Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ1/0200/11/23

ընդհանուր իրավասության քրեական դատարան

նախագահող դատավոր` Ա. Գաբրիելյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                         դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                         Հ. Գրիգորյանի

                                         Լ. Թադևոսյանի

                                         Ա. Պողոսյանի

 

    27 օգոստոսի 2025 թվականի                    ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ Կարեն Վարդգեսի Ասոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հուլիսի 24-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գ. Կարապետյանի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու և դատախազության անգործության դեմ Կարեն Ասոյանի բողոքը:

2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ հիշյալ բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Կ. Ասոյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

i

5. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է` խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաև նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք հանգեցրել են բողոքաբերի` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման:

5.1. Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերաբերելի դրույթները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի իրականացվել ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու հարցի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ Վերաքննիչ դատարանը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, անտեսել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջները պահպանված չլինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված չեն և չեն բխում վարույթի նյութերից:

5.2. Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով բողոքաբերի համար սահմանել է այնպիսի պարտավորություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բողոքաբերի համար չի նախատեսում մինչդատական ակտի վիճարկման բողոքին բողոքարկվող վարութային ակտը, դրա արտադատական բողոքարկման արդյունքում դատախազի կայացրած որոշումը կցելու պարտականություն, ուստի, ըստ բողոքաբերի, տվյալ պատճառաբանությամբ վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-302-րդ հոդվածների կարգավորումներից:

5.3. Բողոքաբերը ներկայացրել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համանման որոշումներ, որտեղ դատարանը հանգել է հետևության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքաբերը բողոքարկվող վարութային ակտը բողոքին կից ներկայացնելու պարտականություն չունի:

6. Վերոշարադրյալի հիման վրա, Կ. Ասոյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել դրանց փոխարինող դատական ակտ` վարույթի նյութերը փոխանցելով Առաջին ատյանի դատարան` վարույթ հարուցելու հարցը լուծելու համար:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Կարեն Ասոյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի համաձայն` «(...) Քննիչ Գ. Կարապետյանը 14.04.2023թ. քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրության պատճառաբանական մասում նշել է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին` նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:

Վերոշարադրյալ հաղորդման քննարկման արդյունքում, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ և 179-րդ հոդվածներով, գտնում եմ, որ գրությամբ ներկայացված փաստական տվյալների նկարագրությունը չի պարունակում ինչպես 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին մասին/, այնպես էլ որևէ հանցակազմով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հետևաբար նկարագրված փաստական տվյալների հանգամանքներով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը և սույն փաստական տվյալների նկարագրությամբ` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալը ողջամտորեն հնարավոր չէ»: (...)»(1):

 

___________________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 4-8:

 

8. Առաջին ատյանի դատարանի` մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման համաձայն` «(...) Դատարանը նախ հարկ է համարում նշել, որ քրեական վարույթի հանրային մասնակցի վարութային ակտերի բողոքարկման արդյունքում դատական վարույթի հարուցումը կլինի իրավաչափ եթե`

ա) դատարան են բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մինչդատական ակտերը, ինչպես նաև այն մինչդատական ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից: Ընդ որում վերջին դեպքում մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկողի իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորության բացակայության մասին էական փաստարկներ և հիմնավորումներ,

բ) վերը նշված մինչդատական ակտերը բողոքարկվել են իրավասու դատախազին և բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից,

գ) պահպանվել են մինչդատական ակտը վիճարկելու բողոքին ներկայացվող պահանջներն ու ընթացակարգերը:

Հարկ է արձանագրել, որ մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոքի հիման վրա վարույթի հարուցման համար անհրաժեշտ է վերոգրյալ «ա», «բ» և «գ» կետերում նշված պայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ.

- «ա» կետում նշված` բողոքին վերաբերող բովանդակային պահանջի չպահպանումն անխուսափելիորեն կզրկի իրավասու դատարանին վարույթի հարուցման անհրաժեշտության մասին որևէ հիմնավոր ենթադրություն կատարելու հնարավորությունից,

- «բ» և «գ» կետերում նշված բողոքին վերաբերելի պահանջների և դրանց ներկայացման դատավարական ընթացակարգերի չպահպանումն ինքնին օրենքի ուժով անհնարին կդարձնի դատական վարույթի հարուցումը:

Դատարանը, ուսումնասիրելով բողոքը և դրան կից նյութերը, գտնում է, որ պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածներով սահմանված պահանջը, մասնավորապես բողոքին չի կցվել բողոքարկվող վարութային ակտը, հետևաբար` մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելը պետք է մերժել (...)»(2):

 

________________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-19:

 

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Սույն վարույթի փաստական հանգամանքները վերլուծելով վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, ղեկավարվելով առկա քրեադատավարական կարգավորումներով, իրավաչափ որոշում է կայացրել վարույթի հարուցումը մերժելու մասին:

Բողոքը ներկայացված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, այն է` բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտը, ինչը հիմք է մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու համար: Բողոքաբերն իր բողոքում մեջբերել է միայն քննիչի կողմից կայացված վարութային ակտի պատճառաբանական մասը, ինչը չի կարող նույնացվել քննիչի կողմից կազմված վարութային ակտի հետ:

Նման պայմաններում բողոքաբերի պնդումն այն մասին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին կից բողոքաբերը պարտավոր չէ ներկայացնել վիճարկվող վարութային ակտը, անհիմն է (...)»(3):

 

_______________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 36-38:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Կ. Ասոյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները:

11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(4),

 

__________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(5),

 

_________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(6),

 

______________________

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(7):

 

__________________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

13. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով

, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման(8):

 

___________________________

8) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

 

14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձևական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների և պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքն անհամաչափորեն սահմանափակի անձի` դատարանի մատչելիության իրավունքը: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է հանգեցնեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների էության խախտման(9):

 

_____________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:

 

15. Դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է`

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.

4) առկայության դեպքում` վարույթի համարը.

5) բողոքարկվող վարութային ակտը.

6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.

7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.

8) բողոքի փաստարկները և պահանջը.

9) բողոքին կցվող նյութերի ցանկը:

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)` վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում` բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է վարույթը հարուցելուց հետո` յոթ օրվա ընթացքում:

2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ:

3. Վարույթի հարուցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)` վարույթի հանրային մասնակցին:

4. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը վարույթի հանրային մասնակիցներից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր, իսկ բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքում` նաև ներկայանալ դատական նիստին:

5. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին»:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ: Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը(10):

 

_______________________

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Պետրոսյանի գործով 2024 թվականի ապրիլի 5-ի թիվ ԵԴ1/0365/11/23 որոշումը:

 

Այսպես, դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները.

1) բողոքարկվող ակտը պետք է նախատեսված լինի 299-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ նախատեսված չլինելու պայմաններում պետք է առկա լինեն դատաքննության ընթացքում դրանց վիճարկումն անհնար դարձնելու կամ բողոքարկողի իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից ակնհայտորեն զրկելու մասին հիմնավորումներ,

2) պետք է անձն ունենա տվյալ մինչդատական ակտը բողոքարկելու իրավունք` հանդիսանա վարույթի մասնավոր մասնակից, կամ հիմնավորի իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը,

3) պետք է պահպանված լինի վիճարկվող ակտի դատախազական բողոքարկման պահանջը, բացառությամբ օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի,

4) պետք է պահպանված լինի մինչդատական ակտերի բողոքարկման համար սահմանված 15-օրյա ժամկետը,

5) բողոքը պետք է համապատասխանի 301-րդ հոդվածով նախատեսված` բողոքի բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում` հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:

17. Վճռաբեկ դատարանը Նաիրա Մելիքյանի գործով անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին` արձանագրել է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտը, ինչպես նաև բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հիշյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակի բողոքարկվող վարութային ակտի պատճառաբանական մասը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով բողոքարկվող վարութային ակտը ներկայացվող բողոքին անմիջականորեն կցելու պահանջ օրենսդիրը չի սահմանել, հետևաբար այդպիսին չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար(11):

 

________________________

11) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նաիրա Մելիքյանի գործով 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ1/0180/11/23 որոշումը:

 

18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Առաջին ատյանի դատարանը Կ. Ասոյանի բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջը, մասնավորապես բողոքին չի կցվել բողոքարկվող վարութային ակտը(12):

 

_________________

12) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, բողոքաբերն իր բողոքում մեջբերել է միայն քննիչի կողմից կայացված վարութային ակտի պատճառաբանական մասը, ինչը չի կարող նույնացվել քննիչի կողմից կազմված վարութային ակտի հետ, և գտել, որ բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտը, ինչը հիմք է մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու համար(13):

 

___________________

13) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-20-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ Կ. Ասոյանի բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի պահանջներին:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ. Ասոյանի` Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը պարունակել է բողոքարկվող վարութային ակտի` քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասը(14): Հետևաբար, Կ. Ասոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված` բողոքին առաջադրվող պահանջները պահպանվել են:

____________________

14) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Կ. Ասոյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, իրավաչափ չեն:

20. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն օրենսգրքում առկա պահանջների չպահպանման դեպքում դատարանի համար նախատեսում էր միայն մեկ հնարավորություն` մերժելու վարույթի հարուցումը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով` 302-րդ հոդվածի 1.1-րդ մասով դատարանի համար նախատեսվեց լրացուցիչ հնարավորություն` մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների անհամապատասխանության դեպքում բողոքը վերադարձնել այն ներկայացրած անձին` հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունները: Այս կարգավորումը ևս ապացույց է այն բանի, որ ձևական պահանջների չպահպանումը անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից:

21. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրակացության այն մասին, որ ներկայացված բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչը հանգեցրել է նույն օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու համար(15):

 

_____________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը Կ. Ասոյանի` մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Կարեն Վարդգեսի Ասոյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/2967

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2025
N ԵԴ1/0200/11/23
Որոշում