Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅՑԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԿԴ/1279/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1279/02/19         2025 թ.

    Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

  Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Կ. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Ա. Մկրտչյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2021 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Անահիտ և Հովհաննես Ասատրյանների (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 13.853,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 5.202,83 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես վարկի մնացորդ, 4.615,93 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես վճարման ենթակա տոկոսագումար (որից` 1.370,57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 3.245,37 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի տոկոսագումար), 4.016,76 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես տույժեր և տուգանքներ, ինչպես նաև 5.202,83 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրել ու բռնագանձել տոկոսներ` սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տարեկան 30% տոկոս դրույքով, 1.370,57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կազմող ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տույժեր` սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` պայմանագրի 6.1-ին կետով նախատեսված 0.3 տոկոսի չափով` յուրաքանչյուր ուշացված օրվա համար մինչև պարտավորությունների փաստացի մարումը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2021 թվականի որոշմամբ Անահիտ Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 13.01.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Դատավոր Հ. Ենոքյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վահան Զախարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պարտավորությունների համար սահմանվել է որոշակի ժամկետ, այն է` 11.10.2018 թվականը, և հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ (հայցային վաղեմության ժամկետի ավարտն է 11.10.2021 թվականը): Բանկը 11.10.2018 թվականից սկսած մինչև հայցային վաղեմության եռամյա ժամկետի ավարտը` 11.10.2021 թվականը, իրավունք ուներ իր խախտված իրավունքների վերականգնման պահանջով դիմելու դատարան, ինչը Բանկն իրականացրել է և հայցային վաղեմության եռամյա ժամկետի ընթացքում հայցադիմում է ներկայացրել դատարան:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է Բանկի` Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև Բանկի սեփականության իրավունքը, քանի որ Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը, տույժերը և տուգանքներն օրինական ճանապարհով չեն վերադարձվել Բանկին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.01.2021 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Անահիտ Ասատրյանի (այսուհետ` նաև Վարկառու կամ Պարտապան) միջև 11.10.2013 թվականին կնքվել է թիվ ՎՊ 13/1621-10 վարկային պայմանագիր (այսուհետ` Հիմնական պայմանագիր), որի 2.1-ին կետի համաձայն` նույն պայմանագրի ուժով Բանկը պարտավորվում է Վարկառուին (...) տրամադրել 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` նույն պայմանագրով նախատեսված պայմաններով, իսկ Վարկառուն պարտավորվում է վերադարձնել վարկը և տարեկան 16 տոկոս վճարել դրանից:

Հիմնական պայմանագրի 3.1-ին կետի համաձայն` վարկը Վարկառուի կողմից պետք է մարվի (վերադարձվի) համաձայն մարման ժամանակացույցի, նույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում:

Հիմնական պայմանագրի 5.4.1-ին կետի համաձայն` վարկառուն պարտավոր է մարման ժամանակացույցին համապատասխան մարել (վճարել) վարկն ու հաշվարկված (կուտակված) տոկոսագումարները, ինչպես նաև Բանկի սակագներով նախատեսված պարտադիր վճարները:

Հիմնական պայմանագրի 6.1-ին կետի համաձայն` եթե տոկոսագումարները մարման ժամանակացույցում նշված ժամկետներին չի վճարվում, Վարկառուն Բանկին վճարում է տույժ` չվճարված տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով, յուրաքանչյուր ուշացված օրվա համար:

Հիմնական պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` եթե վարկը մարման ժամանակացույցում նշված ժամկետներին չի մարվում (վերադարձվում), ապա նույն պայմանագրի 2.1 կետում նշված տոկոսը դադարում է, իսկ ժամկետում չվերադարձված վարկին վճարվում են տոկոսներ` տարեկան 30 տոկոս դրույքով: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից և գանձվում են մինչև վարկը Բանկին վերադարձնելու օրը (հատոր 1-ին, գ.թ. 13-18).

2) Բանկի (այսուհետ` նաև Պարտատեր), Հովհաննես Ասատրյանի (այսուհետ` նաև Երաշխավոր) և Պարտապանի միջև 11.10.2013 թվականին կնքվել է թիվ ԵՊ 13/498-10 երաշխավորության պայմանագիր (այսուհետ` Երաշխավորության պայմանագիր), որի 2.1-ին կետի համաձայն` Երաշխավորը պարտավորվում է պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև Հիմնական պայմանագրով Պարտապանի կողմից իր պարտավորությունները լրիվ կամ մասնակի կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 19-21).

3) Հիմնական պայմանագրում և Երաշխավորության պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կողմերի միջև 16.06.2014 թվականին կնքված թիվ ՎՊ 13/1621-10/1 ու ԵՊ 13/498-10/1 համաձայնագրերի համաձայն` Բանկը պարտավորվել է Անահիտ Ասատրյանին տրամադրել 2.500 ԱՄՆ դոլար վարկ, որի հետ կապված կողմերի համաձայնությամբ «5000 ԱՄՆ դոլար» բառերը փոխարինվել են «7500 ԱՄՆ դոլար» բառերով, «տարեկան 16 տոկոս» բառերը փոխարինվել են «տարեկան 15 տոկոս» բառերով և պայմանագրի 3.1 կետում «36 ամսվա ընթացքում» բառերը փոխարինվել են «60 ամսվա ընթացքում» բառերով (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).

4) Հայցադիմումին կից ներկայացված 16.06.2014 թվականի` վարկի (վարկային գծի, կրեդիտի) և տոկոսագումարների մարման ժամանակացույցի համաձայն` Վարկառուն պարտավորվել է Պայմանագրով ստանձնած` վարկի ու տոկոսագումարների մարումները կատարել յուրաքանչյուր ամիս (հատոր 1-ին, գ.թ. 25).

5) Բանկի կողմից 10.06.2019 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Անահիտ Ասատրյանի պարտքը Բանկի նկատմամբ կազմում է համապատասխանաբար 5.246 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 8.589 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10, 11).

6) Բանկը 26.06.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Համապատասխանողների` պահանջելով համապարտության կարգով բռնագանձել 13.853,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և տոկոսներ:

7) Անահիտ Ասատրյանը 25.12.2019 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Դատարան այն հիմնավորումներով, որ իր կողմից պայմանագրային պարտավորությունները կատարվել են մինչև 11.08.2015 թվականը, այսինքն` մարումները կատարվել են մինչև այդ ժամանակահատվածը, ինչը նշանակում է, որ հայցվորը խախտման փաստն արձանագրել է 11.08.2015 թվականից, այսինքն` հայցվոր կողմն իր իրավունքի խախտման մասին իմացել է նշված օրվանից, ինչից հետևում է, որ իր իրավունքի խախտված հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը լրացել է դեռևս 11.08.2018 թվականին, այնինչ Բանկն իր խախտված իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել 01.07.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 42, 43):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ տարաժամկետ վճարմամբ պարտավորության նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու հարցին:

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Մինչև 30.05.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ` դրանց համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը (տե՛ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ու պարտականությունների ծավալը (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել` կապված հայցային վաղեմության ժամկետները կասեցվելու և դրա ընթացքն ընդհատվելու հետ: Վերջինիս առումով օրենսդիրը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես երկու դեպքում` երբ սահմանված կարգով հայց է հարուցվում կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ են կատարվում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից, և մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ընթացքի ընդհատման էությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետն սկսում է հոսել վերստին: Ընդ որում, օրենսդրի կողմից նախատեսված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմքերից է պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը: Այլ կերպ ասած` ինչպիսի ձևով էլ պարտապանն ընդունի իր պարտքը, պարտքի ընդունման օրվանից տեղի է ունենում հայցային վաղեմության ընդհատում, և հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից: Միևնույն ժամանակ, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետում (տե՛ս «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ն ընդդեմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ3/0787/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հիմք ընդունելով ժամկետների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները` պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու բոլոր դեպքերում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվելիս այն պետք է նորից սկսվի այդ ժամկետի ընդհատման հաջորդ օրվանից (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

 

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պատշաճ կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ (կետանցով) կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային հարաբերությունները, իրավունքների և պարտականությունների ծագման պահը, որպեսզի կարողանա եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ Շավարշ Գևորգյանի թիվ ԵԴ/21264/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությունից բխում է, որ եթե պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված պայմանագրով սահմանվել է փոխառության գումարը տարաժամկետ, այն է` մաս-մաս վերադարձնելու պարբերականորեն կատարման ենթակա պարտավորություն, որից յուրաքանչյուրի համար սահմանվել են կատարման առանձին ժամկետներ, ապա փոխառուի կողմից փոխառության գումարի հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին: Ըստ այդմ` փոխառուի կողմից փոխառության մայր գումարի և տոկոսագումարի հերթական մասը չվճարելու կամ ժամկետի խախտմամբ վճարելու փաստն արդեն իսկ համարվում է պարտավոր անձի կողմից ստանձնած պարտավորության խախտում:

Նշված նորմով սահմանված կարգավորումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև մարման ժամանակացույցով նախատեսված ամսական վճարումները մեկ գործարքով ստանձնած ամբողջ պարտավորության կատարմանն ուղղված գործողություններ են, այնուամենայնիվ` երբ պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված պայմանագրի հիման վրա առաջանում են երկարատև, շարունակական իրավահարաբերություններ ու ըստ այդմ` պարբերականորեն կատարման ենթակա պարտավորություններ, սակայն այդ պարտավորություններից յուրաքանչյուրի համար պայմանագրով սահմանված է կատարման առանձին, հստակ ժամկետ, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը պետք է հաշվել յուրաքանչյուր պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո: Այս եզրահանգումը բխում է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման ընդհանուր կարգից, քանի որ ժամկետով որոշված յուրաքանչյուր պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո պարտատերը հնարավորություն է ստանում իմանալու` այդ պարտավորությունը խախտվել է, թե ոչ, և ըստ այդմ` պահանջելու ինչպես ամբողջ, այնպես էլ առանձին պարտավորության կատարում, ուստի մեկ գործարքով սահմանված, սակայն առանձին կատարման ժամկետներով որոշված յուրաքանչյուր պարտավորության կետանցի դեպքում կատարման ժամկետը լրանալուց հետո սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Անահիտ Ասատրյանի միջև 11.10.2013 թվականին կնքվել է Հիմնական պայմանագիր, որի 2.1-ին կետի համաձայն` նույն պայմանագրի ուժով Բանկը պարտավորվել է Վարկառուին (...) տրամադրել 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` նույն պայմանագրով նախատեսված պայմաններով, իսկ Վարկառուն պարտավորվել է վերադարձնել վարկը և տարեկան 16 տոկոս վճարել դրանից: Հիմնական պայմանագրի 3.1-ին կետի համաձայն` վարկը Վարկառուի կողմից պետք է մարվի (վերադարձվի) համաձայն մարման ժամանակացույցի, նույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում:

Բանկի, Հովհաննես Ասատրյանի և Անահիտ Ասատրյանի միջև 11.10.2013 թվականին կնքվել է Երաշխավորության պայմանագիր, որի 2.1-ին կետով Երաշխավորը պարտավորվել է պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև Հիմնական պայմանագրով Պարտապանի կողմից իր պարտավորությունները լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Հիմնական պայմանագրում և Երաշխավորության պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կողմերի միջև 16.10.2014 թվականին կնքված թիվ ՎՊ 13/1621-10/1 և ԵՊ 13/498-10/1 համաձայնագրերով Բանկը պարտավորվել է Անահիտ Ասատրյանին տրամադրել 2.500 ԱՄՆ դոլար վարկ, որի հետ կապված կողմերի համաձայնությամբ «5000 ԱՄՆ դոլար» բառերը փոխարինվել են «7500 ԱՄՆ դոլար» բառերով, «տարեկան 16 տոկոս» բառերը փոխարինվել են «տարեկան 15 տոկոս» բառերով ու պայմանագրի 3.1 կետում «36 ամսվա ընթացքում» բառերը փոխարինվել են «60 ամսվա ընթացքում» բառերով:

Հայցադիմումին կից ներկայացվել է 16.06.2014 թվականի` վարկի (վարկային գծի, կրեդիտի) և տոկոսագումարների մարման ժամանակացույց, ըստ որի` Վարկառուն պարտավորվել է Պայմանագրով ստանձնած` վարկի ու տոկոսագումարների մարումները կատարել յուրաքանչյուր ամիս:

Բանկի կողմից 10.06.2019 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Անահիտ Ասատրյանի պարտքը Բանկի նկատմամբ կազմում է համապատասխանաբար 5.246 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 8.589 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Բանկը 26.06.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Համապատասխանողների` պահանջելով համապարտության կարգով բռնագանձել 13.853,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և տոկոսներ:

Անահիտ Ասատրյանը 25.12.2019 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Դատարան հետևյալ հիմնավորումներով. «(...) իմ կողմից պայմանագրային պարտավորությունները կատարվել են մինչև 2015 թվականի օգոստոսի 11-ը, այսինքն` մարումները կատարվել են մինչև այդ ժամանակահատվածը, որից հետո պատշաճ չեն կատարվել այդ պարտավորությունները, ինչը նշանակում է, որ հայցվոր կողմն արձանագրել է, որ խախտման փաստն առկա է եղել 2015 թվականի օգոստոսի 11-ից հետո, այսինքն` հայցվոր կողմն իր իրավունքի խախտման մասին իմացել է նշված օրվանից, ինչից հետևում է, որ իր իրավունքը խախտված հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը լրացել է դեռևս 2018 թվականի օգոստոսի 11-ին, այնինչ իր խախտված իրավունքի պաշտպանության վերաբերյալ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի հուլիսի 1-ին (...)»:

Դատարանը, 13.01.2021 թվականի վճռով հայցը բավարարելով և անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Արմինե Ասատրյանի դիմումին, արձանագրել է, որ «(...) հայցային վաղեմության եռամյա ժամկետը ենթակա է հաշվարկման հայցադիմումը դատարան ներկայացնելուն նախորդող երեք տարիների համար պահանջվող գումարի չափով, սակայն տվյալ դեպքում Բանկը պահանջ է ներկայացրել եռամյա ժամկետի պահպանմամբ, քանի որ վարկը տրամադրվել է 11.10.2013 թվականին 36 ամիս ժամկետով և 16.06.2014 թվականին կնքված ՎՊ 13/1621-10/1 համաձայնագրով երկարաձգվել է 60 ամիս ժամանակով: Այսինքն պարտավորության կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 11.10.2018 թվականը:

Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ Բանկի կողմից ներկայացված հայցադիմումը համապատասխանում է հայցային վաղեմության դատավարական ժամկետներին ներկայացվող պահանջներին, հետևաբար Պատասխանողի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է մերժման: (...)»:

Վերաքննիչ դատարանը 30.09.2021 թվականի որոշմամբ Անահիտ Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 13.01.2021 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ «(...) Դատարանը, հաստատված համարելով պատասխանող Անահիտ Կարլենի Ասատրյանի կողմից բանկի նկատմամբ իր պարտավորությունների պատշաճ չկատարման և դրա արդյունքում պատասխանողի մոտ` առ 10.06.2019 թվականն 13.835,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի դրամական պարտավորություն առաջանալու փաստերը, որևէ կերպ հետամուտ չի եղել պարզելու Վարկառուի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորության խախտում թույլ տալու պահը, այսինքն սույն գործով չի պարզվել, թե վերջին անգամ երբ է Վարկառուի կողմից կատարվել վարկի և տոկոսագումարի հերթական մասը վճարելու պարտականությունը: Իսկ Բողոք բերած անձն իր հերթին, առանց որևէ ապացույցների հղումներ կատարելու, պնդել է վարկի գումարի հերթական մասի վճարումը 2015 թվականի օգոստոսի 11-ին կատարելու և հետևաբար` հայցային վաղեմության հոսքը տվյալ պահից ընթանալու փաստերը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիշյալ փաստի պարզումը էական նշանակություն ունի սույն գործի լուծման տեսանկյունից, քանի որ Դատարանը հայցային վաղեմության կիրառության հարցը լուծելիս` իրավունքի խախտման և խախտման մասին շահագրգիռ անձի կողմից հավաստի կերպով իմանալու պահը պարզելիս, պարտավոր է գնահատել վարկի գումարի և տոկոսագումարի մարմանն ուղղված վերջին վճարումը կատարելու, արդյունքում` սահմանված ժամկետում վարկի հերթական գումարը և տոկոսագումարն ստանալու Բանկի իրավունքի խախտման պահը:

Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս մասով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն: Քանզի, գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով, վարկի գումարի և տոկոսագումարի հերթական մասն ստանալու Բանկի իրավունքի խախտման փաստի բացահայտման ու գնահատման դեպքում է հնարավոր պարզել հայցային վաղեմության կիրառման, ըստ այդմ` հայցի մերժման կամ բավարարման հանգամանքը: Արդյունքում, մասնակի բավարարելով վերաքննիչ բողոքը /նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի պահանջը հանգում է վճիռը բեկանելուն և հայցը մերժելուն/` պետք է բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության` վերոգրյալում նշված ծավալով (...)»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև կնքված Հիմնական պայմանագրով Անահիտ Ասատրյանին տրամադրվել է 5.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 16% տոկոսադրույքով, որի մարումը պետք է կատարվեր համաձայն մարման ժամանակացույցի, նույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 36 (երեսունվեց) ամիս ժամկետով: Հիմնական պայմանագրի 5.4.1-ին կետի համաձայն` վարկառուն պարտավոր է մարման ժամանակացույցին համապատասխան մարել (վճարել) վարկն ու հաշվարկված (կուտակված) տոկոսագումարները, ինչպես նաև Բանկի սակագներով նախատեսված պարտադիր վճարները: Հիմնական պայմանագրի 6.1-ին կետի համաձայն` եթե տոկոսագումարները մարման ժամանակացույցում նշված ժամկետներին չի վճարվում, Վարկառուն բանկին վճարում է տույժ` չվճարված տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով, յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` եթե վարկը մարման ժամանակացույցում նշված ժամկետներին չի վերադարձվում, ապա նույն պայմանագրի 2.1 կետում նշված տոկոսը դադարում է, իսկ ժամկետում չվերադարձված վարկին վճարվում են տոկոսներ` տարեկան 30 տոկոս դրույքով: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից և գանձվում են մինչև վարկը բանկին վերադարձնելու օրը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկներին այն մասին, որ սույն գործով պարտավորությունների համար սահմանվել է որոշակի ժամկետ, այն է` 11.10.2018 թվականը, և հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ` 11.10.2021 թվականից, գտնում է, որ դրանք անհիմն են` նկատի ունենալով, որ վարկառուի կողմից վարկի գումարի ու տոկոսագումարի հերթական մասը վերադարձնելու համար մարման ժամանակացույցով որոշված ժամկետը խախտելու` վարկի և տոկոսագումարի հերթական գումարը չվճարելու պահից սկսած` Բանկն արդեն իսկ տեղեկացված է եղել իր իրավունքի խախտման մասին: Չնայած մարման ժամանակացույցով նախատեսված ամսական վճարումները համարվում են 11.10.2013 թվականի թիվ ՎՊ 13/1621-10 վարկային պայմանագրով ստանձնած ամբողջ պարտավորության կատարմանն ուղղված գործողություններ, սակայն կողմերի կամահայտնության արդյունքում յուրաքանչյուր ամիս վճարումներ կատարելու վարկառուի պարտականությունը նույն պայմանագրով ամրագրված լինելու պայմաններում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկառուի կողմից վարկի և տոկոսագումարի հերթական մասը չվճարելու փաստն արդեն իսկ համարվում է պարտավոր անձի կողմից ստանձնած պարտավորության խախտումը վկայող գործողություն, որի մասին Բանկն իմացել է կամ պարտավոր էր իմանալ:

Նման պայմաններում Անահիտ Ասատրյանի կողմից պարտավորության մարման կետանց թույլ տալու ժամկետի պարզումը սույն գործով հայցային վաղեմության կիրառելիության տեսանկյունից ունի էական նշանակություն, քանի որ միայն այդպիսի փաստի պարզմամբ է հնարավոր սույն գործով հաստատված համարել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը: Դատարանը Անահիտ Ասատրյանի` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժելու մասին դիմումը մերժել է` արձանագրելով, որ պարտավորության կատարման ժամկետը Պայմանագրով սահմանված է եղել մինչև 11.10.2018 թվականը, մինչդեռ վերը շարադրված պատճառաբանությունը թույլ է տալիս արձանագրել, որ Բանկն իր ենթադրյալ իրավունքների պաշտպանության հայցով Դատարան կարող էր դիմել կողմերի միջև սահմանված ժամանակացույցով պատասխանողի կողմից կատարված վերջին վճարումից հետո` երեք տարվա ընթացքում:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն կիրառելու իրավաչափությանն անդրադառնալիս իրավացիորեն եզրահանգել է, որ Վարկառուի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորության խախտում թույլ տալու պահի պարզումն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, որպիսի հանգամանքը Դատարանի կողմից քննության առարկա չի հանդիսացել, քանի որ Դատարանն ի սկզբանե սխալ է որոշել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը և դրա վերաբերյալ համապատասխան ապացուցման պարտականությունը կողմերի միջև չի բաշխվել:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման պատճառաբանությունները հաշվի առնելով` Վերաքննիչ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի մերժման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտի հիման վրա գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտչյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=16325548649307077

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԿԴ/1279/02/19
Որոշում