100.0490.010606
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»         06           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006177
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
11 մայիսի 2006 թվականի N 490-Ն
 
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-008-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել` «Աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-008-06 (կցվում է):
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հավելված
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թ. մայիսի 11-ի
N 490-Ն հրամանով
 
Հիգիենիկ նորմեր
Աշխատատեղերում ինֆրաձայնի
ՀՆ N 2.2.4-008-06
 
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
 
1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են աշխատատեղերում ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և ինֆրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերի, սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների շահագործման ժամանակ ինֆրաձայնի ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակները:
1.2 (1.2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
2. Տերմիններ և սահմանումներ
 
2.1 Ինֆրաձայն - լսելի (ակուստիկ) հաճախականության միջակայքի ստորին շերտագծից` 20 Հց-ից (Հերց) ցածր հաճախականության ձայնային տատանումներ և ալիքներ:
2.2 Ձայնային ճնշման ընդհանուր (գծային) մակարդակ` դեցիբելգծային (դԲգծ) - մեծություն չափված աղմկաչափի «գծային» սանդղակով կամ հաշվարկված հաճախականությունների օկտավային շերտագծերում ձայնային ճնշման մակարդակների էներգետիկ գումարման միջոցով հաշվի չառնելով օկտավային ուղղումները:
2.3 Ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) ընդհանուր (գծային) մակարդակ Lհամ դԲգծ` ոչ մշտական ինֆրաձայնի - մշտական լայնաշերտ ինֆրաձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշումը, ինչ որ տվյալ ոչ մշտական ինֆրաձայնը` ժամանակի որոշակի հատվածում:
 
3. Ինֆրաձայնի դասակարգումը
 
3.1 Ինֆրաձայնը ըստ սպեկտրի դասակարգվում է.
3.1.1 Լայնաշերտ ինֆրաձայն - չընդհատվող սպեկտրով մեկ օկտավայից ավելի լայնությամբ ինֆրաձայն:
3.1.2 Երանգային ինֆրաձայն - սպեկտր, որը ներառում է լսելի ընդհատվող բաղադրիչներ: Ինֆրաձայնի ներդաշնակ (հարմոնիկ) բնութագիրը սահմանվում է օկտավային հաճախականությունների շերտագծերում` մեկ շերտագծի մակարդակի 10 դԲ-ից ոչ պակաս գերազանցումով` հարակից շերտագծերի նկատմամբ:
3.2 Ըստ ժամանակի ինֆրաձայնը դասակարգվում է.
3.2.1 Մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ ավելի (6դԲ-ով)` աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:
3.2.2 Ոչ մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ պակաս (6 դԲ-ով) աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:
 
4. Ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և սահմանային թույլատրելի
մակարդակները
 
4.1 Մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները (Lp), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով (դԲ).
2
P
     LP = 101g ----       դԲ, որտեղ
                 2
                P0
 
P- ձայնային ճնշման միջին քառակուսային արժեքն է, Պասկալ (Պա)
P0 - օդում ձայնային ճնշման ելքային արժեքը` հավասար 2 * 10-5 Պա
4.1.2 Ձայնային ճնշման մակարդակը (միաթիվ գնահատականով) չափվում է աղմկաչափի «գծային» սանդղակով` դԲգծ-ով (պայմանով, եթե աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով «գծային» և «Ա» սանդղակներով չափված մակարդակների տարբերությունը կազմում է 10 դԲ-ից ոչ պակաս):
4.2 Ոչ մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հերց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) մակարդակները` Lհամ (դԲ) և ձայնային ճնշման
համարժեքային ընդհանուր մակարդակը (դԲգծ), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով.
n
_
     Lհամ = 101g*(1/T*\ ti *10 (0,1Li) )      դԲ, որտեղ
                      /_
                      i=1
 
T - դիտարկման ժամանակն է, ժամ
ti - Li աղմուկի ազդեցության տևողությունը, ժամ
n - ինֆրաձայնի ազդեցության ընդհատումների ընդհանուր թիվը
Li - ինֆրաձայնի լոգարիթմական մակարդակը` ժամանակի i-րդ հատվածում, դԲ
4.4 Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:
 
Աղյուսակ 1
Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________.
| N | Արտադրական միջավայրի  |Ձայնային նշման մակարդակները|Ձայնային |
|   | և  աշխատանքային       |(դԲ) միջին երկրաչափական    |ճնշման   |
|   | գործընթացի ցուցանիշներ|հաճախականություններով      |ընդհանուր|
|   |                       |օկտավային շերտագծերում (Հց)|մակարդակ,|
|   |                       |___________________________|դԲգծային |
|   |                       |   2  |  4   |  8   |  16  |         |
|___|_______________________|______|______|______|______|_________|
| 1.| - Աշխատանքային        |  100 |  95  |  90  |  85  |  100    |
|   | գործընթացի ծանրություն|      |      |      |      |         |
|   |                       |      |      |      |      |         |
|   | - Աշխատանքային        |   95 |  90  |  85  |  80  |   95    |
|   | գործընթացի            |      |      |      |      |         |
|   | լարվածություն         |      |      |      |      |         |
|   |                       |      |      |      |      |         |
|   |                       |      |      |      |      |         |
|_________________________________________________________________|
| 2. Ժամանակի ընթացքում տատանվող և  ընդհատվող ինֆրաձայնի ձայնային |
| ճնշման սահմանային թույլատրելի մակարդակը սահմանվում է 120 դԲ:    |
._________________________________________________________________.
 
4.3 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը որոշվում է միայն գործիքային չափման արդյունքով:
4.4 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը` կախված ինֆրաձայնի ազդեցության տևողությունից, որոշվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
 
Աղյուսակ 2
ՈՒլտրաձայնի ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակի հաշվարկ
.____________________________________________________________________.
|Ազդեցության տևողությունը  (ժամ)| 8 | 7 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 0.5|
|_______________________________|___|___|___|___|___|___|___|___|____|
|ՈՒղղումը, դԲ                   | 0 |0.6|1.2| 2 | 3 |4.2| 6 | 9 | 12 |
.____________________________________________________________________.
 
4.5 Աղյուսակ 1-ում բերված աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության բնութագիրը, ինչպես նաև ինֆրաձայնի հիգիենիկ գնահատումը և ինֆրաձայնից պաշտպանության միջոցները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 756-Ն հրամանով: