ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/5989/05/22
Վարչական գործ թիվ ՎԴ/5989/05/22 2026 թ.
Նախագահող դատավոր` Կ. Գևորգյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
2026 թվականի մարտի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՄ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.11.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՄ-ի ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի` 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը` ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով վերացնելու, որպես հետևանք` ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակում վերականգնելուն և հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ առաջարկություն ՀՀ նախագահին ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՄ-ը պահանջել է վերացնել 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը` իրեն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով, որպես հետևանք` պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդին իրեն վերականգնել դատավորների թեկնածուների ցուցակում և ՀՀ նախագահին ներկայացնել առաջարկություն հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2024 թվականի որոշմամբ ՀՄ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՄ-ը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդը (ներկայացուցիչ` Լուսինե Քոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 117-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել ՀՄ-ին մեկ նիստով ցուցակից հանելու ընթացակարգային խախտման վերաբերյալ փաստարկը: Այսպես` Բարձրագույն դատական խորհուրդը, Հանրապետության նախագահից ստանալով առարկությունները, մեկ նիստ է գումարել և այդ նիստի ընթացքում որոշել է և՛ առարկությունները չընդունելու հարցը, և՛ ՀՄ-ին թեկնածուների ցուցակից հանելու հարցը, ընդ որում` այդ ամենը տեղի է ունեցել մեկ քվեարկության միջոցով: Փաստացի ստացվում է, որ ՀՄ-ը հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից, առանց այդ կապակցությամբ առանձին նիստի կայացման արդյունքում քվեարկության իրականացմամբ, այլ կերպ ասած` նիստը հրավիրվել և համապատասխան քվեարկությունն իրականացվել է Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի քննարկման համար, այնինչ` դրան զուգահեռ հայցվորը հանվել է նաև դատավորների թեկնածուների ցուցակից:
ՀՄ-ին ցուցակից հանելու համար անհրաժեշտ էր 6 ձայն, որը սույն դեպքում բացակայել է:
Վերաքննիչ բողոքում անդրադարձ է կատարվել նաև հայցվորի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելուն, ինչպես նաև վարչարարության հիմնարար սկզբունք հանդիսացող կամայականության արգելքը խախտելուն, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ միջոց չի գործադրել այդ ուղղությամբ: Մասնավորապես` դատարանը զրկված չէր մյուս թեկնածուների մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները ստանալու, այդ մասով համեմատական հետազոտություն կատարելու գործիքակազմից, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կարծիք ստանալու հնարավորությունից, ինչպես նաև այդ ուղղությամբ գործի փաստական հանգամանքները պարզելու ուղղությամբ այլ գործիքակազմ կիրառելու հնարավորությունից, իսկ Վերաքննիչ դատարանը նշվածի վերաբերյալ որևէ միջոց չի ձեռնարկել, այնինչ` սույն դեպքում, պահելով կողմերի հավասարության սկզբունքը, պարտավոր էր դա անել:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի վերաբերյալ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունն առարկությամբ վերադարձվելու և առարկությունն ընդունելու դեպքում բացառվում է տվյալ անձին կրկին առաջարկություն ներկայացնելու իրավական հնարավորությունը, այդպիսով` նաև վերջինիս` դատավորի թեկնածուի կարգավիճակի պահպանումը: Հետևաբար, Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելն անձին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված այլ` ինքնուրույն հիմք է:
Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում առարկությունը քննարկելու օրակարգով նիստ է հրավիրվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից, ինչը նշանակում է, որ քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել երկու հնարավոր որոշումներից որևէ մեկը, այն է` ընդունել Հանրապետության նախագահի առարկությունը, որի դեպքում թեկնածուն հանվում է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, կամ չընդունել Հանրապետության նախագահի առարկությունը, որի դեպքում Հանրապետության նախագահը կա՛մ ստորագրում է համապատասխան ակտը, կա՛մ դիմում է ՀՀ սահմանադրական դատարան:
Խտրական վերաբերմունք դրսևորված լինելու վերաբերյալ հայցվորի փաստարկները վերաբերում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ տրված եզրակացությունների իրավաչափությանը, մինչդեռ դրա գնահատումը դուրս է սույն գործի քննության շրջանակներից:
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 04.08.2022 թվականին հրավիրված նիստում անցկացված քվեարկությանը, որի ընթացքում իրականացված քվեարկությամբ, ըստ հայցվորի, Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ խախտել են կամայականության արգելքի սկզբունքը` նույնանման փաստական հանգամանքներում գործելով լիովին տարբեր կերպ, ապա խորհուրդը տվյալ դեպքում չի գործել նույնանման փաստական հանգամանքներում, քանի որ նիստը հրավիրվել և քվեարկությունն անցկացվել է տարբեր հարցերի քննարկման նպատակով:
Վերոգրյալ հիմնավորումներով բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» 21.04.2022 թվականի թիվ ԲԴԽ-41-Ո-89 որոշմամբ, դռնփակ նիստում քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի 13.04.2022 թվականի թիվ 157/Գ-2022 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով ու 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշվել է կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը` հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններով` համաձայն հավելվածի:
Նույն որոշման հավելվածի` դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի ցուցակի 4-րդ տողում նշված են ՀՄ-ի անունը, հայրանունն ու ազգանունը և նրա վերաբերյալ այլ տեղեկություններ (հատոր 2-րդ, գ.թ. 10-14).
2) Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնի թեկնածու ՀՄ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» 25.04.2022 թվականի թիվ ԲԴԽ-42-Ո-97 որոշմամբ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնի թեկնածու ՀՄ-ին առաջարկվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը` Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 15).
3) Բարձրագույն դատական խորհրդի 22.07.2022 թվականի «Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու համար ՀՄ-ի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-71-Ո-204 որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկվել է ՀՄ-ի թեկնածությունը` Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 16).
4) ՀՀ նախագահի` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին հասցեագրված 2022 թվականի օգոստոսի (ամսաթիվը բացակայում է) թիվ ՀՆ-800-2022 «Առարկություններ»-ով նշվել է. «Կարևորելով հակակոռուպցիոն դատարանների կազմավորման ու դրանց անկախության և անաչառության հանրային վստահության ձևավորումը` անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ ուշադրություն դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և փորձագետների կողմից տրամադրված (դրական` վերապահումով և բացասական) խորհրդատվական եզրակացություններին ու կարծիքներին, դրանք դարձնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա, որոնց արդյունքների հիման վրա վերստին քննարկել տվյալ անձանց թեկնածությունները կրկին ներկայացնելու նպատակահարմարությունը»:
Նույն «Առարկություններ»-ում վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը` ՀՀ նախագահը հայտնել է, որ ներկայացված որոշումներին կից փաթեթներում բացակայում են վերոնշյալ ոչ բոլոր հանգամանքները հավաստող փաստաթղթերը (յուրաքանչյուր գործն իր մասով), որը հնարավորություն չի տալիս Հանրապետության նախագահին` ամբողջապես պարզելու` արդյո՞ք ներկայացված դատավորների թեկնածուներն ունեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված դատավորներ նշանակելու սահմանափակումները, թե` ոչ:
Վերոգրյալը հաշվի առնելով և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ նախագահը վերադարձրել է մի շարք որոշումներով, այդ թվում` ԲԴԽ-71-Ո-204 որոշմամբ, ներկայացված առաջարկությունները (հատոր 2-րդ, գ.թ. 17-19).
5) Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի նիստի արձանագրությունից կատարված քաղվածքի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականին կայացած նիստում Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի թեկնածու ՀՄ-ի վերաբերյալ ՀՀ նախագահի 01.08.2022 թվականի թիվ ՀՆ-800-2022 առարկության վերաբերյալ խորհրդակցական սենյակում անցկացվող բաց քվեարկության արդյունքներով արձանագրվել է, որ քվեարկությանը մասնակցել է խորհրդի 8 անդամ, արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՄ` առարկությունն ընդունել, հանել դատավորների թեկնածուների ցուցակից` 4 «կողմ», առարկությունը չընդունել` 4 «կողմ» (հատոր 2-րդ, գ.թ. 20).
6) Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշմամբ, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ նախագահի կողմից 22.07.2022 թվականի թիվ ՀՆ-770-2022 և 01.08.2022 թվականի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով, որոշվել է ՀՄ-ին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից (հատոր 2-րդ, գ.թ. 21-22):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու որոշում կայացնելու առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:
Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
Օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված են բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
(...)
45) իրականացնում է նույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և նույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ:
ՀՀ սահմանադրական դատարանը 22.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրել է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով (...) ամրագրված կարգավորումների գործողության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի` համապատասխանաբար` դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, (...):
Վկայակոչված իրավական նորմերից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը տասն անդամից բաղկացած անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը:
Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, որոնք, ընդհանուր կանոնի համաձայն, ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:
Այսինքն` եթե այլ բան նախատեսված չէ Օրենսգրքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, տվյալ պարագայում` 6 ձայնի առկայությամբ:
Ձայների նմանատիպ հարաբերակցություն է նախատեսված նաև դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում ընդունվող որոշումների դեպքում, որոնք, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, դասվում են դատարանակազմական լիազորությունների կիրառմամբ ընդունվող որոշումների շարքին:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու ընթացակարգին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե առկա են նույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է նույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից:
Օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը, որին հաջորդում է նման առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունելու կարգը և չընդունելու հետևանքները (Օրենսգրքի 116-րդ հոդված):
Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին` ներկայացնելով նաև նրա անձնական գործը, թեկնածուի` դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:
Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել: Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Վկայակոչված նորմերից հետևում է, որ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղում նշանակման գործընթացը բաղկացած է իրար հաջորդող մի քանի փուլերից, որոնք եզրափակվում են կա՛մ համապատասխան հրամանագրով, կա՛մ առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանը համապատասխան թեկնածուի վերաբերյալ առաջարկությունն առարկություններով Բարձրագույն դատական խորհրդին վերադարձնելով: Վերջին դեպքում, սակայն, նշված գործընթացին, մասնավորապես` նախագահի կողմից թեկնածուի վերաբերյալ առաջարկությունն իր առարկություններով վերադարձնելու դեպքին, հաջորդում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից նիստ հրավիրելու միջոցով Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկելու և խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ որոշում կայացնելու փուլը: Այսինքն` հրավիրված նիստի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը, որպիսի որոշումը, ընդհանուր կանոնի համաձայն, կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ամրագրված իրավանորմերը չէին կարգավորում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու հետևանքները:
Հետևաբար, Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի որևէ հիմքով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով` Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշումների ընդունման ընդհանուր կարգին համապատասխան:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի որևէ հիմքով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը կարող էր որոշել վերջինիս կողմից որոշումների ընդունման ընդհանուր կանոնի համաձայն, այսինքն` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` 6 ձայնով: Հետևաբար, իրավահարաբերության ծագման պահին առկա իրավակարգավորումների ուժով` Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ նախագահի առարկություններն ընդունված համարվելու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձն ինքնին չէր կարող հանվել դատավորների թեկնածուների ցուցակից:
Ամփոփելով ամբողջ վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախագահի առարկություններն ընդունելու արդյունքում դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուն կարող է հանվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ` ցուցակից հանելու Օրենսգրքով նախատեսված որևէ հիմքի առկայության պարագայում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է ՀՄ-ի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը` իրեն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով, որպես հետևանք` պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդին իրեն վերականգնել դատավորների թեկնածուների ցուցակում և ՀՀ նախագահին ներկայացնել առաջարկություն հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Դատարանը 24.03.2023 թվականի վճռով հայցը մերժել է` այն պատճառաբանությամբ, որ «(...) Օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 117-րդ հոդվածում հստակ իրավակարգավորում է սահմանվել նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի քննարկման արդյունքներով այդ առարկությունները չընդունելու որոշման կայացման հետևանքների մասով` սահմանելով, որ այդ դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան: Հակառակի վերաբերյալ, մասնավորապես` այն դեպքերի վերաբերյալ, երբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի քննարկման արդյունքներով այդ առարկությունները չընդունելու որոշումը չի ընդունվում բավարար քանակի ձայներ չհավաքելու պայմաններում, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 117-րդ հոդվածը այլ իրավակարգավորում չի սահմանել: Հետևաբար, եթե Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, համաձայն որի` դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր, չմեկնաբանվի նույն Օրենքի 117-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման համատեքստում, նման իրավիճակը կբերի այնպիսի փակուղու, երբ Օրենքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի քննարկման արդյունքներով այդ առարկությունները չընդունելու որոշման չկայացման պայմաններում դատավորի թեկնածուն մնում է ցուցակում, սակայն չի կարող նշանակվել դատավորի պաշտոնում: Նման իրավիճակը չի բխում 117-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումից, ուստի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի ներքո պետք է նկատի առնվի 117-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքը, երբ Հանրապետության նախագահի առարկությունն ինքնին համարվում է ընդունված:
(...) Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի քննարկման արդյունքներով համապատասխան որոշումն ընդունելու բավարար ձայներ չհավաքելու դեպքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով անձը կարող է հանվել դատավորների թեկնածուների ցուցակից:
(...)
Անդրադառնալով հայցվորի այն փաստարկներին, որ Որոշումը որևէ պատճառաբանություն չի պարունակում այն մասին, թե որ հանգամանքներն են հիմք ծառայել` հայցվորին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար, ինչպես նաև ՀՀ նախագահի առարկությունները հայցվորին ծանոթացման չեն ներկայացվել, խախտվել է հայցվորի լսված լինելու իրավունքը, ապա Դատարանն արձանագրում է, որ վիճարկվող` 04.08.2022 թվականի ԲԴԽ-76-Ո-249 որոշումը պարունակում է նշում փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ, մասնավորապես` որոշումը պարունակում է նշում այն մասին, որ 2022 թվականի օգոստոսի 4-ին դռնփակ նիստում ԲԴԽ-ի կողմից քննարկվել է Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀՆ-770-2022 և օգոստոսի 1-ի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները, ինչպես նաև Որոշումը պարունակում է նշում որոշման կայացման իրավական հիմքերի մասով` վկայակոչում պարունակելով Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասին: Իսկ ինչ վերաբերում է լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտման մասով հայցվորի փաստարկներին, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀՆ-770-2022 և օգոստոսի 1-ի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները քննարկվել են դռնփակ նիստում (Օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մաս), իսկ այդ դեպքերում հայցվորին ծանուցելու և լսելու` Օրենքով սահմանված որևէ պարտականություն պատասխանողը չի կրել, հետևաբար այդ մասով ևս հայցվորի փաստարկներն անհիմն են:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից հայցադիմումում վկայակոչած` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության օրինականության վերաբերյալ փաստարկներին, ապա Դատարանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ կապվածության մեջ չէ վիճարկվող Որոշման իրավաչափության գնահատումից, ուստի այդ փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդել Որոշման իրավաչափության վրա»:
Վերաքննիչ դատարանը 26.11.2024 թվականի որոշմամբ ՀՄ-ի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 24.03.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ նախագահի կողմից ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ Խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել` ՀՀ նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկելու նպատակով: Այդ քննարկման արդյունքներով Խորհուրդը կարող է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` առնվազն վեց ձայնով, կայացնել որոշում ՀՀ նախագահի առարկությունը չընդունելու վերաբերյալ, որպիսի պարագայում ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է ընդունի ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր, կա՛մ դիմի ՀՀ սահմանադրական դատարան, իսկ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` առնվազն վեց ձայնով, ՀՀ նախագահի առարկությունը չընդունելու վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում ՀՀ նախագահի առարկությունը կհամարվի ընդունված, և Խորհուրդը չի կարող թեկնածուին կրկին առաջարկել ՀՀ նախագահին` նման ընթացակարգի` Օրենսգրքով նախատեսված չլինելու հանգամանքով պայմանավորված, հետևաբար և չհանել նրան դատավորների թեկնածուների ցուցակից: Հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, երբ թեկնածուն կշարունակի մնալ դատավորների թեկնածուների ցուցակում, սակայն նրա թեկնածությունը հնարավոր չի լինի առաջարկել ՀՀ նախագահին, ինչը Վերաքննիչ դատարանի համոզմամբ չի բխում Վիճարկվող որոշման ընդունման պահի դրությամբ գործող խմբագրությամբ Օրենսգրքի 117-րդ հոդվածի իրավակարգավորումների բովանդակությունից և տրամաբանությունից. նման դեպքերում տվյալ անձը կարող է դատավորների թեկնածուների ցուցակից հանվել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հիմքի կիրառմամբ, որն իր ձևակերպմամբ «հանգուցալուծում» է վերը նկարագրված իրավիճակը:
(...)
Վիճարկվող որոշումը` ՀՄ-ի մասով, իրավաչափ է, և առկա չեն բավարար փաստական ու իրավական հիմքեր այն անվավեր ճանաչելու համար` ըստ այդմ, հիմնազուրկ համարելով հակառակի վերաբերյալ բողոքաբերի փաստարկները:
(...)
հայցվորը թեև նշել է Վիճարկվող որոշման խտրական լինելու մասին, սակայն խտրականության արգելքի սկզբունքի խախտման մասով կատարել է զուտ վերացական դատողություններ` որևէ կերպ չբացահայտելով, թե կոնկրետ ինչպես է դրսևորվել իր նկատմամբ խտրական վերաբերմունքը, և թե ում համեմատ է իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքը եղել տարբերակված: Ավելին` հայցադիմումով ներկայացվել են խտրական վերաբերմունքի դրսևորման մասով փաստարկներ, որոնք վերաբերում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացության փոխարեն դրական` վերապահումներով եզրակացություն կազմելուն, մինչդեռ նշված եզրակացության իրավաչափության գնահատումը դուրս է սույն գործի քննության շրջանակներից:
(...)
թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն զրկված են համապատասխանաբար հայցադիմումով և վերաքննիչ բողոքով բարձրացված առանձին հարցերի պարզման հնարավորությունից` հաշվի առնելով Խորհրդի և ՀՀ նախագահի, որպես սահմանադրական մարմինների առանձնահատուկ կարգավիճակները, դրանց առաքելությունն ու սահմանադրական լիազորությունները, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները և դրանց իրականացման արդյունքում ընդունվող փաստաթղթերի և իրականացվող գործողությունների բնույթը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով նաև այն, որ Վիճարկվող որոշման 2-րդ կետով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանվել է ոչ միայն ՀՄ-ը, այլ նաև նշված ցուցակի նույն ենթաբաժնում ընդգրկված ևս մեկ թեկնածու, և որ Վիճարկվող որոշման 1-ին կետով առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների տարբեր մասնագիտացմամբ բաժիններից, իսկ 3-րդ կետով` դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից նույնպես հանվել են թեկնածուներ` Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նման փաստական հանգամանքների առկայության պայմաններում չի կարող խոսք լինել հայցվորի նկատմամբ խտրական մոտեցում դրսևորելու մասին` անհիմն համարելով հակառակի վերաբերյալ բողոքաբերի փաստարկները:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Խորհրդի առնվազն չորս անդամ նույնանման փաստական հանգամանքներում գործել են լիովին տարբեր կերպ` խախտելով կամայականության արգելքի սկզբունքը, ապա Վերաքննիչ դատարանն այն նույնպես անհիմն է գնահատում, քանի որ տվյալ դեպքում խնդրո առարկա հարցի քննարկումն իրականացվել է Խորհրդի նիստում` խորհրդակցական սենյակում, և քվեարկության արդյունքներով Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը քվեարկել է իր ներքին համոզմամբ, որպիսի համոզմունքի դրսևորումը չի կարող դիտվել որպես կամայականություն»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն` հետևյալ պատճառաբանությամբ.
Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի նիստի արձանագրությունից կատարված քաղվածքի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականին կայացած նիստում Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի թեկնածու ՀՄ-ի վերաբերյալ ՀՀ նախագահի 01.08.2022 թվականի թիվ ՀՆ-800-2022 առարկության վերաբերյալ խորհրդակցական սենյակում անցկացվող բաց քվեարկության արդյունքներով արձանագրվել է, որ քվեարկությանը մասնակցել է խորհրդի 8 անդամ, արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՄ` առարկությունն ընդունել, հանել դատավորների թեկնածուների ցուցակից` 4 «կողմ», առարկությունը չընդունել` 4 «կողմ»:
Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշմամբ, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ նախագահի կողմից 22.07.2022 թվականի թիվ ՀՆ-770-2022 և 01.08.2022 թվականի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով, որոշվել է ՀՄ-ին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՄ-ը դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանվել է ՀՀ նախագահի 2022 թվականի օգոստոսի (ամսաթիվը բացակայում է) թիվ ՀՆ-800-2022 առարկության վերաբերյալ խորհրդակցական սենյակում անցկացվող բաց քվեարկության արդյունքներով խորհրդի 8 անդամների ձայների հավասար կիսվելու արդյունքում առարկությունը չընդունելու վերաբերյալ որոշում չկայացվելու հիմքով` առարկությունն ընդունված համարվելու փաստի ուժով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումներով` ՀՀ նախագահի առարկությունն ընդունելու հիմքով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու ընթացակարգ նախատեսված չի եղել, իսկ թեկնածուին ցուցակից հանելու առանձին հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կարող էր ընդունվել խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն` 6 կողմ ձայների առկայության դեպքում:
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՄ-ին փաստացի խորհրդի 4 անդամների քվեարկության միջոցով դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասով Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումն իրավաչափ չէ:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված, որպես ածանցյալ ձևակերպված պահանջներին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:
Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտված իրավական դիրքորոշմամբ նշել է, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիմնական է համարվում այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի` թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատավարական այն ինստիտուտը, որը թույլ է տալիս ապահովել խախտված իրավունքի ամբողջական վերականգնումը, ի թիվս այլնի, հետևանքների վերացման ածանցյալ պահանջի ինստիտուտն է: Այս ինստիտուտի նման գործառնական նշանակությունն է արտահայտված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հետևանքների վերացման ածանցյալ պահանջը» վերտառությամբ 71-րդ հոդվածում, (...): Հետևանքների վերացման ածանցյալ պահանջի էությունն ու բովանդակությունը հանգում է նրան, որ ածանցյալ պահանջի միջոցով վերացվում են անձի իրավունքը կամ ազատությունը խախտած վարչարարության բացասական հետևանքները: Դատական պաշտպանության իրավունքն իրացվում է անձի իրավունքներն անմիջականորեն շոշափող և ենթադրաբար խախտող իրավական ակտի, գործողության կամ անգործության իրավաչափությունը վիճարկելու միջոցով: Իսկ ածանցյալ պահանջի իրավական նպատակն է վերացնել այն բացասական հետևանքները, որոնք առաջացել են հայցվորի իրավունքները կամ ազատություններն անմիջականորեն շոշափող և ենթադրաբար խախտող իրավական ակտի ընդունման, գործողության կատարման կամ անգործության արդյունքում, և որոնց վերացումը, ի լրումն անձի իրավունքը խախտող իրավական ակտը վերացնելու, գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, անհրաժեշտ և պարտադիր է խախտված իրավունքն արդյունավետորեն վերականգնելու, այն է` մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու համար (տե՛ս, Դավիթ Մակարյանն ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ6/0238/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2024 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումով որպես հիմնական պահանջ` խնդրել է վերացնել 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը` իրեն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով, իսկ որպես հետևանք` պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդին` իրեն վերականգնել դատավորների թեկնածուների ցուցակում և հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ նախագահին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հիմնական պահանջով վիճարկվող 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը մասով վերացնելու իրավական հետևանքը մինչև այդ որոշման կայացումը եղած իրադրության վերականգնումն է, այն է` ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելը, հետևաբար հիմնական պահանջով վիճարկվող 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը մասով վերացնելու փաստն ինքնին կանխորոշում է որպես ածանցյալ ներկայացված պահանջի լուծումը, ինչը նշանակում է, որ ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակում վերականգնելու պահանջը ևս ենթակա է բավարարման:
Ինչ վերաբերում է որպես ածանցյալ ներկայացված մյուս` ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական պահանջով վիճարկվող 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը մասով վերացնելու փաստն ինքնին անխուսափելիորեն չի հանգեցնում հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի պարտավորությանը, հետևաբար նշված պահանջը չի կարող դիտարկվել ածանցյալ, ըստ այդմ նաև` դրա լուծումը չի կարող պայմանավորվել հիմնական պահանջի լուծմամբ: ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու հայցվորի պահանջը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթակա է քննության որպես հիմնական պահանջ և դրա հիմնավոր կամ անհիմն լինելու հարցը կարող է լուծվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան այդ պահանջի մասով գործում եղած բոլոր ապացույցներն անմիջականորեն գնահատելու, փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու արդյունքում:
Այսպիսով, հաշվի առնելով, որ ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու հայցվորի պահանջը չի կարող քննվել որպես ածանցյալ, սակայն տվյալ դեպքում այն ներկայացվել և քննվել է որպես հիմնական պահանջի հետևանք, այսինքն` հիմնական պահանջից ածանցվող պահանջ, Վճռաբեկ դատարանն օբյեկտիվորեն հնարավոր չի համարում այդ պահանջի մասով իրացնել Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը, քանի որ սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից հիմնական պահանջն ըստ էության լուծող դատական ակտ կայացվելու հանգամանքով պայմանավորված, գործի նոր քննության չի կարող ուղարկվել որպես ածանցյալ ներկայացված` ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջը:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հիմնական պահանջով վիճարկվող 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը մասով վերացնելու պարագայում հայցվորը չի զրկվում իր իրավունքների հետագա պաշտպանության արդյունավետ միջոցների հնարավորությունից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես ածանցյալ ներկայացված` ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջի մասով հայցը ենթակա է մերժման, ուստի այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացման համար, որպես դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախս, վճարվել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ, 20.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ուստի հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, որի արդյունքում հայցը ևս ենթակա է բավարարման մասնակի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճարված պետական տուրքի գումարները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա են հատուցման Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց (փաստաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր) գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.11.2024 թվականի որոշումը մասնակի` 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը` ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով, վերացնելու մասով, բեկանել և այն փոփոխել. նշված պահանջի մասով ՀՄ-ի հայցն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի բավարարել:
Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը մասնակի` ՀՄ-ին դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու մասով, վերացնել և ՀՄ-ին վերականգնել դատավորների թեկնածուների ցուցակում:
2. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.11.2024 թվականի որոշումը` ՀՄ-ին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ առաջարկություն ՀՀ նախագահին ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին` պարտավորեցնելու պահանջների մասով, թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
3. Բարձրագույն դատական խորհրդից հօգուտ ՀՄ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3163