Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ5/0213/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0213/05/23            2026 թ.

    Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

    Դատավորներ`        Ա. Հարությունյան

                       Հ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող` Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ներկայումս` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2025 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.03.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Գեղամ Գևորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-29-րդ, 124-125-րդ և 144-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (ներկայումս` «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենք) (այսուհետ` «Օրենք») 91-րդ հոդվածի 1-ին մասը:

Հանձնաժողովն Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելիս առաջնորդվել է Օրենքով և Հանձնաժողովի կողմից 28.12.2021 թվականին ընդունված «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Թիվ 395-Ն որոշում): Հանձնաժողովը թիվ 167-Ա որոշման մեջ մատնանշել է բոլոր այն հանգամանքները, որոնք հաշվի են առնվել Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց տուգանքը կիրառելիս:

Հանձնաժողովի կողմից վարույթը հարուցվել է Ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Մասնավորապես, Ընկերության կողմից խնդրո առարկա ապրանքն արտադրվել և իրացվել է որպես պանիր, մինչդեռ վերջինս պարունակում է բուսական յուղ` որպես ինքնուրույն բաղադրամաս, և ըստ այդմ` չի համարվում կաթնային մթերք հանդիսացող պանիր:

Հաշվի առնելով, որ ապրանքն արտադրվել է 25.11.2022 թվականին` Հանձնաժողովը, հիմք ընդունելով Թիվ 395-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, իրավախախտման մեջ ներգրավված ապրանքներ է դիտարկել Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակը, որի իրացումից ստացված հասույթի չափը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա կազմել է 365 857 618.2 ՀՀ դրամ: Այսինքն` Հանձնաժողովը թիվ 167-Ա որոշմամբ Ընկերությանը պատասխանատվության ենթարկելիս ապրանքի իրացումից ստացված հասույթ է համարել Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը` 365 857 618.2 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը տուգանքի չափի իրավաչափության հարցին անդրադառնալիս ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ որպես «պանրի» իրացման հասույթ է դիտարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ ներկայացված հասույթն այն պայմաններում, երբ տեղեկատվությունը վերաբերում էր նաև այլ ապրանքի իրացումից ստացված հասույթի: Մինչդեռ, Հանձնաժողովը և Դատարանը նշել են, որ ընդհանուր տեղեկատվությունից առանձնացվել և հիմք է ընդունվել միայն «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթը: Այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը վերաբերել է նաև այլ ապրանքի, վիճարկվող որոշման անվավերության հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ Հանձնաժողովը տուգանքի չափի հաշվարկման հիմքում դրել է միայն այն տեղեկատվությունը, որը վերաբերում է «պանիր» ապրանքատեսակին:

Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վիճարկվող ակտն անվավեր ճանաչել այն պայմաններում, երբ այդ ակտի օրենքի խախտմամբ ընդունված լինելը պայմանավորել է միայն տուգանքի չափի սխալ հաշվարկով` ընդունելով Ընկերության կողմից խախտում թույլ տալու փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2025 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի ««Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» 01.02.2023 թվականի թիվ 47-Ա որոշմամբ հարուցվել է վարույթ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ (հատոր 2, գ.թ. 68-73):

2) «Թիվ ՀԳ-00272/23 վարույթով պատասխանող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության մասին» տեղեկանքի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունն ու տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը կիրականացվի Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ (հատոր 1, գ.թ. 86-93):

3) Հանձնաժողովի ««Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշմամբ որոշվել է. «1. «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի նոյեմբերի 25-ին արտադրված բուսական յուղի առկայությամբ «Katna cheese, Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 50% յուղայնությամբ ապրանքը որպես պանիր մակնշելը և իրացնելը որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (...): 2. Օրենքի խախտման համար «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 9.146.440 ՀՀ դրամի չափով տուգանք: (...)» (հատոր 1, գ.թ. 9-15):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ 86-րդ հոդվածի համաձայն` գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրական մակարդակով ամրագրվել է շուկայում մրցակցության խաթարման առանձին ձևերի` շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային համաձայնությունների արգելքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախաբանը, սահմանադրական վերը նշված նորմերին համապատասխան, հռչակում է Օրենքի հետևյալ նպատակները. պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն են նույն օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունները:

Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը բացահայտում է անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը` առանձնացնելով այն հիմնական հատկանիշները, որոնց համակցությամբ պայմանավորված` տնտեսավարողի տվյալ գործողությունը կամ վարքագիծը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ հատկանիշներն են.

- Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասությունը,

- տնտեսավարող սուբյեկտների, կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտումը:

Օրենսդիրը, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրելով անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ պարտադիր հատկանիշները, միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում առանձնացրել է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսևորումների որոշակի ոչ սպառիչ շրջանակ, այդ թվում` հասարակության մոլորեցումը:

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` անբարեխիղճ մրցակցության դրսևորում է հասարակության մոլորեցումը, որի արտահայտման ձևերը ոչ սպառիչ թվարկմամբ ամրագրված են նույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում: Մասնավորապես, հասարակության մոլորեցում է.

- ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ սույն օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ (Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ),

- ապրանքների որակն անհիմն չափազանցնելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) (Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները տարբերակվում են ըստ կոնկրետ իրավախախտման տեսակի: Մասնավորապես, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը: «Հասույթ» հասկացության բովանդակությունը բացահայտված է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում, ըստ որի` հասույթը համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տնտեսավարող սուբյեկտի սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն դրամական ներհոսքն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում մասնակիցների կողմից ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի: Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների համար հասույթ է համարվում ապրանքների իրացումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտը` դրամական արտահայտությամբ, որը չի ներառում անուղղակի հարկերի գումարները:

Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հանձնաժողովի կողմից 28.122021 թվականին ընդունվել է «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» որոշումը (ուժը կորցրել է Հանձնաժողովի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 22.08.2025 թվականի որոշմամբ) (այսուհետ` Մեթոդաբանություն):

Մեթոդաբանության 2-րդ կետում բացահայտված է դրանում օգտագործվող հիմնական հասկացությունների և տերմինների բովանդակությունը: Այն է` «ապրանք» հասկացությունը բնորոշվում է որպես «տվյալ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից հատկորոշված ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանում ներգրավված ապրանք, իսկ ապրանքային շուկա հատկորոշված չլինելու դեպքում` ապրանք, որն իրավախախտման հետևանքով ստացել է կամ կարող էր ստանալ իրացման համար առավելություն, իսկ դա որոշելու անհնարինության դեպքում` Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված դասակարգչի, ըստ հաջորդականության, ենթակարգում, ենթակարգում առանձնացված չլինելու դեպքում` կարգում, կարգում առանձնացված չլինելու դեպքում` դասում և դասում առանձնացված չլինելու դեպքում` խմբում ներառված ապրանք»: Ապրանքի իրացումից ստացված հասույթը համապատասխան ժամանակահատվածում ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, ընդհանուր հասույթը համապատասխան ժամանակահատվածում ստացված ընդհանուր հասույթի գումարն է: Հասույթի գումարը ՀՀ դրամով արտահայտված միավորն է:

Անբարեխիղճ մրցակցության իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Բ = Հ x 2.5% x Ժ, որտեղ` Բ-ը տուգանքի բազային գումարն է, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթն է կամ ընդհանուր հասույթի կեսն է, Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է (Մեթոդաբանության 11-րդ կետի 2-րդ ենթակետ, 21-րդ կետ): Բազային գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում ապրանքի իրացումից ստացված հասույթը (Մեթոդաբանության 15-րդ կետ): Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն` բազային գումարի հաշվարկման համար ապրանքի իրացումից ստացված հասույթի փոխարեն հիմք է ընդունվում ընդհանուր հասույթը, եթե.

1) իրավախախտումը չի առնչվում որևէ ապրանքի հետ.

2) կիրառվող բազային գումարը հաշվարկվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, որը չունի ապրանքի իրացումից ստացված հասույթ.

3) պետական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ գնահատել ապրանքի իրացումից ստացված հասույթը և տնտեսավարող սուբյեկտը չի ներկայացրել ապացույցներ ընդհանուր հասույթի, ապրանքի իրացումից ստացված հասույթի և դրանց գոյացման հիմքերի վերաբերյալ:

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի վերաբերյալ պետական մարմնից ստացված տեղեկատվությունը ներառում է համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսներ և առանձնացված չեն համապատասխան ժամանակահատվածում ներառված ամիսներին ստացված հասույթները, ապա տուգանքի բազային գումարի հաշվարկման համար համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսների հասույթը նվազեցվում է: Նվազեցվող հասույթի գումարը յուրաքանչյուր ամսվա համար հավասար է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հասույթի գումարի և այդ ժամանակաշրջանում ներառված ամիսների հարաբերակցությանը:

Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է, որ հասարակության մոլորեցումը տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման առանձին տեսակ է, որի համար որպես պատասխանատվության միջոց սահմանված տուգանքի չափի ձևավորման համար ելակետային նշանակություն ունի տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափը: Ընդ որում, էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե իրավախախտումն առնչվում է արդյո՞ք որևէ կոնկրետ ապրանքի, թե ոչ: Եթե իրավախախտումն առնչվում է որևէ կոնկրետ ապրանքի, ապա տուգանքի չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում միայն տվյալ ապրանքի իրացումից ստացված հասույթը: Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տուգանքի չափի ընտրության իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածներին համապատասխան գնահատման են ենթակա տվյալ կոնկրետ ապրանքի իրացումից ստացված հասույթի վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցները: Եթե իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափը արտացոլող ապացույցները, մասնավորապես, պետական մարմնից ստացված տեղեկատվությունը, վերաբերում են տնտեսավարողի` իրավախախտմանը նախորդող տարվա ընդհանուր հասույթին կամ նաև այլ` իրավախախտմանը չառնչվող ապրանքի իրացման հասույթին, ապա պետք է քննարկման և գնահատման առարկա դառնա միայն այն տեղեկատվությունը, որը վերաբերում է այն կոնկրետ ապրանքի իրացմանը, որի առնչությամբ իրավախախտումն արձանագրվել է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումը, որով Ընկերության կողմից 25.11.2022 թվականին արտադրված բուսական յուղի առկայությամբ «Katna cheese, Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 50% յուղայնությամբ ապրանքը որպես պանիր մակնշելը և իրացնելը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և այդ իրավախախտման համար Ընկերության նկատմամբ նշանակվել է 9.146.440 ՀՀ դրամի չափով տուգանք:

Դատարանը 13.03.2024 թվականի վճռով հայցը մերժել է` պատճառաբանելով, «(...) տուգանքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականին դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Պատասխանողը «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը հաշվարկել է` 365.857.618 ՀՀ դրամ:

Դատարանը 11.08.2023 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից պահանջել և ստացել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տրամադրված «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականին դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստանալով վերը նշված տեղեկատվությունը, Դատարանը ևս հաշվարկել է «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը, որպիսի գումարը համապատասխանում է պատասխանող վարչական մարմնի կողմից կատարված հաշվարկին:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվոր կողմի փաստարկն առ այն, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը կազմում է 264.278.883 ՀՀ դրամ, անհիմն են:(...)»:

Վերաքննիչ դատարանի 05.03.2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է` ամբողջությամբ բեկանվել է Դատարանի 13.03.2024 թվականի վճիռը և փոփոխվել` Ընկերության հայցը բավարարվել է. Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումն անվավեր է ճանաչվել հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ապրանքի իրացումից ստացված հասույթը որոշվել է` հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված` Ընկերության իրացման շրջանառությունը:

Դատարանում 31.08.2023 թվականին մուտքագրված գրության բովանդակությունից հետևում է, որ թերի կամ ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումից զերծ մնալու նկատառումներով տրամադրվել է Հայցվոր ընկերության 2021 թվականի գործարքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որպիսի տեղեկատվությունը տրամադրվել է նաև Հանձնաժողովին:

Լազերային կրիչի բովանդակության հետազոտությունից պարզվել է, որ այն տեղեկատվություն է պարունակում նաև այլ ապրանքատեսակների մասին (օրինակ` կարագ), որպիսի պայմաններում Հարկային մարմնի կողմից հայտնած տեղեկությունները չէին վերաբերում միայն Հանձնաժողովի կողմից հատկորոշված տվյալ ապրանքատեսակին:

Ավելին, գործում առկա է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերության կողմից 29.05.2023 թվականին տրված «պանիր» ապրանքի 2021 թվականի իրացման հասույթի վերաբերյալ տեղեկանքը, որի համաձայն` «պանիր» ապրանքի իրացումից Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է ընդհանուր 264.278.883 ՀՀ դրամ» (հատոր 1, գ.թ. 16):

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության իրավախախտում կատարելու, այն է` 25.12.2022 թվականին արտադրված «Katna cheese, Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 50% յուղայնությամբ ապրանքը (այսուհետ` «Պանիր») որպես պանիր մակնշելու և իրացնելու համար: Որպես պատասխանատվության միջոց ընտրվել է տուգանքը` 9 146 440 ՀՀ դրամի չափով: Տուգանքի չափի հաշվարկման համար Հանձնաժողովը հիմք է ընդունել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից տրամադրված տեղեկատվությունը: Մասնավորապես, վիճարկվող որոշման մեջ արձանագրված է. «4) Հանձնաժողովի նախագահի 2023 թվականի մարտի 1-ի թիվ ԳԳ-174 գրությամբ Հանձնաժողովը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին (...)` խնդրելով տրամադրել Ընկերության կողմից 2021 թվականին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվություն: ՊԵԿ-ը 2023 թվականի մարտի 6-ին Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն, որի համաձայն` Ընկերության 2021 թվականի «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը կազմել է 365 857 618.2 ՀՀ դրամ: 5) ՊԵԿ տեղեկատվական տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության համաձայն` Ընկերության 2021 թվականի հասույթի չափը կազմել է 479 699 561 ՀՀ դրամ (...)»: Հանձնաժողովի որոշման մեջ «Բազային գումարի հաշվարկը» վերտառությամբ բաժնում նաև արձանագրված է. «(...) Ապրանքն արտադրվել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին, Հանձնաժողովն իրավախախտման մեջ ներգրավված ապրանքներ է դիտարկում Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակը, որի իրացումից ստացված հասույթի չափը կազմել է 365 857 618.2 ՀՀ դրամ: (...) տուգանքի բազային գումարը կազմում է 9 146 440.4 ՀՀ դրամ` ըստ հետևյալ հաշվարկի. Բ = Հ x Խ x Ժ = 365 857 618.2 x 2.5% x 1=9 146 440.4 ՀՀ դրամ:»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ վիճարկվող որոշման` Ընկերության նկատմամբ Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ հոդվածին համապատասխան տուգանք է սահմանվել 2021 թվականի «պանրի» իրացումից ստացված հասույթի` 365 857 618.2 ՀՀ դրամի 2.5 տոկոսի չափով` 9 146 440 ՀՀ դրամ:

Ի պատասխան Հանձնաժողովի հարցման` Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` տեղեկատվությունը տրամադրվել է Կոմիտեի նախագահի 06.03.2023 թվականի գրությամբ, ըստ որի Հանձնաժողովին տրամադրվել է տեղեկատվություն Ընկերության կողմից «2021 թվականին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով կատարած գործարքների վերաբերյալ», ինչը նշանակում է, որ տեղեկատվությունն ամբողջությամբ արտացոլել է հասույթի գոյացման հիմքերը` ըստ Ընկերության իսկ ձևակերպած փաստաթղթերի` հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների: Բացի այդ, Կոմիտեի նախագահի պատասխան գրությունից ակնհայտ է նաև, որ տեղեկատվությունը վերաբերում է խնդրո առարկա ժամանակահատվածում Ընկերության բոլոր գործարքներին: Այսինքն` տեղեկատվությունը պահանջվել է բոլոր գործարքների վերաբերյալ, և ի պատասխան Կոմիտեն տեղեկատվությունը վերաբերելի ժամանակահատվածի համար տրամադրել է բոլոր գործարքների առնչությամբ:

Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տեղեկատվությունը վերաբերում է ոչ միայն խնդրո առարկա իրավախախտմանն առնչվող «պանրի» իրացումից, այլ նաև այլ ապրանքի, մասնավորապես, սերուցքային կարագի իրացումից ստացված հասույթին: Հանձնաժողովը տուգանքի չափը հաշվարկելիս իրավաչափորեն հիմք է ընդունել ոչ թե բոլոր գործարքների արդյունքում գոյացած ընդհանուր հասույթի չափը, այլ միայն իրավախախտմանն առնչվող ապրանքի` «պանրի» իրացումից ստացված հասույթի չափը` 365 857 618.2 ՀՀ դրամ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից` Կոմիտեի կողմից ներկայացված ապացույցների սխալ գնահատման և ըստ այդմ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման արդյունքում:

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից Դատարան ներկայացված Ընկերության տնօրենի 29.05.2023 թվականի տեղեկանքին, ըստ որի` «պանիր» ապրանքի իրացումից Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է 264 278 883 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղեկանքը, ի տարբերություն Կոմիտեի տեղեկատվության, չի արտացոլում նշված գումարի չափով հասույթի գոյացման հիմքերը:

Այսպիսով, Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ակտով սահմանված տուգանքի չափը հաշվարկվել է իրավաչափորեն` հիմք ընդունելով միայն Ընկերությանը վերագրված իրավախախտմանն առնչվող ապրանքի` «պանրի» իրացումից ստացված հասույթը, ինչն օբյեկտիվորեն արտացոլված է Ընկերության իսկ ձևավորած փաստաթղթերում` վերջինիս կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում և ՀԴՄ կտրոններում:

Հաշվի առնելով, որ հայցի մյուս հիմքերի առնչությամբ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Ընկերության մյուս փաստարկները` Վճռաբեկ դատարանը վերոհիշյալի հաշվառմամբ գտնում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ է, և առկա չեն այն անվավեր ճանաչելու հիմքեր, ուստի հայցը ենթակա է մերժման, ինչպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը վճռաբեկ բողոքի համար վճարել է 49.150 ՀՀ դրամ պետական տուրք, որի 19.150 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Հանձնաժողովին` հաշվի առնելով, որ հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին համապատասխան վճռաբեկ բողոքի համար պետական տուրք ենթակա էր վճարման 30.000 ՀՀ դրամի չափով: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարից 30.000 ՀՀ դրամը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.03.2024 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ներկայումս` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով) բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող` Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3165

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2026
N ՎԴ5/0213/05/23
Որոշում