ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/7873/05/24
Վարչական գործ թիվ ՎԴ/7873/05/24 2026 թ.
Նախագահող դատավոր` Ռ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող` Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի փետրվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ` «ԺՈՐՀԱՍ» ՍՊ ընկերություն (այսուհետ` Ընկերություն)` Ընկերության անվամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող 01-003-0251-0014 կադաստրային ծածկագրով 0.02 հա հողամասի նկատմամբ 25.04.2006 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության անվամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող 01-003-0251-0014 կադաստրային ծածկագրով 0.02 հա հողամասի նկատմամբ 25.04.2006 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ նշվել է, որ Դատարանը դրան կանդրադառնա վարչական վարույթի նյութերը ստանալուց հետո:
Դատարանի 11.04.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2025 թվականի որոշմամբ երրորդ անձ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 11.04.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ` Իգոր Ալավերդյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը վիճարկման հայց հարուցելու դատավարական ժամկետը բաց է թողել իրենից անկախ հանգամանքներում` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բացառիկ դեպքի համատեքստում վեճի առարկա հանդիսացող ակտերի մասին իրազեկված չլինելու հետևանքով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորության իրացմամբ պետական (համայնքային) շահերի ենթադրյալ խախտմանը փաստացի տեղեկանալուց հետո հայցվորն օրենքով սահմանված ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ հայց հարուցելու ուղղությամբ, որպիսի դեպքում էլ ժամկետի բաց թողնման պատճառը պետք է համարվի հարգելի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի իրացման շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին ուղղված 19.04.2024 թվականի գրությամբ խնդրել է. «(...) տրամադրել Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող, թիվ 01-003-0251-0014 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի միավորի կադաստրային գործի պատճենները», որոնք ստացվել են 29.04.2024 թվականին, որից հետո էլ հայցը 01.07.2024 թվականին ներկայացվել է Դատարան:
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում և թիվ ՎԴ/7800/05/24 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2025 թվականի որոշմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում և թիվ ՎԴ/7800/05/24 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 25.03.2025 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած որոշմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նշված իրավանորմի միատեսակ կիրառության ու նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների առանձնահատկություններին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի` «Դատախազության լիազորությունները» վերտառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ`
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանվել է. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու և ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ»:
Վերը վկայակոչված իրավանորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը Դատախազությունն իրավասու է իրացնել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, որոնց սպառիչ ցանկը թվարկված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով: Ընդ որում` օրենսդրի կողմից նախատեսվել են այդ լիազորությունն իրացնելու գործիքակազմեր, որոնցից է նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավունքը:
Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է նշված իրավունքի իրացման նպատակը, որը պետք է միտված լինի հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելուն: Այլ կերպ ասած, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավունքի իրացման արդյունքում Դատախազության կողմից պարզման ենթակա հարցը կարող է վերաբերել բացառապես նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը հայտնաբերելուն:
Մասնավորապես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու միջոցով պետք է պարզվեն, թե արդյո՞ք.
- Դատախազությունն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելու լիազորությամբ օժտված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել,
- պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունն այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու նաև այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը: Այսինքն, այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած` անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով: Ընդ որում, տվյալ ժամկետի հաշվարկման ելակետը պետք է պայմանավորել դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալու պահով:
Այլ կերպ ասած` եթե պետական կամ տեղական ինքակառավարման մարմինը ստացել է դատախազի առաջարկությունը` պետական շահերի պաշտպանությանն առնչվող հարցով դատարան դիմելու վերաբերյալ, ապա տվյալ մարմինը առաջարկությունը ստանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայց ներկայացնելու ժամկետների պահպանմամբ պետք է դիմի ՀՀ վարչական դատարան, որպիսի ժամկետներում ներկայացված հայցը կհամարվի ողջամիտ ժամկետում ներկայացված:
Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, այսինքն, չեն պահպանվել նախքան դատարան հայց ներկայացնելն օրենքով սահմանված նախապայմանները, ապա հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ հայցադիմումը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից:
Ի լրումն վերոգրյալի` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է (տե՛ս, ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունն ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ ՎԴ/4143/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2024 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունքն իրացնելու համար Դատախազությունը պարտադիր կերպով պետք է ստուգի, թե պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունն արդյո՞ք օրենքով վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, եթե` այո, ապա դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Եթե պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունն օրենքով վերապահված չէ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնին, ապա Դատախազությունը կարող է իրացնել հայց հարուցելու իր լիազորությունը, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
Վերոգրյալ հանգամանքները պարզելու միջոց է հանդիսանում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը: Ըստ այդմ` նշված իրավանորմի կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջված և ստացված անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում պարզելով, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, այսինքն` դրսևորել է անգործություն, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ընթացակարգը սպառելուց, այսինքն` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունն իրացնելու անհրաժեշտ նախադրյալների առկայությունը հաստատվելուց հետո միայն Դատախազությունը դատավարական կանոնների, այդ թվում դատավարական ժամկետների պահպանմամբ հայց է հարուցում դատարան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար` այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով: Մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետ չի նախատեսել:
Նախկինում կայացրած որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաև ժամկետային սահմանափակումները, պետք է հավասարապես կիրառելի լինեն յուրաքանչյուրի նկատմամբ` անկախ նրանց կարգավիճակից: Այլ կերպ ասած` անկախ հայցվորի ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ վարչական մարմին լինելու հանգամանքից, վերջիններիս համար պետք է ապահովվի միևնույն պայմանները, և որևէ սուբյեկտ չի կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները: Միևնույն ժամանակ դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները պետք է բավարար չափով որոշակի լինեն, որպեսզի հիմնական իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չլինելու հետևանքով վերջիններս ձեռք են բերում դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և հնարավորություն են ստանում վիճարկման հայցը դատարան ներկայացնել առանց ժամկետային սահմանափակման: Հետևաբար անձանց գույքային շահերին առնչվող վարչական ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա բողոքարկելու հնարավորությունը ժամկետային սահմանափակման չենթարկելու պարագայում նրանց համար ստեղծվում է իրավական անորոշություն: Որպես հետևանք խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության բոլոր ձևերի ճանաչման և հավասարապես պաշտպանության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքները: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված կարգավորման մեջ անհրաժեշտ է հանրային և մասնավոր շահերի` որպես սահմանադրորեն պաշտպանվող արժեքների արդարացի հավասարակշռության հաստատում:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ 01.01.2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատություն ներդնելու նպատակը եղել է մի կողմից պետական (վարչական մարմինների), մյուս կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև գոյություն ունեցող իրական անհավասարությունը վերացնելը, վերջիններիս դիրքը պետության (վարչական մարմինների) համեմատ ուժեղացնելը և դրանով իսկ առկա ուժային տարբերությունը նվազեցնելը հօգուտ քաղաքացու: Այլ կերպ ասած` վարչական արդարադատությունը միտված է վարչաիրավական հարաբերությունն իրավական պետության ոգով ձևավորելուն, այդ թվում` վարչական մարմնի և քաղաքացու միջև հավասարակշռություն ապահովելուն:
Վարչական վարույթը կարգավորող իրավունքը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և վարչական դատավարական իրավունքը` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը իրավական պետության այնպիսի նվաճումներ են, որոնք երաշխավորում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը վարչական մարմինների վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից: Այդ երկու օրենքները պետք է թույլ չտան, որ վարչական մարմինը հիշատակված ուժային տարբերության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերվի որպես լոկ օբյեկտի և հաշվի չառնի նրանց օրինական շահերը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթը, վարչական դատարանը և վարչական դատավարական իրավունքը իրավական ինստիտուտներ են, որոնք հատկապես սերտորեն են կապված իրավական պետության սկզբունքի հետ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի իմաստով: Նրանք հարաբերական են դարձնում կառավարության (գործադիր իշխանության) և քաղաքացու միջև անխուսափելի կառուցվածքային ուժային տարբերությունը` ընթացակարգային իրավունքներով տևականորեն ուժեղացնելով քաղաքացու իրավական կարգավիճակը:
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները չեն կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները, հետևաբար նրանց համար ևս պետք է ապահովվեն միևնույն պայմանները, ինչը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի այլ մասերում նշված սուբյեկտների համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտներին վերապահելով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք, միևնույն ժամանակ, սակայն, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել նշված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև հավասարակշռությունն ապահովելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումն այն մեկնաբանմամբ, որ նշված իրավանորմում օգտագործված «վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից» եզրույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների համար պետք է դիտարկվի որպես վիճարկվող վարչական ակտի մասին վերջիններիս կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահ: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից ընդդեմ վարչական մարմինների վիճարկման հայցը կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` այն պահից սկսած, երբ հայցվոր վարչական մարմինն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվել է վարչական ակտի գոյության մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ կառավարության, երրորդ անձինք` ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ), Երևան համայնք, թիվ ՎԴ/1951/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները վիճարկելու հայցերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից» եզրույթը պետք է դիտարկել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համատեքստում:
Այսպես.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` «Պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ:
Նշված իրավանորմում ամրագրված կարգավորումից հետևում է, որ իրավունքի պետական գրանցումն ունի իրավաբանական ուժ, և բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված այդ գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում դրա մասին տեղյակ են, թե` ոչ, հետևաբար իրավունքի պետական գրանցումների վիճարկման ժամկետի հոսքը պայմանավորվում է վիճարկվող վարչական ակտի ընդունման` իրավունքի պետական գրանցումը կատարելու օրվան հաջորդող օրվանից: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ժամկետի ավարտից հետո վիճարկման հայց ներկայացնելու պարագայում հայցվորը պետք է ներկայացնի նաև միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Այլ որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունն իրականացնելու միջոցով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջված և ստացված անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում Դատախազությունը պարզում է միայն նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը, որպիսի պարագայում միայն Դատախազությունն իրավասու է հայց հարուցել դատարան:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպք է հանդիսանում նաև այն, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, որի առկայությունը պարզելու նպատակով Դատախազությունը կարող է իրացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունը և պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հայց հարուցելու բացառիկ դեպքի առկայությունը կարող է հաստատված համարվել միայն այն պարագայում, եթե վերոգրյալ լիազորության կիրառման արդյունքում ձեռք բերված իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները պարունակում են բավարար տվյալներ այն մասին, որ տեղի է ունեցել պետական (համայնքային) շահերի խախտում այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին:
Վերոգրյալ փաստակազմի առկայությունը հաստատված համարելու դեպքում Դատախազության մոտ ծագում է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը դատարան ներկայացնելու առաջնային իրավասություն, որը վերջինս կարող է իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետներում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը չի կարող իրականացվել a priori, առանց որևէ առիթի, հետևաբար նշված իրավանորմով սահմանված լիազորության իրացման համար պետք է առկա լինի այնպիսի հանգամանք, որն առերևույթ կարող է վկայել պետական (համայնքային) շահերի խախտման մասին, որպիսի շահի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա իրացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը: Հակառակ մեկնաբանման դեպքում, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը կիրառելու առումով Դատախազությունը կաշկանդված չի լինի որևէ ժամկետային կամ այլ հանգամանքով, ինչը ոչ միայն կհանգեցնի իրավական անորոշության` գրեթե անհնար դարձնելով այդ լիազորությունն իրացնելու իրավաչափության գնահատումը, այլև հանրային իրավահարաբերությունների մասնակիցների համեմատությամբ Դատախազությունը կստանա առավել արտոնյալ կարգավիճակ, ինչը կհակասի իրավական պետության սահմանադրական հիմնարար սկզբունքին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
ՀՀ գլխավոր դատախազությունը 01.07.2024 թվականին փոստային առաքման եղանակով հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ընկերության անվամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող 01-003-0251-0014 կադաստրային ծածկագրով 0.02 հա հողամասի նկատմամբ 25.04.2006 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ Դատախազությունը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` որպես հիմնավորում փաստարկելով, որ պետական (համայնքային) շահերի խախտման, այսինքն` վիճարկման ենթակա վարչական ակտի գոյության մասին հայտնի է դարձել իրենց լիազորությունների, մասնավորապես` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում 29.04.2024 թվականին` Դատախազություն մուտքագրված կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության և 28.06.2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտե հանցանքի մասին հաղորդման ներկայացման արդյունքում, իսկ մինչ այդ վերջինս սույն հայցադիմումը ներկայացնելու իրավական հնարավորություն չի ունեցել:
Դատարանը 11.04.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է` նշելով. «(...) հաշվի առնելով, որ վիճարկվող պետական գրանցման մասին Հայցվորը փաստացի տեղեկացել է 29.04.2024 թվականին, իսկ ավելի վաղ տեղեկացված լինելու փաստը հաստատող ապացույցներ առկա չեն, ավելին` հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ Հայցվորը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու պետական գրանցման հետ, որը միջամտում է իր իրավունքներին` դատարանը գտնում է, որ Հայցվորի` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանման նկատառումով անհրաժեշտ է միջնորդությունը բավարարել և իրավական հնարավորություն տալ վերջինիս իրականացնելու օրինական շահերի դատական պաշտպանության հիմնարար իրավունքը (...)»:
Վերաքննիչ դատարանը 20.06.2025 թվականի որոշմամբ բավարարել է երրորդ անձ Ընկերության վերաքննիչ բողոքը` Դատարանի 11.04.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացրել է և կայացրել է նոր դատական ակտ` մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, այն պատճառաբանությամբ, որ. «(...) սույն դեպքում (...) պարզ չէ, թե դատախազության որ, ինչպես նաև երբ իրականացված լիազորությունների (...) իրականացման ընթացքում է վերջինս իրազեկվել վարչական ակտի գոյության մասին, ինչը հնարավորություն կտար գալ օբյեկտիվ եզրահանգման վիճարկվող գրանցման մասին դատախազության կողմից լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահի վերաբերյալ: Այսինքն, այլ կերպ ասած` պետք է հստակ և պարզ լինի, թե դատախազության կոնկրետ որ և երբ իրականացված լիազորության/լիազորությունների իրականացման ընթացքում է վերջինս իրազեկվել վիճարկվող գրանցման մասին:
Անդրադառնալով հայցվորի կողմից Դատարան ներկայացված Երևան քաղաքում գործող նորմերի խախտումներով շահագործվող բենզալցակայանների վերաբերյալ մամուլի հրապարակումներից արտատպվածքներին, (...) պարզ չէ, թե նշված հրապարակումների առկայությամբ պայմանավորված` հայցվորի կողմից հետագայում ինչ լիազորություն/լիազորություններ են իրականացվել և երբ, որոնք թույլ են տվել ամենից առաջ` նախ նույնականացնել խնդրո առարկա հողամասի վրա առկա բենզալցակայանը: Հայցվորը, բացի մամուլի հիշյալ հրապարակումներից, նշել է միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի` ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին ուղղված 19.04.2024 թվականի գրության վերաբերյալ` ընդգծելով, որ վիճարկվող գրանցման մասին վերջինիս լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահն է այդ գրությանն ի պատասխան ներկայացված 29.04.2024 թվականի թիվ ՄԽ/6828-2024 գրության ստացման պահը` հենց նույն օրը: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշվածը վկայում է 19.04.2024 թվականի դրությամբ արդեն իսկ պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու` հայցվորի մտադրության վերաբերյալ, իսկ դրան նախորդող ժամանակահատվածի մասով` պարզ չէ, թե ինչ լիազորություններ և երբ են իրականացվել հայցվորի կողմից:
Նման պայմաններում վերոգրյալ իրավանորմերի, եզրահանգումների և պատճառաբանությունների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի ներկայացրած միջնորդությունն անհիմն է (...):»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին ուղղված 19.04.2024 թվականի թիվ 05//7256-2024թ. գրությամբ պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով խնդրել է սեղմ ժամկետում տրամադրել Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության և Բաբայան փողոցների հատման մասում գտնվող, թիվ 01-003-0251-0014 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի միավորի կադաստրային գործի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 25):
Ի պատասխան վերը նշված գրության` ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարը 29.04.2024 թվականի թիվ ՄԽ/6828-2024 գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին է տրամադրել պահանջվող անշարժ գույքի միավորի կադաստրային գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները` ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների (հատոր 1-ին, գ.թ. 26):
Սույն գործով հայցադիմումը և կից փաստաթղթերը փոստային ծառայությանն են հանձնվել 01.07.2024 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 65), որը ՀՀ վարչական դատարանում ստացվել է 03.07.2024 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 4-23):
Հայցադիմումում ներառված «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ» միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ վիճարկվող պետական գրանցման մասին փաստացի տեղեկացել է 29.04.2024 թվականին` Դատախազություն մուտքագրված կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության և 28.06.2024 թվականին հակակոռուպցիոն կոմիտե հանցանքի մասին հաղորդման ներկայացման արդյունքում (հատոր 1-ին, գ.թ. 19):
ՀՀ վարչական դատարանը 15.07.2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումն ընդունել է վարույթ` միաժամանակ արձանագրելով, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը դատարանը կանդրադառնա վարչական վարույթի նյութերը ստանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 51):
Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը Դատարանն անդրադարձել է 21.01.2025 թվականին հրավիրված նախնական դատական նիստում, որի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը, պատասխանելով Դատարանի և երրորդ անձի ներկայացուցչի հարցերին, հայտնել է, որ ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել արտադրական վտանգավոր օբյեկտների հետ կապված ստուգումների մասին զանգվածային լրատվամիջոցներում արված հրապարակումները, որոնց ծանոթանալուց հետո հարցում են կատարել ՀՀ կադաստրի կոմիտե: Միևնույն ժամանակ, հայտնելով, որ թեև այդ հրապարակումներն առկա են համացանցում, այդուհանդերձ պատրաստակամություն հայտնեց դրանք ներկայացնել Դատարան:
08.04.2025 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Դատախազության ներկայացուցիչը ներկայացրեց իր կողմից վկայակոչված զանգվածային լրատվամիջոցներում արված հրապարակումների արտատպվածքները (հատոր 1-ին, գ.թ. 84-89):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին ուղղված 19.04.2024 թվականի թիվ 05//7256-2024թ. գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը փաստացի իրացրել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունը, որի նպատակը, ինչպես վերն արդեն նշվել է, Դատախազության կողմից հայց հարուցելու բացառիկ դեպքի առկայությունը պարզելն է:
Սույն գործի փաստերից բխում է, որ տվյալ դեպքում առկա է եղել Դատախազության կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունն իրացնելու առիթ, այն է` ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին 19.04.2024 թվականին հասցեագրված թիվ 05//7256-2024թ. գրությամբ Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության և Բաբայան փողոցների հատման մասում գտնվող թիվ 01-003-0251-0014 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի միավորի կադաստրային գործի պատճենները պահանջելու համար, որպիսի փաստը հաստատվում է Դատախազության ներկայացուցչի կողմից Դատարան ներկայացված լրատվական միջոցների հրապարակումների արտատպվածքներով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 28.06.2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտե հանցանքի մասին հաղորդման ներկայացման արդյունքում պետական (համայնքային) շահերի խախտման, այսինքն` վիճարկման ենթակա վարչական ակտի գոյության մասին հայտնի դառնալու Դատախազության փաստարկը հիմնավոր չի կարող գնահատվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս իսկ պնդմամբ նշված հանգամանքի մասին իրազեկվել է 29.04.2024 թվականին` Դատախազություն մուտքագրված կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, այսինքն` ավելի վաղ, քան 28.06.2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտե հանցանքի մասին հաղորդումը ներկայացնելը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում ներկայացված այն փաստարկը, որ «զանգվածային լրատվական միջոցներում բենզալցակայանների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների հետ կապված ուսումնասիրությունների ընթացքում տեղեկատվական տվյալների բազայից օգտվելը ու համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից հայց հարուցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելը և ստանալը միանշանակ բխում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի դրույթներից և դատախազությանը վերապահված լիազորություններից»:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` «Պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ:
Նշված իրավանորմում ամրագրված կարգավորումից հետևում է, որ սույն գործով վիճարկվող` Ընկերության անվամբ 25.04.2006 թվականին Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող 01-003-0251-0014 կադաստրային ծածկագրով 0.02 հա հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն ունի իրավաբանական ուժ, և բոլոր սուբյեկտները, այդ թվում` Դատախազությունը, համարվում են տեղեկացված այդ գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե` ոչ, հետևաբար նշված վարչական ակտի վիճարկման ժամկետի հոսքը պայմանավորվում է վիճարկվող վարչական ակտի ընդունման օրվան, տվյալ դեպքում 25.04.2006 թվականին հաջորդող օրով: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ժամկետի ավարտից հետո վիճարկման հայց ներկայացնելու պարագայում հայցվորը պետք է ներկայացնի նաև միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող գրանցման գոյության, ըստ այդմ նաև` այդ վարչական ակտով պետական (համայնքային) շահերի խախտում տեղի ունեցած լինելու մասին Դատախազությունն իրազեկվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունն իրացնելու արդյունքում, որպիսի լիազորությունը Դատախազությունն իրացրել է համապատասխան առիթի առկայության պայմաններում, ուստի տվյալ դեպքում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և մեկ այլ` թիվ ՎԴ/7800/05/24 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններին, որը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում, վկայակոչել է նաև բողոքաբերը:
Այսպես, թիվ ՎԴ/7800/05/24 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով դատախազությանը վերապահվել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավասություն, այսինքն` վերոնշյալ կանոնակարգմամբ դատախազությունն օժտվել է այլ մարմնից անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու միջոցով հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու լիազորությամբ, որոնց հաստատմամբ նոր միայն առաջանում է հայց հարուցելու իրավական հնարավորությունը: Ավելին` նշված լիազորության իրականացումը պայմանավորված չէ կոնկրետ իրավասությամբ կամ որևէ հաշվարկային ժամկետով, այլ հենց նման լիազորության միջոցով է պարզվում բացառիկ դեպքերի առկայությունը և, ըստ այդմ, հայց հարուցելու հիմքի գոյությունը:
(...) «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բացառիկ դեպքի կոնտեքստում վեճի առարկա հանդիսացող ակտերին տեղեկացված չլինելու հետևանքով, իսկ այդ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորության իրացմամբ պետական (համայնքային) շահերի ենթադրյալ խախտմանը փաստացի տեղեկանալուց հետո հայցվորն օրենքով սահմանված ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ հայցը հարուցելու ուղղությամբ, որպիսի դեպքում էլ ժամկետի բաց թողնման պատճառը պետք է համարվի հարգելի»:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) պարզ չէ, թե դատախազության որ, ինչպես նաև երբ իրականացված լիազորությունների (...) իրականացման ընթացքում է վերջինս իրազեկվել վարչական ակտի գոյության մասին, ինչը հնարավորություն կտար գալ օբյեկտիվ եզրահանգման վիճարկվող գրանցման մասին դատախազության կողմից լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահի վերաբերյալ: Այսինքն, այլ կերպ ասած` պետք է հստակ և պարզ լինի, թե դատախազության կոնկրետ որ և երբ իրականացված լիազորության/լիազորությունների իրականացման ընթացքում է վերջինս իրազեկվել վիճարկվող գրանցման մասին:
Անդրադառնալով հայցվորի կողմից Դատարան ներկայացված Երևան քաղաքում գործող նորմերի խախտումներով շահագործվող բենզալցակայանների վերաբերյալ մամուլի հրապարակումներից արտատպվածքներին, (...) պարզ չէ, թե նշված հրապարակումների առկայությամբ պայմանավորված` հայցվորի կողմից հետագայում ինչ լիազորություն/լիազորություններ են իրականացվել և երբ, որոնք թույլ են տվել ամենից առաջ` նախ նույնականացնել խնդրո առարկա հողամասի վրա առկա բենզալցակայանը: Հայցվորը, բացի մամուլի հիշյալ հրապարակումներից, նշել է միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի` ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարին ուղղված 19.04.2024 թվականի գրության վերաբերյալ` ընդգծելով, որ վիճարկվող գրանցման մասին վերջինիս լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահն է այդ գրությանն ի պատասխան ներկայացված 29.04.2024 թվականի թիվ ՄԽ/6828-2024 գրության ստացման պահը` հենց նույն օրը: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշվածը վկայում է 19.04.2024 թվականի դրությամբ արդեն իսկ պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու` հայցվորի մտադրության վերաբերյալ, իսկ դրան նախորդող ժամանակահատվածի մասով` պարզ չէ, թե ինչ լիազորություններ և երբ են իրականացվել հայցվորի կողմից (...):»:
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա նշված իրավանորմի մասով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող` Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3143