Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ՄԱՆԻԼԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ՄԱՆԻԼԱՅՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱ ...

 

 

020.0749.080408

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ՄԱՆԻԼԱՅՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 ապրիլի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննարկվող համաձայնագիրը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրականացնել ԱԶԲ-ի գործառնությունները:

ԱԶԲ-ն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և, մասնավորապես, իրավասու է.

ա) կնքել պայմանագրեր,

բ) ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք,

գ) սկսել դատական վարույթներ:

Համաձայն Կանոնադրության 37 հոդվածի 2-րդ կետի` ԱԶԲ-ն կարող է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել Մշտական առաքելություն` Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի գործունեության արդյունավետ իրականացմանն օժանդակելու նպատակով:

Մշտական առաքելությունը կգլխավորի Մշտական ներկայացուցիչը, իսկ աշխատակազմում կընդգրկվեն այլ աշխատակիցներ, որոնք կարող են նշանակվել ԱԶԲ-ի կողմից:

Համաձայն սույն համաձայնագրի 2-րդ բաժնի դրույթների` ԱԶԲ-ն կարող է գնելու միջոցով կամ այլ կերպ ձեռք բերել հող և այլ անշարժ գույք, որոնք կարող են պահանջվել Մշտական առաքելության նստավայրի նպատակների, ինչպես նաև Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի ու նրանց ընտանիքների բնակության համար:

Համաձայն Կանոնադրության 50 հոդվածի դրույթների` ԱԶԲ-ն և նրա ողջ սեփականությունն անձեռնմխելի են դատական ցանկացած հետապնդումից: Անձեռնմխելի են նաև ԱԶԲ-ի արխիվները` անկախ գտնվելու վայրից:

Մշտական առաքելության նստավայրում պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենքները, և Հայաստանի Հանրապետության դատարանները պետք է իրավազորություն ունենան Մշտական առաքելության նստավայրում կատարված գործողությունների նկատմամբ:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը կրում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

1. ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության խնդրանքով Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է տրամադրեն ոստիկանության բավարար թվով աշխատակիցներ` Մշտական առաքելության նստավայրում օրենքի և կարգ ու կանոնի պահպանման և օրինախախտներին այնտեղից հեռացնելու համար:

2. Կառավարությունը պետք է ԱԶԲ-ին աջակցի ապահովել ծառայություններ, որոնք պահանջվում են Մշտական առաքելության նստավայրը պահպանելու համար այնպիսի պայմաններում, որոնք հարմար են Մշտական առաքելության գործառույթների արդյունավետ իրականացման համար:

3. Կառավարությունը խնդրանքի դեպքում պետք է աջակցի ԱԶԲ-ին` Մշտական առաքելության պաշտոնյաներին և Մշտական առաքելության աշխատակազմին և նրանց ընտանիքներին հարմար բնակարաններով ապահովելու համար:

4. ԱԶԲ-ի հրավիրած հանդիպումների ժամանակ կառավարությունը պարտավոր է ապահովել, որ ոչ մի խոչընդոտ չհարուցվի քննարկումների և որոշումների կայացման լիարժեք ազատության հարցում:

5. Կառավարությունը պետք է իր դեսպանություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսություններին և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող ցանկացած այլ գրասենյակի ընդհանուր հրահանգներ տա` հարկ եղած դեպքում մուտքի թույլտվություններ տրամադրել սույն համաձայնագրի 27-րդ բաժնում նշված անձանց առանց հապաղման կամ որևէ վարձի վճարման` չպահանջելով նրանց ներկայությունը` որպես կանոն:

6. Մշտական առաքելության պաշտոնյաները և աշխատակազմը, նրանց ընտանիքները և տնային աշխատակազմի անդամները պետք է ազատված լինեն Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության պարտավորություններից: Այդ ազատումը չպետք է տարածվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

7. Այն բոլոր դեպքերում, երբ սույն համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար սահմանում է այլ պարտավորություններ, քան կառավարությունը, կառավարությունը պետք է ապահովի այդ պարտավորությունների կատարումը:

Կառավարությունը և ԱԶԲ-ն կարող են մտնել այնպիսի լրացուցիչ պայմանագրային հարաբերությունների մեջ, եթե դրանք կարող են անհրաժեշտ լինել սույն համաձայնագրի շրջանակներում:

Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 ապրիլի 2008 թվականի

ՍԴՈ-749

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.04.2008
N ՍԴՈ-749
Որոշում