ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/5831/05/23
Վարչական գործ թիվ ՎԴ/5831/05/23 2026 թ.
Նախագահող դատավոր` Հ. Խաչատրյան
Դատավորներ` Ա. Հարությունյան
Մ. Մելքումյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող` Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի հունվարի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Զարգարյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 10.06.2023 թվականի թիվ 8180246405 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ Զարգարյանը պահանջել է վերացնել Ծառայության 10.06.2023 թվականի թիվ 8180246405 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 26.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2024 թվականի որոշմամբ Արտյոմ Զարգարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.01.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Հասմիկ Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները, 30-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական վարույթի նյութերում առկա տեսանյութերով ուղղակիորեն արձանագրվում է հայցվորի կողմից ալկոհոլ օգտագործելու փաստի ընդունումը, ինչն արձանագրվել է նաև Դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է սթափության վիճակի զննությունը երկու անգամ անցկացնելու և վարչական ակտի հիմքում երկրորդ արձանագրությունը դնելու փաստարկին, ապա այս մասով հարկ է նշել, որ թեև թիվ 00616 արձանագրության մեջ արտացոլված չէ վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի համարանիշը, այնուհանդերձ հայցվորը չի վիճարկել այդ զննության անցկացման փաստը, իսկ պատասխանողը, վարչական վարույթի նյութերում ներառելով նաև այդ արձանագրությունը, ընդունել է այն Արտյոմ Զարգարյանի նկատմամբ կազմված լինելու հանգամանքը: Սթափության վիճակի երկու զննությունները կատարվել են միևնույն սարքով, իրականացված զննությունների միջև ժամանակային տարբերությունը կազմել է շուրջ 40 րոպե, սակայն երկու դեպքում էլ ստուգաչափված և ուժի մեջ գտնվող սարքով արձանագրված տվյալներով հայցվորի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0.5 միլիգրամը, որպիսի պայմաններում կազմված առաջին արձանագրությունը վիճարկվող որոշման հիմքում չդնելը տվյալ պարագայում չի կարող ազդել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.01.2024 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.06.2023 թվականին, ժամը` 00:33-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Արտյոմ Զարգարյանը ժամը 23:05, ք. Երևան, Մաշտոցի պողոտայում BMW մակնիշի 20 XX 200 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը: Որպես խախտված իրավական նորմ` նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում առկա է հայցվորի գրառումը` «Համաձայն չեմ, ընդհանրապես չեմ օգտագործել ոգելից խմիչք», իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը և ազգանունը (գթ. 6):
2) Սթափության վիճակի զննության թիվ 00616 արձանագրության համաձայն` Jupiter X/RP 91100896 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,768 մգ/լ: Զննման ժամը նշված է` 23:48:37: Արձանագրության մեջ բացակայում են վարորդի անունը, ազգանունը, պարեկային ծառայողի ազգանունը, կրծքանշանի համարը, արձանագրությունն ստորագրված չէ (գթ. 41):
3) Պարեկային ծառայող Զաքարյանի (կրծքանշանի համար` 03209) կողմից կազմված սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրության համաձայն` Jupiter X/RP 91100896 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում Արտյոմ Զարգարյանի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,676 մգ/լ: Զննման ժամը նշված է` 00:29:39 (գթ. 42):
4) Ծառայության 10.06.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180246405 որոշմամբ Արտյոմ Զարգարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով (գթ. 6):
5) «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 095310 ստուգաչափման վկայականի համաձայն` JupiterX/RP 91100896 ալկոտեստեր սարքը ստուգաչափվել է 05.05.2023 թվականին և ուժի մեջ է մինչև 05.05.2024 թվականը: Չափման տիրույթը` մինչև 2.000 մգ/լ (գթ. 12):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ ապացույցների համակցությամբ կարող է հաստատվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև` Օրենք) ամրագրում է հետևյալ խնդիրները` ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը (1-ին հոդվածի 2-րդ մաս): Այս խնդիրների լուծման համատեքստում է Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետով սահմանված տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու արգելքը: Օրենքի 2-րդ հոդվածում «ոչ սթափ վիճակ» հասկացությունը բնորոշվում է որպես ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Օրենքով սահմանված նշված արգելքը խախտելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 126-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում է.»1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 5 միավոր:
1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: (...)»:
Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում հասարակական հարաբերություններն են: Օբյեկտիվ կողմը դրսևորվում է տրանսպորտային միջոցը ալկոհոլի ազդեցությամբ վարելու ձևով: Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը նշանակում է վարորդի արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն:
Ըստ այդմ` Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտիվ կողմի առկայությունը կարող է հաստատվել հետևյալ փաստերի միաժամանակյա առկայության դեպքում.
- ենթադրյալ իրավախախտի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, և
- ենթադրյալ իրավախախտը վարել է տրանսպորտային միջոցը, այն է` տրանսպորտային միջոցի ընթացքի մեջ գտնվելու ժամանակ անմիջականորեն կատարել է վարորդի գործառույթը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի 2-րդ ենթակետի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման` սթափության վիճակը որոշելու համար (...):
Օրենքի 9-րդ հոդվածի «իե.3» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն:
i
«Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.03.2009 թվականի թիվ 277-Ն որոշմամբ (այսուհետ` Թիվ 277-Ն որոշում) հաստատվել են բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ` Թիվ 1 հավելված), բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի, ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի (այսուհետ` Թիվ 4 հավելված): Միաժամանակ, նշված որոշման 1.1-ին կետով սահմանվում են արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջները:
Թիվ 1 հավելվածի 14-րդ կետի համաձայն` վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով (բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի): Նույն հավելվածի 15-րդ կետի համաձայն` վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով: Նույն հավելվածի 20-րդ կետի համաձայն` մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
Թիվ 4 հավելվածի 3-րդ կետի համաձայն` վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն` նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը:
Թիվ 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն` եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`
1) տեխնիկական միջոցի համարը.
2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.
3) սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.
4) ալկոհոլի պարունակությունը.
5) վարորդի անունը, ազգանունը.
6) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.
7) սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը:
Թիվ 4 հավելվածի 5-րդ կետի համաձայն` վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը` կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:
Թիվ 4 հավելվածի 8-րդ կետի համաձայն` եթե վարորդը խուսափում է (այդ թվում` հրաժարվելու միջոցով) նույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է նույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից` սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում` հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի` արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշմամբ հաստատված ձևին (համաձայն թիվ 2 հավելվածի) համապատասխան կազմված` բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը, իսկ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող` նույն որոշման 1.1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված` վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը:
i
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր մյուս տարրին` տրանսպորտային միջոցը վարելու փաստին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5866/05/22 վարչական գործով 07.03.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ անձին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը` գտնվելով ոչ սթափ վիճակում: Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան:»:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշման իրավաչափությունը գնահատելիս դատարանի խնդիրն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածներին համապատասխան պարզել, արդյոք անձին վերագրված իրավախախտման փաստը հաստատվում է հսկողական տեսախցիկով կատարված տեսանյութով և Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող` նույն որոշման 1.-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված` վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ կամ բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Արտյոմ Զարգարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության 10.06.2023 թվականի թիվ 8180246405 որոշումը:
Դատարանը 26.01.2024 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Չնայած այն հանգամանքին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության մեջ հայցվորը հայտնել է իր անհամաձայնությունը` նշելով, որ ալկոհոլ չի օգտագործել, այնուհանդերձ Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերում առկա տեսանյութերի հետազոտությունից ակնհայտ է, որ հայցվորն ուղղակիորեն ընդունում է ալկոհոլ օգտագործելու փաստը (2-րդ տեսանյութի 00:05 րոպեից սկսած):(...)
Անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ սթափության վիճակի զննությունն անցկացվել է երկու անգամ, սակայն վարչական ակտի հիմքում դրվել է երկրորդ արձանագրությունը` Դատարանը նախ արձանագրում է, որ թիվ 00616 արձանագրության մեջ արտացոլված չէ վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի համարանիշը, այնուհանդերձ հայցվորը չի վիճարկել այդ զննության անցկացման փաստը, իսկ պատասխանողը, վարչական վարույթի նյութերում ներառելով նաև այդ արձանագրությունը, այդպիսով ընդունել է այն Արտյոմ Զարգարյանի նկատմամբ կազմված լինելու հանգամանքը: Նշված արձանագրությամբ վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը 0,768 մգ/լ է, զննման ժամը նշված է` 23:48:37, իսկ պարեկային ծառայող Զաքարյանի (կրծքանշանի համար` 03209) կողմից կազմված սթափության վիճակի զննության 00617 արձանագրության համաձայն` Jupiter X/RP 91100896 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը 0,676 մգ/լ է: Զննման ժամը նշված է` 00:29:39:
Սթափության զննության նշված արձանագրությունները կազմվել են միևնույն վարույթի շրջանակներում, որպիսի փաստը հայցվորը չի վիճարկել: Սթափության վիճակի երկու զննությունները կատարվել են միևնույն սարքով, որը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 095310 ստուգաչափման վկայականի համաձայն` ստուգաչափվել է 05.05.2023թ. և ուժի մեջ է մինչև 05.05.2024թ., իրականացված զննությունների միջև ժամանակային տարբերությունը կազմել է շուրջ 40 րոպե, իսկ այդ ընթացքում առաջին զննության արդյունքում հայցվորի արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը արձանագրվել է 0,768 մգ/լ, իսկ երկրորդ զննության արդյունքում` 0,676 մգ/լ, այսինքն` երկու դեպքում էլ ստուգաչափված և ուժի մեջ գտնվող սարքով արձանագրված տվյալներով հայցվորի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0.5 միլիգրամը, որպիսի պայմաններում կազմված առաջին արձանագրությունը վիճարկվող որոշման հիմքում չդնելը տվյալ պարագայում չի կարող ազդել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա: Ընդ որում, սթափության վիճակի երկրորդ զննությունն իրականացվել է առաջին զննությունից շուրջ 40 րոպե անց և արդյունքում արձանագրվել է ալկոհոլի պարունակության ավելի նվազ չափ: (...)
Ինչ վերաբերում է սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը չհանձնելու հայցվորի փաստարկին, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում այն չի կարող ազդել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա, քանի որ վարչական վարույթի նյութերում առկա տեսանյութի հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ սթափության վիճակի զննությունն իրականացնելուց հետո պարեկային ծառայողի կողմից բարձրաձայն հնչում է վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը (տեսանյութի 0:00:50 րոպեից սկսած (ժամը 00:24)), ինչին հայցվորը չի առարկում: Միևնույն ժամանակ, հայցվորը ևս չի նշել, որևէ հիմնավոր փաստարկ, թե իր որ իրավունքն է խախտվել սթափության զննության արձանագրությունը փաստացի չստանալու արդյունքում, որպիսի պայմաններում վկայակոչված փաստն ինքնին չի կարող վարչական ակտի անվավերության հիմք հանդիսանալ: (...)
Դատարանի գնահատմամբ վերը նշված ապացույցները համակցության մեջ թույլ են տալիս եզրահանգելու, որ Արտյոմ Զարգարյանը կատարել է իրեն վերագրվող իրավախախտումը, ներկայացված տեսանյութում վերջինս ուղղակիորեն ընդունել է ալկոհոլ օգտագործելու փաստը, իսկ ալկոհոլի չափը հաստատվել է սթափության վիճակի զննության արձանագրությամբ:(...)»:
Վերաքննիչ դատարանը 08.10.2024 թվականի որոշմամբ բավարարել է Արտյոմ Զարգարյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ ապացույցներում առկա են իրարամերժ տեղեկություններ, իսկ պատասխանողի կողմից ներկայացված տեսանյութերով միանշանակ չի հաստատվում Արտյոմ Զարգարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու հանգամանքը, մասնավորապես` ներկայացված տեսանյութերն ամբողջական չեն, որպիսի հանգամանքը հնարավորություն չի տալիս լիովին գնահատելու իրողությունը: Ավելին, տվյալ դեպքում առկա են թիվ 91100896 սարքի համարով արտաշնչած օդում էականորեն տարբերվող տեղեկություններ պարունակող 00616 և 00617 զննման համարների սթափության վիճակի կտրոններ, ինչը հնարավորություն չի տալիս վարչական վարույթում ձեռք բերված ապացույցներով հստակորեն փաստել մասնավոր` քննարկվող դեպքում արտաշնչած օդում ալկոհոլի ստույգ պարունակությունը (...)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` պարեկային ծառայող Զաքարյանը 10.06.2023 թվականին, ժամը` 00:33-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի` Արտյոմ Զարգարյանը ժամը 23:05-ին, ք. Երևան, Մաշտոցի պողոտայում BMW մակնիշի 20 XX 200 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը: Որպես խախտված իրավական նորմ` նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում առկա է հայցվորի գրառումը` «Համաձայն չեմ, ընդհանրապես չեմ օգտագործել ոգելից խմիչք», իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը և ազգանունը:
Ծառայության 10.06.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180246405 որոշմամբ Արտյոմ Արամի Զարգարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:
Վարչական վարույթի նյութերում առկա են սթափության վիճակի զննության թիվ 00616 արձանագրությունը և թիվ 00617 արձանագրությունը: Թիվ 00616 արձանագրության համաձայն` Jupiter X/RP 91100896 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,768 մգ/լ: Զննման ժամը նշված է` 23:48:37: Արձանագրության մեջ բացակայում են վարորդի անունը, ազգանունը, պարեկային ծառայողի ազգանունը, կրծքանշանի համարը, արձանագրությունն ստորագրված չէ: Այսինքն` թիվ 00616 արձանագրությունը չի համապատասխանում Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետի պահանջներին:
Սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրության համաձայն` Jupiter X/RP 91100896 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում Արտյոմ Զարգարյանի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,676 մգ/լ: Թիվ 00617 արձանագրությունը համապատասխանում է Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետի պահանջներին` բովանդակելով տեխնիկական միջոցի համարը` 91100896, տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը` 05.05.2023 թվական, սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը` 10.06.2023 թվական, ժամը` 00:29:39, ալկոհոլի պարունակությունը` 0.676 մգ/լ, վարորդի անունը, ազգանունը` Արտյոմ Զարգարյան, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը` 20 XX 200, սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը` Զաքարյան, կրծքանշանի համարը` 03209: Արձանագրությունն ստորագրված է պարեկային ծառայող Զաքարյանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի առկայությունը` մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատվում է սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված` վարորդի սթափության վիճակի զննության տեխնիկական միջոցով կազմված` վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրությամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` այն հանգամանքը, որ վարչական վարույթի ընթացքում կազմվել է թվով երկու սթափության վիճակի զննության արձանագրություն, որևէ կերպ չի կարող անդրադառնալ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վիճարկվող որոշման իրավաչափության վրա, քանզի Թիվ 277-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն բացառում մեկից ավելի արձանագրության կազմման հնարավորությունը: Սույն դեպքում էականը ոչ թե թվով երկու սթափության վիճակի զննության արձանագրությունների առկայությունն է, այլ այն, թե դրանցից որն է դրվել հայցվորին պատասխանատվության ենթարկելու հիմքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքում իրավաչափորեն դրվել է այն արձանագրությունը, որը համապատասխանում է Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետի պահանջներին, այն է` թիվ 00617 արձանագրությունը (10.06.2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը կցված է թիվ 00617 արձանագրությունը):
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն գնահատականին, որ «վարչական իրավախախտման վերաբերյալ ապացույցներում առկա են իրարամերժ տեղեկություններ», ապա սթափության վիճակի զննության թիվ 00616 և թիվ 00617 արձանագրություններում արձանագրված` ալկոհոլի քանակի տարբերությունն օբյեկտիվորեն պայմանավորված է երկու արձանագրությունների կազմման միջև ընկած ժամանակային տևողությամբ: Սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրությունը կազմվել է թիվ 00616 արձանագրությունը կազմելուց շուրջ 40 րոպե հետո, ինչի արդյունքում թիվ 00617 արձանագրությամբ արձանագրվել է մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի ավելի նվազ պարունակություն` 0,676 մգ/լ` թիվ 00616 արձանագրությամբ արձանագրված 0,768 մգ/լ-ի փոխարեն: Ըստ այդմ, նշված հանգամանքը չի կարող անդրադառնալ վիճարկվող ակտի իրավաչափության վրա:
Վարչական վարույթի նյութերում առկա է նաև հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով հաստատվում է նաև հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր մյուս տարրի առկայությունը` տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից վարելու փաստը: Իսկ տեսանյութի ամբողջական չլինելու հանգամանքը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դնել հայցվորի կողմից տվյալ տրանսպորտային միջոցը վարելու փաստը, ինչն ակնհայտ է տեսանյութից:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու փաստը:
Ինչ վերաբերում է սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը հայցվորին չհանձնելու վերաբերյալ հայցվորի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 10.06.2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ` որպես վերջինիս կից փաստաթուղթ, ի թիվս այլնի, նշված է վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրությունը, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ առկա է Արտյոմ Զարգարյանի ստորագրությունը և նշում արձանագրությանը ծանոթանալու, իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքի, խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստանալու մասին: Նշվածը վկայում է, որ հայցվորը տեղեկացված է եղել սթափության վիճակի զննության թիվ 00617 արձանագրության մասին: Բացի այդ, վարչական վարույթի նյութերում առկա տեսանյութի հետազոտման արդյունքում պարզ է դառնում, որ սթափության վիճակի զննությունն իրականացնելուց հետո պարեկային ծառայողի կողմից հայցվորին ցուցադրվում են ստուգաչափի տվյալները, այնուհետև բարձրաձայն հնչեցվում է վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության քանակը (0,676 մգ/լ), ինչին հայցվորը չի առարկում:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և ապացույցների համադրված գնահատման արդյունքում իրավաչափորեն հաստատված է համարել հայցվորին վերագրված իրավախախտման փաստի առկայությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Արտյոմ Զարգարյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 26.01.2024 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Արտյոմ Զարգարյանից հօգուտ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող` Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3107