ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/3262/05/22
Վարչական գործ թիվ ՎԴ/3262/05/22 2026 թ.
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Այվազյան
Ռ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող Ռ. Հակոբյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի հունվարի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Անի Մկրտչյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ` 19.04.2022 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու, գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անի Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.04.2022 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու, գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է: Որոշվել է Ծառայությունից հօգուտ Անի Մկրտչյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի փոխհատուցման ենթակա գումար:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2024 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը` բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Օլգա Բունիաթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև նշված նորմին Վերաքննիչ դատարանի տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի նախադեպային որոշմամբ տրված մեկնաբանությանը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն դեպքում վեճն ըստ էության սպառվելու հիմքում դրված գործողությունները պայմանավորված են բացառապես օբյեկտիվ հանգամանքների փոփոխության` կատարողական վարույթի կողմերից մեկի սնանկության հիմքով: Ընդ որում` գործող օրենսդրությունն ուղղակիորեն հարկադիր կատարողի վրա դնում է նման հանգամանքների առկայության պայմաններում եռօրյա ժամկետում կատարողական վարույթի կարճման պարտականություն, ըստ այդմ` չկարճելով կատարողական վարույթը` հարկադիր կատարողը թույլ էր տալու նորմերի խախտում:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի չի առել, որ սույն դեպքում վեճն ըստ էության սպառվել է ոչ թե այն պատճառով, որ Ծառայությունն իրականացրել է հայցվորի պահանջների բավարարմանը և վեճը լուծելուն ուղղված գործողություն, այլ այն պատճառով, որ Ծառայությունը, կատարելով օրենսդրորեն ամրագրված իր պարտականությունները և լիազորությունները, կարճել է կատարողական վարույթը սնանկության հիմքով:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2025 թվականի որոշումը և այն փոփոխել` դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/4898/02/22 քաղաքացիական գործով 04.03.2022 թվականին տրված կատարողական թերթով նշվել է հայցագնի` 41.359.500 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա (կատարողական վարույթի նյութերի պատճենների 1-ին հատորի 2-3-րդ թերթեր).
2) վերը նշված կատարողական թերթի հիման վրա Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 07.03.2022 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 08797816 կատարողական վարույթը` հայցի ապահովման նպատակով հայցագնի` 41.359.500 ՀՀ դրամ գումարի չափով, արգելանք է դրվել պատասխանող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա (կատարողական վարույթի նյութերի պատճենների 1-ին հատորի 4-րդ թերթ).
3) Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 21.03.2022 թվականի որոշմամբ 07.03.2022 թվականին հարուցված թիվ 08797816 կատարողական վարույթն ավարտվել է (կատարողական վարույթի նյութերի պատճենների 3-րդ հատորի 4-րդ թերթ).
4) Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 19.04.2022 թվականի որոշմամբ վերսկսվել է 21.03.2022 թվականի որոշմամբ ավարտված թիվ 08797816 կատարողական վարույթը, վերացվել է պարտապանի գույքի վրա դրված արգելանքը, և նշված կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 12).
5) թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 25.01.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (կատարողական վարույթի նյութերի պատճենների 3-րդ հատորի 139-րդ թերթ, նաև www.Court.am պաշտոնական կայք).
6) Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 30.03.2023 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու, գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` վերսկսվել է 21.03.2022 թվականին ավարտված թիվ 08797816 կատարողական վարույթը, պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացվել են և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կարճվել է: Նույն որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ՍնԴ/3572/04/22 վճռով «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (կատարողական վարույթի նյութերի պատճենների 3-րդ հատորի 145-րդ թերթ).
7) Անի Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված սույն վարչական գործի վարույթը Դատարանի 01.02.2024 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով կարճվել է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ Դատարանը դատական ծախսի, այն է` պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է Ծառայության վրա` վերջինիցս հօգուտ Անի Մկրտչյանի գանձելով 10.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 85):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի: Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական կարգավորումներին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ «Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի ու արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն` այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով` անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր» (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե` ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aտt-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը:
Վերը վկայակոչված` Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Թեև օրենսդիրը սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` լուծելու վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանողի վրա դնելու հարցը, այդուհանդերձ այդ լիազորությունը դատարանները պետք է իրացնեն մարդու` դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների հաշվառմամբ` այնպես, որ չխաթարվի այդ իրավունքների բուն էությունը: Մասնավորապես, եթե վեճը սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, օրինակ` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ժամանակ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է վիճարկվող վարչական ակտը, ապա այդ պարագայում հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, ինչն ապահովում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացումը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Ինչպես վերը նշվեց, վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենսդիրը, օգտագործելով «կարող է» եզրույթը, դատարանի լիազորությունը` կապված վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի լուծման հետ, տվյալ դեպքում սահմանել է որպես հայեցողական, որը դատարանին հնարավորություն է տալիս վերը նշված սկզբունքներից ելնելով` նաև այլ ձևով լուծելու այդ հարցը, օրինակ` դատական ծախսերի, այդ թվում նաև` ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը չդնել պատասխանողի վրա (տե՛ս, Վոլոդյա Կարապետյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8485/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է ընդհանուր կանոն, համաձայն որի` դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է: Նույն իրավանորմով օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից սահմանել է բացառություն, համաձայն որի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա:
Վերը վկայակոչված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը պատասխանողի վրա դնելու կարևոր պայմաններից մեկի` վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում պատասխանող վարչական մարմնի գործողությունների ազդեցության վերաբերյալ: Այդուհանդերձ, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը վրա հասնի պատասխանող վարչական մարմնի այնպիսի գործողության հետևանքով, որպիսի գործողությունը կատարվել է հայցվորի կողմից դրսևորված վարքագծի արդյունքում: Այլ կերպ ասած` եթե հայցվորն իր վարքագծով պատճառ կամ առիթ է դառնում պատասխանող վարչական մարմնի կողմից որոշակի գործողություն կատարելու համար, որը հանգեցնում է վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման, ապա այդ պարագայում վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը չի կարող դրվել պատասխանողի վրա:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Մինչդեռ այն դեպքում, երբ վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը պատասխանող վարչական մարմնի կողմից կատարված այնպիսի գործողությունն է, որը հետևանք է հայցվորի կողմից դրսևորված վարքագիծը, ապա այդ պարագայում վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը չի կարող դրվել պատասխանողի վրա (տե՛ս, Ալվարդ Մելիքյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ` Սուրիկ Հովսեփյան, թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ամրագրել է այն ընդհանուր կանոնը, որ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա` միաժամանակ այդ ընդհանուր կանոնից սահմանելով նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերում նշված դեպքերը` որպես բացառություն, երբ նշված հիմքերով, այն է` վեճն ըստ էության սպառվել է կամ դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, գործի վարույթը կարճելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Մասնավորապես, այն դեպքում, երբ վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը վրա է հասնում պատասխանող վարչական մարմնի կամքից անկախ տեղի ունեցած հանգամանքի փոփոխության հետևանքով և դրանով պայմանավորված օրենքով նախատեսված պարտադիր կատարման ենթակա գործողության արդյունքում, ապա վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում վերջինս չի կարող կրել դատական ծախսերի հատուցման պարտականությունը: Հետևաբար գործի վարույթը նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված դեպքով կարճելու պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը հայցվորի կամ պատասխանողի վրա դնելու հարցը լուծելիս` պետք է հաշվի առնվի վեճն ըստ էության սպառվելու պատճառը և այդ իրադրությունը վրա հասնելու հարցում դատավարության մասնակիցների կողմից դրսևորված վարքագիծը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել Է Անի Մկրտչյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.04.2022 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու, գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը:
Դատարանը 01.02.2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Տվյալ դեպքում, հայցվորը վճարել է պետական տուրքի գումարը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վեճն ըստ էության սպառվել է հայցադիմում ներկայացնելուց հետո պատասխանողի գործողությունների արդյունքում, գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հետևաբար վերջինիցս հօգուտ Անի Մկրտչյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի փոխհատուցման ենթակա գումար»:
Վերաքննիչ դատարանը 03.04.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի որոշումը` բողոքարկված մասով թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) 2022 թվականի մայիսի 23-ին դիմելով ՀՀ վարչական դատարան և վճարելով սահմանված պետական տուրքը` հայցվորն իրացրել է դատարան դիմելու իր սահմանադրական իրավունքը` հետապնդելով իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման նպատակը` այդ ուղղությամբ ձեռնարկելով համապատասխան դատավարական գործողությունները, հետևաբար, (...) սույն դեպքում հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրականացման տեսանկյունից դատական ծախսերի հատուցման մասով Վարչական դատարանի հայեցողական լիազորությունը կիրառվել է իրավաչափորեն: Այլ խոսքով, վեճը սպառված լինելու հետևությունը չի բխում հայցվորի դրսևորած որևէ վարքագծից, այլ բխում է պատասխանողի գործողություններից (ուղիղ կամ անուղղակի արտահայտմամբ), հետևապես դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը պատասխանողին փոխանցելով` Վարչական դատարանը դատական ծախսերի մասով թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: (...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/4898/02/22 քաղաքացիական գործով 04.03.2022 թվականին տրված կատարողական թերթով նշվել է հայցագնի` 41.359.500 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա:
Վերը նշված կատարողական թերթի հիման վրա Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 07.03.2022 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 08797816 կատարողական վարույթը` հայցի ապահովման նպատակով հայցագնի` 41.359.500 ՀՀ դրամ գումարի չափով, արգելանք է դրվել պատասխանող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա:
Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 21.03.2022 թվականի որոշմամբ 07.03.2022 թվականին հարուցված թիվ 08797816 կատարողական վարույթն ավարտվել է:
Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 19.04.2022 թվականի որոշմամբ վերսկսվել է 21.03.2022 թվականի որոշմամբ ավարտված թիվ 08797816 կատարողական վարույթը, վերացվել է պարտապանի գույքի վրա դրված արգելանքը, և նշված կատարողական վարույթն ավարտվել է:
Թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 25.01.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 30.03.2023 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու, գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` վերսկսվել է 21.03.2022 թվականին ավարտված թիվ 08797816 կատարողական վարույթը, պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացվել են և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կարճվել է: Նույն որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ՍնԴ/3572/04/22 վճռով «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Անի Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված սույն վարչական գործի վարույթը Դատարանի 01.02.2024 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով կարճվել է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ Դատարանը դատական ծախսի, այն է` պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է Ծառայության վրա` վերջինիցս հօգուտ Անի Մկրտչյանի գանձելով 10.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Ծառայությունը չի կատարել սույն վեճի սպառմանն ուղղված որևէ ակտիվ գործողություն: Վերջինիս կողմից դրսևորված վարքագիծն ամբողջությամբ բխել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, ինչն էլ հիմք ընդունելով Ծառայությունը կարճել է թիվ 08797816 կատարողական վարույթը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 25.01.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով խնդրո առարկա կատարողական վարույթով պարտապան հանդիսացող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Այսինքն` սույն գործով վեճն ըստ էության սպառվել է ոչ թե պատասխանող վարչական մարմնի` Ծառայության, ակտիվ գործողությունների հետևանքով, այլ` վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը վրա է հասել Ծառայության կամքից անկախ տեղի ունեցած հանգամանքի փոփոխության հետևանքով, այն է` պարտապան ընկերությունը ճանաչվել է սնանկ, և դրանով պայմանավորված ի հայտ է եկել կատարողական վարույթը կարճելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իմպերատիվ հիմք, որպիսի իրադրության վրա ներգործելու կամ ազդելու որևէ իրավական հիմք Ծառայությունը չի ունեցել:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով կարճելու պարագայում դատական ծախսի հատուցման պարտականությունը չէր կարող դրվել պատասխանողի վրա, քանի որ, ինչպես վերն արդեն նշվել է, Ծառայությունն իրավաչափորեն կատարել է օրենքով նախատեսված իր պարտականությունը, ինչը վերջինիս համար որևէ բացասական հետևանք, այդ թվում` դատական ծախսեր հատուցելու ձևով չի կարող առաջացնել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Ըստ այդմ` հաշվի առնելով, որ հայցադիմում ներկայացնելու համար հայցվորը վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբեր Ծառայության կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ սույն գործով տրված մեկնաբանությունը թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի որոշմամբ տրված մեկնաբանությանը հակասելը, որպիսի փաստարկը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և եզրահանգումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր:
Ըստ այդմ` իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2025 թվականի որոշմամբ և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելու առումով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Ծառայությունը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է միայն դատական ծախսի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի հարցը վերոգրյալ իրավանորմի ուժով պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2025 թվականի որոշումը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. ՀՀ վարչական դատարանի 01.02.2024 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը` դատական ծախսերի մասով, բեկանել և փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող Ռ. Հակոբյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3121