Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԺԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՏԱՎԱՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

   ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6153/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/6153/05/23             2026 թ.

   Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

   Դատավորներ`        Ռ. Մախմուդյան

                                       Ս. Հովակիմյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող  Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Արփինե-Թագուհի» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.02.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.03.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածով չի սահմանել ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը դատարանում դեպոնացնելու մասին ծանուցման պարտականության իրականացման որևէ եղանակ` ծանուցման եղանակի ընտրությունը թողնելով դատավարության մասնակցի հայեցողությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առարկությունը կողմին ուղարկելով` Կոմիտեն դրա վերջին էջում կատարել է հետևյալ նշումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են և դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետևաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում»: Ընդ որում` Դատարանն արձանագրել է, որ «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը Կոմիտեն ուղարկել է Ընկերությանը, հետևաբար նշված հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվորը փաստացի ստացել է ոչ միայն «Առարկություն»-ը, այլ նաև` իրեն ուղղված ծանուցումն առ այն, որ վարչական վարույթի նյութերը դեպոնացված են դատարանում: Միաժամանակ, դեպոնացման վերաբերյալ համապատասխան գրառման տեքստը առանձնացված է, իսկ տառաչափը` բավականին տեսանելի, որոնք էլ վկայում են այն մասին, որ Կոմիտեի կողմից կատարվել են բոլոր այն գործողությունները, որոնք բավարար են, որպիսի հայցվորն իր հերթին իրացներ իր դատավարական իրավունքները: Հետևաբար առարկության վերջին էջում համապատասխան նշագրում կատարելով` Կոմիտեն պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2025 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 07.06.2023 թվականի թիվ 4235779 հանձնարարագրով 21.06.2023 թվականից մինչև 21.06.2023 թվականն Ընկերության մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք` 743.717 ՀՀ դրամի չափով (գ.թ. 17-18).

2) Դատարանի 14.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով` 06.03.2024 թվականին (գ.թ. 26).

3) Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը» Կոմիտեին է ուղարկվել 17.03.2023 թվականի կից գրությամբ, որը պարունակում է նաև «Պարզաբանում»` որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին (գ.թ. 29).

4) Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 25.08.2023 թվականին (գ.թ. 30).

5) Կոմիտեն 18.09.2023 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթ և 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 22.09.2023 թվականին (գ.թ. 31-77).

6) «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը 18.09.2023 թվականին ուղարկվել է Ընկերությանը (հիմք` LO111305338AM փոստային անդորրագիր, գ.թ. 47), որի վերջնամասում առկա է հետևյալ գրառումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են և դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետևաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում» («Առարկություն»-ից մեջբերումը կատարված է նույնությամբ, գ.թ. 45):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ դատավարության մասնակիցների կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու առանձնահատկություններին:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված «ծավալուն» եզրույթի բացահայտմանը` դատարանի կողմից փաստաթղթերը ծավալուն գնահատելու չափանիշների համատեքստում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված վերոնշյալ երկու հիմնական իրավունքներն օժտված են մեկ միասնական սահմանադրաիրավական առաքելությամբ և գտնվում են փոխադարձ օրգանական կապի մեջ:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ միայն դատական պաշտպանության իրավունքի գործադրմամբ է հնարավոր հասնել արդար դատաքննության իրավունքի կենսագործմանը, և, միաժամանակ, միայն գործի արդարացի քննության պայմաններում է ապահովվում դատական պաշտպանության իրավունքի կենսական հատկանիշը` արդյունավետությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների և ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այլև` այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների և հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով կերաշխավորվեն արդար դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի բնույթից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նշված նպատակով է պայմանավորված գործերի քննության ընթացակարգային այնպիսի ձևերի առկայությունը, ինչպիսիք են գործի քննության բանավոր և գրավոր ընթացակարգերը, որոնք ունեն օրենսդրական տարբեր կարգավորումներ: Մասնավորապես` վարչական դատավարությունում գործի քննության գրավոր ընթացակարգն օրենսդրական իր ամրագրումն է ստացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում (հոդվածներ 116-118.4):

Այսպես.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե`

1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.

3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` սույն գործի ՀՀ վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում` վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) հայցվորը հրաժարվել է պահանջից.

3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով գործը գրավոր ընթացակարգով քննելու առանձնահատկություններին, արձանագրել է, որ գրավոր ընթացակարգն արդարադատության իրականացման առանձնահատուկ ձև է, որի` վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ մի շարք գործերի քննությունը` կապված տվյալ գործերով ներկայացված պահանջների բնույթով, հնարավոր է անցկացնել պարզեցված ընթացակարգով` միայն կողմերի գրավոր ներկայացրած փաստաթղթերի, ապացույցների, առարկությունների և հիմնավորումների հիման վրա, առանց դատական նիստ անցկացնելու:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում սահմանված գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու հատուկ կանոնները զգալիորեն կրճատում են դատավարության տևողությունը` պայմանավորված այն հանգամանքով, որ համեմատաբար պարզ գործերով դատավարության մասնակիցների միջև ծագած վեճերը հնարավոր է լինում լուծել առավել արագ և առանց երկարատև ընթացակարգերի, ինչը նպաստում է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող դեպքերը: Ըստ այդմ` նշված իրավանորմի նույն մասի 4-րդ կետով սահմանվել է, որ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է կողմերի իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների հիմնական էությունը: Այդուհանդերձ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ստանալով վարչական դատարանի` գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նաև այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր պարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները: Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նաև իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Օրենսդիրը սահմանել է վերը նշված օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետևանքը, այն է` դատավարության մասնակցի` նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:

Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից ևս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն: Ընդ որում` այդ իրավունքը չիրացնելու իրավական հետևանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնելն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումն ինքնին օրենսդիրը համարել է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներ, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներ) նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ թեև օրենսդիրը վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումը բավարար է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով, այդուհանդերձ, գրավոր ընթացակարգով քննվող մնացած գործերով ևս վերոգրյալ պարզաբանումը ստանալու հանգամանքը կարող է համարվել բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար` հաշվի առնելով դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դատավարության մասնակիցների պարտականություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի այն իրավակարգավորումը, ըստ որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):

Ընդ որում` հատկապես այն դեպքում, երբ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանումն ստացող դատավարության մասնակիցը վարչական մարմինն է, ապա վերջինս նույնիսկ առանց այդ պարզաբանման, օրենքով է կրում վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները ներկայացնելու պարտականություն` օրենքով նախատեսված որոշ բացառություններով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել և դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի և գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5893/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2025 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակորեն կանոնակարգել է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից կատարման ենթակա գործողությունների շրջանակը:

Այսպես.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել են կողմերի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերը կրում են նաև նույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ 3-րդ մասի համաձայն` կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու իրավունքի իրացումը գործնականում կարող է ունենալ ինչպես ժամկետային, այնպես էլ ընթացակարգային այլ խախտումներ: Մասնավորապես` դատավարության մասնակիցը նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ և չներկայացնել նշված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն կամ չկցել դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը: Միևնույն ժամանակ, առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցը կարող է չուղարկել դատավարության մյուս մասնակցին` փաստարկելով դրանց ծավալուն լինելը կամ պատճենահանման դժվարությունը, և չկատարել դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցում ուղարկելու օրենսդրական պահանջը:

Վերոգրյալ խախտումները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող են հիմք հանդիսանալ դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չընդունելու և չքննարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու օրենքով սահմանված կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` իրավունքները չարաշահելու կամ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետևանքները: Հետևաբար` գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները պարտավոր են կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները:

Այսպես. իրենց առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ նշված ժամկետը բաց թողնելու դեպքում պետք է ներկայացնեն նաև համապատասխան միջնորդություն: Ներկայացված առարկություններին և (կամ) միջնորդություններին դրանք ներկայացրած դատավարության մասնակիցները պետք է կցեն նաև իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, ապա դատավարության մյուս մասնակցին պետք է ուղարկեն ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների ներկայացրած առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատարանը բոլոր դեպքերում պետք է քննարկման առարկա դարձնի, եթե`

- դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում,

- թեև դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն առկա է ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարել է,

- կցվել է դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը,

- թեև դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը չի կցվել` դրանց ծավալուն լինելու կամ պատճենահանման դժվարության փաստարկմամբ, սակայն կցվել է ապացույց այն մասին, որ դատավարության մյուս մասնակիցներին ուղարկվել է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ պայմանների առկայությունը հաստատված համարվելու պարագայում միայն գործը գրավոր ընթացակարգով քննելու ընթացքում դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը կարող է համարվել պահպանված, իսկ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված «ծավալուն» եզրույթի բացահայտմանը, և այդ համատեքստում դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները` փաստաթղթերը, ծավալուն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Այսպես.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը, որում, ի թիվս այլնի, նշված է, որ եթե դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկվում է ծանուցում այն մասին, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:

Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «ծավալուն» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «իր չափսերով լայն ծավալ ստացող», «ընդարձակ գրված, մանրամասն» (տե՛ս, Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 658):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «ծավալուն փաստաթուղթ» եզրույթը գնահատողական բնույթի իրավական կատեգորիա է, որը բնորոշում է այնպիսի ապացույցների և/կամ փաստաթղթերի խումբ, որի ամբողջական պատճենահանումը, բազմացումը կամ այլ կողմին փոխանցումն օբյեկտիվորեն դժվար, անհամաչափ բարդ կամ ոչ արդյունավետ է` հաշվի առնելով այդ ապացույցների և/կամ փաստաթղթերի ծավալը, ինչպես նաև նշված փաստաթղթերը պատճենահանելու տեխնիկական ընթացքը: Այդպիսիք ընդգրկում են մեծածավալ գործավարական նյութեր, վարչական վարույթների բազմածավալ փաստաթղթեր, հաշվետվություններ, գծագրեր, քարտեզներ, ձայնագրություններ, տեսանյութեր կամ այլ ձևաչափի ապացուցողական նյութեր, որոնց վերարտադրությունը կարող են պահանջել զգալի ֆինանսական, ժամանակային կամ տեխնիկական ռեսուրսներ: Հետևաբար` փաստաթղթերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ծավալուն դիտարկելու համար համակարգային առումով գնահատման առարկա պետք է դառնա ոչ միայն այդ փաստաթղթերի ֆիզիկական ծավալը, քանակը, այլև` դրանք պատճենահանելու և դատավարության մասնակցին կամ մասնակիցներին ուղարկելու ողջ տեխնիկական ընթացքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական իմաստով` փաստաթղթի և/կամ ապացույցի ծավալուն լինելը կողմին չի ազատում դրանք ներկայացնելու պարտականությունից: Ընդ որում` կարևորելով դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների պատշաճ կատարման դատավարական կանոնը` օրենսդիրը նախատեսել է այդ պարտականության կատարման այլընտրանքային եղանակ, այն է` դատավարության մասնակցին ուղարկվում է ծանուցում այն մասին, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Այս ինստիտուտը ծառայում է դատավարության արդյունավետությանը` ապահովելով դատավարության բոլոր մասնակիցների իրազեկվածության և ապացույցների հասանելիության երաշխիքները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը գրավոր ընթացակարգով քննելու օրենսդրական հնարավորությունը չի կարող պատճառ հանդիսանալ ինչպես գործում եղած բոլոր ապացույցներն անմիջականորեն գնահատելու և փաստի հաստատված լինելու հարցը դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու օրենսդրական կանոնը չպահպանելու, այնպես էլ դատավարության մասնակիցների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակելու համար: Ըստ այդմ` գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատարանում դեպոնացված ծավալուն փաստաթղթերի և/կամ ապացույցների մասին դատավարության մյուս մասնակցին ծանուցումը պետք է ուղարկվի այն հաշվառմամբ, որ վերջինիս համար ողջամտորեն ապահովված լինի դատարանում դեպոնացված ապացույցներին ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու իրավունքի լիարժեք իրացումը, ինչն իր հերթին կապահովի դատարանի կողմից ապացույցներն անմիջականորեն գնահատելու և փաստի հաստատված լինելու հարցը դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու օրենսդրական կանոնի պահպանումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 07.06.2023 թվականի թիվ 4235779 հանձնարարագրով 21.06.2023 թվականից մինչև 21.06.2023 թվականն Ընկերության մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք` 743.717 ՀՀ դրամի չափով:

Դատարանի 14.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով` 06.03.2024 թվականին:

Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը» Կոմիտեին է ուղարկվել 17.03.2023 թվականի կից գրությամբ, որը պարունակում է նաև «Պարզաբանում»` որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 25.08.2023 թվականին:

Կոմիտեն 18.09.2023 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթ և 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 22.09.2023 թվականին:

«Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը 18.09.2023 թվականին ուղարկվել է Ընկերությանը, որի վերջնամասում առկա է հետևյալ գրառումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են և դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետևաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում»:

Դատարանը 06.03.2024 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերը այնքան լայնածավալ չեն, կամ դժվար պատճենվող, որ հնարավորություն տան վերջինիս դրանք դատարանում դեպոնացնելու պատրվակով խուսափել դատավարության մյուս մասնակցին ուղարկելու պարտականությունից, (...) «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթում ընդհանուր տեքստում կատարված արձանագրումը չի կարող դիտարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ծանուցում այն պատճառաբանությամբ, որ դատավարության մասնակցի համար ծանուցումը պետք է լինի հեշտ հասանելի և ընկալելի, մինչդեռ վերջինս պարտավոր չէ խորապես ուսումնասիրել ներկայացված առարկությունը` դրանում փնտրելու և գտնելու դեպոնացման մասին տեղեկությունը, - պատասխանողի կողմից 45 թերթ A4 ֆորմատի թղթերից բաղկացած փաթեթից միայն 16 թերթ «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը հայցվորին ուղարկելը դրանում ընդհանուր տեքստում դեպոնացման մասին նշում կատարելով, չի բխում ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, ո՛չ դատավարական իրավունքների չարաշահման արգելքի և բարեխղճության սկզբունքներից:

(...) պատասխանողի կողմից պահպանված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես, առարկություններին կից փաստաթղթերի պատճենները հայցվորին չեն ուղարկվել, հայցվորին չի ուղարկվել դեպոնացվելու վերաբերյալ պատշաճ ծանուցում, ավելին, այդ փաստաթղթերն այնքան ծավալուն չեն, որ հնարավորություն տան պատասխանողին` դրանք հայցվորին ուղարկելու պարտականությունը փոխարինել վարչական դատարանում դրանք դեպոնացնելով:

(...) Հաշվի առնելով, որ պատասխանողի կողմից ապացույցները ներկայացվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, դրանք Դատարանի կողմից չեն ընդունվում և ենթակա չեն քննարկման:

Ըստ այդմ` (...) սույն գործով վիճարկվող արձանագրությամբ հայցվորին վերագրված` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարված լինելու փաստը մնում է չապացուցված, իսկ դրա բացասական հետևանքները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համաձայն, կրում է պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:

Վերաքննիչ դատարանը 03.02.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 06.03.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «Պատասխանողի կողմից գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշումը և նշված պարզաբանումը ստացվել է 25.08.2023 թվականին, սակայն 22.09.2023 թվականին դատարան ներկայացված առարկությանը կից ապացույցների պատճենները կամ դրանք դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցումը հայցվորին ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: (...) 22.09.2023 թվականին դատարան ներկայացված առարկությանը կից ապացույցների պատճենները կամ դրանք դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցումը հայցվորին ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված պարտականության չկատարման պայմաններում դատարանն իրավասու չէր ընդունելու և քննարկման առարկա դարձնելու նշված ապացույցները: Այսինքն` պատասխանողն իր առարկությանը կից վարչական վարույթի նյութերը դատարան է ներկայացրել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ` ինքն իրեն զրկելով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերը, ըստ այդմ նաև` վիճարկվող վարչական ակտն իրավաչափ լինելու փաստը հիմնավորելու հնարավորությունից: Միաժամանակ, արձանագրելով, որ 22.09.2023 թվականին դատարան ներկայացված առարկությանը կից ապացույցների պատճենները կամ դրանք դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցումը հայցվորին ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել նաև Վերաքննիչ դատարանին, (...)»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Կոմիտեն, 25.08.2023 թվականին ստանալով Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը և 17.08.2023 թվականի կից գրության մեջ առկա «Պարզաբանումը», ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածով նախատեսված գործողությունները կարող էր կատարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, այսինքն` 26.09.2023 թվականը ներառյալ:

Տվյալ դեպքում Կոմիտեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում` 18.09.2023 թվականին, Դատարան է ներկայացրել 16 թերթից բաղկացած «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթ և 29 թերթից բաղկացած` վիճարկվող 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 22.09.2023 թվականին: Միաժամանակ Կոմիտեն «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթին կցել է ապացույց այն մասին, որ նշված առարկությունը 18.09.2023 թվականին ուղարկվել է Ընկերությանը, և առարկությունը պարունակում է ծանուցում դրա հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները` դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու մասին:

Այսինքն` Կոմիտեն կատարել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատավարության մասնակցի, տվյալ դեպքում պատասխանողի համար նախատեսված պարտականությունը և դատավարության մյուս մասնակցին` հայցվորին ծանուցել է, որ առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները` դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Ընդ որում, նշված 29 թերթից բաղկացած փաստաթղթերի փաթեթը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող է դիտարկվել ծավալուն` հաշվի առնելով դրանց պատճենահանման, ինչպես նաև կողմին ուղարկելու ողջ տեխնիկական ընթացքը: Միևնույն ժամանակ ծավալուն փաստաթղթերը պատճենահանելն ու դատավարության մյուս մասնակցին ուղարկելը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող է անհամաչափ բեռ հանդիսանալ Կոմիտեի համար, որպիսի դեպքի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվել է փաստաթղթերը դատարանում դեպոնացնելու և այդ մասին դատավարության մյուս մասնակցին ծանուցելու իրավական կառուցակարգը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի կողմից Դատարանին ներկայացված «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը և վիճարկվող թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը ՀՀ վարչական դատարանում ստացվելու պահից` 22.09.2023 թվականից մինչ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը` 06.03.2024 թվականը առկա է եղել 166 օր, որպիսի ժամանակահատվածը ողջամտորեն բավարար է եղել Ընկերության կողմից առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցներին ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու իրավունքն իրացնելու համար:

Անդրադառնալով առարկությանը կից փաստաթղթերի պատճենները կամ դրանք դեպոնացվելու վերաբերյալ ծանուցումը հայցվորին չուղարկելու, այդ փաստաթղթերը բավականաչափ ծավալուն չլինելու և ըստ այդմ` դրանք ՀՀ վարչական դատարանում դեպոնացնելու անթույլատրելի լինելու մասին Դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Նախ` Կոմիտեին չէր կարող վերագրվել առարկություններին կից փաստաթղթերի պատճենները հայցվորին ուղարկելու օրենսդրական պահանջի խախտում, քանի որ Կոմիտեն փաստացի ընտրել է օրենքով նախատեսված գործիքակազմերից փաստաթղթերը` դրանք ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացնելու վերաբերյալ ծանուցելու եղանակը: Երկրորդ` հիմնավորված չէ Ընկերությանն ուղարկված առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները` դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու վերաբերյալ նույն առարկության մեջ կատարված գրառումը պատշաճ ծանուցում չդիտելը, քանի որ «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթի վերջնամասում առկա հստակ և ընթեռնելի կերպով կատարված գրառումից ակնհայտ է նշված հանգամանքը: Երրորդ` առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող 29 թերթից բաղկացած փաստաթղթերի փաթեթը ոչ այնքան ծավալուն գնահատելու Դատարանի դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում և գտնում է, որ երկու տասնյակը գերազանցող քանակով փաստաթղթերը ողջամտորեն կարող են դիտարկվել ծավալուն` հաշվի առնելով նաև դրանք պատճենահանելու և դատավարության մասնակցին կամ մասնակիցներին ուղարկելու ողջ տեխնիկական ընթացքը, ինչով էլ պայմանավորված կողմը հնարավորություն ունի օգտվելու դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործիքակազմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները` դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու վերաբերյալ դատավարության մյուս մասնակցին ծանուցելու պարտականություն, ինչը Կոմիտեի կողմից պատշաճ կերպով կատարվել է: Ավելին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներից բխում է, որ դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չընդունելու և քննարկման առարկա չդարձնելու նախապայման է հանդիսանում միայն նույն մասով սահմանված պահանջները չկատարելը, այն է` առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև դրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելը կամ դրանք սահմանված ժամկետում ներկայացնելը, սակայն դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը չկցելը, կամ փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացված լինելու մասին դատավարության մյուս մասնակցին ծանուցում ուղարկված լինելու մասին ապացույցը չկցելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նախապայմաններից որևէ մեկը տվյալ դեպքում առկա չի եղել: Մասնավորապես, Կոմիտեն օրենքով սահմանված ժամկետում Դատարան է ներկայացրել «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը և դրա հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները: Միևնույն ժամանակ, «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթին կցվել է այն հայցվոր Ընկերությանն ուղարկելու մասին ապացույցը, որում առկա գրառմամբ փաստացի վերջինս ծանուցվել է առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ՀՀ վարչական դատարանում դեպոնացված լինելու մասին, ուստի տվյալ դեպքում բացակայել է դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չընդունելու և քննարկման առարկա չդարձնելու իրավական հիմքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտեի կողմից իրավաչափորեն կատարվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները: Մասնավորապես` առարկությունը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում, դրան կցված է եղել առարկությունն Ընկերությանն ուղարկելը հավաստող ապացույցը` փոստային անդորրագիրը: Ինչ վերաբերում է առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներն Ընկերությանն ուղարկելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթի վերջնամասում հստակ ընթեռնելի կերպով նշել է. «(...) առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են և դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետևաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում» («Առարկություն»-ից մեջբերումը կատարված է բառացի):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն այն հանգամանքը, որ Կոմիտեի կողմից ներկայացված առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները, դատարանի գնահատմամբ այնքան ծավալուն չեն եղել որպեսզի դեպոնացվեին դատարան ծանոթանալու նպատակով, հիմք չէ դրանք չընդունելու և քննարկման առարկա չդարձնելու համար:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի կողմից իրավաչափորեն կատարվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, այն է` առարկությունը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ, այն ուղարկվել է նաև Ընկերությանը, իսկ առարկության հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները` վարույթի նյութերը, դեպոնացվել են ՀՀ վարչական դատարանում` ծանոթանալու նպատակով, որի մասին հայցվոր կողմը պատշաճ ծանուցված է եղել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող  Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3124

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.02.2026
N ՎԴ/6153/05/23
Որոշում