի առարկա վարչական վարույթում որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերի առկայությունը:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել հայցվորի` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վիճարկելու համար իրավական որևէ շահագրգռվածություն ունենալու փաստը, այսինքն` հայցվորը չի հանդիսանում «շահագրգիռ անձ»:
Նման պայմաններում Դատարանն այլևս չի անդրադառնում 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության իրավաչափության վերաբերյալ հայցվորի մյուս փաստարկներին, քանի որ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար բավարար չէ, որպեսզի վարչական ակտն ընդունված լինի օրենքի խախտմամբ, այլ անհրաժեշտ է նաև, որպեսզի դրա ընդունմամբ խախտված լինի հայցվորի որևէ իրավունք: Իսկ տվյալ դեպքում չի հաստատվել վիճարկվող վարչական ակտի ընդունմամբ հայցվորի որևէ իրավունքի խախտման փաստը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ առկա չեն վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, հայցը հիմնական պահանջի մասով անհիմն է և ենթակա է մերժման (...)»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(...) Ընդ որում` հայցվորի փաստարկներն ինչպես հայցադիմումով, այնպես էլ վերաքննիչ բողոքով ըստ էության հանգում են նրան, որ շինության որոշակի հատված կառուցված է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված փաստարկը շինարարության թույլտվության անվավերության հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձի սեփականության իրավունքի վկայականում նշված հողամասի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, ինչը հստակ նշված է նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքում, և եթե նույնիսկ շինությունը որևէ չափով կառուցվել է (կառուցվում է) հայցվորի հողամասում, ապա դա ենթադրում է շինարարության թույլտվության տրամադրումից հետո կատարված գործողություն (շեղում), այսինքն` այն ընդգրկված չէ և չէր կարող ընդգրկված լինել շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված գործընթացում, քանի որ, ինչպես նշվեց, թույլտվությունը տրվել է երրորդ անձի վկայականում նշված հողի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, ուստի ենթադրյալ շեղումը չի կարող գնահատվել շինարարության թույլտվության իրավաչափության գնահատման շրջանակում:
Ինչ վերաբերում է գործում առկա փորձագիտական եզրակացություններին, որոնցով արձանագրվել են կադաստրային քարտեզում հայցվորին և երրորդ անձին պատկանող հողամասերի կոորդինատների շեղումներ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դա վերաբերում է քարտեզագրման ժամանակ թույլ տված ենթադրյալ սխալներին, որոնց ուղղման ընթացակարգն օրենսդրությամբ կանոնակարգված է, սակայն նման սխալների առկայությունը ևս շինարարության թույլտվության անվավերության հիմք չէ, քանի որ, ինչպես նշվեց, շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձի սեփականության իրավունքի վկայականում նշված հողի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, իսկ կադաստրային քարտեզում հողերի կոորդինատների հնարավոր սխալների առկայությունը դուրս է սույն վեճի քննության շրջանակներից, և, ըստ այդմ էլ, վիճարկվող շինարարության թույլտվության իրավաչափության գնահատման սահմաններից:
(...)
Վերոգրյալ փաստական տվյալներից հետևում է, որ հայցվորի և երրորդ անձի հողերին վերաբերող կադաստրային քարտեզում առկա են քարտեզագրական շեղումներ, որոնք ըստ էության վերաբերում են ոչ միայն նրանց հողամասերին, այլ նաև Հրազդան խոշորացված համայնքի Լեռնանիստ, Հրազդան, Շերտեր, Ջրառատ, Սոլակ, Քաղսի բնակավայրերին, որպիսի քարտեզագրական շեղումներն ուղղման են ենթակա դրա համար սահմանված կարգով, սակայն նման շեղումները չեն կարող հանգեցնել երրորդ անձի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված տարածքի սահմաններում շինարարական աշխատանքներ կատարելու համար վերջինիս տրված շինարարության թույլտվության անվավերությանը, քանի որ թույլտվությունը տրվել է տվյալ պահին եղած կադաստրային տվյալների հիման վրա, այսինքն` այն չի տրվել հայցվորի հողամասում շինարարություն իրականացնելու համար, որի դեպքում չի կարող տեղի ունենալ նաև նրա իրավունքների խախտում:
Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ վիճարկվող վարչական ակտի տրամադրման պայմաններում կարող էին շոշափվել նաև սույն գործով հայցվորի իրավունքները, ուստի վարչական մարմինը պարտավոր էր ներգրավել նրան վարչական վարույթում` որպես երրորդ անձ` ապահովելով վարչական վարույթի շրջանակներում վերջինիս լսված լինելու իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանն այն ևս համարում է անհիմն, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածից 1-ին մասի «բ» ենթակետից հետևում է, որ երրորդ անձինք այն անձինք են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, իսկ տվյալ դեպքում, ինչպես նշվեց, հայցվորի իրավունքները վիճարկվող թույլտվությամբ չեն շոշափվել:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողը, ընդունելով վիճարկվող վարչական ակտը, գործել է նշված նորմերի պահպանմամբ` ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ու բացահայտելով բոլոր հանգամանքները, որպիսի եզրահանգմանն էլ իրավաչափորեն հանգել է Դատարանը, ուստի վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ և այն ենթակա է մերժման (...)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Տվյալ դեպքում Արտեմ Ղարիբյանը, պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2020 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը և 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունը, որպես իր` նշված վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու իրավունք ունեցող «շահագրգիռ անձ» հանդիսանալու հիմնավորում փաստարկել է երրորդ անձ Ընկերության կողմից վերոնշյալ շինարարության թույլտվություններին համապատասխան շինարարական աշխատանքների մի հատված` իրեն պատկանող հողամասում կատարելու հանգամանքը:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ենթակա է պարզման հետևյալ հանգամանքը` սույն վարչական գործում առկա ապացույցների համակցությամբ հիմնավորվում է արդյո՞ք երրորդ անձ Ընկերության կողմից հայցվորի սեփականության իրավունքին միջամտությունը` նկատի ունենալով, որ նշված հանգամանքից է կախված սույն վարչական գործով հայցվորի իրավական շահագրգռվածության առկայությունը/բացակայությունը:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների իրավանորմերի համակցված վերլուծությանը, արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սույն վարչական գործում առկա են հայցվորի իրավական շահագրգռվածության գնահատման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստական տվյալները.
- Չափագրող Տիգրան Փոթիկյանի կողմից 04.06.2020 թվականին ռեֆերենց կայանի միջոցով կատարվել է ***(15) հասցեի անշարժ գույքի չափագրում, որով հիմնավորվում է հայցվորի հողամասում շինարարական աշխատանքները կատարված լինելու հանգամանքը:
__________________
15) Հանդիսանում է անձնական տվյալ:
- «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 12.05.2021 թվականի թիվ 21/008-Ն եզրակացության ուսումնասիրությամբ կարելի է եզրահանգել, որ առկա են կադաստրային քարտեզի շեղումներ: Գաղափարը հետևյալն է, եթե կատարվի կադաստրային քարտեզի ուղղում, 39 հասցեի հողամասի տեղադիրքը կհամապատասխանի ներկա պահին փաստացի բնության մեջ օգտագործվող հողամասի տեղադիրքին, այսինքն` շինությունը փաստացի կգտնվի Ընկերության հողամասում:
- «Գեոգրաֆ» ՍՊԸ-ի 26.05.2021 թվականի թիվ 03/052021-01 մասնագիտական եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է շեղումով: Նույն հողամասի կոնֆիգուրացիան համապատասխանում է կադաստրային քարտեզում առկա 07-001-0705-0140 ծածկագրով հողամասի կոնֆիգուրացիային ու տեսքին, սակայն, ըստ կադաստրային քարտեզի կոորդինատների, չի համապատասխանում բնության մեջ եղած իրադրությանը: Միաժամանակ, նույն եզրակացության հետազոտության բաժնում արձանագրվել է հետևյալը. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզի ուղղման պարագայում հողամասը և շինությունը բնության մեջ կունենան գրեթե նույն տեղադիրքը, ինչ այժմ փաստացի կա:
Կադաստրային քարտեզի կոորդինատների միջև առկա է համադրում, եթե կադաստրային քարտեզի շեղումները հաշվի չառնվեն:
- «Էքսպերտ» ՍՊԸ-ի 21.08.2023 թվականի թիվ 230403 փորձագետի եզրակացությամբ հետևություններ են արվել այն մասին, որ ***(16) հասցեում գտնվող Արտեմ Ժորայի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 1186 քմ մակերեսով հողամասի 77 քմ մակերեսով հողամասը զավթված է, որի վրա կառուցված է շինություն:
__________________
16) Հանդիսանում է անձնական տվյալ:
- «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ փորձագետի եզրակացության համաձայն. «(...) «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահմաններում կառուցված հյուրանոցի շենքը շուրջ 27.1 քմ մակերեսով գտնվում է թիվ ***(17) կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում, իսկ տեղադրված ցանկապատի մի մասը` 11.6մ-12.2մ խորությամբ, գտնվում է վերոնշյալ ծածկագրով հողամասի սահմանից ներս: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 20.10.2021 թվականի փորձագետի միջնորդությանն ի պատասխան ստացված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Հրազդան քաղաքի Մաքրավան համայնքի կադաստրային քարտեզից հատվածի (էլեկտրոնային տարբերակի) և նույն հատվածի վերաբերյալ 2014 թվականին կատարված օդալուսանկարի (վեկտորային ֆորմատով) համադրմամբ, ինչպես նաև տեղում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համադրված վերլուծությամբ պարզվել է, որ առկա են անհամապատասխանություններ փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի` կադաստրային քարտեզում ներկայացված տեղադիրքերի և փաստացի օգտագործվող հողամասերի (նաև ճանապարհի) միջև»:
__________________
17) Հանդիսանում է անձնական տվյալ:
Վերոգրյալ փաստական տվյալների համադրված վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես հայցվորի կողմից ներկայացված, այնպես էլ Դատարանի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացություններով հաստատվում է երրորդ անձի կողմից շինարարական աշխատանքների մի հատված հայցվորին սեփականության իրավունքով պատկանող, թիվ ***(18) կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում իրականացված լինելու հանգամանքը:
__________________
18) Հանդիսանում է անձնական տվյալ:
Միաժամանակ, երրորդ անձի կողմից Դատարան ներկայացված ապացույցների բովանդակությունից հետևում է, որ առկա են հայցվորին և երրորդ անձ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային քարտեզի շեղումներ, որպիսի շեղումների ուղղման պարագայում երրորդ անձ Ընկերությանը պատկանող հողամասը և շինությունը բնության մեջ կունենան գրեթե նույն տեղադիրքը, ինչն այժմ փաստացի կա:
Այսպիսով, թեև սույն վարչական գործում առկա ապացույցներով հաստատվում է երրորդ անձ Ընկերության կողմից հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում վիճարկվող վարչական ակտերի հիման վրա շինարարական աշխատանքներ կատարված լինելու հանգամանքը, սակայն երրորդ անձ Ընկերության կողմից ներկայացված ապացույցներով, ինչպես նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ փորձագետի եզրակացությամբ ևս հիմնավորվում է հայցվորին և երրորդ անձ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային քարտեզների շեղումների հանգամանքը, այսինքն, առկա է կասկած` հայցվորի սույն վարչական գործով իրավական շահ ունենալու վերաբերյալ, որպիսի պայմաններում հայցվորի իրավական շահագրգռվածության առկայության հարցի գնահատման համար էական նշանակություն է ստանում դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի կիրառմամբ միջոցների ձեռնարկումը կադաստրային քարտեզի շեղումների ուղղման պարագայում հայցվորի սեփականության իրավունքին միջամտության հանգամանքի պարզման առնչությամբ:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հայցվորի իրավական շահագրգռվածության առկայության գնահատման գործընթացում պատշաճ գնահատման չեն արժանացրել վերոգրյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալները, ըստ այդմ` չկատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու պարտականությունը, չեն ձեռնարկել համարժեք միջոցներ վերոնշյալի համատեքստում հայցվորի իրավական շահագրգռվածության հարցի պարզման ուղղությամբ:
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածների խախտմամբ, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցվորի` վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու հարցի պարզմանն ուղղված Դատարանի կողմից դատավարական գործողություններ չեն ձեռնարկվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հայցվորի իրավական շահագրգռվածության հարցի պարզման և դրանից հետո միայն սույն վարչական գործի ճակատագիրը լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ք. Մկոյան
Զեկուցող` Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3193