Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ, 63-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ, 63-ՐԴ ԵՎ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-2246 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                 2006

Քաղաքացիական գործ թիվ Տ-1954/2006

Նախագահող դատավոր` Ռ.Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 25.09.2006 թվականի թիվ Տ-1954/2006 վճռի դեմ` ըստ «Սևաբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ նաև` Քաղաքապետարան), երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման` Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 58 հասցեում 55 800 քմ մակերեսով հողամասի մեջ ներառված 4357,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2002-2003 թվականների կադաստրային արժեքի վճարմամբ Ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճշգրտել հողամասի սահմանները և մակերեսի իրական չափը, ավել օգտագործվող 4357,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը կադաստրային արժեքի վճարումով: Դատաքննության ընթացքում Ընկերությունը փոփոխել է հայցապահանջը, պահանջելով ճանաչել` Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 58 հասցեում 55 800 քմ մակերեսով հողամասի մեջ ներառված 4357,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2002-2003 թվականների կադաստրային արժեքի վճարմամբ Ընկերության սեփականության իրավունքը:

ՀՀ տնտեսական դատարանը 25.09.2006 թվականի թիվ Տ-1954/2006 վճռով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում նշել է, որ Երևանի քաղաքապետի 08.12.1998 թվականի թիվ 1034 որոշմամբ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 58 հասցեում Ընկերությանը սպորտային և առողջարանային համալիրի կառուցապատման նպատակով հատկացված 5 հա մակերեսով հողամասի վերջին նկարահանման պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան պատկերված հատակագծի սահմանները կազմել է ոչ թե 5 հեկտար, այլ 54100,15 քմ, որպիսի հանգամանքը հաստատվում է Քաղաքապետարանի «Քաղաքաշին» փակ բաժնետիրական ընկերության 26.03.2001 թվականին կազմված նշհարման ակտով:

Նման հիմնավորումը հակասում է ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածին, քանի որ դատարանը պետք է ղեկավարվեր և հիմք ընդուներ Ընկերությանը Քաղաքապետարանի կողմից հատկացված թիվ 34-99 գլխավոր հատակագծում նշված տվյալները, քանի որ դա բխում է ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի դրույթներից: Այսինքն` դատարանը հիմք է ընդունել մի այնպիսի փաստաթուղթ, որը չի համապատասխանում ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածին:

i

2) ՀՀ տնտեսական դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

i

ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ հնարավոր է իրականացնել պետության սեփականությունը հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառք: Նշված դեպքերից որևէ մեկը չի բավարարում սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներին, հետևաբար ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի նորմերը կիրառելի չեն այս դեպքում:

3) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել այն փաստը, որ Ընկերությանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման կողմից 24.04.2002 թվականին և 13.01.2004 թվականին տրված թիվ 412321, 1594787 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականներում Ընկերությանը հատկացված հողամասի չափը նշված է համապատասխանաբար` 5 հա և 0,58 հա: Այնինչ, եթե Ընկերության կողմից փաստացի զբաղեցված հողամասը լիներ ավելին, քան հատկացվածը, ապա գույքի նկատմամբ իրավունքների գրանցում չէր կատարվի:

Նշված հանգամանքը հաստատվել է նաև դատաքննության ընթացքում երրորդ անձի (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավիթաշեն» տարածքային ստորաբաժանում) կողմից տրված բացատրություններով:

Դատարանը չի գնահատել նաև Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 19.07.2006 թվականի թիվ 18-09/2-2710 գրությամբ տրամադրված մասնագիտական եզրակացությունը, համաձայն որի` տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ տարածքը պարսպապատվել և կառուցապատվել է տրամադրված հողամասի սահմանների և ուրվագծի խախտումներով, ինչի հետևանքով հողամասի փաստացի մակերեսը ներկայումս կազմում է 60157,7 քմ, տրամադրված 55800 քմ-ի փոխարեն:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Հայցվորը, ճշտելով իր հայցապահանջը, դատարանին չի ներկայացրել այն իրավական նորմը, որը դրված է իր հայցապահանջի հիմքում: Նման հանգամանքը վկայում է, որ հայցն անհիմն է, և բավարարման ենթակա չէ:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.09.2006 թվականի թիվ Տ-1954/2006 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետի 08.12.1998 թվականի թիվ 1034 որոշմամբ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 58 հասցեում Ընկերությանը սպորտային և առողջարանային համալիրի կառուցապատման նպատակով վարձակալության հիմունքներով 99 տարի ժամկետով հատկացվել է 5 հեկտար հողամաս:

2) Երևանի քաղաքապետի 04.03.2002 թվականի թիվ 330 որոշմամբ նույն հատակագծի սահմաններով 5 հեկտար հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Ընկերությանը` վաճառքի գին սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքը:

3) Հողամասի առուվաճառքի 20.03.2002 թվականի թիվ 60/2-ԳԱ պայմանագրի համաձայն` նշված 5 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը, և 24.04.2002 թվականին տրվել է թիվ 412321 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

4) Երևանի քաղաքապետի 23.04.2003 թվականի թիվ 862-Ա որոշման համաձայն` Ընկերությանը պատկանող հողամասին կից 5800 քմ մակերեսով ազատ տարածքը վարձակալությամբ հատկացվել է Ընկերությանը` գնման նախապատվության իրավունքով:

5) Երևանի քաղաքապետի 25.12.2003 թվականի թիվ 2562-Ա որոշմամբ նշված տարածքը օտարվել է Ընկերությանը` վաճառքի գինը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով:

6) Հողամասի ուղղակի վաճառքի մասին 26.12.2003 թվականի կնքված թիվ 345/2-ԱԳ պայմանագրի համաձայն` 5800 քմ հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը, և 13.01.2004 թվականին տրվել է թիվ 1594787 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

7) Նշված հողամասում քաղաքաշինության վարչության հետ համաձայնեցված ճարտարապետանախագծային փաստաթղթերով և Աջափնյակի թաղապետարանի կողմից տրված շինարարական թույլտվությամբ Ընկերությունն իրականացրել է մարզաառողջարանային համալիրի շինարարությունը, պարսպապատել է հողամասը և 28.12.2005 թվականին ստացել է շինարարության ավարտի մասին թիվ 389 ակտը:

8) 24.01.2006 թվականին Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանմանը` շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

9) 02.02.2006 թվականին Ընկերությունը ստացել է գրավոր մերժում այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ օգտագործվող 4357,7 քմ հողամասի և դրա վրա գտնվող շինությունների իրավահաստատող փաստաթղթերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրն (քարտեզն) է, որում տվյալ հողամասի սահմաններում վերջին նկարահանման (հանութագրման) պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան պատկերված են հողամասի իրավիճակը և սահմանները:

Նույն հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է կազմում: Հետևաբար, հողամասի սահմանները որոշելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը հողամասի հատակագիծն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Սույն գործով Ընկերության իրավունքները հաստատող հողամասի չափերի վերաբերյալ միակ թույլատրելի ապացույցը, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, հանդիսանում է վիճելի հողամասի հատակագիծը:

i

Սակայն ՀՀ տնտեսական դատարանը` ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի սխալ մեկնաբանության արդյունքում, տրամադրված հողամասի սահմանները որոշելու համար հիմք է ընդունել «Քաղաքաշին» փակ բաժնետիրական ընկերության 26.03.2001 թվականին կազմված նշահարման ակտը:

 

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետության սեփականության հողամասերն օտարվում են սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով կամ աճուրդով:

ՀՀ տնտեսական դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից օգտագործվող հողամասի մակերեսը չի համապատասխանում թիվ 824-2003 գլխավոր հատակագծով նախատեսված մակերեսին (փաստացի օգտագործվող հողամասի մակերեսն ավել է 4357,7 քմ-ով), միաժամանակ գտել է, որ Ընկերության կողմից ավել օգտագործվող հողամասը պետք է օտարվի Ընկերությանը, քանի որ վերջինս շինարարության ընթացքում պահպանել է հողամասի նշահարման կետի նշակետերը, կառուցապատումն իրականացրել է բաժանարար սահմանանիշերի չափերի պահպանումով:

ՀՀ տնտեսական դատարանը նշված փաստերի նկատմամբ կիրառելով է ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածը, եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ օրինական տիրապետվող հողամասի մակերեսից ավել 4357,7 քմ հողամասի նկատմամբ պետք է ճանաչվի Ընկերության սեփականության իրավունքը: ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է պետության և համայնքների սեփականության հողամասերի օտարման ձևերը և որևէ կերպ չի կարգավորում սույն վեճի առարկա իրավահարաբերությունները, հետևաբար այն սույն վեճով կիրառման ենթակա չէ:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել սույն գործով կիրառման ենթակա ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածը, համաձայն որի` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումն իրականացնում են`

1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը).

2) համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետները.

3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում` կառավարության լիազորած պետական մարմինը` սույն օրենսգրքով և մասնավորեցման (ապապետականացման) մասին այլ օրենքներով սահմանված կարգով:

 

3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի նախորդ հիմքերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել ներկայացված ապացույցները, ինչի արդյունքում հանգել է վեճի սխալ լուծման:

 

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

ՀՀ տնտեսական դատարանի վճիռը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածին հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ, այսինքն` դատարանի կողմից հետազոտված փաստերը չեն համապատասխանում դատարանի հետևություններին:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 130-րդ հոդվածը, քանի որ հայցվորը չի նշել իր պահանջը հիմնավորող իրավական նորմը, ապա այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը չի սահմանում դատավարության մասնակցի որևէ պարտավորություն, այդ թվում պահանջը հիմնավորող իրավական նորմերի հիշատակման պարտականությունը: Հիշատակված հոդվածի երրորդ մասը վերաբերում է միայն դատարանին և սահմանում է դատական ակտին ներկայացվող առանձին պահանջներ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի 25.09.2006 թվականի թիվ Տ-1954/2006 վճիռը բեկանելու բավարար հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.09.2006 թվականի թիվ Տ-1954/2006 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2006
N 3-2246(ՏԴ)
Որոշում