Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՔԱՆ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՔԱՆ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԱՐԴ/10781/02/23

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10781/02/23       2025 թ.

   Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

  Դատավորներ`        Ն. Գաբրիելյան

                                     Ս. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալեն Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշման դեմ` քաղաքացիական գործով ըստ Ալեն Սիմոնյանի հայցի ընդդեմ Նաիրի Հոխիկյանի` ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալեն Սիմոնյանը պահանջել է Նաիրի Հոխիկյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այն է` «www.Hayeli.am» ինտերնետային կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել համապատասխան վերնագրով ու բովանդակությամբ հայտարարություն, ինչպես նաև Նաիրի Հոխիկյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.10.2024 թվականի որոշմամբ Ալեն Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեն Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 13-րդ ու 168-րդ հոդվածները և 365-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 01.06.2023 թվականին «www.Hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը. Նաիրի Հոխիկյան» վերնագրով տեսանյութի մասին, որը պարունակում է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություն, ինքը տեղեկացել է 20.09.2023 թվականին, և 28.09.2023 թվականին, այսինքն` վիրավորանքի մասին իրեն հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, հայցը ներկայացրել է դատարան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 20.12.2023 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված դատավարական գործողությունները և քննարկել է Նաիրի Հոխիկյանի կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը` դրա վերաբերյալ իր կողմից գրավոր առարկություն ներկայացնելու նպատակով հետաձգելով գործի քննությունը: Նշված դատավարական գործողությունները չեն իրականացվել նաև 10.01.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, երբ իր կողմից ներկայացվել է գրավոր առարկություն: Դատարանն անդրադարձել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը և հեռացել դատական ակտ կայացնելու:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հնարավոր չէ հանգել հետևության Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարված լինելու վերաբերյալ, այսինքն` հաստատված է համարել Դատարանի կողմից պարտադիր կատարման ենթակա նշված դատավարական գործողությունները կատարված չլինելը, մինչդեռ դատավարական իրավունքի այդ նորմի խախտման` սույն գործի լուծման վրա ազդեցություն ունենալու հանգամանքը սխալ է գնահատել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը. Նաիրի Հոխիկյան» վերնագրով տեսանյութը (այսուհետ նաև` Տեսանյութ) «www.Hayeli.am» ինտերնետային կայքում հրապարակվել է 01.06.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 17).

2) սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 28.09.2023 թվականին: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 01.06.2023 թվականին հրապարակված Տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 3-11, 26).

3) 20.12.2023 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը ճշտել է, թե արդյո՞ք հայցվորը պնդում է ներկայացված պահանջը, իսկ պատասխանողն ընդունում է այն, արդյո՞ք առկա է վեճը հաշտությամբ լուծելու հնարավորություն: Նույն դատական նիստի ընթացքում Նաիրի Հոխիկյանի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որի դեմ Ալեն Սիմոնյանի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու նպատակով Դատարանը հետաձգել է գործի քննությունը (հատոր 1-ին, գ. թ. 45-47, 72, հիմք` 20.12.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն).

4) 10.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը գործին մասնակցող անձանց հետ քննարկել է հայցային վաղեմություն կիրառելու մասին Նաիրի Հոխիկյանի միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, և հայցվոր Ալեն Սիմոնյանի վրա դրել այն փաստն ապացուցելու պարտականությունը, «թե երբ է վիրավորանք կամ զրպարտության միջոցով արտահայտությունները իրեն հասու դարձել»:

Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը հայտնել է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայացնել նշված փաստի հաստատմանն ուղղված որևէ ապացույց, իսկ Դատարանը գործին մասնակցող անձանց համաձայնությամբ անցել է միջնորդության քննությանը:

Նույն դատական նիստում Դատարանն ավարտել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությունը և հայտարարել դատական ակտի հրապարակման օրվա մասին (հատոր 1-ին, գ. թ. 51-53, 72, հիմք` 10.01.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ ու 365-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` նախքան հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությանն անցնելը դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված գործողությունները չկատարելն արդյո՞ք դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում է, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի (հարցի) սխալ լուծման:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Անձի խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի առանձնահատուկ ինստիտուտ է վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման իրավունքը: Այն դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի համատեքստում պետության առաջնային պարտականություններից է, որը միտված է հնարավոր դատական սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտի բողոքարկման հիմքերն են`

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

(...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավակարգավորումը մի կողմից ապահովում է գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի կայունությունն անկախ ոչ էական, ձևական և դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտումների առկայությունից, մյուս կողմից ապահովում է ցանկացած դատական ակտի վերացում (բեկանում) այն դեպքերում, երբ դատավարական խախտումների հետևանքով գործը սխալ է լուծվել (տե՛ս Տատյանա Մելքոնյանն ընդդեմ «Արևաս» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Դիաննա և Վարազդատ Ասատրյանների թիվ ԵԱՔԴ/4979/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2024 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշմամբ անդրադառնալով դատական բողոքարկման (վերաքննիչ և վճռաբեկ վարույթների կարգով) հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերին և դրանց առանձնահատկություններին, ի թիվս այլնի, արձանագրել է, որ օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում նաև` դատական սխալի հիմքով: Դատական ակտերի բողոքարկման հիմք է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը:

Դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ նյութական ու դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը):

Եթե նյութական իրավունքի նորմի խախտման հիմքում օրենսդիրը դիտարկել է տվյալ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը, նյութական իրավունքի այն նորմի կիրառումը, որը չպետք է կիրառվեր, կամ այն նորմի չկիրառումը, որը պետք է կիրառվեր, ապա դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքում նկատի են առնվել այնպիսիք, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, խախտել են կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել են արդարադատության սկզբունքների խախտմանը:

Սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընթացակարգեր` որպես այդ ակտերը վերանայելու նախապայման (բացառությամբ նոր և նոր ի հայտ եկած հանգամանքներով), օրենսդիրը նկատի է ունեցել նյութական, դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումները, որոնց դեպքերում դրանք ազդել են գործի ելքի վրա կամ հանգեցրել են գործի սխալ լուծմանը, իսկ որոշ դեպքերում, ինչպես օրինակ` քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի հիմքով, օրենսդիրն արգելել է ձևական նկատառումներով բեկանել դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը: Այսինքն` վերը նշված դեպքերում իրավակարգավորման հիմքում դրված է այն սկզբունքը, որի համաձայն` նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարող է բեկանվել դատական այն ակտը, որը կայացվել է դատական սխալի արդյունքում:

Նույն գործի շրջանակներում անդրադառնալով նաև «դատական սխալ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նաև դրա` որպես դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հիմքում իրավաբանական կարևոր նշանակություն ունեցող փաստի դրսևորման շրջանակներին` Սահմանադրական դատարանը փաստել է, որ այն տարածական մեկնաբանման ենթակա չէ և չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ (վրիպում):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու հանգամանքն ինքնին հիմք չէ վերանայող դատարանի կողմից դատական ակտը բեկանելու իր լիազորությունը կիրառելու համար, և յուրաքանչյուր դեպքում բարձր ատյանի դատարանի խնդիրն է պարզել ինչպես դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունը, այնպես էլ այդ խախտման ազդեցությունը գործի (հարցի) ելքի վրա:

Եթե դատարանը, ըստ էության, ճիշտ է լուծել գործը (հարցը)` կայացնելով օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ապա ողջամիտ ժամկետում գործի քննության, դատական խնայողության սկզբունքների, ինչպես նաև ավելորդ ձևականության դրսևորման արգելքի տեսանկյունից հիմնավորված չէ ոչ էական ու դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտման հիմքով դատական ակտի բեկանումը:

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ անհրաժեշտ է բացահայտել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`

1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,

2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը,

3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,

4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում` կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,

5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,

6) պարզում է` հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը,

(...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը (տե՛ս «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Գործը դատաքննության նախապատրաստելը` որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն և պարտադիր փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են (...) ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տե՛ս Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից հետևում է, որ նախնական դատական նիստը դատարանի կողմից դրա ընթացքում կատարման ենթակա պարտադիր դատավարական գործողությունների տեսանկյունից կարևորվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելու և ապացուցման գործընթացը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից, երբ պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի, հայցի, ինչպես նաև առարկությունների փաստական ու իրավական հիմքերը պարզելու, վիճելի իրավահարաբերության բնույթը, ներառյալ` կիրառելի իրավական նորմերը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և այդ փուլին բնորոշ այլ գործողություններ կատարելու միջոցով դատարանը կենտրոնացնում է փաստական ու ապացուցողական նյութը, ինչպես նաև կանխորոշում է դատաքննության սահմանները` ուրվագծելով վարույթի հետագա ընթացքը և բովանդակությունը:

Դատավարության այս փուլում դատարանի կողմից, ըստ էության, իրականացվում է գործի ակտիվ կառավարում` կողմերի մրցակցության սկզբունքի, օգտակար և թույլատրելի միջամտության սահմաններում, որպիսի դերակատարությունը, գործի քննության համար այդ փուլի նպատակների կարևորության հաշվառմամբ, ինքնանպատակ չէ: Այն գործի քննության անկյունաքարային փուլն է, դրա հետագա պատշաճ կազմակերպման և լուծման հիմնական նախադրյալը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետով նախատեսված դատավարական գործողությունների կատարումը կարևորվում է նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության ընթացքում` նկատի ունենալով, որ դրա լուծման նպատակով ևս իրականացվում է ապացուցողական գործընթաց: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ`

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի դերի, գործի հետագա քննության և լուծման վրա դրա ընթացքում պարտադիր կատարման ենթակա դատավարական գործողությունների ազդեցության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության մասով:

Վերոգրյալը պայմանավորված է նրանով, որ քանի դեռ դատարանը հայցի առարկայի, դրա հիմքում դրված փաստական և իրավական հանգամանքների գնահատմամբ չի պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը, գործով կիրառելի իրավական նորմերն ու չի կատարել օրենսդրի կողմից նախանշված հարցերի կապակցությամբ պարզաբանումները, չի կարող միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու տեսանկյունից արդյունավետորեն կազմակերպել ապացուցման գործընթացը: Հայցի առարկան և դրա փաստական հիմքը պարզելը միտված են վիճելի իրավահարաբերության բնույթը որոշելուն, որը, ըստ էության, օժանդակում է դատարանի կողմից կիրառելի իրավական նորմերը ճիշտ ընտրելուն` ըստ այդմ ապահովելով այնպիսի էական հանգամանքի պարզում, ինչպիսին, օրինակ, հայցային վաղեմության ընդհանուր կամ հատուկ ժամկետի կիրառելիությունն է կամ հարցի լուծմանն ուղղված այլ անհրաժեշտ փաստական տվյալների բացահայտումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման անհրաժեշտությունն անտեսելու դեպքում արժեզրկվում է նախապատրաստական այդ փուլի նպատակային կարևորությունը, ինչի հետևանքով գործի հետագա քննության և լուծման համար առանցքային նշանակություն ունեցող դատավարական գործողությունները վերածվում են ոչ արդյունավետ գործառույթների` այն պայմաններում, երբ բովանդակային ու տրամաբանական որոշակի հաջորդականությամբ փոխկապակցված այդ գործողությունների կատարման պահանջն համապարտադիր է, և դրանց կատարման հարցում դատարանը չունի հայեցողություն:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան` Ալեն Սիմոնյանը պահանջել է Նաիրի Հոխիկյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այն է` «www.Hayeli.am» ինտերնետային կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել համապատասխան վերնագրով ու բովանդակությամբ հայտարարություն, ինչպես նաև Նաիրի Հոխիկյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում:

Դատարանը 29.01.2024 թվականի վճռով հայցը մերժել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վկայակոչելով թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը` Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ «(...) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են` 01.06.2023 թվականին www.hayeli.am լրատվական կայքում հրապարակվել է «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը». Նաիրի Հոխիկյան վերնագրով տեսանյութ, որի ընթացքում Նաիրի Խաչիկի Հոխիկյանը կատարել է հայտարարություն, որով վիրավորել է Հայցվորին: Մասնավորապես, տեսանյութի 16:02-16:13 ժամանակահատվածում կատարել է հետևյալ բովանդակությամբ արտահայտություն. «Ալեն Սիմոնյան կոչված էտ պոռնոդերասանը, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում (...)», իրավունքների պաշտպանության հայցով Հայցվորը հայցադիմումը Հայփոստ ՓԲԸ-ին է հանձնել 28.09.2023 թվականին, ըստ հայցադիմումի` Հայցվորը 01.06.2023 թվականին www.hayeli.am կայքում հրապարակված տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2023 թվականին, պատասխանողի ներկայացուցիչը 20.12.2023 թվականին ներկայացրել է միջնորդություն` հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու մասին: Հիմք ընդունելով վերը նշվածը և համադրելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի` իրեն վիրավորելու փաստի մասին 20.09.2023 թվականին հայտնի դառնալու փաստի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում, երբ այդ փաստի ապացուցման բեռը կրում էր Հայցվոր կողմը, հայցային վաղեմության սկիզբ է համարվում 01.06.2023 թվականը, այսինքն վիրավորական համարվող արտահայտությունները հրապարակելու օրը, հետևաբար, ճիշտ է հայցադիմումը դատարան է ներկայացվել մինչև վեց ամիս լրանալը, սակայն Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետը»:

Վերաքննիչ դատարանը 14.10.2024 թվականի որոշմամբ մերժել է Ալեն Սիմոնյանի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 29.01.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները Դատարանի կողմից կատարված չլինելու վերաբերյալ բողոքում նշված փաստարկին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) թեև սույն քաղաքացիական գործով դատական նիստերի արձանագրությունների ձայնագրությունների ուսումնասիրությունից հնարավոր չէ հանգել հետևության Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարված լինելու վերաբերյալ, այդուհանդերձ Դատարանը բողոքաբերին հնարավորություն է տվել ինչպես միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, այնպես էլ հայցային վաղեմության կիրառման հիմքում ընկած ժամկետի, այսինքն հայցի փաստական հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ տեղեկանալու մասին ապացույցներ ներկայացնելու համար:

Մինչդեռ, Բողոքաբերը ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ անհնարին է ներկայացնել ապացույցներ առ այն, թե հայցվորը որ ժամանակահատվածում է տեղեկացել տեսանյութի մասին և պետք է հիմք ընդունել վերջինիս կողմից հայցադիմումում նշված ժամանակահատվածը:

Տվյալ պարագայում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը հայտնել է իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ, Դատարանում հայտարարել է, որ առկա չեն ներկայացման ենթակա ապացույցներ, ինչով չի հաստատվել ապացուցման ենթակա հայցային վաղեմության կիրառումը բացառող հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման, հետևաբար, Բողոքաբերի փաստարկներն այս մասով անհիմն են և ենթակա են մերժման:

Ինչ վերաբերում է Բողոքաբերի փաստարկին առ այն, որ Դատարանը չի ճշտել թե արդյոք հայցվորը պնդում է պահանջը և թե արդյոք պատասխանողն ընդունում է այն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված գործողությունը կատարվել է 20.12.2023թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում»:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախքան հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված գործողությունների կատարումը Դատարանի պարտականությունն է, որից տվյալ դեպքում Դատարանը ձեռնպահ է մնացել:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով այդ խախտման առկայությունը, այն դիտել է գործի (հարցի) ելքի վրա ազդեցություն չունեցող, մինչդեռ անտեսել է նախնական դատական նիստում կատարվելիք դատավարական գործողությունների` սույն որոշմամբ արձանագրված առանցքային կարևորությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության շրջանակներում ապացուցման գործընթացի կազմակերպման, միջնորդության քննության արդյունավետության, ինչպես նաև այն լուծելու տեսանկյունից:

Միաժամանակ 20.12.2023 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից որոշակի դատավարական գործողությունների կատարումը (փաստ 3) դեռևս բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելու օրենսդրական պահանջն անտեսելու համար, քանի որ նշված հոդվածը սահմանում է կատարման ենթակա ոչ թե մեկ, այլ մի քանի գործողությունների ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ իրականացումն անհրաժեշտ է, իսկ համակցությունը` պարտադիր հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունավետությունն ապահովելու համար:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդիրը սպառիչ չի նշել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում կատարման ենթակա գործողությունների ցանկը` դրա արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանին վերապահելով անհրաժեշտ այլ գործողություններ ձեռնարկելու իրավասություն: Ի թիվս այլնի` նախնական դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների միջոցով Դատարանը կարող էր որոշել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության արդյունավետ քննության ուղղությամբ այլ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելու մասով Դատարանը կիրառել է թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մինչդեռ գործի փաստական հանգամանքները պարզելու, ինչպես նաև ապացուցման գործընթացը կազմակերպելու տեսանկյունից անհրաժեշտ գործողությունները չկատարելու հետևանքով Դատարանը ձեռնպահ է մնացել նաև միջնորդության արդյունավետ քննության ուղղությամբ անհրաժեշտ այլ գործողություններ կատարելուց: Այսպես.

Թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «(..) հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու կամ չլինելու փաստի ապացուցումը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասների հատուցման գործերով առանձնահատուկ է այնքանով, որքանով ժամկետի հաշվարկման սկիզբը կապված է տուժողի` տեղեկացված լինելու հետ: Այս առումով գրեթե անհնար է պատասխանողի (հայցային վաղեմություն վկայակոչող անձի) կողմից այնպիսի ապացույցների ներկայացումը, որոնք կհաստատեն նշված փաստերի առկայությունը: Այսինքն` օբյեկտիվորեն տուժողին է հայտնի կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու ժամանակը, հետևաբար տուժողի կողմից այլ բան ապացուցված չլինելու դեպքում հայցային վաղեմության սկիզբ է համարվում համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը:

Միաժամանակ հարց է առաջանում, արդյո՞ք բացարձակ առումով պետք է դիտարկել փաստը չապացուցելու հետևանքը նմանատիպ գործերով: Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն: (...)»:

Հիմք ընդունելով այն, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասների հատուցման գործերով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքերում հայցվորի վրա դրվում է ապացուցողական բավականին բարձր շեմ ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավոր է համարել կոնկրետ տեղեկատվությունը հայցվորին հասու լինելու ժամանակը պարզելու նպատակով ներկայացնել նաև այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունը բազմակողմ վերաբերելի կապ ունի ապացուցման ենթակա այդ փաստի հետ, և հնարավորություն է տալիս դրա վերաբերյալ ներկայացնել մի քանի վարկածներ, հանգել մի քանի հավանական հետևությունների (անուղղակի ապացույցներ):

Սույն գործով ներկայացված հայցադիմումում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 01.06.2023 թվականին հրապարակված Տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2023 թվականին:

10.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, երբ Դատարանն առանց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելու քննարկել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և հայցվորի վրա դրել այն փաստն ապացուցելու պարտականությունը, «թե երբ է վիրավորանք կամ զրպարտության միջոցով արտահայտությունները իրեն հասու դարձել», Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը հայտնել է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայացնել նշված փաստի հաստատմանն ուղղված որևէ ապացույց:

Դատարանն անկախության և անաչառության, մրցակցության սկզբունքների պահանջների պահպանմամբ հստակ ու որոշակի չի պարզաբանել Ալեն Սիմոնյանի ներկայացուցչի համար այդ փաստի հաստատման նպատակով նաև անուղղակի ապացույցներ ներկայացնելու իրավունքի մասին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս)` չնայած ապացուցողական բարդ փաստակազմի, որը դրել է հայցվորի վրա, և որի ապացուցված չլինելու պատճառաբանությամբ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկել է Տեսանյութի հրապարակման օրվանից:

Դատարանը սույն գործով վկայակոչել է թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, սակայն այդ նույն որոշմամբ արձանագրված ապացուցողական առանձնահատկությունները գործին մասնակցող անձանց չի պարզաբանել, թեև այդ գործողության իրականացումն այս իրադրությունում բխել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունավետությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ և 365-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի առկայությունը համարում է բավարար` Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Նաիրի Հոխիկյանի ներկայացրած միջնորդության քննության նպատակով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը` բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38843546786258596

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԱՐԴ/10781/02/23
Որոշում