ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/5893/05/23
Վարչական գործ թիվ ՎԴ/5893/05/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ` Ռ. Մախմուդյան
Ս. Հովակիմյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող` Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2025 թվականի նոյեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.11.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրի հիման վրա կազմված 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրի հիման վրա կազմված 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.11.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 118.1-ին հոդվածի 1-ին մասը, 124-րդ և 144-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում դատավարության ընթացքում Կոմիտեն պատշաճ կատարել է իր պարտականությունները, ինչպես սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Կոմիտեի կողմից ներկայացված ապացույցները չի ընդունել և քննության չի առել` դրանով վերջինիս զրկելով վարչական գործի արդար դատաքննության իրավունքից և դրա բաղադրատարր հանդիսացող լսված լինելու իրավունքից, հետևաբար Դատարանի կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը: Դատարանը պարտավոր էր ապահովել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, ինչը պետք է արտահայտվի գործի ի պաշտոնե («ex officio») քննության միջոցով, որն այս պարագայում պետք է արտահայտվեր ապացույցները ձեռք բերելու համար իր տիրապետման ներքո գտնվող գործիքակազմով առկա բոլոր գործողությունների կատարմամբ, հակառակ պարագայում արժեզրկվում է վարչական դատավարության տրամաբանությունն առ այն, որ դատավարության ընթացքում պետք է ապահովվի գործի իրական փաստերի բացահայտումը, որպիսի հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասը սույն գործով կիրառվել է թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Հարկ է նշել, որ թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով կարևորվել է առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները հետազոտելն ու գնահատելը, ինչը չկատարելու դեպքում կխաթարվի վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքությունը: Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված առարկությունների հիմքում ընկած են եղել ապացույցներ, որոնց ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլիներ կայացնելու պատշաճ պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ներքին համոզմունք ձևավորելու համար պատշաճ չի գնահատել ապացույցները, սխալ է գնահատել և որակել հարկային հսկողության արդյունքում ձեռք բերված ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.11.2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրության համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրով 20.06.2023 թվականից մինչև 20.06.2023 թվականն անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք` 207.520 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-19).
2) Դատարանի 04.08.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «DataLex.am» պաշտոնական կայքէջի միջոցով` 06.12.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 26-27).
3) Դատարանը 04.08.2023 թվականի թվագրմամբ «Պարզաբանում» է ուղարկել դատավարության մասնակիցներին` այդ թվում Կոմիտեին, որով հայտնել է, որ վերջինս իր առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում առկա բոլոր ապացույցները (այդ թվում` վարչական վարույթի նյութերը և այն ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները) կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույց, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացվելու են վարչական դատարանում: Միաժամանակ նշվել է, որ նշված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվելու և քննարկման ենթակա չեն լինելու: Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում (հատոր 1-ին, գ.թ. 28).
4) Դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև 04.08.2023 թվականի «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել է 14.08.2023 թվականին, որպիսի փաստն ընդունել է նաև Կոմիտեն` իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում (հատոր 1-ին, գ.թ. 34, հատոր 2-րդ, գ.թ. 14).
5) Կոմիտեի առարկությունը դատարան մուտքագրվել է 13.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 35), իսկ վարչական վարույթի նյութերը փոստային առաքման եղանակով ներկայացվել են 18.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առնվազն մեկ այլ` թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և (կամ) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավոր ընթացակարգի` որպես արդար դատաքննության իրավունքի իրացման դատավարական ձևի օրենսդրական առանձնահատկություններին և այդ համատեքստում` գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընթացքում դատավարության մասնակիցների կողմից դատավարական պարտականությունները պատշաճ կատարելու հիմնահարցին, ինչպես նաև այն չկատարելու իրավական հետևանքներին.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների և ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այլև` այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների և հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորումն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով կերաշխավորվեն արդար դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի բնույթից և դրանց` արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նշված նպատակով է պայմանավորված գործերի քննության ընթացակարգային այնպիսի ձևերի առկայությունը, ինչպիսիք են գործի քննության բանավոր և գրավոր ընթացակարգերը, որոնք ունեն օրենսդրական տարբեր դրսևորումներ: Մասնավորապես` վարչական դատավարությունում գործի քննության գրավոր ընթացակարգն օրենսդրական իր ամրագրումն է ստացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում (հոդվածներ 116-118.4):
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում` վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատավարության մասնակցի միջնորդությամբ նույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցի հիմքի և (կամ) առարկայի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնում է դատավարության մյուս մասնակիցներին, որոնք կարող են օգտվել նույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) հայցվորը հրաժարվել է պահանջից.
3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ընթացակարգն արդարադատության իրականացման առանձնահատուկ ձև է, որի` վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ մի շարք գործերի քննությունը` կապված տվյալ գործերով ներկայացված պահանջների բնույթով, հնարավոր է անցկացնել պարզեցված ընթացակարգով` միայն կողմերի գրավոր ներկայացրած փաստաթղթերի, ապացույցների, առարկությունների և հիմնավորումների հիման վրա, առանց դատական նիստ անցկացնելու:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում սահմանված գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու հատուկ կանոնները զգալիորեն կրճատում են դատավարության տևողությունը` պայմանավորված այն հանգամանքով, որ համեմատաբար պարզ գործերով դատավարության մասնակիցների միջև ծագած վեճերը հնարավոր է լինում լուծել առավել արագ և առանց երկարատև ընթացակարգերի, ինչը նպաստում է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն:
Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող դեպքերը: Ըստ այդմ` նշված իրավանորմի 4-րդ կետով սահմանվել է, որ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
Վերոգրյալ իրավակարգավորումից բխում է, որ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացնում, ի թիվս այլնի, պարզելով նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդուհանդերձ, օրենսդիրը կարգավորել է նաև այն դեպքերը, երբ գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող հանգամանքներն ի հայտ են գալիս գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին և, անհրաժեշտության դեպքում, նույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Այսպիսով, այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին, որից հետո, սակայն, ոչ ուշ, քան մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ի հայտ է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող հանգամանքներից որևէ մեկը, այդ թվում նաև` եթե պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով, ապա դատարանը պետք է որոշում կայացնի գործն ընդհանուր կանոններով քննելու մասին և, անհրաժեշտության դեպքում, նույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրի նախնական դատական նիստ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ վարչական արդարադատության առանձնահատկությունների հաշվառմամբ, մասնավորապես` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») դատավարական սկզբունքի կարևորության հանգամանքով պայմանավորված, օրենսդիրը հստակորեն կանոնակարգել է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում` վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին: Դատարանի կողմից նույն մասով նախատեսված գործողությունները նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կատարելը բավարար է նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել են կողմերի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերը կրում են նաև նույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ 3-րդ մասի համաձայն` կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները` օրենսդիրը դրանց ամբողջ ծավալով իրացումը որևէ կերպ չի պայմանավորել գործի քննության ընթացակարգով: Այլ կերպ ասած` գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է կողմերի իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների հիմնական էությունը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն, որ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետևանքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն համընդհանուր կանոնին, ըստ որի` դատավարական գործողությունները պետք է կատարվեն նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում: Ընդ որում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրն ամրագրել է նաև նշված դատավարական կանոնը չպահպանելու իրավական հետևանքը, այն է` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով կոնկրետ դատավարական գործողություններ կատարելու համար դատավարական ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերն օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Ընդ որում` նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Հետևաբար, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը դատարանը չի կարող դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում միայն կարող են դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունվել և գործի քննության ընթացքում դառնալ հետազոտման ու գնահատման առարկա: Այլ կերպ ասած` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստաթղթերը դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած դատավարության մասնակիցը պետք է ներկայացնի նաև բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որը բավարարվելու պարագայում միայն այդ փաստաթղթերը կարող են ընդունվել և դառնալ գնահատման առարկա:
Գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու, դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դատավարական գործողությունները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից սահմանված ժամկետներում կատարելու վարչադատավարական հատուկ կանոնների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստանալով վարչական դատարանի` գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նաև այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր պարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները: Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նաև իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Օրենսդիրը սահմանել է վերը նշված օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետևանքը, այն է` դատավարության մասնակցի` նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից ևս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն: Ընդ որում` այդ իրավունքը չիրացնելու իրավական հետևանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնելն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումն ինքնին օրենսդիրը համարել է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներ, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներ) նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումը բավարար է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով, այդուհանդերձ, գրավոր ընթացակարգով քննվող մնացած գործերով ևս վերոգրյալ պարզաբանումը ստանալու հանգամանքը կարող է համարվել բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար` հաշվի առնելով դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դատավարության մասնակիցների պարտականություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի այն իրավակարգավորումը, ըստ որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):
Ընդ որում` հատկապես այն դեպքում, երբ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանումն ստացող դատավարության մասնակիցը վարչական մարմինն է, ապա վերջինս նույնիսկ առանց այդ պարզաբանման, օրենքով է կրում վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները ներկայացնելու պարտականություն` օրենքով նախատեսված որոշ բացառություններով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատավարության մասնակիցները, կրելով իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պետք է կատարեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները, իսկ այդ ժամկետը բաց թողնելուց հետո պետք է ներկայացնեն բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու օրենքով սահմանված կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` իրավունքները չարաշահելու կամ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետևանքները:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել և դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի և գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Տվյալ դեպքում Դատարանը 04.08.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունել է վարույթ և որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով:
Դատարանը 04.08.2023 թվականի թվագրմամբ «Պարզաբանում» է ուղարկել դատավարության մասնակիցներին` այդ թվում` Կոմիտեին, որով հայտնել է, որ վերջինս իր առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում առկա բոլոր ապացույցները (այդ թվում` վարչական վարույթի նյութերը և այն ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները) կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույց, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Միաժամանակ նշվել է, որ նշված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվելու և քննարկման ենթակա չեն լինելու: Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև 04.08.2023 թվականի «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 14.08.2023 թվականին, որպիսի փաստն ընդունել է նաև Կոմիտեն իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում:
Կոմիտեն ներկայացրել է առարկություն, որը ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել 13.09.2023 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում: Այնուհետև, նշված ժամկետի ավարտից հետո` 18.09.2023 թվականին, Կոմիտեն փոստային առաքման եղանակով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել նաև վարչական վարույթի նյութերը:
Դատարանը հայցը բավարարել է` արձանագրելով հետևյալը. «(...) սույն դեպքում Կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունը և Դատարան ներկայացրած վարույթի նյութերը ներկայացրել է սահմանված ժամկետի խախտմամբ, (...) Դատարանը հարկ է համարում նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 118.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական մարմնի վրա է դրվում վարչական վարույթի բոլոր նյութերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնելու պարտականությունը, իսկ նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, օրենսդիրը սահմանելով պատասխանողի համար հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո հայցադիմումի պատասխան ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ, նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով պարտավորեցրել է պատասխանողին հայցադիմումի պատասխանի հետ ներկայացնել իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները:
(...) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, 86-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ մասի 2-րդ կետով, 118.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական մարմնի վրա է դրված ուղղակի պարտականություն` ներկայացնել վարույթի նյութերը: Ավելին, գրավոր ընթացակարգ կիրառելու ինստիտուտի համար օրենսդիրը նախատեսել է հատուկ ժամկետներ, ինչպես նաև նախատեսել է համապատասխան հետևանքներ կողմի համար, հետևաբար Դատարանի գնահատմամբ գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու համապատասխան հետևանքները պետք է կրի վարչական մարմինը:
(...) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իր լիազորությունը չի կարող կիրառվել վարչական վարույթի նյութեր պահանջելու նկատմամբ, առավել ևս, որ հատուկ վարույթով նախատեսված է հատուկ ընթացակարգ և ժամկետներ` ապացույցներ ներկայացնելու համար:
(...) գրավոր ընթացակարգով քննվող գործերի շրջանակներում ոչ միայն օրենքով է սահմանված պարտականություն վարչական մարմնի համար ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նաև ներկայացված պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ, այլ հենց օրենքով է սահմանված դրանք ներկայացնելու ժամկետները և չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու հետևանքները:
Այսպիսով` (...) վարչական գործում թեև առկա են Պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներ, սակայն, քանի որ դրանք ներկայացվել են օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, այդ փաստաթղթերը չեն կարող քննության առարկա դառնալ, քանզի Դատարանի կողմից դրանք գնահատելը ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածին և օրենսդրի կողմից որդեգրված սկզբունքին և սահմանված ժամկետները կդառնան ինքնանպատակ, որն անընդունելի է:
Վերոգրյալով պայմանավորված` Դատարանը կաշկանդված չէ Հայցվորի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 17.07.2023թ. թիվ 4236572 արձանագրությամբ արձանագրված ենթադրյալ իրավախախտման փաստը համարել չապացուցված:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ` (...) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 17.07.2023թ. թիվ 4236572 արձանագրությամբ արձանագրված ենթադրյալ իրավախախտման փաստը հիմնավորող ապացույցների բացակայության պարագայում որևէ կերպ չի հիմնավորվում վերջինիս կողմից ենթադրյալ իրավախախտում կատարելու հանգամանքը, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման»:
Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) վեճի առարկա արձանագրության կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը օրենսդրի կողմից սահմանված հատուկ մեկամսյա դատավարական ժամկետում ներկայացնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված պարտականության չկատարման պայմաններում դատարանն իրավասու չէր ընդունելու և քննարկման առարկա դարձնելու նշված ապացույցները:
Այսինքն` պատասխանողն իր առարկությունները և վարչական վարույթի նյութերը դատարան է ներկայացրել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ` ինքն իրեն զրկելով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերը, ըստ այդմ նաև` վիճարկվող վարչական ակտն իրավաչափ լինելու փաստը հիմնավորելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ սույն գործով առարկությունը Վարչական դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի պահպանմամբ, քանի որ պատասխանողի կողմից էլեկտրոնային եղանակով այն ներկայացվել է 13.09.2023 թվականին, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Պետական եկամուտների կոմիտեն ստացել է 14.08.2023 թվականին, ապա, նշվածը համարելով հիմնավոր, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում խոսքը վերաբերում է սույն գործով վիճարկվող արձանագրության կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելուն, այլ ոչ թե ներկայացված առարկությանը: Իսկ ինչպես վերը արդեն նշվեց, վարչական վարույթի նյութերը պատասխանողի կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 18.09.2023 թվականին այն դեպքում, երբ գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշումը և դատարանի պարզաբանումը պատասխանողի կողմից ստացված է եղել դեռևս 14.08.2023 թվականին:
Այսպիսով, ելնելով վերոգրյալ իրավանորմերից, սույն գործի փաստերից, եզրահանգումներից և պատճառաբանություններից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու, հետևաբար` Վարչական դատարանի 06.12.2023 թվականի վճիռը բեկանելու համար»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Կոմիտեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում ՀՀ վարչական դատարան է ներկայացրել առարկություն, սակայն դրան չի կցել առարկության հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների պատճենները դատավարության մյուս մասնակցին` հայցվորին, ուղարկելը հավաստող ապացույցը, ինչպես նաև հայցվորին չի ուղարկել ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Ինչ վերաբերում է Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 05.09.2023 թվականի թիվ 11-2/54271-2023 գրությանը, որով ՀՀ վարչական դատարան են ուղարկվել վարչական վարույթի նյութերի պատճենները և, որը պարունակում է «Ծանուցում հայցվորին» վերտառությամբ բաժին այն բովանդակությամբ, որ առարկությունները, միջնորդությունները, ակտը և դրան կից փաստաթղթերը ծավալուն են և (կամ) դրանք դժվար են պատճենահանել, ուստի դրանք դեպոնացվելու են վարչական դատարանում դրանց ծանոթանալու նպատակով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` նշված գրությունը փոստային ծառայությանն է հանձնվել 18.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83), այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, երկրորդ` նշված գրության հասցեատերը հանդիսանում է միայն ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, իսկ հայցվորը, որպես այդ գրության հասցեատեր, նշված չէ, երրորդ` գործում բացակայում է ապացույց Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 05.09.2023 թվականի թիվ 11-2/54271-2023 գրությունը հայցվորին ուղարկելու և վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ:
Այսպիսով, վարչական վարույթի նյութերը Կոմիտեն ներկայացրել է 18.09.2023 թվականին, այսինքն` Դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը ստանալուց` 14.08.2023 թվականից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն:
Դատարանը քննարկման առարկա չի դարձրել ներկայացված ապացույցները` դրանք ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի նյութերը ՀՀ վարչական դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու և բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելու պարագայում ստորադաս դատարաններն իրավաչափ եզրահանգում են արել այդ ապացույցները քննարկման առարկա չդարձնելու վերաբերյալ, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ամբողջությամբ բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ և 118.1-ին հոդվածների պահանջներից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և մեկ այլ` թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով միևնույն նորմի վերաբերյալ արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններին, որը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի հիմնավորում, վկայակոչել է նաև բողոքաբերը:
Այսպես. թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորմանը, ըստ էության, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, առանց որևէ բացառության, կիրառելի է դատարանում նաև գրավոր ընթացակարգով գործի ըստ էության քննության ընթացքում, և նույնիսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված ապացույցները ենթակա են քննարկման դատարանի կողմից, քանի որ դատարանը, օժտված լինելով ակտիվ դերակատարությամբ, պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ` գործն ըստ էության քննելու նպատակով:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերն օրենսդրի կողմից սահմանված հատուկ մեկամսյա դատավարական ժամկետում ներկայացնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված պարտականության չկատարման պայմաններում դատարանն իրավասու չէր ընդունելու և քննարկման առարկա դարձնելու նշված ապացույցները:
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված ապացույցները դատարանի կողմից քննարկման ենթակա չեն կարող լինել, եթե դատավարական ժամկետի խախտմամբ դատավարական գործողություն կատարած դատավարության մասնակիցը չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն և այն դատարանի կողմից չի բավարարվել: Հակառակ մեկնաբանմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի կիրառումը կարող է խթան հանդիսանալ դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական իրավունքների իրացման ու դատավարական պարտականությունների կատարման առնչությամբ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար` պայմանավորված նման վարքագծի որևէ բացասական իրավական հետևանք չառաջացնելու հանգամանքով:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, որը, ըստ էության, համընկնում է սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հետ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Տվյալ դեպքում Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.11.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող` Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3034