ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ1/1825/02/22
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/1825/02/22 2025 թ.
Նախագահող դատավոր` Ս. Մատինյան
Դատավորներ` Ն. Կարապետյան
Լ. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Ա. Մկրտչյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ն. Հովսեփյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի որոշման դեմ` ըստ Հասմիկ Խաչատրյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` գույքի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հասմիկ Խաչատրյանը պահանջել է Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` գործի վարույթը կարճվել է` գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2023 թվականի որոշմամբ Հասմիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և Դատարանի 29.05.2023 թվականի որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Մարգարիտա Շահգալդյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ 69104615 քրեական գործը, որով Հասմիկ Խաչատրյանի ամուսինը` Արտակ Գալստյանը, ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, գտնվում է նախաքննության փուլում կամ, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը` «մինչդատական վարույթի ընթացքում»: Տվյալ քրեական գործով վերջնական դատական ակտ (քրեական վարույթը կարճելու մասին որոշում կամ դատավճիռ) դեռևս կայացված չէ, որով պետք է ավարտվի տվյալ քրեական գործի (վարույթի) մինչդատական կամ դատական վարույթը, հետևաբար` խոսք չի կարող լինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կիրառության մասին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածից կարելի է կատարել այն հետևությունը, որ այդ նորմի կիրառության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. հարուցված կատարողական վարույթի առկայություն, ինչը կարող է նախաձեռնվել միայն դատական ակտի հիման վրա,
2. կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի տակ գտնվող գույքի առկայություն,
3. գույքի պատկանելիության վերաբերյալ վեճի առկայություն,
4. հայցը պետք է ներկայացված լինի երրորդ անձի կողմից ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում որևէ կատարողական վարույթ չկա և չի կարող լինել, քանի որ քրեական վարույթը դեռևս գտնվում է նախաքննության փուլում ու որևէ վերջնական դատական ակտ կայացված չէ, որը հետագայում հիմք կհանդիսանար քրեական արդարադատության շրջանակներում կատարողական փուլի անցման համար:
Տվյալ դեպքում որևէ կերպ չի վիճարկվում գույքերի պատկանելիության հարցը և վարույթն իրականացնող մարմինն այդ գույքերի պատկանելիության վերաբերյալ որևէ հարց չի բարձրացրել: Ավելին` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի կողմից հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ, բայց, քանի որ կատարողական վարույթ առկա չէ, հետևաբար նաև բացակայում են կատարողական վարույթի սուբյեկտներ համարվող պարտապանն ու պահանջատերը, և Կոմիտեն տվյալ դեպքում չի կարող համարվել պարտապան կամ պահանջատեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարել վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով Վերաքննիչ դատարանի 15.12.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` օրինական ուժ տալով Դատարանի 29.05.2023 թվականի որոշմանը:
2.1 Հասմիկ Խաչատրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Անդրադառնալով Կոմիտեի այն պնդմանը, որ քրեական գործով վերջնական դատական ակտ դեռևս կայացված չէ` նշել է, որ թիվ 69104615 քրեական գործով 31.01.2022 թվականին օրինական ուժի մեջ է մտել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2020 թվականի թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.04.2021 թվականի որոշումը:
Քրեական գործով տուժող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն երբևէ որևէ գույքային պահանջ չի ներկայացրել ո՛չ Արտակ Գալստյանի, ո՛չ էլ իր նկատմամբ: Ավելին` տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցով Արտակ Գալստյանի գույքի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացվել, իսկ քաղաքացիական հայցը բավարարելու մասին դատական ակտով Արտակ Գալստյանից որևէ բռնագանձում չի նախատեսվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի 05.12.2016 թվականի որոշման համաձայն` ««Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2015թ. հունիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-177-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին կետով հարուցվել է սույն [թիվ 69104615] քրեական գործը: (...) ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. դեկտեմբերի 29-ի գրությամբ քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: Քրեական գործով մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` նրա մահվան հիմքով: Նշված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Արտակ Գալստյանի գույքի վրա դրված արգելանքի (կալանքի) հարցին (հատոր 1-ին, գ.թ. 36-38).
2) Կադաստրի կոմիտեի կողմից 01.04.2022 թվականին տրված տեղեկանքների համաձայն` «(...) *******(1) հասցեի անշարժ գույքի նկատմամբ, *******(2) հասցեում գտնվող գույքի նկատմամբ, *******(3) հասցեի անշարժ գույքի նկատմամբ», *******(4) հասցեում գտնվող գույքի նկատմամբ» և ******(5) հասցեի անշարժ գույքի» նկատմամբ կիրառվել է կալանք` քննչական ծառայության 29.01.2016 թվականի թիվ 69104615 քրեական գործ հարուցելու մասին որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 15-18).
___________________
1) Առկա է անձնական տվյալ
2) Առկա է անձնական տվյալ
3) Առկա է անձնական տվյալ
4) Առկա է անձնական տվյալ
5) Առկա է անձնական տվյալ
3) սույն գործով հայցվոր Հասմիկ Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի` պահանջելով Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքերի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել (հատոր 1-ին, գ.թ. 3-11).
4) Դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` գործի վարույթը կարճվել է` գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 131-136).
5) Հասմիկ Խաչատրյանը 03.07.2023 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել` հիմքում դնելով նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի խախտումը (հատոր 2-րդ, գ.թ. 6-12).
6) սույն գործի նյութերում բացակայում է թիվ 69104615 քրեական գործով վարույթն ավարտված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք քրեական վարույթի շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) հանելու վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը` օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որի իրավասությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգերի միջոցով, ինչպիսիք են ենթակայությունը (առարկայական ընդդատությունը) և տարածքային ընդդատությունը:
Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ենթակայության ու ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից` տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, կարևորելով գործերի ենթակայությունը (դատական գործերի առարկայական ընդդատությունը), դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ վեճի ենթակայությունը և ընդդատությունը ճիշտ որոշելու խնդիրը սերտորեն կապված է Սահմանադրությամբ իր ամրագրումն ստացած օրինականության սկզբունքի հետ, որի համաձայն` պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վեճի ենթակայությունը և ընդդատությունը սխալ որոշելու պայմաններում արդարադատության իրականացումն անհամատեղելի կլինի օրինականության սկզբունքի կենսագործման հետ, քանի որ կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ դատարանը, որն իրավասու չէ քննելու տվյալ վեճը, կկատարի այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (...) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:
Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:
Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի վարույթը, այն է` քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են նույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք` իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա գործերի շրջանակն օրենսդիրը սահմանել է այդ շրջանակից առանձին կատեգորիայի գործերի բացառման սկզբունքով` վերջիններս վերապահելով այլ մասնագիտացման դատավորների կամ այլ դատարանների իրավասությանը: Այլ կերպ ասած` իրավունքի մասին վեճի կապակցությամբ ցանկացած գործ ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, բացառությամբ`
1) քրեական գործերի, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերի, որոնք քննում է միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները,
2) Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի,
3) մասնագիտացված դատարանների իրավասությանը վերապահված գործերի:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանելով իրավունքի մասին վեճի հետ կապված գործերի ենթակայությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին, միաժամանակ բացառել է այլ` վարչական, քրեական և Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում գտնվող գործերի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով` այդպիսով հստակ տարանջատելով այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է դատավարական օրենսգրքերի կարգավորման առարկաներից, այդ թվում նաև` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր մասնագիտացման դատավորների իրավասությանը հանձնված գործերի (հարցերի) քննության և լուծման դատավարական առանձնահատկություններից:
01.07.2022 թվականին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 13-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:
Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:
Նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը և պահանջում հանձնել այն: Այդ պահանջը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում գույքի վրա կալանքը դրվում է հարկադիր կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
Նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:
Նույն օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաև քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում:
Նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) քննիչի, դատախազի, (...)` նույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել (...), քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մինչև 01.07.2022 թվականը գործած իրավակարգավորումների համաձայն` քրեական դատավարության կարգով գույքի վրա կալանք դնելը կիրառվել է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նշված կալանքը դրվել է ինչպես կասկածյալի և մեղադրյալի, այնպես էլ այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի ու մեղադրյալի գործողությունների համար, կարող էր դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է այն և ում մոտ է գտնվել:
Քրեական դատավարության կարգով նախաքննության ժամանակ գույքի վրա կալանք դնելը կատարվել է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, ովքեր տվյալ գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը` պահանջելով այն հանձնել: Որոշումը հարկադիր կարգով է կատարվել այն դեպքում, երբ անձը հրաժարվել է այդ պահանջը կամովին կատարելուց: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը ենթակա է եղել բողոքարկման դատախազին:
Ինչ վերաբերում է քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելուն, ապա այն իրականացվել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև այն դեպքերը, երբ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գույքը հնարավոր է եղել ազատել կալանքից, դրանք են` քաղաքացիական հայցը հետ վերցվելը, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը վերացվելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ունենալով սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմին, այդ թվում` դատարանը, իր գործառույթները պետք է իրականացնի Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորություններին համապատասխան: (...) Քրեական գործերով վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, որով օրենսդիրը գույքի վրա կալանք դնելը պայմանավորել է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշմամբ: Նույն օրենսգրքի համաձայն` գույքը կալանքից ազատվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի` դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քրեական գործերի վարումը, ներառյալ` քրեական գործերով դրված կալանքից գույքն ազատելու հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Ավելին` քրեադատավարական օրենքով սահմանված են նաև գույքը կալանքից ազատելու հիմքերը և կարգը, իսկ այդ գործողությունը քրեադատավարական օրենքին համապատասխան կարող է իր որոշմամբ կատարել քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական դատավարությունում միայն վերջինս է իրավասու որոշելու, թե արդյոք վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը (տե՛ս ըստ Խորեն Մկրտչյանի դիմումի` Սամվել Մելիքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/0945/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ անդրադառնալով քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ դա ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով: Մասնավորապես`
ա) եթե քրեական գործի վարույթն ավարտված է, որի ուժով սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը, այլևս բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու, որոշումը վերացնելու (վերանայելու) իրավական հնարավորությունը, առնվազն այն պատճառով, որ քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների` ներառյալ գործը քննած դատարանների` այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորությունները, անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած` նման պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) վերացման վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով.
բ) այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չէ, հետևաբար դեռևս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ և քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն, քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորը չի կարող համարվել իրավասու մարմին քրեական վարույթի շրջանակներում քննիչի կողմից գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու հարցը քննելու և այն վերացնելու համար բացառապես այն պարագայում, երբ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չէ և սպառված չէ վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը: Հակառակ պարագայում, հիմք ընդունելով հանրային իշխանության, այդ թվում` քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձի սեփականության իրավունքին ոչ իրավաչափ միջամտությունը վերացնելու, արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ նրա համար արդյունավետ դատական պաշտպանության իրացումը երաշխավորելու սահմանադրական հրամայականները, ինչպես նաև սեփականության անձեռնմխելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման և դրանց դատական պաշտպանության քաղաքացիաիրավական սկզբունքները, պետք է ապահովվի ավարտված քրեական վարույթի շրջանակներում կիրառված և այլևս ոչ իրավաչափորեն պահպանվող սահմանափակումները վերացնելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքը (տե՛ս ըստ Վահան Սիմոնյանի և Սյուզաննա Գալստյանի հայցի ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության թիվ ԵԴ/7692/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական վարույթի շրջանակում գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ որոշումները կայացվում և վերացվում են (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մաս) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ի թիվս այլնի, նաև քննիչի կողմից, հետևաբար նման որոշումների իրավաչափության հարցը կարող է գնահատվել բացառապես քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված նորմերով ու ընթացակարգերով: Ընդ որում, օրենսդիրը քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ սահմանել է, որ նույն օրենսգրքով նախատեսված քննիչի կողմից կայացրած որոշումները` այդ թվում նաև գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ որոշումը, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից կարող է բողոքարկվել դատախազին (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդված), իսկ դատախազի կողմից դրանք բավարարված չլինելու պարագայում նաև դատարանում (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդված): Ասվածը նշանակում է, որ քննարկման առարկա հանդիսացող որոշումները ենթակա են վերացման քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր բողոքարկման միջոցները սպառելով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չլինելու, հետևաբար այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ և քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն առկա լինելու պայմաններում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը չի կարող համարվել իրավասու մարմին քրեական վարույթի շրջանակներում քննիչի կողմից գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու հարցը քննելու և այն վերացնելու համար, քանի որ առկա չէ նման լիազորությունը վերապահող որևէ իրավական հիմք: Այլ կերպ ասած` վերը նշված հանգամանքներում քաղաքացիական դատավարության շրջանակներում չի կարող քննության առնվել քննիչի որոշման կամ քրեական վարույթի ընթացքում բարձրացված հարցերի իրավաչափության հարցը` այն քաղաքացիական դատավարությանը ենթակա չլինելու հիմքով:
Անդրադառնալով քրեական հետապնդում իրականացնող մարմինների որոշմամբ անձի գույքի վրա դրված արգելանքը (կալանքը) հանելու մասին պահանջների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը տրվում է`
1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա.
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական վարույթի կապակցությամբ առաջացած իրավահարաբերությունների մեկնարկի ու իրականացման միակ իրավական հիմքն օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից կայացրած համապատասխան դատական ակտն է, որում նշվում է կատարման ենթակա դատական ակտի եզրափակիչ մասը: Ուստի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառումը և կատարողական վարույթի մեկնարկն անհնար է առանց կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից տրված կատարողական թերթի առկայության:
Բացի այդ, դատական ակտի հարկադիր կատարման մեկնարկը նախաձեռնելու համար անհրաժեշտ է համապատասխան սուբյեկտների` շահագրգիռ անձի և դատական ակտը կայացրած դատարանի կողմից օրենքով սահմանված մի շարք գործողությունների իրականացումը: Այսինքն` հարկադիր կատարողն իրավունք ունի ձեռնամուխ լինելու համապատասխան դատական ակտի հարկադիր կատարմանը միայն կատարողական վարույթը հարուցելու պարագայում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:
Մինչև 01.07.2022 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:
Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: (...):
Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարման միջոցներ են` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:
Մինչև 01.07.2022 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ: (...):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պայմանավորված կատարողական վարույթի առանձնահատկություններով` օրենսդիրը հստակ սահմանել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր հակադիր շահերով հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր: Այսպիսով, պահանջատերն այն սուբյեկտն է, որի օգտին կամ ի շահ որի դատարանի կողմից տրվել է կատարողական թերթը, իսկ մյուս կողմը` պարտապանը, այն անձն է, ում վրա դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջներին համապատասխան, դրված է որոշակի գործողությունների կատարման կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու պարտականություն: Ուստի, թե՛ պահանջատիրոջ, և թե՛ պարտապանի առկայությունը կատարողական վարույթի շրջանակներում կրում է պարտադիր բնույթ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով գույքի վրա արգելանք (կալանք) դնելը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար հանձնելու կամ իրացնելու նպատակով: Ընդ որում, գույքի վրա արգելանք դնելն ինքնանպատակ չէ, քանի որ կանխարգելիչ բնույթ կրող հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու, ի թիվս այլնի, պարտատիրոջ պահանջների կատարելիությունը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը ներառված է նույն օրենքի` «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը» վերտառությամբ 5-րդ գլխում: Իր հերթին, օրենսդիրը, օրենքի 5-րդ գլուխը վերնագրելով «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը», նկատի է ունեցել նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկադիր կատարման միջոցը:
Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը, տվյալ նորմերը մեկնաբանելով վկայակոչված գլխի և վերը նշված օրենքի կարգավորման համատեքստում, գտել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածում նշված հիմքով` պարտապան չհանդիսացող գույքի սեփականատերը կամ դրա օրինական տիրապետողն իրավունք ունեն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմելու գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան այն դեպքում, երբ գույքի վրա արգելանքը դրվել է հարկադիր կատարողի կողմից` որպես հարկադիր կատարման միջոց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար, և առկա է վեճ այդ գույքի պատկանելության վերաբերյալ: Ընդ որում, մինչև 01.07.2022 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդիրը, անդրադառնալով դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ դրված արգելանքին, կրկին նկատի է ունեցել բացառապես այն արգելանքը, որը կիրառվել է հարկադիր կատարողի կողմից` պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու նպատակով:
Ավելին` օրենսդիրը կարգավորման ոլորտի շրջանակը հստակեցնելու նպատակով 09.06.2022 թվականին ընդունված ու 01.07.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը լրացվել է 5-րդ մասով, որի համաձայն` նույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքի վրա:
Ամփոփելով վերը շարադրվածը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների որոշմամբ անձի գույքի վրա դրված արգելանքը (կալանքը) հանելու մասին պահանջների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը կիրառելի չէ, ընդ որում` անկախ տվյալ քրեական գործով վարույթն ավարտված լինելու փաստից, քանի որ նշված հարցը դուրս է քննարկվող օրենքի կարգավորման տիրույթից (տե՛ս ըստ Վահան Սիմոնյանի և Սյուզաննա Գալստյանի հայցի ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության թիվ ԵԴ/7692/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2025 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի 05.12.2016 թվականի որոշման համաձայն` ««Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2015թ. հունիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-177-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին կետով հարուցվել է սույն [թիվ 69104615] քրեական գործը: (...) ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. դեկտեմբերի 29-ի գրությամբ քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: Քրեական գործով մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` նրա մահվան հիմքով: Նշված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Արտակ Գալստյանի գույքի վրա դրված արգելանքի (կալանքի) հարցին:
Կադաստրի կոմիտեի կողմից 01.04.2022 թվականին տրված տեղեկանքների համաձայն` *******(6) հասցեի անշարժ գույքի նկատմամբ, *******(7) հասցեում գտնվող գույքի նկատմամբ», *******(8) հասցեի անշարժ գույքի նկատմամբ», *******(9) հասցեում գտնվող գույքի նկատմամբ» և *******(10) հասցեի անշարժ գույքի» նկատմամբ կիրառվել է կալանք` քննչական ծառայության 29.01.2016 թվականի թիվ 69104615 քրեական գործ հարուցելու մասին որոշման հիման վրա:
____________________
6) Առկա է անձնական տվյալ
7) Առկա է անձնական տվյալ
8) Առկա է անձնական տվյալ
9) Առկա է անձնական տվյալ
10) Առկա է անձնական տվյալ
Դիմելով Դատարան` Հասմիկ Խաչատրյանը պահանջել է Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքերի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել` գործի քննության ընթացքում չներկայացնելով նշված քրեական գործով վարույթն ավարտված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց:
Դատարանը 29.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել է` գործի վարույթը կարճել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Հասմիկ Ռաֆիկի Խաչատրյանի կողմից գույքն արգելանքից հանելու հայցային պահանջը ներկայացվել է ոչ թե «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին ՀՀ օրենքի 44.1-րդ և 45-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված իրավահարաբերությունների, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակներում» և գտել է, որ «(...) քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով»:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «նշված իրավահարաբերության նկատմամբ ենթակա է կիրառման մինչև 01.07.2022 թվականի խմբագրությամբ գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը», «Դատարանը գործի վարույթը կարճել է հիմք ընդունելով բացառապես հայցվորի կողմից վկայակոչված հայցապահանջի իրավական հիմքերը», 15.12.2023 թվականի որոշմամբ Հասմիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Դատարանի 29.05.2023 թվականի որոշումը վերացրել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) հայցվորը ներկայացրել է գույքն արգելանքից հանելու պահանջ, որպիսի պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, իսկ հայցադիմումում նշված իրավական հիմքը չէր կարող հիմք հանդիսանալ գործի վարույթը կարճելու համար: Այլ հարց է, որ Դատարանը գործի քննության ընթացքում պետք է պարզեր այն սուբյեկտային կազմը, որի դեմ հայց է հարուցվել, ինչպես նաև որոշեր վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը»:
Համադրելով սույն գործի փաստական հանգամանքները կիրառելի իրավանորմերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ թե՛ քրեական գործի, և թե՛ քաղաքացիական գործի շրջանակներում առկա չէ կատարողական վարույթ հարուցելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթ: Սույն քաղաքացիական գործի շրջանակներում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի կիրառելիությունն արդեն իսկ իրավաչափ չէ, քանի որ առկա չէ կատարողական վարույթի մեկնարկի գլխավոր նախապայմանը` կատարողական թերթը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հասմիկ Խաչատրյանի պահանջը` թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից կայացված Արտակ Գալստյանին պատկանող գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, ենթակա չէ և չի կարող քննության առնվել քաղաքացիական դատավարության կարգով այն պատճառաբանությամբ, որ չավարտված քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա հանդիսացող որոշումները կայացվում են քննիչի կողմից ու ենթակա են բողոքարկման բացառապես քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգերը սպառելով, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանց իրավաչափության հարցը չի գտնվում քաղաքացիական դատավարության օրենսդրության տիրույթում ու կարող է գնահատվել բացառապես քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված նորմերով և ընթացակարգերով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի 15.12.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի 29.05.2023 թվականի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (...) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 15.12.2023 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 29.05.2023 թվականի որոշմանն ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում Հասմիկ Խաչատրյանի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասերով պետք է համարել լուծված:
Միաժամանակ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը` 40.000 ՀՀ դրամ վճարված է, իսկ վճռաբեկ բողոքը բավարարվում է` Վերաքննիչ դատարանի 15.12.2023 թվականի որոշումը բեկանվում է, և օրինական ուժ է տրվում Դատարանի 29.05.2023 թվականի որոշմանն ամբողջությամբ` սույն որոշման պատճառաբանություններով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման Հասմիկ Խաչատրյանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ, 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2023 թվականի որոշմանը` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Հասմիկ Խաչատրյանից հօգուտ Քննչական կոմիտեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Քննչական կոմիտեի կողմից վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտչյան
Զեկուցող Ս. Մեղրյան
Ն. Հովսեփյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741117350