Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇԱԿԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/5779/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ/5779/05/21             2026 թ.

    Նախագահող դատավոր` Հ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                       Գ. Սոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է անվավեր ճանաչել 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.12.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցն ամբողջությամբ մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ` Պավել Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 28-րդ, 114-րդ, 124-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` սխալ է որոշել և գնահատել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, արդյունքում Բանկի բողոքը քննել է վերաքննիչ բողոքի հիմքի և հիմնավորումների սահմաններից դուրս, ինչպիսի պայմաններում սխալ է կիրառել ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի թիվ ՎԴ6/0076/05/12 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը` կայացնելով չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը մինչև վիճարկվող որոշման կայացումը գործողություններ է ձեռնարկել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, և նույնիսկ նման պարագայում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ որոշման կայացումը որևէ կերպ չի հիմնավորում այն հանգամանքը, թե եռօրյա ժամկետի խախտմամբ որոշում կայացնելն ինչ բացասական հետևանքի է հանգեցրել հայցվորի իրավունքների իրացման տեսանկյունից:

Մինչդեռ, հայցադիմումում և դրան կից ապացույցներով Բանկը ներկայացրել է իր որ իրավունքներն են խախտվել և ինչ հիմքերով ու հիմնավորումներով: Մասնավորապես, հայցադիմումում Բանկը նշել է, որ վիճարկվող որոշումը չի համապատասխանում օրենքով սահմանված պարտադիր պայմաններին, քանի որ այն կայացվել է եռօրյա ժամկետի խախտմամբ, բացակայում է որոշման համարը, որոշման մեջ առկա է հղում կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգի համապատասխան հոդվածին, սակայն դրա բովանդակությունից անհասկանալի է, թե որքան է կազմում հատուցման ենթակա ծախսի գումարը, որոշման մեջ առկա չէ պատճառաբանական մաս, որոշման հասցեատիրոջ, այսինքն` Բանկի համար անհասկանալի է, թե ինչ հաշվարկներով է սահմանվել, որ բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 20.484.329 ՀՀ դրամ, ինչպես է ձևավորվել այդ գումարը, ինչ փոխարժեքով, որ օրվա դրությամբ, որոշումը հիմնավոր չէ, քանի որ նշված չեն բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, որոնք թույլ կտան հասկանալ որոշման եզրափակիչ մասը, այն է` Բանկի վրա դրված պարտավորությունները:

Այսինքն` Ծառայության կողմից կայացվել է ակնհայտ անհիմն, չպատճառաբանված որոշում, որով Բանկի վրա դրվել են անհասկանալի պարտավորություններ: Նշված որոշմամբ խախտվել են Բանկի իրավունքներն ու օրինական շահերը:

Սակայն Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում հաշվի է առել բացառապես Ծառայության վերաքննիչ բողոքում ներկայացրած փաստերը` անտեսելով հայցադիմումի առարկան և այն հիմնավորող ապացույցները, չի իրականացրել ապացույցների լրիվ, բազմակողմանի հետազոտություն և կայացրել է խիստ սուբյեկտիվ և չհիմնավորված, արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ, որի արդյունքում խախտվել են նյութական և դատավարական վերը նշված նորմերի պահանջները:

Սույն վարչական գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է պարզաբանման հետևյալ հարցը. արդյո՞ք Բանկի կողմից հակընդդեմ հայցապահանջ ներկայացնելու համար արդեն իսկ վճարված պետական տուրքի մասով Ծառայությունը իրավասու է հարուցել կատարողական վարույթ, միաժամանակ Բանկին ծանրաբեռնել կատարողական ծախսերով, ինչի հիմքով նաև կայացնել Բանկի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին որոշում:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.12.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 31.07.2020 թվականի թիվ 200731095230000 վճարման հանձնարարագրի համաձայն` Բանկի կողմից ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հաշվին կատարվել է 42.800.243 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարում` թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով 23.07.2019 թվականին կայացված վճռի հիմքով (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 73):

2) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` «(...) «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել հակընդդեմ հայցի մասով հետաձգված պետական տուրքի գումարը` հետևյալ կարգով.

- 06.03.2014թ. կնքված թիվ AՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 388,873.11 (երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր յոթանասուներեք) ԱՄՆ դոլար և 11 ցենտ գումարի, ինչպես նաև սկսած 04.10.2016 թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 2-ի 5.2-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով,

- 24.02.2015թ. կնքված թիվ BՎԳԾՊ15/05-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 1.716.353.52 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր հիսուներեք) ԱՄՆ դոլար և 52 ցենտի, ինչպես նաև սկսած 04.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 3-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով,

- 24.02.2015թ. կնքված թիվ BՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 1.401.511.16 (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր տասնմեկ) ԱՄՆ դոլար և 16 ցենտի, ինչպես նաև սկսած 04.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 4-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.204.000.0 (մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով` ընդհանուր բռնագանձման ենթակա գումարից հաշվանցելով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից նախապես վճարված 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը (...) (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 14-15):

3) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում 07.10.2020 թվականին կայացված «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 06674628 կատարողական վարույթը` թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի պահանջները կատարելու նպատակով:

Նշված որոշմամբ Բանկից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման է առաջադրվել 26.863.347 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով կատարողական գործողությունների կատարման ծախս (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 16-17):

4) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով 23.12.2020 թվականին կայացրել է «Կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշում, որով դատարանը պարզաբանել է, որ` «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998 թվականի խմբագրությամբ) 68-րդ և 73-րդ հոդվածների ուժով, ինչպես նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշման հիմքով` հայցագնի մեջ ներառվում է նաև հայցադիմումում նշված տոկոսի (տուժանքի, տուգանքի, տույժի) գումարը, որի մասով պետական տուրքի գումարը ենթակա է հաշվարկման և բռնագանձման վճռի կայացման օրվա դրությամբ: Հետևաբար, դատարանի 23.07.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ հետաձգված (չվճարված) պետական տուրքի գումարը հաշվեգրվել է այդ պահին գործող օրենսդրությամբ սահմանված կարգով` հայցագնի մեջ ներառված դրամական պահանջի, այդ թվում` տոկոսների հանդեպ, ուստիև ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից տոկոսների մասով պետական տուրքի գումարը ենթակա է հաշվարկման և բռնագանձման փաստացի չվճարված մասով վճռի կայացման օրվա դրությամբ:

Ելնելով վերոգրյալից` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության լեյտենանտ Կ.Մ.(1)-ի կողմից 04.11.2020 թվականին էլեկտրոնային եղանակով ներկայացված և 26.11.2020 թվականին դատարանի գրասենյակ մուտքագրված կատարողական թերթը պարզաբանելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման սույն որոշմամբ նշված պատճառաբանությամբ, և Բանկից հօգուտ Հայաստանի Հանրապետության հետաձգված պետական տուրքի գումարի բռնագանձման գործընթացում տոկոսների մասով պարտավորության կատարման օր պետք է համարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերջնական դատական ակտի` վճռի կայացման օրը, այն է` 23.07.2019 թվականը:

 

_____________________

1) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Անդրադառնալով Բանկի ներկայացուցչի կողմից վկայակոչված փաստարկներին` իր որպես պետական տուրքի վճարման սուբյեկտ չհանդիսանալու, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման ուժով «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա` 20.10.2017 թվականի դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման և բռնագանձման ենթակա լինելու, ինչպես նաև միջնորդության քննության ընթացքում բանավոր ներկայացված դիրքորոշման համաձայն` հակընդդեմ հայցադիմումը ներկայացվելու օրվա դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման ենթակա լինելու և ՀՀ պետական բյուջեից ավել վճարված գումարը հետ վերադարձման ենթակա լինելու մասին, Դատարան այդպիսիք գնահատում է անհիմն, քանի որ նախ` պետական տուրքի գումարը վճարելու պարտավոր սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, ուստիև այս հարցն այլևս քննարկման ենթակա չէ: Երկրորդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման ուժով «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա` 20.10.2017 թվականի դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման և բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ Բանկի փաստարկները զուրկ են իրավական և փաստական հիմքից, քանի որ ինչպես վերը նշվեց, տվյալ դեպքում պարտապանը հանդիսանում է ոչ թե «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերությունը, այլ Բանկը, ով պարտապան է Հայաստանի Հանրապետության հանդեպ, և այդ իրավահարաբերությունների նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ, ուստիև Բանկի ներկայացուցչի այն դատողությունները, թե պետական տուրքի հետաձգված գումարը պետք է հաշվարկել «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա` 20.10.2017 թվականի դրությամբ, անհիմն է, ավելին, այդպիսի ժամկետ և հաշվարկման կարգ նշված չի եղել ո՛չ դատարանի 23.07.2019 թվականի վճռով, ո՛չ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2019 թվականի որոշմամբ, և նման դատողությունները հանդիսանում են լոկ Բանկի ներկայացուցչի սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք չունեն որևէ իրավական հիմնավորում: Երրորդ, Բանկի ներկայացուցիչը կատարողական թերթի պարզաբանման մասին դիմումի քննության ընթացքում հայտնել է, որ իր կարծիքով հետաձգված պետական տուրքի գումարը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել հակընդդեմ հայցադիմումը ներկայացնելու օրը, և պետական տուրքի գումարը, այդ թվում շարունակական տոկոսի մասով, պահանջի առկայության պայմաններում հաշվարկել և բռնագանձել հակընդդեմ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետ վերադարձնել ավել վճարված գումարը, որի կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.12.2019 թվականի որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի վճարված գումարը հետ վերադարձնելու հարցին` արձանագրելով, որ այն ենթակա չէ հետ վերադարձման` հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը (...)»:

23.12.2020 թվականի «Կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.02.2021 թվականի որոշմամբ բողոքարկված որոշումը թողել է օրինական ուժի մեջ (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 28-36, գ.թ. 50-59):

5) ««Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաճախորդին տրամադրված վարկի պարտավորությունների և վարկային հաշվի քաղվածքի որոշ մանրամասների վերաբերյալ» 15.04.2021 թվականի տեղեկանքների համաձայն` 07.12.2018 թվականի դրությամբ «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջությամբ մարվել են 24.02.2015 թվականի թիվ BՎԳԾՊ15/05-01 վարկային գծի պայմանագրի և 24.02.2015 թվականի թիվ BՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի վարկային պարտավորությունները, իսկ 06.03.2014 թվականի թիվ AՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի մասով մարվել է վարկային հիմնական պարտավորությունը (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 74-76):

6) Բանկի վարչության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ուղղված 15.04.2021 թվականի թիվ ԻԳ-790-2951 գրությամբ հայտնել է, որ «(...) Բանկի կողմից դեռևս 31.07.2020թ.-ին կատարվել են 23.07.2019թ. թիվ ԵԿԴ/0798/02/16 վճռի պահանջները, ՀՀ պետական բյուջե փոխանցելով պետական տուրքի համապատասխան գումարը, այն է` 42,800,243 (քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար երկու հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ: Դատարանի նշված վճռով պետական տուրքը վճարելու համար մեր կողմից տոկոսների հաշվարկը կատարվել է 04.10.2016 թ.-ից մինչև «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ սնանկ ճանաչվելու օրը` 20.10.2017 թ.-ը ներառյալ, այսինքն, մինչև այն ժամկետը, երբ համաձայն գործող օրենսդրության իմպերատիվ պահանջի իրավասու էինք հաշվարկել տոկոսներ:

Այնուամենայնիվ, եթե օրենքի իմպերատիվ կարգավորումը հաշվի չի առնվում, ապա ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր 09.03.2021թ. թիվ ԻԳ-790-1888 գրությամբ, ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ շատ կարևոր հանգամանքի վրա, մասնավորապես, «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ-ի վարկի գումարները ամբողջությամբ, իսկ տոկոսները մասնակի 07.12.2018թ. մարվել են:

Այսինքն, 07.12.2018թ.-ից վարկի գումարը ամբողջությամբ հավասարվել է 0-ի: Եթե անգամ հաշվի չենք առնում անձի սնանկ լինելու պահից տոկոսների հաշվարկի դադարեցման օրենսդրական պահանջը, ապա ինչ տրամաբանությամբ կարող ենք հաշվարկել տոկոսներ գոյություն չունեցող պարտավորության նկատմամբ: Եթե անգամ հաշվարկենք, ապա միայն 0-ի (զրո) նկատմամբ, որի դեպքում տոկոսը ևս 0-է (զրո)»:

Միաժամանակ, խնդրել է նշված հանգամանքները հաշվի առնել կատարողական վարույթի ընթացքում հաշվարկ կատարելիս և պարզաբանել Ծառայության նախորդ գրությամբ ներկայացված գումարի վերահաշվարկը (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 71-72):

7) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում 20.05.2021 թվականին կայացված «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշման համաձայն` որոշվել է արգելանք դնել պարտապան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա` 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով և բռնագանձում տարածել պարտապան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա` 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 95-96):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 57-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջների պահպանվածության հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Իրավունքի գերակայության կարևոր ցուցիչներից է իրավական որոշակիությունը: Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը:

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով իրավական որոշակիության սկզբունքը բարձրացվեց սահմանադրական սկզբունքի մակարդակի: Այդ սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում, ըստ որի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ սահմանադրական դատարանը, բացահայտելով իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

- Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

- Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

- Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

- Իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

- Իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշումը):

Իրավական որոշակիության սկզբունքը դրված է նաև վարչաիրավական հարաբերությունների կարգավորման հիմքում: Մասնավորապես, գործադիր-կարգադրիչ գործունեություն իրականացնելիս պետական կառավարման մարմինների գործողությունները պետք է լինեն կանխատեսելի և իրավաչափ: Վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարությունը և այդ վարչարարության արդյունքում ընդունված վարչական կամ նորմատիվ ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջին` իրավական անվտանգության և կամայականության արգելքի սկզբունքների ապահովման նպատակով:

Վարչական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ ընդհանուր դրույթներն ամրագրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` նաև Օրենք):

Մասնավորապես, Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն (...):

Օրենքի 56-րդ հոդվածի համաձայն`

1. Վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

1. Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վարչական ակտի հիմնավորվածության հարցին, արձանագրել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով` գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտը հիմնավորելու` վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձ է կատարել նաև վարչական ակտին ներկայացվող որոշակիության պահանջին` արձանագրելով, որ վարչական ակտին ներկայացվող պահանջներից է որոշակիությունը, ինչը ենթադրում է, որ վարչական ակտը պետք է շարադրվի այնպիսի հստակությամբ, որ դրա բովանդակությունից վարչական ակտի հասցեատիրոջ համար պարզ լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում: Այս պահանջի պահպանումն ունի առանձնահատուկ նշանակություն հատկապես միջամտող վարչական ակտերի դեպքում` հաշվի առնելով, որ դրանցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վարչական ակտի որոշակիության պահանջի կարևորությունն արտահայտվում է նրանում, որ միայն հստակ և որոշակի վարչական ակտի առկայության դեպքում է անձը հնարավորություն ունենում իր վարքագիծը համապատասխանեցնել այդ ակտի պահանջներին: Ավելին, վարչական ակտի հստակությունն ու որոշակիությունը հնարավորություն են տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Ալեք Բաղրամյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5523/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջների սահմանումը նախևառաջ միտված է վարչական ակտի հասցեատիրոջ համար պատճառաբանված և հիմնավոր դարձնել այդ վարչական ակտով իր համար առաջ եկող իրավական հետևանքները: Մասնավորապես, վարչական ակտի հասցեատիրոջ համար պետք է հասկանալի լինեն ինչպես այդ վարչական ակտով վերջինիս տրամադրվող իրավունքները և դրանց ծավալը, այնպես էլ վերջինիս վրա դրվող պարտականությունների բնույթը և ծավալը, դրանց առաջացման հիմքերն ու բովանդակությունը, իսկ վճարման առաջադրվող պարտավորությունների դեպքում` նաև այդ պարտավորությունների հաշվարկն ու դրանց կիրառման շարադրանքը: Եվ միայն նշված պահանջների պահպանվածությամբ ընդունված վարչական ակտի առկայության դեպքում է անձը, ընդունված վարչական ակտի իրավաչափության հետ համաձայն չլինելով, հնարավորություն ստանում արդյունավետորեն կենսագործել այդ պահանջների սահմանման հաջորդ նպատակը, այն է` իր սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում պաշտպանությունն ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական ակտին ներկայացվող վերը նշված պահանջների պահպանվածությունը վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հնարավորություն է տալիս գնահատել վարչական ակտի իրավաչափությունը, պարզել անձանց վերագրված խախտումների առկայությունը կամ բացակայությունը և տվյալ վարչական ակտի կայացման հիմքում դրված անհրաժեշտ այլ հանգամանքներ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Բանկի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումը:

Դատարանը 07.12.2021 թվականի վճռով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «(...) վիճարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ պարզ չէ, թե հարկադիր կատարողն ինչպես է հաշվարկել բռնագանձման ենթակա գումարի չափը, ինչպե՞ս են հաշվարկվել վարկերի մնացորդները և դրանց նկատմամբ տոկոսները, որոնց նկատմամբ պետք է հաշվարկվեր պետական տուրքի գումարը, արդյո՞ք վարկի մնացորդի և տոկոսների չափը հաշվարկվել է պարտավորության կատարման օրվա դրությամբ, եթե այո` ո՞ր օրն է հարկադիր կատարողը դիտարկել որպես պարտավորության փաստացի կատարման օր, ի՞նչ փոխարժեք է հարկադիր կատարողը հիմք ընդունել` դրամով գումարը բռնագանձելու համար, արդյո՞ք հաշվի են առնվել Բանկի կողմից 42.800.243 ՀՀ դրամ և 500.000 ՀՀ դրամ վճարված լինելու հանգամանքները:

Դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշման մեջ միայն վերը նշված հարցերին անդրադարձ կատարված լինելու պայմաններում Դատարանը հնարավորություն կունենար ստուգելու բռնագանձման համար հաշվարկված գումարի չափի իրավաչափությունը և համապատասխանությունը օրենքի պահանջներին:

Մինչդեռ վիճարկվող որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջի անտեսմամբ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտմամբ, ինչը փաստացի զրկում է Դատարանին այդ ակտով բռնագանձված գումարի չափի իրավաչափությունը գնահատելու հնարավորությունից, և հետևապես` Բանկին զրկում է գործնականում իր արդյունավետ իրավական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Հենց միայն վերը նշված հանգամանքների` սույն գործի քննության ընթացքում պարզման անհնարինությունը վկայում է այն մասին, որ պատասխանողի փաստարկները` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ անհիմն են, քանի որ հենց պատասխանողի` հայցադիմումի պատասխանում նշված դիրքորոշման կիրառման արդյունքն է սույն գործով վիճարկվող որոշման իրավաչափության ստուգման անհնարինությունը:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջի սխալ կիրառման հետևանքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով այն ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալն ինքնին բավարար համարելով հայցը բավարարելու համար Դատարանը հայցվորի մյուս փաստարկներին չի անդրադառնում»:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը, Դատարանի 07.12.2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է` հետևյալ հիմնավորմամբ. «(...) քննարկվող դեպքում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ արձանագրվել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 23.07.2019 թվականի վճռի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 6-ին տրված կատարողական թերթում նշված` հօգուտ Հայաստանի Հանրապետության հաշվեգրման և բռնագանձման ենթակա հետաձգված պետական տուրքի` տոկոսների մասով գումարի` Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորության փաստացի կատարման օր է հանդիսանում 2019 թվականի հուլիսի 23-ը, սակայն նման պայմաններում հայցվոր «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը պնդել է, որ պետական տուրքի վճարման համար տոկոսների հաշվարկը կատարվել է 04.10.2016 թվականից մինչև «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու օրը` 20.10.2017 թվականը ներառյալ: Ավելին, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ Տ. Մ.(2)-ն «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Վ.Մ (3)-ին ուղղված 2021 թվականի մայիսի 4-ի Եա2574-02 գրությամբ նշել է հաշվարկման համար հիմք հանդիսացած հանգամանքները, մասնավորապես` «(...) Թիվ 06674628 կատարողական վարույթի շրջանակներում կատարված հաշվարկի հիմքը հանդիսանում է թիվ ԵԿԴ/0798/02/16 կատարողական թերթը, որում հստակ նշված է թե՛ գումարների չափը և թե' ժամանակահատվածները: Իսկ հաշվարկը կատարվել է 11.01.2021թ. դրությամբ և մեկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ հաշվարկվել է 522 դրամին համարժեք (...)»:

 

____________________

2) Հանդիսանում է անձնական տվյալ

3) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Ընդ որում, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մինչև վիճարկվող որոշման կայացումը գործողություններ է ձեռնարկել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, և նույնիսկ նման պարագայում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ որոշումը կայացումը որևէ կերպ չի հիմնավորում այն հանգամանքը, թե եռօրյա ժամկետի խախտմամբ որոշում կայացնելն ինչ բացասական հետևանք է հանգեցրել հայցվորի իրավունքների իրացման տեսանկյունից:

Հետևաբար, հաշվի առնելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա` հարկ է նկատել, որ սույն դեպքում թիվ 06674628 կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրմամբ բացակայում են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ա.Մ.(4)-ի կողմից 2021 թվականի մայիսի 20-ին կայացվել է «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը (...)»:

 

____________________

4) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն վարչական գործով վիճարկվող որոշումը կայացվել է թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2019 թվականի վճռի պահանջների կատարման նպատակով 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում:

Այսպես, թիվ ԵԿԴ/0798/02/16 կատարողական թերթի համաձայն` որոշվել է Բանկից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հակընդդեմ հայցի մասով հետաձգված պետական տուրքի գումարը, մասնավորապես` «- 06.03.2014թ. կնքված թիվ AՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 388,873.11 (երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր յոթանասուներեք) ԱՄՆ դոլար և 11 ցենտ գումարի, ինչպես նաև սկսած 04.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 2-ի 5.2-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով, - 24.02.2015թ. կնքված թիվ BՎԳԾՊ15/05-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 1.716.353.52 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր հիսուներեք) ԱՄՆ դոլար և 52 ցենտի, ինչպես նաև սկսած 04.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 3-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով, - 24.02.2015թ. կնքված թիվ BՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետևանքով հաշվեգրված ընդհանուր 1.401.511.16 (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր տասնմեկ) ԱՄՆ դոլար և 16 ցենտի, ինչպես նաև սկսած 04.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 4-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.204.000.0 (մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով` ընդհանուր բռնագանձման ենթակա գումարից հաշվանցելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախապես վճարված 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը»:

Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում ներկայացված կատարողական թերթի հիման վրա 07.10.2020 թվականին կայացված «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 06674628 կատարողական վարույթը, որի շրջանակներում հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմում է ներկայացվել կատարողական թերթը տրամադրած դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով 23.12.2020 թվականի «Կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, պարզաբանել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 23.07.2019 թվականի վճռի հիման վրա 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթում նշված` հօգուտ Հայաստանի Հանրապետության հաշվեգրման և բռնագանձման ենթակա հետաձգված պետական տուրքի` տոկոսների մասով գումարի` Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորության փաստացի կատարման օր է հանդիսանում 23.07.2019 թվականը:

Միաժամանակ, դատարանը նշել է, որ պետական տուրքի գումարը հաշվեգրման և բռնագանձման ենթակա չի կարող լինել «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա` 20.10.2017 թվականի դրությամբ, քանի որ տվյալ դեպքում պարտապանը հանդիսանում է ոչ թե «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերությունը, այլ Բանկը, ով պարտապան է Հայաստանի Հանրապետության հանդեպ, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սույն դեպքում կիրառելի չէ:

Նշված որոշման դեմ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.02.2021 թվականի որոշմամբ բողոքարկված որոշումը թողել է օրինական ուժի մեջ, որից հետո Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում 20.05.2021 թվականին կայացված «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշմամբ որոշվել է արգելանք դնել պարտապան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա` 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով և բռնագանձում տարածել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա` 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով:

Սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Ծառայության 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող հիմնավորվածության և որոշակիության պահանջներին: Մասնավորապես, թեև որպես թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով Բանկի կողմից հաշվեգրման և բռնագանձման ենթակա հետաձգված պետական տուրքի պարտավորության կատարման օր հարկադիր կատարողը հիմք է ընդունել կատարողական թերթի պարզաբանման որոշմամբ նշված օրը` 23.07.2019 թվականը, սակայն վիճարկվող որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում, թե ինչպես է կատարվել տոկոսագումարների հաշվարկն այն պայմաններում, երբ թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցով որպես պատասխանող հանդես եկող «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության` 20.10.2017 թվականի դատական կարգով սնանկ ճանաչվելու պահից դադարել է վարկային պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, իսկ 24.02.2015 թվականի թիվ BՎԳԾՊ15/05-01 վարկային գծի պայմանագրի և 24.02.2015 թվականի թիվ BՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի վարկային պարտավորությունները, ինչպես նաև 06.03.2014 թվականի թիվ AՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի մասով վարկային հիմնական պարտավորությունը «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից 07.12.2018 թվականի դրությամբ մարված լինելու փաստի ուժով վարկերի մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները հավասարվել են զրոյի: Այնինչ, սույն գործով օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտը հիմնավորելու պարտադիր պահանջին համապատասխան` հարկադիր կատարողը, վիճարկվող որոշումն ընդունելիս, պարտավոր էր հիմնավորել և որոշակի շարադրել որոշմամբ առաջադրվող պարտավորությունը` դրանում նշելով վճարման առաջադրվող պարտավորությունների հիմքերը, ճշգրտումն ու կատարված վերահաշվարկը` ներառելով ամբողջական և հստակ տեղեկություններ վարկերի այն մնացորդների և (կամ) տոկոսների վերաբերյալ, որոնց նկատմամբ պետական տուրքը ենթակա է եղել հաշվարկման:

Ավելին, գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ծառայությանը ներկայացված տարբեր գրություններով, այդ թվում` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ուղղված 15.04.2021 թվականի թիվ ԻԳ-790-2951 գրությամբ, Բանկը հայտնել է, որ 20.10.2017 թվականին «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության սնանկ ճանաչվելու և վերջինիս կողմից 07.12.2018 թվականին վարկային հիմնական պարտավորությունները մարելու փաստերի ուժով վարկերի մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները հավասարվել են զրոյի, և դրանց նկատմամբ հաշվարկը դադարել է, ուստի խնդրել է պարզաբանել, թե ինչպես են հաշվարկել տոկոսներ գոյություն չունեցող պարտավորության նկատմամբ:

Նման պայմաններում, սակայն, Ծառայությունը վիճարկվող որոշումը կայացնելիս որևէ անդրադարձ չի կատարել Բանկի կողմից ներկայացված վերոգրյալ հանգամանքներին, որոշման մեջ որևէ եղանակով չի բացահայտել, թե 20.10.2017 թվականին «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության սնանկ ճանաչվելուց և վերջինիս կողմից 07.12.2018 թվականին վարկային հիմնական պարտավորությունները մարելուց հետո վարկերի մնացորդների նկատմամբ տոկոսագումարների հաշվարկը դադարած լինելու պայմաններում ինչպես է իրականացվել գումարի վերահաշվարկը` Բանկին` որպես վարչական ակտի հասցեատիրոջ, զրկելով պատճառաբանված և հիմնավոր որոշում ստանալու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարման ենթակա պարտավորությունների նկատմամբ տոկոսագումարների հաշվարկը դադարեցված լինելու պայմաններում իրավաչափ չէ այդ տոկոսագումարների նկատմամբ պետական տուրքի հաշվարկի իրականացումը, իսկ վիճարկվող որոշմամբ բացահայտված չէ, թե նշված պայմաններում ինչպես է իրականացվել Բանկից բռնագանձման առաջադրված գումարի վերահաշվարկը:

Այսպիսով, վիճարկվող որոշումը չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության չափանիշներին, ինչպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի հայցը ենթակա էր բավարարման, ուստի Դատարանը, բավարարելով այն, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով այն փաստը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, այնինչ պետք է վճարեր 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Ծառայության կողմից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ավել վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարվել է 4.000 ՀՀ դրամ գումար, որը սահմանված է եղել հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, գտնում է, որ Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 4.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, նույնպես ենթակա է հատուցման Ծառայության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 07.12.2021 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3166

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2026
N ՎԴ/5779/05/21
Որոշում