ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/36250/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36250/02/20 2025 թ.
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Դատավորներ` Գ. Թորոսյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող` Ա. Մկրտչյան
զեկուցող է. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Վ. Քոչարյան
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Գնդոյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշման դեմ` ըստ Դավիթ Գնդոյանի հայցի ընդդեմ Էլեն Շահնազարյանի, Արշակ Արշակունու, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դավիթ Գնդոյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.03.2015 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավերության հետևանքներ կիրառել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2022 թվականի որոշմամբ Դավիթ Գնդոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանը (ներկայացուցիչ Կարեն Քալանթարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արշակ Արշակունին (ներկայացուցիչ Հայկ Բաբայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասը, 365-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը ենթակա է անվերապահ բեկանման այն հիմքով, որ դատական ակտն ստորագրված չէ այն կայացրած դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստին և չի արձանագրել, որ Վերաքննիչ դատարան ներկայացված դատական ակտի եզրափակիչ մասը չի պարունակում այն կայացրած դատավորի ստորագրությունը և չի մեկնաբանել, թե ինչու նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի հիմքով չի հանդիսանում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք: Նշված հոդվածով օրենսդիրը որպես ընդհանուր պահանջ նախատեսել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ: Օրենսդիրը չի սահմանել, որ դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման, եթե գործում առկա դատարանի դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ: Նշված նորմի` Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ կիրառելի լինելու պարագայում այն, ըստ էության, դառնալու է իմաստազուրկ և գործնականում գործին մասնակցող անձանց կողմից նշված հիմքով բողոք բերելը դառնալու է անհնարին, քանի որ եթե դիտարկենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի է միայն այն դեպքում, երբ ստորագրված չէ գործում առկա դատական ակտը, ապա նման պարագայում գործին մասնակցող անձինք նշված հիմքով երբեք չեն կարող ներկայացնել բողոք, քանի որ գործին մասնակցող անձանց գործում առկա դատական ակտը հասանելի չի լինում, հետևաբար անհնար է պարզել, արդյո՞ք ստորագրված է գործում առկա դատական ակտը և դրա չստորագրված լինելու դեպքում նշված հիմքով ներկայացնել բողոք: Գործում առկա և դատարանի կողմից գործին մասնակցող անձանց ուղարկված դատական ակտի օրինակներն ունեն հավասարազոր ուժ, հետևաբար դրանցից յուրաքանչյուրի չստորագրված լինելը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով դատական ակտը բեկանելու համար:
Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է թիվ ԱՐԴ1/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը` նշելով, որ այդ դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, մասնավորապես` ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը (դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ) մեկնաբանել և կիրառել է այն իմաստով, որ դատարանի կողմից բողոքաբեր-հայցվորին ուղարկված (և բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կցված) դատական ակտը ստորագրված չլինելը համարել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Դատարանի կողմից 07.03.2022 թվականին հայցվորին (ներկայացուցչին) է ուղարկվել դատական ծանուցագիր, այն մասին, որ սույն գործով դատական նիստը տեղի կունենա 21.04.2022 թվականին` ժամը 10:00-ին, մինչդեռ դատարանը, անտեսելով վերոգրյալը, 21.04.2022 թվականին ժամը 10:00-ին դատական նիստ հրավիրված լինելու պարագայում 22.03.2022 թվականին կայացրել է վճիռ:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կատարված գրառումներից պարզ է դառնում, որ Դատարանը վճռի/որոշման հրապարակման օր է նշանակել 21.03.2022 թվականը, իսկ համապատասխան գրառումը կատարվել է 02.03.2022 18:46:49 րոպեին
(վերջին փոփոխության ամսաթիվ: 25.03.2022 16:36:04), չնայած այս հանգամանքին, որ հայցվոր կողմին ուղարկվել է 02.03.2022 ամսաթվով թվագրված ծանուցագիր
(ծանուցագիրը ուղարկելու նպատակով փոստին է հանձնվել 07.03.2022 թվականին) 21.04.2022 թվականին դատական նիստ տեղի ունենալու մասին:
Ներկայացված իրավիճակում հայցվորը, ծանուցված լինելով նշանակված դատական նիստի մասին, նշված դատական նիստին ներկայանալով կարող էր ներկայացնել իր դիրքորոշումները և փաստարկները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա: Մինչդեռ դատական նիստ նշանակված լինելու պայմաններում Դատարանը նշանակված նիստի օրվանից մեկ ամիս առաջ հրապարակել է դատական ակտ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0080/01/19 քրեական գործով 23.06.2022 թվականին կայացված որոշմամբ հաստատվել են այն փաստերը, թե ինչպես է հայցվորի տիրապետումից դուրս եկել նրան պատկանող հողամասը, ինչպես նաև հաստատվել է մեղավոր անձանց շրջանակը: Հետևաբար, մինչև այդ գործով վերջնական դատական ակտի կայացումը հայցվորի կողմից բաց չի թողնվել դատարան հայց ներկայացնելու վաղեմության ժամկետը: Մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը հայցվորը չի դրսևորել անգործություն, ներկայացրել է հաղորդում և ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը այդ ճանապարհով, որպեսզի հնարավորություն ունենա հավաքել և ստանալ բավարար տեղեկություններ այն մասին, թե իր գույքն ինչպես է դուրս եկել իր տիրապետումից և ի վերջո տարբեր անձանց օտարվելու արդյունքում ում ձեռքում է գտնվում գույքը հայցը ներկայացնելու պահին: Նշված քրեական գործն անմիջականորեն կապված է սույն քաղաքացիական գործի հետ, հետևաբար մինչև քրեական գործով դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը հայցվորի կողմից բաց չի թողնվել հայցային վաղեմության ժամկետը:
Հայցադիմումը դատարան ներկայացնելիս բողոքում վկայակոչված քրեական գործով առկա չի եղել վերջնական դատական ակտ, հետևաբար հնարավոր չէ հստակ սահմանել սույն քաղաքացիական գործով դատավարության մասնակիցների և դրանց ուղղված հիմնական նյութաիրավական պահանջները, հետևաբար և հնարավոր չէ միանշանակ գալ այն եզրահանգման, որ հայցվորը բաց է թողել օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արշակ Արշակունու պատասխանի հիմնավորումները
Նույնիսկ եթե կողմին ուղարկված դատական ակտը չի ստորագրվել, ապա դա չի կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու հիմք այն պայմաններում, երբ գործում առկա դատական ակտը ստորագրված և կնքված է: Արշակ Արշակունին նշել է, որ վերջինիս մոտ առկա չէ հայցվորին ուղարկված վճռի պատճենը, ուստի չի կարող հավաստիանալ նշված փաստի առկայության մասին` չստորագրված լինելու մասով: Նշել է նաև, որ վերաքննիչ բողոքում չի նշվել հայցվորին ուղարկված դատական ակտը ստորագրված չինելու մասին, այլ ուղղակի խոսվել է առհասարակ սույն գործով կայացված դատական ակտի մասին: Գտնում է, որ տվյալ դեպքում թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմի խախտում, իսկ ձևական նկատառումներով դատական ակտը ենթակա չէ բեկանման:
Սույն գործով կողմերը բոլոր դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցվել են: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից նշված 07.03.2022 թվականի դատական ծանուցագրին, ապա հարկ է նշել, որ այն սխալմամբ է ուղարկվել նրան Դատարանի կողմից, սակայն դա չի նշանակում որ հայցվոր կողմը բոլոր դատական նիստերի վայրի և ժամանակի մասին ծանուցված չի եղել: Նման պարագայում հարց է ծագում, եթե 21.04.2022 թվականի դատական նիստ տեղի չի ունեցել, ապա այդ մասին ինչու՞ պետք է Դատարանը ծանուցեր կողմերին:
Բողոք բերած անձը արդեն իսկ հայց է ներկայացրել ընդդեմ Արշակ Արշակունու, Էլեն Շահնազարյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի` նշելով իր նյութաիրավական պահանջը, այն է` անվավեր ճանաչել Դավիթ Գնդոյանի և Էլեն Շահնազարյանի միջև 26.03.2015 թվականին կնքված` ********(1) հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները: Սույնով հաստատվում է այն հանգամանքը, որ հայցվորի համար ակնհայտ էր, թե ինչ պահանջ պետք է ներկայացներ և ում նկատմամբ: Եվ քանի որ տվյալ դեպքում ներկայացվել էր անշարժ գույքի վերաբերյալ գործարքի անվավերության պահանջ, ապա որպես պատասխանող պետք է հանդես գային գործարքի կողմերը, որոնց շրջանակն արդեն իսկ հայտնի էր:
___________________
1) Առկա է անձնական տվյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Դավիթ Գնդոյանը 29.12.2020 թվականին դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել իր և Էլեն Շահնազարյանի միջև 26.03.2015 թվականին կնքված` *********(2) հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանքներ. վերականգնել Դավիթ Գնդոյանի սեփականության իրավունքը *********(3) հողատարածքի նկատմամբ (հիմք` հայցադիմում, հատոր 1-ին, գ.թ. 4-6).
___________________
2) Առկա է անձնական տվյալ:
3) Առկա է անձնական տվյալ:
2. Գնորդ Էլեն Շահնազարյանի և վաճառող Դավիթ Գնդոյանի միջև 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով **********(4) հողամասը օտարվել է Էլեն Շահնազարյանին: Պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվում է պայմանագրով նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել պայմանագրում նշված գույքը (հատոր 1-ին, գ.թ. 65-67).
___________________
4) Առկա է անձնական տվյալ:
3. Էլեն Շահնազարյանը 14.05.2015 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևանի **********(5) հողամասը օտարել է Արման Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 160-161), Արման Մկրտչյանը` 30.07.2015 թվականին Ռուզան Սաֆյանին (հատոր 1-ին, գ.թ. 154-155), իսկ վերջինս էլ 09.12.2015 թվականին` Արշակ Արշակունուն (հատոր 1-ին, գ.թ. 146-147).
___________________
5) Առկա է անձնական տվյալ:
4. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Զ. Աբրահամյանի 24.02.2017 թվականի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 31.10.2017 թվականին տրվել է թիվ 12511701 եզրակացությունը: Նշված եզրակացությամբ նշվել է, որ 25.08.2016 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել Էդ. Քալանթարյանի դիմումն այն մասին, որ իր վստահորդ ***********(6) բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին սեփականության իրավունքով պատկանող **********(7) հողատարածքը կնքված կեղծ նվիրատվության պայմանագրով օտարվել է այլ անձի (հատոր 1-ին, գ.թ. 90-94).
___________________
6) Առկա է անձնական տվյալ:
7) Առկա է անձնական տվյալ:
5. Դատարանը 02.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված է եղել նաև Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը, դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 21.03.2022 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 75-76).
6. Դատարանի 02.03.2022 թվականով թվագրված ծանուցագիրը, որի համաձայն 21.04.2022 թվականին նշանակվել է դատական նիստ, ուղարկվել է Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանին և վերջինիս կողմից ստացվել է 09.03.2022 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 79-80).
7. Դատարանի 21.03.2022 թվականի վճռով, որը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 25.03.2022 թվականին, պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 84-87, «www.court.am» կայք).
8. Դավիթ Գնդոյանի ներկայացուցչին ուղարկված Դատարանի 21.03.2022 թվականի վճռի (բնօրինակը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից) յուրաքանչյուր էջը կնքված է նախագահող դատավոր Զ. Նախշքարյանի կնիքով, սակայն վճռի եզրափակիչ մասը ստորագրված չէ (հատոր 3-րդ, գ.թ. 14-17).
9. Դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը: Վերաքննիչ դատարանը 23.09.2022 թվականին որոշում է կայացրել Դավիթ Գնդոյանի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 21.03.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 77-84):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԱՐԴ1/2787/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ`
1. գործը քննած դատավորի կողմից գործում առկա, ինչպես նաև կողմերին ուղարկվող դատական ակտերի օրինակները չստորագրված կամ չկնքված լինելու օրենսդրական պահանջի բովանդակության բացահայտմանը,
2. հայցային վաղեմություն կիրառելու փաստական և իրավական հիմքերին, վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:
1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ` եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճիռը կազմում է գործը քննած դատավորը: Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերով (բացառությամբ նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի) սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական: Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտը ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից: Այսպես` եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ (տե՛ս ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել ու Լիլիթ Խաչատրյանների, և ըստ Սաթենիկ, Ռաֆայել ու Լիլիթ Խաչատրյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա ու Արևիկ Մարտիրոսյանների` թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությանը, հարկ է համարում արձանագրել, որ գործում առկա դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից գործում առկա դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա:
Վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:
Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների, ինչպես նաև վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա դատական ակտի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատշաճ կնքված կամ ստորագրված չլինելու պարագայում, անկախ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Այսինքն` տվյալ դեպքում էական նշանակություն ունի գործում առկա դատական ակտի ստորագրված և կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը: Նշվածի առկայության պայմաններում կողմերին ուղարկված (վրիպմամբ) օրինակները չստորագրված կամ չկնքված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտն անվերապահ բեկանելու համար:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումները վերահաստատել է և անդրադառնալով «ստորագրություն» եզրույթի բացահայտմանն ու դատավորի կողմից դատական ակտն ստորագրելու իրավական պահանջին, արձանագրել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը: Դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է դատավորի` արդարադատության առաքելության իրականացման սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերով ամրագրված մի շարք հանրաճանաչ սկզբունքներով, որոնցից մեկն էլ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների ապահովումն է: Այսինքն` դատական ակտը կայացնում է այն դատավորը, որը Սահմանադրությանը և դատավարական օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես դատարան (տե՛ս, ի թիվս այլնի, ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը, Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 21.03.2022 թվականի վճռով պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Դավիթ Գնդոյանի ներկայացուցչին ուղարկված Դատարանի 21.03.2022 թվականի վճռի (բնօրինակը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից) յուրաքանչյուր էջը կնքված է նախագահող դատավոր Զ. Նախշքարյանի կնիքով, սակայն վճռի եզրափակիչ մասը ստորագրված չէ: Դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը:
Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ Դավիթ Գնդոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ «Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ բողոքի փաստարկին այն մասին, որ վճիռը ստորագրված չէ այն կայացրած դատարանի կողմից, Վերաքննիչ դատարանը գնահատում է անհիմն` նկատի ունենալով, որ գործում առկա Դատարանի վճռի եզրափակիչ մասը պատշաճ ստորագրված է»:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործում առկա վճռի եզրափակիչ մասը պատշաճ ստորագրված է: Ինչ վերաբերում է գործին մասնակցող անձին (անձանց) ուղարկված դատական ակտը ստորագրված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ տվյալ դեպքում էական նշանակություն ունեն գործում առկա դատական ակտի ստորագրված և կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը: Մասնավորապես Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 25.03.2022 թվականին, այսինքն` նշված օրվանից այն հասանելի է եղել ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ բոլոր ցանկացողներին, իսկ գործին մասնակցող անձանց թղթային տարբերակով ուղարկված վճիռը ստորագրված չլինելը տվյալ դեպքում էական նշանակություն ունենալ, հետևաբար և դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանալ չի կարող:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև բողոք բերած անձի փաստարկներն այն մասին, որ գործին մասնակցող անձանց գործում առկա դատական ակտը հասանելի չի լինում, հետևաբար վերջիններս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով երբեք չեն կարող ներկայացնել բողոք, քանի որ, անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, պարտավոր է անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Այսինքն` տվյալ դեպքում էական նշանակություն ունեն գործում առկա դատական ակտի ստորագրված և կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը: Նշվածի առկայության պայմաններում կողմերին ուղարկված (վրիպմամբ) օրինակները չստորագրված կամ չկնքված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտն անվերապահ բեկանելու համար: Միաժամանակ նշվածը չի նշանակում, որ դատարանները չպետք է ստորագրեն և կնքեն գործին մասնակցող անձանց ուղարկվող դատական ակտերը, սակայն տվյալ դեպքում էական է համարվում գործում առկա դատական ակտի ստորագրված լինելը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է թիվ ԱՐԴ1/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը` նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԱՐԴ1/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը (դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ) կիրառվել է այն իմաստով, որ դատարանի կողմից բողոքաբեր-հայցվորին ուղարկված (և բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կցված) դատական ակտը ստորագրված չլինելը համարվում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը և արձանագրելով, որ թեև թիվ ԱՐԴ1/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, այնուամենայնիվ, գտնում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկին այն մասին, որ 24.04.2022 թվականին դատական նիստ նշանակված լինելու պայմաններում Դատարանը նշանակված նիստի օրվանից մեկ ամիս առաջ հրապարակել է դատական ակտ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.03.2022 թվականի դատական նիստին, որի ժամանակի և վայրի վերաբերյալ պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել, Դատարանը հայտարարել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտված, հայտարարել է դատական ակտի հրապարակման ժամանակը, այն է` 21.03.2022 թվականը: Դատարանի 21.03.2022 թվականի վճռով, որը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 25.03.2022 թվականին, պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը նշված դատական ակտը ստացել է 04.04.2022 թվականին: Դատարանի նշված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Այսինքն` բողոք ներկայացրած անձը չի մատնանշել վերոգրյալով պայմանավորված իր որևէ իրավունքի խախտում` նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորն իրացրել է Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքը` Դատարանի 21.03.2022 թվականի որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելով Վերաքննիչ դատարան, իսկ վերը նշված ծանուցագիրը որևէ բացասական հետևանք հայցվորի համար չի առաջացրել:
2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է (...), կամքի ինքնավարության (...), խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (...) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պահանջ ներկայացնելու համար գործող օրենսդրությամբ հատուկ (ընդհանուր ժամկետի համեմատ կրճատ կամ երկար) ժամկետ սահմանված չէ: Հակառակ պարագայում կիրառման ենթակա է ոչ թե ընդհանուր, այլ հատուկ ժամկետը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար` հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե՛ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի և 337-րդ հոդվածի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետևյալը.
«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:
Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված` իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը` ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների` Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով:
Ամփոփելով վերը շարադրվածը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
Այսպիսով Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը` այն մեկնաբանմամբ, համաձայն որի` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայց ներկայացնելու իրավունքը պատշաճորեն` սահմանված ժամկետներում իրացված լինելու հարցը պարզելու տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի հայցի ներկայացման առիթ հանդիսացող փաստերի` իրավախախտման մասին տուժող կողմի հաստատապես իմանալու կամ ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու միջոցով իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու իրական հնարավորություն ձեռք բերելու պահը:
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար պետք է պարզվի այն օրը, երբ անձը հաստատապես իմացել է կամ ողջամտորեն պետք է (կարող էր) իմացած լիներ իր իրավունքի խախտման` այն փաստական հանգամանքների մասին, որոնք իրեն ողջամտորեն թույլ են տվել ենթադրելու գործարքը կնքելիս գործարքի մյուս կողմի դրսևորած այնպիսի վարքագծի մասին, որը, հետապնդելով իր կամքը խաթարելու նպատակ, իր մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ` ազդելով նման գործարք կնքելու որոշման վրա: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, որի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հոսում է ոչ թե իրավախախտման, այլ դրա մասին տուժողի իմանալու կամ ողջամիտ ուշադրության (անհրաժեշտ շրջահայացության) դեպքում իմանալու հնարավորության ծագման պահից (տե՛ս Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների ընդդեմ Արման Նուռի ու երրորդ անձ «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի թիվ ԵԴ/29555/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.10.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դավիթ Գնդոյանը, 29.12.2020 թվականին դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել իր և Էլեն Շահնազարյանի միջև 26.03.2015 թվականին կնքված` ***********(8) հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանքներ` վերականգնել Դավիթ Գնդոյանի սեփականության իրավունքը ***********(9) հողատարածքի նկատմամբ:
___________________
8) Առկա է անձնական տվյալ:
9) Առկա է անձնական տվյալ:
Գնորդ Էլեն Շահնազարյանի և վաճառող Դավիթ Գնդոյանի միջև 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով *********(10) հողամասն օտարվել է Էլեն Շահնազարյանին: Պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվում է պայմանագրով նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել պայմանագրում նշված գույքը: Էլեն Շահնազարյանը 14.05.2015 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ***********(11) հողամասն օտարել է Արման Մկրտչյանին, Արման Մկրտչյանը` 30.07.2015 թվականին Ռուզան Սաֆյանին, իսկ վերջինս էլ 09.12.2015 թվականին` Արշակ Արշակունուն:
___________________
10) Առկա է անձնական տվյալ:
11) Առկա է անձնական տվյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Զ. Աբրահամյանի 24.02.2017 թվականի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 31.10.2017 թվականին տրվել է թիվ 12511701 եզրակացությունը: Նշված եզրակացությամբ նշվել է, որ 25.08.2016 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել Էդ. Քալանթարյանի դիմումն այն մասին, որ իր վստահորդ, **************(12) բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին սեփականության իրավունքով պատկանող, ************(13) հասցեում գտնվող հողատարածքը կնքված կեղծ նվիրատվության պայմանագրով օտարվել է այլ անձի:
___________________
12) Առկա է անձնական տվյալ:
13) Առկա է անձնական տվյալ:
Դատարանի 21.03.2022 թվականի վճռով Արշակ Արշակունու միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «... Միջնորդություն հարուցած անձ պատասխանողը պնդել է, որ հայցվորը տեղեկացել է և/կամ պետք է տեղեկացված լիներ իր հնարավոր իրավունքի խախտման մասին դեռևս 2016 թ.-ի օգոստոսի 25-ին կամ դրանից վաղ իմացել է վիճելի գույքն իր տիրապետությունից դուրս գալու մասին, սակայն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել 29.12.2020թ.-ին (հիմք 31.10.2017թ.-ի փորձագետի եզրակացության 15-րդ էջ, որը հայցադիմումին կից ներկայացվել է Դատարանին):
Գործով ձեռք բերված փաստերի համաձայն` հայցվորը 2016 թվական օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել Էդ. Քալանթարյանի դիմումն այն մասին, որ ի վստահորդ **********(14) բնակարանի բնակիչ Դավիթ Սարգսի Գնդոյանին սեփականության իրավունքով պատկանող ***********(15) հասցեում գտնվող հողատարածքը կնքված կեղծ նվիրատվության պայմանագրով օտարվել է այլ անձի:
___________________
14) Առկա է անձնական տվյալ:
15) Առկա է անձնական տվյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Զ. Աբրահամյանի 2017 թվականի փետրվարի 24-ի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 31.10.2017 թվականին տրվել է եզրակացությունը: Դատարանը, ուսումնասիրելով և վերլուծելով կողմերի ներկայացրած փաստարկները, դրանք հիմնավորող ապացույցներն ու միջնորդությանն առնչվող ապացույցները, արձանագրում է, որ սույն գործով հաստատվել է, որ հայցվոր Դավիթ Գնդոյանն առնվազն 25.08.2016 թվականին, երբ դիմել է ոստիկանություն և 31.10.2017 թվականի եզրակացության մասին տեղեկանալիս պետք է իմանար իր իրավունքների հնարավոր խախտման մասին, որպիսի փաստի տիրապետման պայմաններում սույն գործով հայցը դատարանում հարուցել է միայն 29.12.2020 թվականին:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորը որևէ կերպ չի արձագանքել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը:
Այսպիսով, վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործով ձեռք բերված փաստերի հետ, դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետի կիրառմամբ հակընդդեմ հայցը մերժելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման»:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, 23.09.2022 թվականի որոշմամբ մերժել է Դավիթ Գնդոյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի փաստարկին այն մասին, որ հայցային վաղեմություն կիրառելու փաստական և իրավական հիմքեր առկա չեն եղել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դավիթ Գնդոյանի կողմից դատարան ներկայացրած փորձագիտական եզրակացությունից, ինչպես նաև գործում առկա` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ՀԿԳ քննիչ Ա. Աբրահամյանի` «Գույքի վրա կալանք դնելու մասին» 25.05.2017 թվականի որոշման պատճենից հետևում է, որ դեռևս 25.08.2016 թվականին հայցվորն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին: Մասնավորապես 25.08.2016 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել Էդ. Քալանթարյանի դիմումն այն մասին, որ իր վստահորդ, **********(16) բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին սեփականության իրավունքով պատկանող, **********(17) հասցեում գտնվող հողատարածքը կնքված կեղծ նվիրատվության պայմանագրով օտարվել է այլ անձի, հետևաբար նաև վիճարկվող առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, ուստի նշված հիմքով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը կարող էր ներկայացնել 26.08.2016 թվականից սկսած մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում: Մինչդեռ հայցվորը պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը Դատարան է ներկայացրել 29.12.2020 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետը լրանալուց հետո, միաժամանակ չի ներկայացրել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու միջնորդություն և այն հիմնավորող ապացույցներ: Նշված պատճառաբանությունների հիման վրա հայցային վաղեմություն կիրառելու մասով հետևության հանգելու անհնարինության վերաբերյալ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն:
___________________
16) Առկա է անձնական տվյալ:
17) Առկա է անձնական տվյալ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտչյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204095620