ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2021 թվականի N 1072-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 188-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 12-րդ հոդվածի 8-րդ և 49-րդ հոդվածի 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) հավելվածի 20-րդ կետի «դ» ենթակետում «և այլ գործունեություն» բառերը փոխարինել «, ինչպես նաև շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով իրականացվող թռիչքները» բառերով.
2) հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«36. Օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայքն ըստ խոչընդոտների հարթության սահմանների բաժանվում է հետևյալ գոտիների`
ա) I գոտի` վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետր ներառյալ շառավղով աղեղների` վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի (նկար 1).
բ) II գոտի` վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետրից մինչև 5.1 կիլոմետր շառավղով աղեղների` վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի (նկար 1).
գ) III գոտի` աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կիլոմետր շառավղով գոտի (նկար 1).
դ) IV գոտի` վազքուղու շեմերից հորիզոնական հարթության նկատմամբ 2,5 տոկոս թեքությամբ երկրաչափական սեղանի տեսքով հարթություն` 300 մետր հիմքով (հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ), 15% կողմերի բացվածքով և 15000 մետր երկարությամբ (նկար 2).
ե) V գոտի` աերոդրոմի տեղորոշիչ կետից 46 կիլոմետր շառավղով շրջան:».
i
3) հավելվածի 37-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Համաձայնեցման ենթակա են այն խոչընդոտները, որոնց բացարձակ բարձրություններն ըստ Կարգի 36-րդ կետով սահմանված գոտիների գերազանցում են`
ա) I գոտու համար` աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 45 մետրը.
բ) II գոտու համար` աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 100 մետրը.
գ) III գոտու համար` աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 150 մետրը և 30 մետրը` տվյալ տեղանքի նկատմամբ:».
4) հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով`
i
«37.1. Կարգի 36-րդ կետի «ե» ենթակետով սահմանված գոտում (V գոտի) և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 60 և ավելի մետր բարձրությամբ խոչընդոտ կառուցողի կողմից լիազորված մարմին են ներկայացվում խոչընդոտի մասին հետևյալ տեղեկությունները`
ա. անվանումը,
բ. աշխարհագրական կոորդինատները` չափված WGS-84 համակարգով,
գ. բացարձակ և հարաբերական բարձրությունները,
դ. մականշումների (ցերեկային, գիշերային) առկայությունը:».
i
5) հավելվածի 38-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայտի հետ միասին ներկայացվում է կառուցվող խոչընդոտի, այդ թվում` կապի և էլեկտրահաղորդման գծերի համար աշտարակային հենարանների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`
ա. խոչընդոտի նշանակությունը, WGS-84 համակարգով գեոդեզիական կոորդինատները, ինչպես նաև խոչընդոտի բացարձակ (ծովի մակերևույթի նկատմամբ) ու հարաբերական բարձրությունները,
բ. խոչընդոտի կառուցման ընթացքում օգտագործվող շինարարական տեխնիկան և դրանց բարձրությունները,
գ. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,
դ. եթե խոչընդոտը ռադիոհաղորդիչ կամ ընդունիչ ալեհավաք կամ կայմ է, ի լրումն սույն կետի ենթակետերով սահմանված տվյալների, ներկայացվում է օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթը:».
i
6) հավելվածի 39-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
«գ) այն տեխնիկական միջոցները, որոնք կարող են հանդիսանալ խոչընդոտ թռիչքների իրականացման համար նախատեսված սարքերի և համակարգերի բնականոն գործունեության համար:».
i
7) հավելվածի 41-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «համաձայնեցման (մերժման)» բառերով.
8) հավելվածը լրացնել նոր` 1-ին և 2-րդ նկարներով` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը հաստատելու մասին» N 188-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1072-Ն որոշման
«Նկար 1
Նկար 2
»:
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2021 թվական: