(ուժը կորցրել է 12.10.2023 թիվ 1732-Ն որոշում)
i
040.1660.281212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1660-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1660-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
 
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը (այսուհետ` անձնագիր) կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ: Անձնագիրը կորցնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ:
3. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալը ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է ընդհանուր հիմունքներով:
4. Անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար քաղաքացին անձամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Օրինական ներկայացուցչի միջոցով ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմումին կցվում են օրինական ներկայացուցչի անձնագրի և օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային ցանկացած անձնագրային ծառայություն, որի դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում կատարվում է նշում հաշվառում չունենալու մասին: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը: Կորած անձնագրի տվյալները (սերիան, համարը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:
5. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված, հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի, հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ վարչակազմի գտնվելու վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
6. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը քաղաքացուն (դիմողին) տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
7. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:
8. Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1660-Ն որոշման
 
____________________________________________________________________
(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)
 
_________ ________________20 թ. _____________________________
          (տալու ամսաթիվը)               (դիմումի մուտքի համարը)
 
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
 
.__________.           Քաղ.__________________________________
|          |                (անունը, հայրանունը, ազգանունը)
|          |           ______________________________________
|          |            (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)
|          |           ______________________________________
.__________.                    (հաշվառման հասցեն)
(լուսանկար)
 
Տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998
թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված
անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու
կապակցությամբ` անձի դիմումի հիման վրա (ընդգծել):
 
Կ.Տ
 
Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև ______ ________________20 թ.
 
Անձնագրային ծառայության պետ ____________________ __________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)