ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ2/30758/02/23
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30758/02/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ս. Գրիգորյան
Ն. Գաբրիելյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Ա. Մկրտչյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ն. Հովսեփյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Կիր-Քար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2024 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Կոմիտեի գլխավոր քարտուղարի 11.09.2023 թվականի որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ` Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանել հրավերի պահանջներին, մասնավորապես` հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ Ընկերության կողմից հայտով ներկայացված մի շարք սարքավորումների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին, ինչը հանդիսանում է Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի պահանջների և ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված պայմանի խախտում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի, Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի, 40-րդ կետի 4-րդ ենթակետի, 41-րդ կետի, ընթացակարգի հրավերի 8.10-րդ կետի և 8.14-րդ կետի համաձայն` գնման ընթացակարգի մասնակիցը կրում է պարտավորություն հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնելու ոչ թե պարզապես ցանկացած փաստաթղթեր, այլ` հրավերի պահանջներին համապատասխանող պատշաճ փաստաթղթեր, այդ թվում նաև` շտկման փուլում: Հակառակ մեկնաբանության դեպքում կստացվի, որ գնման ընթացակարգերի մասնակիցներին թույլատրելի է իրենց հայեցողությամբ ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ (նյութ):
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված է, որ մասնակցի կողմից հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, իսկ այդ ժամկետների մեջ մտնում է նաև փաստաթղթերի շտկման փուլը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումներից բխում է, որ եթե մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում անհամապատասխանությունը շտկելու համար մեկ անգամ հնարավորություն ստանալուց հետո չի ներկայացնում հրավերով նախատեսված շտկված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը գնահատվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, ինչը հիմք է վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) գնահատող հանձնաժողովի հաստատած 12.07.2023 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Կոմիտեն հայտարարել է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ապարանի մասնաճյուղի կառուցման աշխատանքների կատարման պայմանագիր: Ընթացակարգի ծածկագիրն է` «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/13» (հատոր 1-ին, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
2) թիվ «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/13» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 12.07.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Կոմիտեի կողմից կազմակերպված` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ապարանի մասնաճյուղի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավերը (այսուհետ` Հրավեր):
Հրավերի 1-ին մասի 8.9-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ այն դեպքը, երբ հայտում ներառված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները:
Հրավերի նույն մասի 8.10-րդ կետի համաձայն` եթե նույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Հրավերի նույն մասի 8.12-րդ կետի համաձայն` հայտերը բացվելուց և գնահատվելուց հետո կազմվում է արձանագրություն` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտերի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները և դրանցով պայմանավորված հայտերի մերժման հիմքերը: (...):
Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...) Ընդ որում, եթե մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում` շտկման ենթակա) կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովում կամ եթե ընթացակարգը կազմակերպված է Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորմանը համապատասխան և դրա արդյունքում համաձայնագիր կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը սահմանված ժամկետում միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի (այսուհետ նաև` տուժանք) ձևով ներկայացված պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը չի փոխարինում բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում:
Հրավերի 2-րդ մասի 2.1.1-ին կետի համաձայն` մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից առաջարկվող` նույն հրավերին կցված նախագծային փաստաթղթերով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանող սարքավորումների նկարագրերը` համաձայն հավելված թիվ 1.2-ի, որը ներկայացվում է word տարբերակով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
3) ընթացակարգի շրջանակներում բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել միայն Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
4) ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 25.08.2023 թվականի նիստի թիվ 2-3 արձանագրության 1.1-ին կետի համաձայն` Ընկերության հայտում արձանագրվել են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ, մասնավորապես` Ընկերության կողմից չի ներկայացվել իր կողմից առաջարկվող սարքավորումների նկարագրերի Word տարբերակը` հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ` համաձայն հրավերի թիվ 1.2 Հավելվածի, փոխարենը ներկայացվել է նույն հավելվածի բնօրինակից արտատպված (սքանավորված) տարբերակը` առանց էլեկտրոնային թվային ստորագրության, որի
. 1-18-րդ, 22-33-րդ, 37-42-րդ տողերի 6-9 սյունակները լրացված չեն,
. 19-րդ, 34-րդ տողերով ներկայացված HIKVISION արտադրողի մոդելը տեխնիկական բնութագրով չի համապատասխանում հրավերի պահանջներին: Պահանջվող 16 մուտքի փոխարեն ունի առավելագույնը հնարավոր 8 մուտք,
. 20-րդ տողով ներկայացված HIKVISION արտադրողի X մոդելը չի հանդիսանում ներքին տեղադրման գունավոր տեսախցիկ, այլ հանդիսանում է թվային տեսաձայնագրիչ,
. 21-րդ տողով ներկայացված HIKVISION արտադրողի X մոդելը չի հանդիսանում արտաքին տեղադրման գունավոր տեսախցիկ, այլ հանդիսանում է թվային տեսաձայնագրիչ:
Հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները` գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել և Հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել Ընկերությանը` առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև 28.08.2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները (հատոր 1-ին, գ.թ. 44, 45, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
5) Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է իր կողմից առաջարկվող սարքավորումների փոփոխված նկարագիրը (Հավելված թիվ 2.1)` Word տարբերակով` հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
6) ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.08.2023 թվականի թիվ 2.4 արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության հայտով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հավելված թիվ 1.2-ի 1-3-րդ, 5-րդ, 7-րդ, 15-18-րդ, 22-րդ, 24-25-րդ, 30-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ և 42-րդ տողերում նշված մոդելներն (մոդելների շարքերը) իրենց տեխնիկական բնութագրերով չեն համապատասխանում հրավերի պահանջներին:
Նույն արձանագրությամբ որոշվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել, իսկ թիվ «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/13» ծածկագրով բաց մրցույթը հայտարարել չկայացած (հատոր 1-ին, գ.թ. 46-54, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ).
7) Կոմիտեի գլխավոր քարտուղար Ա. Մկրտչյանի 11.09.2023 թվականի որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման փաստական հիմք վկայակոչվել է այն, որ հանձնաժողովի գնահատմամբ` մասնակցի կողմից ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանել հրավերի պահանջներին, ինչը հանդիսանում է Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի պահանջների և ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված պայմանի խախտում: Որպես որոշման իրավական հիմք նշվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և 2-րդ մասը (հատոր 1-ին, գ.թ. 42, 43, գ.թ. 94` ընթացակարգի փաստաթղթային փաթեթը պարունակող էլեկտրոնային կրիչ):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն թիվ ԵԴ/3812/02/23 և թիվ ԵԴ/62299/02/22 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պատվիրատու`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ.
(...)
3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.
(...)
5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.
7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
(...)
21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.
(...)
23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ` գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.
(...):
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):
Կարգի 41-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ (...), ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն` եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը:
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի`
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում` պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում` Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացրած վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն` գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` մասնակիցը որևէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, և հրավերով նախատեսված փաստաթղթերը նույն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ` օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն և մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքների կիրառման համար (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է`
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում` հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի` հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը:
Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից: Այսպես`
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը` ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է` առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը` ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք` գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ` հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]:
Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:
Միևնույն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման` Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված` «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած` դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն:
Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը` հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ: Նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է` հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում: Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նաև մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում` նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):
Ամփոփելով վերը շարադրվածը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում չեն դիտարկվում հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները գնման գործընթացի մասնակցի կողմից սահմանված ժամկետում չշտկելը կամ ամբողջությամբ չշտկելը (թերի շտկելը): Ինչ վերաբերում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.03.2025 թվականի թիվ 277-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 6-րդ ենթակետին, համաձայն որի` Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը «և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» բառերից հետո լրացվել է «, ներառյալ այն դեպքերը, երբ սահմանված ժամկետում չի շտկում կամ ամբողջական չի շտկում հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները» բառերով, Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ նույն որոշման 2-րդ կետի համաձայն` նույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև նույն որոշման ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա, և նկատի ունենալով, որ Որոշումն ուժի մեջ է մտել 14.03.2025 թվականին, գտնում է, որ հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները գնման գործընթացի մասնակցի կողմից սահմանված ժամկետում չշտկելը կամ ամբողջությամբ չշտկելը (թերի շտկելը) կարող է գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում բացառապես 14.03.2025 թվականից հետո սկսված գնման գործընթացների շրջանակում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի կարիքների համար հայտարարվել է թիվ «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/13» ծածկագրով բաց մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել Ընկերությունը:
Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 25.08.2023 թվականին տեղի ունեցած նիստի թիվ 2-3 արձանագրության 1.1-ին կետի համաձայն` Ընկերության կողմից ներկայացված Հավելված թիվ 1.2-ում («Առաջարկվող սարքավորումների նկարագիրը») արձանագրվել են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ:
Գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել և Հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել Ընկերությանը` առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև 28.08.2023 թվականը ներառյալ, շտկել արձանագրված անհամապատասխանությունները:
Ընկերությունը սահմանված ժամկետում և Հրավերով նախատեսված կարգով ներկայացրել է իր կողմից առաջարկվող սարքավորումների փոփոխված նկարագիրը (Հավելված թիվ 1.2):
Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.08.2023 թվականի թիվ 2.4-րդ արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության հայտով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հավելված թիվ 1.2-ի 1-3-րդ, 5-րդ, 7-րդ, 15-18-րդ, 22-րդ, 24-25-րդ, 30-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ և 42-րդ տողերում նշված մոդելներն (մոդելների շարքերը) իրենց տեխնիկական բնութագրերով չեն համապատասխանում հրավերի պահանջներին: Նույն արձանագրությամբ որոշվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել, իսկ թիվ «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/13» ծածկագրով բաց մրցույթը հայտարարել չկայացած:
Կոմիտեի գլխավոր քարտուղար Ա. Մկրտչյանի 11.09.2023 թվականի որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման փաստական հիմք վկայակոչվել է այն, որ մասնակցի կողմից ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանել հրավերի պահանջներին, ինչը հանդիսանում է Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի պահանջների և Ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված պայմանի խախտում: Որպես որոշման իրավական հիմք նշվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և 2-րդ մասը:
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Կոմիտեի գլխավոր քարտուղարի 11.09.2023 թվականի որոշումը` հայցի հիմքում, ի թիվս այլի, դնելով նաև այն, որ Կոմիտեն որպես պարտավորության խախտում է գնահատել հայտում արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելը, մինչդեռ Ընկերության կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:
Դատարանը, արձանագրելով, որ «Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը հստակ և սպառիչ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ մասնակցի կողմից դրսևորած վարքագիծը կարող է դիտարկվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում», «Մասնակցին գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում վերագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը ստանձնած լինի նման պարտավորություն կամ այդպիսին որակվի գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ» և պատճառաբանելով, որ ««Կիր-Քար» ՍՊԸ-ն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հայտով, իսկ այնուհետև շտկման փուլում ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, ուստի այս հիմքով «Կիր-Քար» ՍՊԸ-ին չի կարող վերագրվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում», եզրակացրել է, որ «Շտկումը թերի կատարելը Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում չէ, և համապատասխանաբար Ընկերությանը 2 տարի ժամկետով գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու հիմք չէ», 02.11.2023 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է:
Վերաքննիչ դատարանը, 05.04.2024 թվականի որոշմամբ պատճառաբանելով, որ`
- «Գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտումը կարող է առաջանալ բացառապես այն դեպքերում, երբ մասնակիցը ստանձնում է նման պարտավորություն, սակայն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այն, իսկ հայտի պայմանները չպահպանելը չի կարող համարվել ստանձնած պարտավորության խախտում, սակայն կարող է հիմք հանդիսանալ հայտն անբավարար գնահատելու և մերժելու համար»,
- «Հրավերով նախատեսված պահանջներին համապատասխան հայտ ներկայացնելը չի կարող դիտվել առհասարակ որպես պարտավորություն»,
- «հրավեր կատարելու փուլում օրենքը (...) մասնակիցների լայն շրջանակին չի ծանրաբեռնել այդ փուլում մասնակցելու իրավունքի և որակավորման չափանիշների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու բեռով, դրանք համարելով ոչ անհրաժեշտ տվյալ փուլի համար, այլ պահանջել է հայտարարությամբ հավաստել մասնակցության իրավունքի արգելքների բացակայության և որակավորման չափանիշներին համապատասխանելու փաստերը, պայմանով, որ այդ հայտարարությամբ կատարված հավաստման կամ այլ կերպ ասած` հրավերով նախատեսված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների վերաբերյալ փաստաթղթերը կներկայացվեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հետաձգված ռեժիմով, երբ կոնկրետ մասնակցի համար (հայտը բավարար գնահատվելու դեպքում) կառաջանա նման խնդիր: Նման սկզբունքը միտված է հնարավոր մասնակիցներին ազատել այդ փուլում ոչ անհրաժեշտ փաստաթղթեր հավաքագրելու և ներկայացնելու անհրաժեշտությունից, պայմանով, որ մասնակիցները պետք է հավաստեն իրենց մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները և կպարտավորվեն դրանք ներկայացնել հետագայում, քանի որ առանց այդ հարցի վերաբերյալ տեղեկատվության չի կարող մրցույթի մասնակցության հարց լուծվել: Ընդ որում, հետագայում այդ փաստաթղթերի ներկայացումն արդեն կվերաբերի կոնկրետ մասնակցի, այլ ոչ թե բոլորին»,
- «պատվիրատուն չէր կարող հայցվորին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ վերջինս թույլ չի տվել դրա համար հիմք հանդիսացող` խախտումներից որևէ մեկը: Հայցվորը պարզապես պատշաճ չի շտկել իր թույլ տված և պատվիրատուի կողմից արձանագրված թերությունները, ինչը հիմք է հայտն անբավարար գնահատելու և մերժելու, այլ ոչ թե գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու (քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց կիրառելու) համար»,
Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 02.11.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, որ հրավերով նախատեսված պահանջներին համապատասխան հայտ ներկայացնելը մասնակցի համար առհասարակ չի առաջացնում պարտավորություն` Վճռաբեկ դատարանն այն ոչ իրավաչափ է համարում, քանի որ նման եզրահանգմամբ Վերաքննիչ դատարանը փաստացի բացառել է գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտ ներկայացրած մասնակցի մոտ որևէ պարտավորության ծագումը` ըստ էության, ակնարկելով, որ միայն գնման գործընթացում ընտրված (հաղթող) ճանաչվելու պարագայում են մասնակցի մոտ ծագում պարտավորություններ: Մինչդեռ, ինչպես նշվել է վերը, գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցության հայտ ներկայացնելով` մասնակիցը ոչ միայն ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև միակողմանի գործողությամբ օրենքի ուժով ստանձնում է մի շարք պարտականություններ, այդ թվում` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը կցելու, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն: Նշված պարտականության խախտումը Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է մասնակցի կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն հիմք է տվյալ մասնակցի կողմից ներկայացված հայտը մերժելու և գնումների գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նաև տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել այլ անբարենպաստ հետևանքներ` հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն, իսկ նշվածը չկատարելու դեպքում նաև` ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Միևնույն ժամանակ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ «Շտկումը թերի կատարելը Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում չէ, և համապատասխանաբար Ընկերությանը 2 տարի ժամկետով գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու հիմք չէ», «պատվիրատուն չէր կարող հայցվորին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ վերջինս թույլ չի տվել դրա համար հիմք հանդիսացող` խախտումներից որևէ մեկը: Հայցվորը պարզապես պատշաճ չի շտկել իր թույլ տված և պատվիրատուի կողմից արձանագրված թերությունները, ինչը հիմք է հայտն անբավարար գնահատելու և մերժելու, այլ ոչ թե գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու (քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց կիրառելու) համար»:
Սույն գործով հաստատվել է, որ գնահատող հանձնաժողովի 25.08.2023 թվականին տեղի ունեցած նիստի թիվ 2-3 արձանագրության 1.1-ին կետով արձանագրված` Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունները շտկելու նպատակով վերջինս սահմանված ժամկետում ներկայացրել է իր կողմից առաջարկվող սարքավորումների փոփոխված նկարագիրը (Հավելված թիվ 1.2), որում, սակայն, գնահատող հանձնաժողովի գնահատմամբ [29.08.2023 թվականի թիվ 2.4 արձանագրություն] Ընկերությունը թույլ է տվել հրավերի պայմանների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, այն է` Հավելված թիվ 1.2-ի 1-3-րդ, 5-րդ, 7-րդ, 15-18-րդ, 22-րդ, 24-25-րդ, 30-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ և 42-րդ տողերում նշված մոդելներն (մոդելների շարքերը) իրենց տեխնիկական բնութագրերով չեն համապատասխանում հրավերի պահանջներին:
Վերոգրյալ իրավական վերլուծության և արտահայտված դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով Ընկերության ներկայացրած հայտը գնահատող հանձնաժողովի կողմից իրավաչափորեն կարող էր գնահատվել անբավարար և մերժվել` հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման, այդուհանդերձ Ընկերության վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ Ընկերությունը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված ժամկետում չի դրսևորել անգործություն, այլ ներկայացրել է Հավելված թիվ 1.2-ի (Առաջարկվող սարքավորումների նկարագրի) փոփոխված տարբերակը` թեկուզև, ըստ գնահատող հանձնաժողովի, դրանում թույլ տալով նոր խախտում (անհամապատասխանություն): Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համապատասխան հիմքի առկայության մասին, քանի որ տվյալ դեպքում Ընկերության հետագա մասնակցությունը գնման գործընթացին դադարեցվել է ոչ թե Ընկերության կողմից գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը խախտելու, այլ նրա ներկայացրած հայտը` դրանում արձանագրված անհամապատասխանությունների շտկման նպատակով ներկայացված փաստաթղթերում այլ անհամապատասխանություններ արձանագրելու հիմքով գնահատման հանձնաժողովի կողմից անբավարար գնահատվելու և մերժվելու հետևանքով:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:
Տվյալ դեպքում բողոք բերող անձի կողմից վկայակոչվել են թիվ ԵԴ/3812/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.06.2023 թվականի և թիվ ԵԴ/62299/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` հիմնավորելով, որ այդ դատական ակտերում Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/3812/02/23 քաղաքացիական գործով 16.06.2023 թվականին կայացրած վճռով, մասնավորապես, արձանագրել է. «Հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկը պետք է համապատասխանի պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններին, որի անհամապատասխանության դեպքում մեկ աշխատանքային օրով կասեցվում է նիստը` առաջարկելով մասնակցին մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը, իսկ այն չկատարելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, որպիսի պայմաններում մասնակցի կողմից խախտվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը: Այսինքն, թե հայտ ներկայացնելու և թե հայտում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու համար տրված ժամանակահատվածում զուտ փաստաթղթեր ներկայացնելն ինքնին բավարար չէ գնման գործընթացի շրջանակում ստանձնած մասնակցի պարտավորությունը կատարված համարելու համար, այլ անհրաժեշտ է, որպեսզի ներկայացված փաստաթղթերը համապատասխանեն հրավերի պահանջներին»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/62299/02/22 քաղաքացիական գործով 12.01.2024 թվականին կայացրած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջների խախտումը, որը Կարգի 42-րդ կետի հիմքով հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, համարվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում: (...) Վերաքննիչ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ինչպես արդեն նշվել է վերը` Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջների խախտումը, որը Կարգի 42-րդ կետի հիմքով հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, համարվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ գնման գործընթացում իրավահարաբերության սուբյեկտը պարտավորություն է ստանձնում իր գործողություններով` մասնակցության հայտ ներկայացնելով, պարտաճանաչ կատարել գնման գործընթացի բոլոր պարտականությունները: Հակառակ մեկնաբանության դեպքում գնման գործընթացում ստանձնած յուրաքանչյուր պարտավորություն պետք է հավաստվի առանձին ամրագրմամբ»:
Միևնույն ժամանակ սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում քննարկվող հարցի վերաբերյալ, մասնավորապես, նշել է. «Գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտումը կարող է առաջանալ բացառապես այն դեպքերում, երբ մասնակիցը ստանձնում է նման պարտավորություն, սակայն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այն, իսկ հայտի պայմանները չպահպանելը չի կարող համարվել ստանձնած պարտավորության խախտում, սակայն կարող է հիմք հանդիսանալ հայտն անբավարար գնահատելու և մերժելու համար», «պատվիրատուն չէր կարող հայցվորին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ վերջինս թույլ չի տվել դրա համար հիմք հանդիսացող` խախտումներից որևէ մեկը: Հայցվորը պարզապես պատշաճ չի շտկել իր թույլ տված և պատվիրատուի կողմից արձանագրված թերությունները, ինչը հիմք է հայտն անբավարար գնահատելու և մերժելու, այլ ոչ թե գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու (քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց կիրառելու) համար»:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ թիվ ԵԴ/3812/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.06.2023 թվականի և թիվ ԵԴ/62299/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ թիվ ԵԴ/3812/02/23 ու թիվ ԵԴ/62299/02/22 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանների կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վերը նշված փաստերից ելնելով` Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, կրկին փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, թեև հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը, այնուամենայնիվ, գտնում է, որ վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի մեկնաբանության արդյունքում թույլ չի տրվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` նաև սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ» ենթակետի համաձայն` վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 75-ապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտչյան
Զեկուցող Ս. Մեղրյան
Ն. Հովսեփյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924398749