Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/9591/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9591/02/21         2025 թ.

    Նախագահող դատավոր` Գ. Խաչատրյան

  Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                                    Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Ա. Մկրտչյան

զեկուցող  է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2024 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կիմ Եգանյանի` պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է լուծել իր և Կիմ Եգանյանի միջև 16.07.2019 թվականին կնքված` «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի 65 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նաև` Պայմանագիր):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2024 թվականի որոշմամբ Կիմ Եգանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.04.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վարդան Ջիլավյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետը, 449-րդ հոդվածի 1-ին կետը, 451-րդ հոդվածը, 466-րդ հոդվածի 2-րդ կետն ու 928.2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերը, 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 2-րդ մասն ու 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ պայմանագրի լուծման համար բավարար է պայմանագրով նախատեսված հիմքի առկայությունը, միաժամանակ անտեսել է Դատարանի հիմնավորումները, չի գնահատել գործում առկա ապացույցները և սխալ հետևություն է կատարել առ այն, որ վաճառողը պայմանագրով չի ստանձնել բանկային հատուկ հաշվի բացման պարտավորություն: Ավելին, վերլուծելով էսքրոու հաշվի պայմանագրի մասին իրավական կարգավորումները` Վերաքննիչ դատարանը կատարել է իրարամերժ եզրահանգումներ` նախ նշելով, որ վաճառողը հաշվի բացման հետ կապված որևէ պարտավորություն չի ստանձնել, ապա արձանագրելով, որ այդ պարտավորությունը եղել է երկու կողմերինը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, վերլուծելով կողմերի վարքագիծը, եկել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ վաճառողը դրսևորել է անբարեխիղճ վարքագիծ իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այդ թվում` էսքրոու հաշիվ բացելու նախաձեռնություն չցուցաբերելու տեսանկյունից: Մասնավորապես` վաճառողը հաշիվ բացելու նախաձեռնություն չի ցուցաբերել, բանկի հետ չի կնքել էսքրոու հաշվի պայմանագիր, կամ եթե նման պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է եղել նաև իր ներկայությունը, իրեն չի տեղեկացրել բանկ այցելելու անհրաժեշտության մասին: Հետևաբար` վաճառողը չի կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, որպիսիք կատարելուց հետո միայն էսքրոու հաշիվ բացելու և կանխավճար վճարելու պահանջ ներկայացնելու իրավունք կստանար:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել Վաճառողի վարքագիծը` անտեսելով, որ վերջինս դրսևորել է անբարեխիղճ վարքագիծ իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այդ թվում` էսքրոու հաշիվ բացելու նախաձեռնություն չցուցաբերելու տեսակետից: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե Վաճառողը ցանկացել է կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կամ եթե դրանք կատարել է, նա պետք է էսքրոու հաշվի կնքման օֆերտա ուղարկեր բանկին և Գնորդին, ու նրանց կողմից այն ակցեպտավորվելու դեպքում էսքրոու հաշվի պայմանագիրը կհամարվեր կնքված` առաջացնելով Պայմանագրով նախատեսված գումարներն այդ հաշվին մուտքագրելու Գնորդի պարտականությունը: Սակայն Վաճառողը որևէ առաջարկ չի արել, այդ թվում` ի պատասխան իր կողմից ներկայացված վճարման պահանջագրի` Գնորդի կողմից այդ մասին հիշատակելուց հետո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր վրա չի կարող դրվել իր կողմից ժխտվող փաստի, տվյալ դեպքում` պատասխանողի կողմից Պայմանագրի 3.2.1-ին և 4.5-րդ կետերով ստանձնած պարտավորությունները կատարված չլինելն ապացուցելու պարտականությունը: Պատասխանողն իր հերթին պնդել է, որ կատարել է պայմանագրային պարտավորությունները, ուստի պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը: Նման պայմաններում թեև վաճառողն էր կրում իր պարտավորությունների բովանդակությունը կազմող գործողությունները, այդ թվում` էսքրոու հաշիվ բացելուն ուղղված ակտիվ վարքագիծ դրսևորելու (օֆերտա ներկայացնելու) և Պայմանագրի 3.2.1-ին ու 4.5-րդ կետերով ստանձնած պարտավորությունները կատարված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը, այդուհանդերձ նրա կողմից որևէ ապացույց ո՛չ իրեն, ո՛չ բանկին, ո՛չ էլ Դատարանին չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը վճռով չի անդրադարձել հայցի բոլոր հիմքերին (պայմանագիրը լուծելու «այլ» հիմքերին) և, սահմանափակված լինելով բողոքի հիմքերով, իր հերթին, դրանց իրավաչափորեն չի անդրադարձել, սակայն կայացրել է վճիռը բեկանելու ու փոփոխելու` հայցը մերժելու մասին որոշում` անտեսելով վճիռը բեկանելու և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կիմ Եգանյանի (այսուհետ նաև` Վաճառող) և Ընկերության (այսուհետ նաև` Գնորդ) միջև 16.07.2019 թվականին կնքված` Բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` «(...) Վաճառողը վաճառում է Ընկերությունում [»Ձյունիկ սառնարան» ՍՊԸ] իրենց պատկանող Բաժնեմասը, իսկ Գնորդը գնում է այդ Բաժնեմասը: Մասնավորապես, Վաճառողը վաճառում է իրեն պատկանող 65 տոկոս բաժնեմասը 330,117,249.15 ՀՀԴ անվանական արժեքով»:

Պայմանագրի 3.1-ին կետի համաձայն` «Գնորդը որպես Բաժնեմասի դիմաց լրիվ և ամբողջական փոխհատուցում Վաճառողին է վճարում 774,605,000 ՀՀԴ գումար»:

Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` «Բաժնեմասի գինը ենթակա է վճարման հետևյալ կարգով`

3.2.1. Բաժնեմասի գնից ընդամենը 1,626,738.60 ՀՀ դրամն և 22,326.49 ԱՄՆ դոլարին ու 7,416.86 եվրոյին վճարման օրվա դրությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում վաճառքի փոխարժեքով ՀՀ դրամով գումարը Գնորդի կողմից մինչև 02.08.2019թ. որպես կանխավճար վճարվում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում էսքրոու բանկային հաշվին, որի հասցեատեր կհանդիսանա Վաճառողը: Այս նպատակով Կողմերը պարտավորվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել էսքրոու հաշվի պայմանագիր և բացել էսքրոու հաշիվ, որին Գնորդը փոխանցելու է սույն կետով սահմանված վճարումները: Ընդ որում, էսքրոու հաշվի պայմանագրով պետք է սահմանվի, որ բանկը էսքրոու հաշվին մուտքագրված էսքրոու միջոցները կփոխանցի Վաճառողին (հակառակ դեպքում դրանք էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված ժամկետում հետ փոխանցելով Գնորդին) հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`

- «Տորնադո» ՍՊԸ-ի և «Մեդիսար» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքներ (համապատասխան ընկերությունների տնօրենի ստորագրությամբ ու կնիքով) առ այն, որ համապատասխան ընկերությունները չունեն որևէ պահանջներ «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հանդեպ,

- վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարը ««ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1,626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ու 7,416.86 եվրո ժամկետանց պարտավորությանը` տոկոսների և տույժերի գծով, մարելու համար:

3.2.2. Բաժնեմասի գնի մնացած մասը Գնորդի կողմից վճարվում է 10 (տաս) բանկային օրվա ընթացքում այն բանից հետո, երբ բավարարված են բոլոր հետևյալ պայմանները`

a. ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված է ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով,

b. Սույն Պայմանագրի 3.2.1 կետում նշված գումարի հաշվին մարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1,626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ու 7,416.86 եվրո ժամկետանց պարտավորությանը` տոկոսների և տույժերի գծով:

c. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համաձայնվել է փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այնպես, որ առկա ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) և հետագա բոլոր մարումների ժամկետները սահմանված են ոչ շուտ, քան ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (տաս) աշխատանքային օր հետո:

d. Նախորդ պարբերությունում նշված ողջ ժամանակահատվածում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն չի պահանջել Վարկային պայմանագրերից որևէ մեկով վարկի վաղաժամկետ մարում և Գրավի պայմանագրերի շրջանակներում չի մեկնարկել Անշարժ Գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց

e. Սույն Պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում հաստատվել են Պայմանագրի 2.1 կետով նախատեսված հավաստիացումները: Ընդ որում, եթե ստուգման շրջանակներում հայտնաբերվեն Պայմանագրի 2.1.11 կետով նախատեսված ծավալը գերազանցող պարտավորություններ, ապա Գնորդը չի կարող հրաժարվել Բաժնեմասի գնի վճարումից, պայմանով, որ համապատասխան պարտավորությունների չափը չի գերազանցում Բաժնեմասի գինը, սակայն իրավունք կունենա պահանջել հատուցում այդ պարտավորությունների չափով, և այդպիսի հատուցման գումարը հաշվանցել Բաժնեմասի գնի հետ:

f. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրավոր համաձայնվել է Գնորդի կողմից սույն Պայմանագրով սահմանված կարգով Բաժնեմասի գնի վճարման պայմանով դադարեցնել Անշարժ Գույքի նկատմամբ Գրավի պայմանագրերով սահմանված գրավը (այդ թվում` գրավի դադարեցումից անմիջապես հետո գրավի իրավունք ձեռք բերելով Անշարժ Գույքի նկատմամբ որպես Գնորդին` Բաժնեմասի ձեռքբերման համար տրամադրվող վարկի ապահովում):

g. Առկա չէ 4.5 կետի համաձայն Բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց և սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը) հրաժարվելու այլ հիմք:

h. Առկա չէ Գնորդի «ՍԼԳ» ՍՊ ընկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջև 16-ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4.5 կետի համաձայն այդ մասնակցին բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց և նշված պայմանագրի կատարումից հրաժարվելու հիմք:

3.2.3. Սույն կետի համաձայն Բաժնեմասի գնի մնացած մասը վճարվում է Վաճառողին «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում էսքրոու հաշվեհամարից այն պայմանով, որ

- Վաճառողի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում նախապես մուտքագրվեն վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարը «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին որպես նպատակային փոխառություն փոխանցելու մասին` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով իրենց առկա պարտավորությունները մարելու համար (ընդ որում Վարկային պարտավորությունները ըստ այդմ մարվելու են վաճառքի գնի չափով` հաշվի առնելով սույն Պայմանագրի և/կամ սույն կետում նշված պայմանագրի համաձայն արդեն իսկ կատարված մարումները), և

- Վաճառողի կողմից Գնորդին և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին նախապես ներկայացվի իր և համապատասխանաբար «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հետ համապատասխան նպատակային փոխառության պայմանագրերի պատճենները, և

- «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում նախապես մուտքագրվեն վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարները ամբողջությամբ անմիջապես «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու համար` որպես Վարկային պայմանագրերով իրենց առկա պարտավորությունների մարում, և

- համանման պայմանագիր ու հանձնարարագրեր տրամադրվել են Գնորդի և «ՍԼԳ» ՍՊ ընկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջև 16-ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 3.2 կետի համաձայն»:

Պայմանագրի 3.5-րդ կետի համաձայն` «Կողմերը պարտավորվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել էսքրոու հաշվի պայմանագիր և բացել էսքրոու հաշիվ, որին Գնորդը փոխանցելու է սույն Պայմանագրի 3.2.2 սահմանված վճարումը` Պայմանագրի 3.2.2 և 3.2.3 կետերով սահմանված պայմանները բավարարված լինելու պայմանով: Ընդ որում, էսքրոու հաշվի պայմանագրով պետք է սահմանվի, որ բանկը էսքրոու հաշվին մուտքագրված էսքրոու միջոցները կփոխանցի Վաճառողին (հակառակ դեպքում դրանք էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված ժամկետում հետ փոխանցելով Գնորդին) հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`

3.5.1. Բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը հավաստվում է Ռեգիստրի կողմից տրված փաստաթղթով,

3.5.2. Սույն պայմանագրի 3.2.1 կետով և 3.2.2 կետի a ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում ՀՀ սնանկության դատարանի սնանկության գործի ավարտման մասին դատական ակտի առկայության դեպքում դրա վրա ուժի մեջ մտնելու մասին դատարանի մակագրությամբ և կնիքով,

3.5.3. Սույն պայմանագրի 3.2.2 կետի b և c ենթակետերով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի և փոփոխված Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը,

3.5.4. Սույն պայմանագրի 3.2.2 կետի d ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից տրված տեղեկանքի հիմա վրա,

3.5.5. Սույն պայմանագրի 3.2.2 կետի f ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա,

3.5.6. Սույն պայմանագրի 3.2.2 կետի e, g, հ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված են համարվում Գնորդի կողմից տրված համապատասխան տեղեկանքներով»:

Պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն` «Գնորդը իրավունք կունենա հրաժարվել սույն Պայմանագրի համաձայն Բաժնեմասի դիմաց 3.2.2 կետով նախատեսված վճարումը կատարելուց և սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը), եթե սույն Պայմանագրի կնքման օրվանից 3 (երեք) ամսվա ընթացքում`

4.5.1. Ամբողջությամբ վճարված չէ «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Տորնադո» ՍՊԸ-ի հանդեպ պարտքը և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Մեդիսար» ՍՊԸ-ի հանդեպ պարտքը:

4.5.2. Առանց վնասելու սույն 4.5 կետի վերջին պարբերության դրույթները` ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված չէ ՍնԴ/0232/04/19 կամ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը:

4.5.3. Պահպանված չեն սույն Պայմանագրի 4.2 կետի պահանջները:

4.5.4. Դեռևս կատարված չեն սույն Պայմանագրի 4.4 կետի պահանջները:

4.5.5. Սույն Պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում պարզվել է, որ Պայմանագրի 2.1 կետով նախատեսված հավաստիացումները հավաստի (ճիշտ) չեն, և առկա է ողջամիտ հնարավորություն, որ Բաժնեմասի նկատմամբ Վաճառողի իրավունքները կան Գնորդին դրանց փոխանցումը կամ Անշարժ Գույքի նկատմամբ Ընկերության իրավունքները կարող են ողջամտորեն հիմնավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչինչ ճանաչման, ռեստիտուցիայի կիրառման, կամ որևէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը) կամ ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք զգալիորեն կարող են նվազեցնել Անշարժ Գույքից օգտվելու կամ այն տնօրինելու կամ տիրապետելու Ընկերության հնարավորությունը:

4.5.6. Գնորդի և «ՍԼԳ» ՍՊ ընկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջև 16-ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում պարզվել է, որ այդ պայմանագրի 2.1 կետով նախատեսված հավաստիացումները հավաստի (ճիշտ) չեն, և առկա է ողջամիտ հնարավորություն, որ այդ մյուս բաժնեմասի նկատմամբ մյուս մասնակցի իրավունքները կան Գնորդին դրանց փոխանցումը կարող են ողջամտորեն հիմնավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչինչ ճանաչման, ռեստիտուցիայի կիրառման, կամ որևէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը):

4.5.7. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն չի համաձայնվել փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այնպես, որ առկա ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) և հետագա բոլոր մարումների ժամկետները սահմանված են ոչ շուտ, քան ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (տաս) աշխատանքային օր հետո:

4.5.8. Վարկային պայմանագրերով վարկառուներից որևէ մեկի կողմից թույլատրված խախտման, Վաճառողի կողմից սույն Պայմանագրով իր պարտավորությունների խախտման և/կամ Գրավի պայմանագրերով գրավի առարկայի վնասման կամ ոչնչացման հիմքով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին պահանջել է Վարկային պայմանագրերից որևէ մեկով վարկի վաղաժամկետ մարում և/կամ մեկնարկել է Անշարժ Գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց:

4.5.9. Գնորդին` բաժնեմասի անվանական արժեքով չի վաճառվել «ՁՅՈՒՆԻԿ ՏԵՐՄԻՆԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հարյուր տոկոսը:

Սույն 4.5 կետի առաջին նախադասությունում նշված եռամսյա ժամկետը ենթակա կլինի երկարացման այն դեպքում, եթե ուժի մեջ մտած դատական ակտով ՍնԴ/0232/04/19 կամ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը ավարտված չի լինի` Կողմերի կամքից անկախ պատճառներով: Նման դեպքում ժամկետը կերկարացվի այն ժամկետով, որը անհրաժեշտ է համապատասխան պատճառները վերացնելու համար, պայմանով, որ Վաճառողը այդ առնչությամբ գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը, և ամեն դեպքում պատշաճ կատարում է սույն Պայմանագրով իր պարտավորությունները:

Սույն 4.5 կետով սահմանված ժամկետի ավարտին (հաշվի առնելով դրա հնարավոր երկարացումները) Գնորդը պարտավոր է Վաճառողին տրամադրել տեղեկանք` սույն կետով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության մասով» (հատոր 1-ին, գ.թ. 7-15).

2) Վաճառողը 20.09.2019 թվականին Գնորդին ներկայացրել է հետևյալ բովանդակությամբ պահանջագիր.

«(...): Ներկայումս Պայմանագրի համաձայն` Ձեր կողմից ստանձնած պարտավորություն չի կատարվել 1,626,738.60 ՀՀ դրամի և 22,326.49 ԱՄՆ դոլարի ու 7,416.86 եվրոյի չափերով:

Այսպիսով, Ձեր ընդհանուր պարտավորությունը Կ. Եգանյանի հանդեպ կազմում է 1,626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար և 7,416.86 եվրո:

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Ձեզ սույն պահանջագիրը ստանալուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ մարել 16.07.2019թ. կնքված բաժնեմասի առքուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունը» (հատոր 1-ին, գ.թ. 19).

3) ի պատասխան Վաճառողի 20.09.2019 թվականի պահանջագրի` Ընկերության տնօրեն Քրիստինե Խաչատրյանը 05.10.2019 թվականին Վաճառողին հասցեագրել է հետևյալ բովանդակությամբ գրություն.

«(...): Պետք է հայտնենք, որ Ձեր գրությունը զարմանք և տարակուսանք է առաջացնում, քանի որ ընդհանրապես չի բխում Ձեր և «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի (...) ոգուց, չի համապատասխանում մինչև այս պահը Ձեր կողմից ցուցաբերած անգործությանը և նման անգործությամբ արտահայտված` գործարքը չեղյալ համարելու իրական կամքի դրսևորմանը, ինչպես նաև դուրս է ցանկացած գործնական և գործընկերային հարաբերությունների տրամաբանությունից:

Անհրաժեշտ ենք գտնում հղում կատարել և վերահաստատել որոշ փաստեր և հանգամանքներ, որոնք այս պահին հնարավորություն են տալիս համոզված պնդելու, որ Ձեր իրական մտադրությունը գործարքը ավարտելը չէ, այլ Ընկերությանը դեռ անհասկանալի պատճառներով դատական վեճ ստեղծելն է:

Այսպես, որպես փաստ նշենք, որ էսքրոու հաշվին գումար փոխանցելու նախապայմանը, որը որպես Ընկերության կողմից միակ չկատարված նախապայման նշել եք, ամբողջությամբ կտրված է Պայմանագրի իրական տրամաբանությունից և վստահաբար առանձնացված է Ձեր կարճ գրության մեջ` տպավորություն ստեղծելու, որ Գնորդը որևէ պարտավորություն չի կատարել: Այնինչ, նշված նամակը գրելուց առաջ պետք էր հաշվի առնել հետևյալ փաստերը և հանգամանքները, որոնք թույլ կտային ավելի արդար և իրավունքի տեսանկյունից ազնիվ նամակ ստանալ: Ձեր կողմից մինչ օրս որևէ առաջարկ չի ներկայացվել բացել էսքրոու հաշիվ և չեք դրսևորել կամք կամ ցանկություն, որպեսզի այդ հաշիվը բացվի: Ավելորդ չենք համարում վերահաստատել, որ էսքրոու հաշվի պայմանագիրը պետք է կնքվի Բանկի, Ձեր և Ընկերության միջև, դրա նախապայմանները պետք է համապատասխանեցվեն Պայմանագրի բնույթին և առանց Ձեզ և Բանկի Գնորդը չէր կարող բացել էսքրոու հաշիվ: Վերահաստատենք, որ մինչ օրս Դուք որևէ գրություն, առաջարկ չեք ներկայացրել էսքրոու հաշվի բացման համար, Ընկերությանը չի ներկայացվել էսքրոու հաշվի բացման նախագիծ, ինչը հիմք է տալիս Ընկերությանը ենթադրելու, որ այդ նախապայմանի ձախողումը հնարավոր է որոշակի պատճառով պլանավորված է Ձեր կողմից:

Ինչ վերաբերվում է Պայմանագիրը կնքելուց ավելի քան երկու ամիս հետո հանկարծակի ուղարկված ծանուցմանը (որն ի դեպ ուղարկվել է Պայմանագրի կողմ չհանդիսացող անձի կողմից), ապա ցանկացած իրավական գնահատման տեսանկյունից դրան պետք է նախորդեին էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու Ձեր առաջարկը, այդ առաջարկին Ընկերության բացասական պատասխանը, ինչը երբեք տեղի չի ունեցել:

Ի լրումն վերը նշված հանգամանքի, նշենք, որ Պայմանագրի վերջնական փակումը (գործարքի ավարտը), բացի էսքրոու հաշվին Գնորդի կողմից գումար դնելու միակ պարտավորության, մեծապես և բացառապես կախված է Ձեր կողմից Պայմանագրի բազմաթիվ նախապայմանների կատարումից, որոնցից որևէ մեկի կատարման վերաբերյալ մինչև օրս (Պայմանագիրը կնքելուց մոտ 75 օր հետո) որևէ ապացույց, որևէ գործողություն, որևէ գրություն, որևէ ծանուցում Դուք չեք ներկայացրել Գնորդին, ընդ որում, այդ նախապայմաններից էականների կատարումը որևէ կապ չուներ էսքրոու հաշվի բացման հետ, ինչը կրկին անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ էսքրոու հաշվի հետ կապված գրությունը բացառապես փորձ է Ընկերությանը որևէ բանում մեղադրելու և վեճ ստեղծելու, քանի որ Դուք կամք կամ հնարավորություն չեք ունեցել կատարել Պայմանագրի որևէ նախապայման:

Վերջապես, ի լրումն Ձեր կողմից չկատարված նախապայմանների, նշենք, որ որոշ նախապայմաններ անհնար է եղել կատարել Գնորդ Ընկերությունից անկախ պատճառներով: Մասնավորապես, տեղեկացնում եմ, որ մինչ օրս հնարավոր չի եղել ստանալ «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ փաստաթղթերը (նույնիսկ ընկերության կողմից համապատասխան լիազորագիր ստանալու ու ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալություն դիմելու պարագայում, քանի որ համապատասխան փաստաթղթերն առգրավված են քրեական գործի շրջանակներում), որոնք հնարավորություն կտային պարզել բաժնեմասի նկատմամբ օրենքի ուժով ծագած գրավի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև ստուգել Ձեր կողմից տրված այլ հավաստիացումները:

Վերը նշվածից ելնելով, առաջարկում ենք եռօրյա ժամկետում ներկայացնել հավաստի և վստահելի տեղեկություններ և կատարված գործողություններ ցանկ, որոնք կվստահեցնեն Ընկերությանը, որ Պայմանագրով սահմանված ժամկետում Դուք ամբողջությամբ կատարած կլինեք Պայմանագիրը փակելու բոլոր նախապայմանները» (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).

4) Վաճառողը 05.10.2019 թվականին Գնորդին ներկայացրել է հետևյալ բովանդակությամբ մեկ այլ պահանջագիր.

«(...): Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն իմ կողմից ամբողջությամբ իրականացվել է ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 վարույթներով ստանձնած բոլոր պարտավորությունները:

(...): Ներկայումս Պայմանագրի համաձայն Ձեր կողմից ստանձնած պարտավորություն չի կատարվել 744.605.000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, իմ կողմից իրականացվել է 2019 թվականին հուլիսի 16-ին կնքված պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչից ելնելով առաջարկում է սույն պահանջագիրը ստանալուց հետո տաս բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ մարել 16.07.2019թ. կնքված բաժնեմասի առքուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունը` մասնավորապես 744.605.000 ՀՀ դրամ գումարը, այլապես պայմանագրով սահմանված պարտավորությունը պատշաճ կատարելու համար կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործողություններ` բռնագանձելով պայմանագրով սահմանված գումարը»:

Նշված պահանջագրին չի կցվել Վաճառողի կողմից իր պարտավորությունները կատարելու փաստը հավաստող որևէ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 20, 21).

5) Գնորդը 10.10.2019 թվականին Վաճառողին հասցեագրել է գրություն, որով հայտնել է հետևյալը.

«(...): Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Ձեր կողմից ստորագրված գրությունը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաև մոլորեցնող տեղեկություններ: Հույս ենք հայտնում, որ նշված փաստերը պատահաբար են հայտնվել Ձեր գրության մեջ և իրական նպատակ չեք ունեցել չճշտված և մոլորեցնող տեղեկություններ ներկայացնել:

Դուք պնդում եք հետևյալը. «Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն իմ կողմից ամբողջությամբ իրականացվել է ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 վարույթներով ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Ձեր և «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի (...) 3.2.2 կետի (a) պարբերությունում նշված է. «Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման կամ այլ կիրառելի հիմքով ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված է ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով»:

Նախ և առաջ շեշտեմ, որ որևէ ապացույց չեք ներկայացրել այս պարտավորությունները կատարված համարելու վերաբերյալ: Ավելին, «Datalex» տեղեկատվական համակարգի տվյալներով ՍնԴ/0232/04/19 սնանկության գործի շրջանակներում վարույթը ոչ միայն ավարտված չէ, այլ նաև 13.08.2019 թվականին կայացվել է սնանկ ճանաչված իրավաբանական անձի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում:

Իր հերթին, «azdarar.am» կայքի հրապարակումները ակնհայտ են դարձնում, որ շարունակվում է նաև ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը: Մասնավորապես, 16.09.2019թ. «azdarar.am» կայքում հրապարակվել է հայտարարություն, համաձայն որի ՀՀ սնանկության դատարանի 02.09.2019թ. ՍնԴ/0284/04/19 որոշմամբ, սկսվել է «Բիգա» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ-ն (ՊԳՀ 264.110.07131, ՀՎՀՀ 00089298, ք. Երևան, Արշակունյաց 9) լուծարման վարույթ: Նույն 02.09.2019թ. որոշմամբ «Բիգա» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է» (https://www.azdarar.am/announcments/org/l23/00551154/):

Միաժամանակ Ձեր կողմից մինչ օրս որևէ տեղեկություն կամ ապացույց չի ներկայացվել Պայմանագրի 3.2.2 կետի այլ պայմանների կատարման վերաբերյալ և Ձեր նախորդ երկու գրությունների բովանդակությունից և թաքնված ենթատեքստից ենթադրում ենք, որ դրանք կատարելու հնարավորություն և մտադրություն չունեք և գործարար էթիկային համապատասխան տեղեկություններ, ապացույցներ, փաստաթղթեր ներկայացնելու և հաղորդակցվելու փոխարեն ուղարկում եք բացառապես միակողմանի գրություններ, փորձ անելով Գնորդին ներկայացնել պարտավորությունների խախտում թույլ տված կողմ, առանց հաշվի առնելու, որ որպես Վաճառող Ձեր կողմից չի կատարվել գործարքի որևէ նախապայման և պարտավորություն:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կանխավճարի վճարման Ձեր անհիմն պահանջի վերաբերյալ գրությանը ներկայացվել է պատասխան 05.10.2019 թվականի գրությամբ»:

Նշված գրությունը Վաճառողն ստացել է 14.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6) Գնորդը 06.11.2019 թվականին Վաճառողին հասցեագրված` Պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ ծանուցմամբ նշել է հետևյալը.

«Ձեր և «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի (...) միջև 2019 թվականի հուլիսի 16-ին կնքվել է «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (...) 65 (վաթսունհինգ) տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր (...): Պայմանագրի 4.5 կետի համաձայն Գնորդը իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի համաձայն Բաժնեմասի դիմաց Պայմանագրի 3.2.2 կետով նախատեսված վճարումը կատարելուց և Պայմանագրի կատարումից (լուծելով Պայմանագիրը), եթե Պայմանագրի կնքման օրվանից 3 (երեք) ամսվա ընթացքում կատարված չեն մի շարք նախապայմանների պահանջներ:

Գնորդին հայտնի են տեղեկություններ (այդ թվում` հանրամատչելի աղբյուրներից) առ այն, որ Պայմանագրով նախատեսված պայմանները ամբողջությամբ կատարված չեն:

Հիմք ընդունելով վերը նշվածը, խնդրում ենք այս գրությունը համարել Պայմանագրի 4.5 կետի համաձայն` Գնորդի կողմից հրաժարման ծանուցում այն հիմքով, որ կատարված չեն Պայմանագրով նախատեսված նախապայմանները (այդ թվում` Վաճառողի կողմից կատարման ենթակա պայմանները):

Եթե սույն Ծանուցման մեջ նշված չեն այլ Պայմանագրից հրաժարվելու այլ հիմքեր կամ Գնորդը չի պահանջում տուգանք կամ լրացուցիչ վնասներ, դա չի կարող մեկնաբանվել, որ լրացուցիչ հիմքեր չեն կարող ներկայացվել կամ Գնորդը որևէ կերպ հրաժարվում է Պայմանագրով և օրենքով սահմանված տույժեր, վնասների հատուցման պահանջ ներկայացնելու որևէ իրավունքից:

Առաջարկում ենք 30 օրյա ժամկետում հաստատել, որ համաձայն եք սույն ծանուցման հետ և կնքել համապատասխան Պայմանագիրը լուծված համարելու վերաբերյալ համաձայնագիր: Նշված ժամկետում համաձայնագիրը կնքելու դեպքում, որտեղ նաև կնշվի, որ Վաճառողը Գնորդի նկատմամբ որևէ պահանջներ չունի, Գնորդը Վաճառողին Պայմանագրի չկատարման հետ կապված պահանջներ ներկայացնելու որևէ իրավունքից կհրաժարվի:

Խնդրում ենք պատասխանը ուղարկել ՀՀ, ք. Երևան, Բուզանդի փող., շենք 13, բն. 75 հասցեով»:

Նշված ծանուցումը վերադարձվել է Գնորդին փոստային անդորրագրի «Չպահանջված» նշագրումով (հատոր 1-ին, գ.թ. 26, 27, 27-ի դարձերես).

7) 16.02.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն արձանագրային որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը: Ընկերության վրա պարտականություն է դրվել ապացուցելու, թե «որոնք են հանդիսացել պայմանագիրը լուծելու հիմքերը»: Վաճառողի վրա պարտականություն է դրվել ապացուցելու հայցադիմումի պատասխանի հիմքում դրված փաստերը: Միևնույն ժամանակ Դատարանն անվիճելի է համարել այն փաստերը, որ Ընկերության և Կիմ Եգանյանի միջև 16.07.2019 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, և նշված պայմանագրի առարկա բաժնեմասի դիմաց գումարը չի վճարվել (հատոր 1-ին, գ.թ. 72-75, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «2-2022_02_16 15-43-57», րոպեներ 06:40-10:28).

8) թիվ ՍնԴ/0232/04/19 և թիվ ՍնԴ/0248/04/19 սնանկության գործերով պարտատերերի պարտքերը (բացառությամբ` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ առկա պարտավորության) մարելու փաստն ապացուցելու նպատակով Վաճառողը Դատարան է ներկայացրել համապատասխան անդորրագրեր (հատոր 1-ին, գ.թ. 79-82):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

1. կողմերից մեկի պահանջով պայմանագիրը դրանով նախատեսված հիմքերով լուծելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,

2. ոչ լրիվ վերաքննության պայմաններում Վերաքննիչ դատարանի լիազորությունների իրականացման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն հետևյալ երեք դեպքերում`

1) մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման առկայության դեպքում կամ

2) օրենքով նախատեսված դեպքում կամ

3) պայմանագրով նախատեսված դեպքում:

Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկով պահանջ ներկայացված լինելու դեպքում պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ վերը նշված դրույթում վնաս եզրույթը ենթադրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված իրական վնաս, բաց թողնված օգուտ կամ խախտված իրավունքների համար կատարված ծախսեր: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկան են կազմում պայմանագրի խախտման փաստը (կամ օրենքով նախատեսված դեպքը կամ պայմանագրով նախատեսված դեպքը), այդ խախտումը պայմանադիր կողմի կողմից կատարելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը: Նշված փաստերի հաստատումից բացի դատարանի կողմից ինքնուրույն գնահատման են ենթակա խախտման էական լինելը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով նշված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ պայմանագիրը լուծելու հիմքում դրված է մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտումը: Այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դրույթը և դրա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված իրավական դիրքորոշումը հարկ է կիրառել այն իրավաընկալմամբ, որ պայմանագիրը դատական կարգով լուծելու պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի պայմանագրի խախտմամբ իր համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը միայն այն դեպքում, երբ պայմանագիրը լուծելու հիմքում դրված է մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտումը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագիրը լուծելու մասին հայցապահանջը ներկայացվել է օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքերով, ապա դատական պաշտպանության դիմած անձի վրա նման պարտականություն դրվել չի կարող:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունը նախատեսում է պայմանագիրը դատական կարգով լուծելու երեք ինքնուրույն հիմք`

1) կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտում,

2) օրենքով նախատեսված այլ դեպքեր,

3) պայմանագրով նախատեսված այլ դեպքեր:

Ընդ որում, նկատի ունենալով այն, որ նշված իրավական նորմում պայմանագիրը լուծելու հիմքերը միմյանցից տարանջատված են «կամ» շաղկապով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետում օրենսդրի կողմից թվարկված` պայմանագիրը կողմերից մեկի պահանջով դատական կարգով լուծելու հիմքերից յուրաքանչյուրը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 1-ին կետի ուժով ունի ինքնուրույն նշանակություն, ուստի դրանցից մեկի կամ առնվազն մեկի առկայությունը լիովին բավարար է դատական կարգով պայմանագիրը լուծելու համար:

Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությամբ նպատակ է հետապնդել բացահայտելու պայմանագրի էական խախտման հասկացությունը` որպես դրա բնութագրիչ հատկանիշ կարևորելով թույլ տրված խախտման հետևանքով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած կողմի համար այնպիսի վնասի առաջացումը, որը վերջինիս զգալիորեն զրկում է այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար օրենքով կամ պայմանագրով նախատեսված «այլ» դեպքերում (հիմքերով) պայմանագիրը լուծելու կողմի պահանջը քննության առնելիս դատարանները չպետք է կարևորեն պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած կողմի համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման փաստը, որը նման պայմաններում գործի լուծման համար որևէ նշանակություն չունի, եթե, իհարկե, տվյալ հիմքը սահմանող օրենքի նորմում կամ պայմանագրի համապատասխան կետում այլ բան սահմանված չէ:

i

Նման իրավաընկալումը լիովին համահունչ է պայմանագրի ազատության և քաղաքացիական իրավունքների անարգել իրականացումն ապահովելու քաղաքացիաիրավական, ինչպես նաև տնօրինչականության դատավարական սկզբունքներին, որոնք կողմերի համար երաշխավորում են համապատասխանաբար պայմանագրի պայմանները, այդ թվում` այն լուծելու հիմքերը, իրենց հայեցողությամբ որոշելու, ինչպես նաև այդպիսի հիմքերի առկայության պարագայում պայմանագիրը լուծելու պահանջը դատարան ներկայացնելու հնարավորությունը: Հակառակ իրավաընկալումը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող է նաև հանգեցնել քաղաքացիական շրջանառության մասնակիցների ազատ կամահայտնությամբ իրականացվող իրավունքների անհամաչափ սահմանափակման, դրանց իրականացմանն անհարկի միջամտության, պայմանագրի ազատության սկզբունքի ոտնահարման` գործնականում բացառելով նաև օրենքով ու պայմանագրով նախատեսված այնպիսի հիմքերով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնելու կողմի հնարավորությունը, որոնք կախված չեն պայմանագրով ստանձնած պարտականությունների խախտման հետ (տե՛ս «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ն ընդդեմ Լևոն Մարգարյանի թիվ ԵԴ/14601/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.07.2024 թվականի որոշումը):

 

2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը` նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), և միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել և որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել: Այսինքն` նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ` վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների և առաջին ատյանի դատարանի կողմից քննված պահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններից է:

Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանը ստուգում է, թե արդյոք ստորադաս դատարանը տվյալ կոնկրետ գործով դատական ակտը կայացնելիս պահպանել է օրենքի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի պահանջները, թե ոչ: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանի գործառութային դերը նրանում է, որ որպես ոչ լրիվ վերաքննության կարգով դատական ակտի վերանայման գործառույթ իրականացնող երկրորդ ատյան, վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է գործի ամբողջ ծավալով քննություն, այլ վերաքննիչ բողոքի սահմաններում ստուգում է բողոքարկված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, մասնավորապես թե ներկայացված պահանջների, հետազոտված ապացույցների, գործին մասնակցող անձանց փաստարկների և դիրքորոշումների շրջանակներում դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, թե ոչ:

Թեև վերանայման օբյեկտային սահմանները պայմանավորված են վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, այդուհանդերձ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մաս), և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն իրացնում է դատական գործունեության նպատակահարմարությունից և արդարադատության արդյունավետությունից ելնելով: Այդուհանդերձ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված լիազորությունների կիրառությունը բացարձակ չէ, և յուրաքանչյուր դեպքում ելակետ պետք է ընդունվեն դատական այդ ատյանի առջև դրված խնդիրները` ստորադաս դատական ատյանի կողմից քաղաքացիական գործերի ճիշտ քննության և լուծման ապահովումը:

Ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններով պայմանավորված են նաև վերաքննիչ դատարանի լիազորությունները, քանի որ դրանք նախևառաջ պայմանավորված են դատական այդ ատյանի գործառութային դերով: Վերաքննիչ դատարանի գործառութային լիազորություններն առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտերը վերանայելու միջոցով բացահայտված սխալներին և իրավունքի նորմերի խախտումներին արձագանքելու` վերաքննիչ դատարանի իրավունքների և պարտականությունների համակցությունն են: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` (...) 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից` բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. (...):

Շարադրվածից հետևում է, որ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու դեպքում, ի թիվս այլնի, վերաքննիչ դատարանը կա՛մ գործն ուղարկում է նոր քննության` սահմանելով դրա ծավալը, կա՛մ փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հաստատել նոր փաստ կամ չհաստատված համարել հաստատված փաստը, առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է բացառապես առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների և հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման ակտ կայացնելու հնարավորությամբ, քանի որ վերաքննիչ դատարանը ստուգում է դրանց կապակցությամբ առաջին ատյանի դատարանի հետևությունները և դատական սխալի դեպքում փոփոխում դրանք, և ոչ թե իրականացնում գործի լրիվ ծավալով քննություն` քննարկման առարկա դարձնելով նոր փաստարկներ և հետազոտելով նոր ապացույցներ: Նորմում կիրառված «փոփոխել» եզրույթն ինքնին ենթադրում է վերանայվող դատական ակտում առկա պատճառաբանությունը և/կամ փաստը փոփոխության ենթարկելու, այլ ոչ թե ամբողջությամբ նոր հանգամանքներ քննարկելու միջոցով դատական ակտ կայացնելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը և երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար` վերաքննության փուլում չպետք է իրականացվեն դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություններ և դրանցով պայմանավորված` կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ: Մասնավորապես, վերաքննության փուլում անդրադարձ չի կարող կատարվել այնպիսի հանգամանքների կամ ապացույցների, որոնք առաջին ատյանի դատարանում քննության և հետազոտման առարկա չեն դարձվել, հակառակ դեպքերում վերաքննիչ դատարանը կգործի որպես դրանք քննող առաջին ատյանի դատարան և ոչ թե դրանց կապակցությամբ ստորադաս դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող վերադաս դատարան:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակներով (դիրքորոշումներ, փաստարկներ, ապացույցներ և այլն) սահմանափակված լինելը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասից և 379-րդ հոդվածի 5-րդ մասից: Մասնավորապես, գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում որևէ ապացույց կամ դիրքորոշում հայտնած չլինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկը հիմնավորված համարելու դեպքում դատական ակտը ցանկացած դեպքում բեկանվում, իսկ գործն ուղարկվում է դրանց հաշվառմամբ նոր քննության: Այսինքն` վերաքննիչ դատարանը չի կրում նոր ապացույցներ հետազոտելու և դիրքորոշումներ քննելու պարտականություն, այլ գործի քննության նոր ծավալ սահմանելու միջոցով ցուցում է տալիս ստորադաս դատարանին դրանք քննելու անհրաժեշտության մասին` նկատի ունենալով, որ բացառվում է այնպիսի հանգամանքների կամ փաստերի մասով ստուգում իրականացնելու հնարավորությունը, որոնք ստորադաս դատարանում առկա չեն եղել ու չեն քննարկվել: Նույնպիսի տրամաբանություն ունեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասն ու 379-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ևս, որոնք վերաքննիչ դատարանին վերապահում են որևէ փաստ հաստատված համարել կամ չհամարել միայն ստորադաս դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա, իսկ նոր ապացույցի հետազոտում թույլատրում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է բացահայտելու գործի քննության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը:

 

i

Վերոշարադրյալից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանքի կամ ապացույցի մասով քննություն չի իրականացվել, բայց պետք է իրականացվեր, ապա բացակայում է վերաքննության օբյեկտը` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքի կամ ապացույցի մասին պատճառաբանություններ պարունակող դատական ակտը, ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է կիրառի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այլ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործը նոր քննության ուղարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է որոշմամբ սահմանել գործի նոր քննության ծավալը, որը հանդիսանում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանին տրված ցուցում այն մասին, թե գործի նոր քննության ժամանակ ինչպիսի հարցեր պետք է քննարկվեն և/կամ ինչպիսի դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Այսինքն` գործի նոր քննության ծավալ սահմանելն իրավական այն գործիքն է, որը կիրառում է վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, բայց չքննարկված կամ չհետազոտված, հանգամանքների կամ ապացույցների վրա առաջին ատյանի դատարանի ուշադրությունը սևեռելու և գործի նոր քննության ժամանակ դրանք քննելու ու հետազոտելու պարտականություն դնելու համար (տե՛ս ըստ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի դիմումի թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2023 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Վաճառողի և Ընկերության միջև 16.07.2019 թվականին կնքված Պայմանագրի 4.5-րդ կետով սահմանվել են Պայմանագիրը միակողմանիորեն լուծելու (դրանից հրաժարվելու) թվով ինը հիմքեր, որոնք անմիջականորեն կապված են Պայմանագրով Վաճառողի ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Մասնավորապես` Պայմանագրով, ի թիվս այլի, որպես պայմանագիրը լուծելու հիմքեր սահմանվել են Պայմանագիրը կնքելու օրվանից երեք ամսվա ընթացքում «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Տորնադո» ՍՊԸ-ի հանդեպ պարտքը և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Մեդիսար» ՍՊԸ-ի հանդեպ պարտքն ամբողջությամբ վճարված չլինելը, ինչպես նաև թիվ ՍնԴ/0232/04/19 ու թիվ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով ավարտված չլինելը:

Պայմանագրով նախատեսվել է պայմանագրի գնի վճարման կարգ, որի համաձայն` վճարումները պետք է իրականացվեն կանխավճարային կարգով` այդ նպատակով բացված էսքրոու հաշվից, որը կողմերը պարտավորվել են բացել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Ընդ որում, Պայմանագրի 3.2.1-ին կետից բխում է, որ էսքրոու հաշվին Գնորդի կողմից փոխանցված կանխավճարի գումարը բանկի կողմից վճարվում է Վաճառողին` վերջինիս կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստը հավաստող հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում`

- «Տորնադո» ՍՊԸ-ի և «Մեդիսար» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքներ (համապատասխան ընկերությունների տնօրենի ստորագրությամբ ու կնիքով) առ այն, որ նշված ընկերությունները չունեն որևէ պահանջներ «ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հանդեպ,

- վճարման հանձնարարագրեր` համապատասխան գումարը ««ԱմստերՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1,626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ու 7,416.86 եվրո ժամկետանց պարտավորությունը տոկոսների և տույժերի գծով մարելու համար:

Միևնույն ժամանակ Պայմանագրի 3.5-րդ կետով սահմանվել է, որ Գնորդը բանկում բացված էսքրոու հաշվին փոխանցելու է Պայմանագրի 3.2.2-րդ կետով սահմանված վճարումը` Պայմանագրի 3.2.2-րդ և 3.2.3-րդ կետերով սահմանված պայմանները բավարարված լինելու պայմանով: Ընդ որում, որպես էսքրոու հաշվից վճարումների իրականացման պայման` սահմանվել է Վաճառողի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու փաստը հավաստող և նույն կետով նախատեսված փաստաթղթերը` ի թիվս այլի նաև Սնանկության դատարանի սնանկության գործն ավարտելու մասին դատական ակտը` դրա վրա ուժի մեջ մտնելու մասին դատարանի մակագրությամբ ու կնիքով բանկին ներկայացնելը:

Գործի փաստերի համաձայն` Վաճառողը 20.09.2019 թվականին Գնորդին ներկայացրել է պահանջագիր` Պայմանագրի 3.2.1-ին կետով նախատեսված կանխավճարի գումարը վճարելու վերաբերյալ, որի կապակցությամբ Գնորդը 05.10.2019 թվականի գրությամբ առարկել է` հայտնելով, որ Վաճառողը նշված պահանջագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Պայմանագիրը կնքելուց հետո շուրջ երկու ամիսների ընթացքում Պայմանագրի կատարմանն ուղղված բազմաթիվ նախապայմաններից (պարտավորություններից) որևէ մեկի կատարման որևէ ապացույց, գրություն կամ ծանուցում Գնորդին չի ներկայացրել այն դեպքում, երբ այդ նախապայմաններից էականների կատարումը որևէ կապ չունի էսքրոու հաշվի բացման հետ, որի բացման կապակցությամբ ևս որևէ առաջարկ կամ նախագիծ չի ներկայացվել, այն բացելու ցանկության կամ կամահայտնության մասին վկայող գործողություն չի կատարվել: Միևնույն ժամանակ առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել Պայմանագրով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու փաստը հավաստող հավաստի և վստահելի տեղեկություններ:

Վաճառողը, Գնորդին հասցեագրված 05.10.2019 թվականի պահանջագրով հայտնելով, որ «Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն իմ կողմից ամբողջությամբ իրականացվել է ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 վարույթներով ստանձնած բոլոր պարտավորությունները», և արձանագրելով, որ «իմ կողմից իրականացվել է 2019 թվականին հուլիսի 16-ին կնքված պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները», պահանջել է ամբողջությամբ մարել Պայմանագրով սահմանված պարտավորությունը` մասնավորապես 744.605.000 ՀՀ դրամ գումարը: Նշված պահանջագրին չի կցվել Վաճառողի կողմից իր պարտավորությունները կատարելու փաստը հավաստող որևէ ապացույց:

Դիմելով Դատարան` Ընկերությունը պահանջել է լուծել Պայմանագիրը` որպես հայցի իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը, իսկ որպես հայցի փաստական հիմք` Վաճառողի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում (բայց ոչ միայն)` էսքրոու հաշիվ բացելու իր պարտականությունը չկատարելը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման փաստը հավաստող որևէ ապացույց չներկայացնելը, Պայմանագրի 4.5-րդ կետով նախատեսված` Պայմանագիրը լուծելու հիմքերի առկայությունը, ինչպես նաև Պայմանագիրը չլուծելու արդյունքում վնասներ կրելու հավանականությունը, որը պայմանավորված է ձեռքբերված բաժնետոմսերի իրական արժեքի նվազման և չնախատեսված հարկային պարտավորությունների առաջացման վտանգով:

Առարկելով ներկայացված հայցի դեմ` Վաճառողը նշել է, որ պատշաճ միջոցներ է ձեռնարկել Պայմանագրի կատարման ուղղությամբ, մարել է թիվ ՍնԴ/0232/04/19 և թիվ ՍնԴ/0248/04/19 սնանկության գործերով պարտատերերի պարտքերը (բացառությամբ` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ առկա պարտավորության), սակայն Գնորդը չի կատարել Պայմանագրով սահմանված պարտավորությունները, այն է` հաշիվ չի բացել ու Պայմանագրի գինը չի վճարել: Վաճառողը նաև դիրքորոշում է հայտնել, որ իր կողմից թիվ ՍնԴ/0232/04/19 և թիվ ՍնԴ/0248/04/19 սնանկության գործերով վարույթներն ավարտելուն ուղղված միջոցառումների իրականացումը հնարավոր էր միայն Պայմանագրով սահմանված կանխավճարը վճարելու դեպքում, քանի որ այդ միջոցների հաշվին պետք է ապահովվեր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած վարկային պարտավորության կատարման ժամկետների վերանայումը (նոր ժամկետների սահմանումը, որի արդյունքում պարտավորության կետանցը կդադարեր ու բանկը կդադարեր պարտատեր լինելուց):

Դատարանը, հաստատված համարելով, որ պատասխանողը` որպես Վաճառող, չի կատարել Պայմանագրի 3.2.1-ին կետով նախատեսված` էսքրոու բանկային հաշիվ բացելու էական պայմանը, ինչն էլ հիմք է հանդիսացել Գնորդի կողմից Պայմանագրի 4.5-րդ կետով սահմանված հիմքով Պայմանագրի կատարումից հրաժարվելու և այն լուծելու պահանջով դատարան դիմելու համար ու, արձանագրելով, որ պատասխանողի կողմից թույլ տված Պայմանագրի էական խախտումը Գնորդի համար առաջացրել է վնասներ` արժեզրկելով «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի բաժնեմասի արժեքը և Գնորդի համար ստեղծել է լրացուցիչ հարկային պարտավորություններ` եկամտահարկի տեսքով, 26.04.2023 թվականի վճռով հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «Դատարանը, հաստատված համարելով Կիմ Եգանյանի կողմից Պայմանագրի 3.2 կետով նախատեսված պարտականությունները չկատարելու փաստը և հիմք ընդունելով այն, որ Պայմանագրի 4.5 կետով նախատեսված են Պայմանագիրը լուծելու` նշված պարտականությունները չկատարելու հետ անմիջականորեն կապված թվով ինը ինքնուրույն հիմքեր, որպես ելակետ պետք է ընդուներ այն, որ նշված հիմքերից մեկի կամ առնվազն մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է դատական կարգով Պայմանագիրը լուծելու համար»,

- «նման պայմաններում (...) Կիմ Եգանյանի կողմից թույլ տրված խախտման էական լինելու` ներառյալ այդ խախտման արդյունքում Ընկերության համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման և վերջինիս «զգալի» լինելու փաստերը չպետք է էական նշանակություն ունենային գործի լուծման համար, քանի որ Պայմանագիրը լուծելու պահանջի հիմքում Ընկերության կողմից դրվել է ոչ թե Կիմ Եգանյանի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տված լինելու փաստը, այլ Պայմանագրի 4.5 կետով նախատեսված «այլ» հիմքերի առկայությունը»,

- «օրենսդրական կարգավորումից հետևում է, որ մասնավորեցված չէ այն սուբյեկտը` (էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձը, թե այդ միջոցների հասցեատերը), ում նախաձեռնությամբ և կամ պահանջով պետք է կնքվի համապատասխան հատուկ բանկային հաշվի պայմանագիրը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նման կարգավորումներն օրենքով սահմանելու հնարավորությունն ըստ էության բացակայում է, քանի որ հատուկ հաշվի բացման պայմանագրի առանձնահատկությամբ պայմանավորված (առ այն, որ պայմանագիրը ենթադրում է առնվազն եռակողմ կամահայտնություն` բանկի, էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ)` օրենսդիրը չի կարող նշել այն սուբյեկտին, ում պարտականությունն է հանդիսանում այդպիսի հաշվի բացումը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այդ պարտականությունը չի կարող լինել որևէ մեկինը, քանի որ մյուս կողմի կամահայտնության բացակայության դեպքում այդ հաշվի բացման պայմանագիրը չի կարող կնքվել, այլ հարց է, թե գործարքի կողմերից ում ստանձնած պարտավորության էությունից է բխում այդ հաշվի բացման համար ողջամիտ շրջահայացություն ցուցաբերումը: Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ հաճախորդները, նման հաշիվների բացման պայմանագրեր կնքելով, ակնկալում են բանկի կողմից համապատասխան հաշվում եղած դրամական միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրենց իրավունքի իրացումը, ուստիև կապված համապատասխան գործարքի (որի կատարման համար էլ հենց բացվում է հատուկ հաշիվը) էությունից, գործարքի կողմերից յուրաքանչյուրը, ելնելով տվյալ գործարքի կատարման համար իր կողմից ստանձնած պարտավորության էությունից, պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն նման պայմանագրի կնքման հարցում:

Տվյալ դեպքում էլ, թերևս հենց այդ փաստի հաշվառմամբ է, որ պայմանագրով նախատեսվել է նշված հաշվի բացման կողմերի պարտավորությունը: Այլ կերպ ասած կողմերը, գիտակցելով բանկային հատուկ հաշվի բացման առանձնահատկությունը, հաշվի առնելով այդ պայմանագրի կնքման համար բոլոր կողմերի կամահայտնության անհրաժեշտությունը, այդ հաշվի բացման պարտավորությունը համարել են երկու կողմինը:

Փաստերի նման դասավորվածությունից էլ հետևում է, որ Պայմանագրով Կիմ Եգանյանը չի ստանձնել բանկային հատուկ հաշվի բացման պարտավորություն, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ հակառակի մասին հայցվորի պնդումներն անհիմն և գործի փաստական հանգամանքներից չբխող, ուստի անհիմն է նաև պատասխանողին նման խախտում վերագրող Դատարանի համապատասխան հետևությունը:

Ընդ որում Վերաքննիչ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ դատական ակտը զուրկ է հայցի փաստական հիմքով պատասխանողին վերագրվող այլ խախտումներ թույլ տված լինելու փաստարկների իրավաչափությունը գնահատող դատողություններից և դրա վերաբերյալ համապատասխան եզրահանգումներից, ուստի Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, իրավասու չէ և չի անդրադառնում այդպիսիք թույլ տրված լինելու փաստի գնահատմանը»,

25.09.2024 թվականի որոշմամբ բավարարել է Վաճառողի վերաքննիչ բողոքը` Դատարանի 26.04.2023 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել` Ընկերության հայցը մերժել է:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը և հետևությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

Սույն գործում առկա` Ընկերության և Վաճառողի միջև գրագրության, ինչպես նաև հայցադիմումի փաստական հիմքերի ուսումնասիրությունից բխում է, որ Պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հնարավորության իրացումն Ընկերությունը տվյալ դեպքում պայմանավորել է Վաճառողի ստանձնած` նաև էսքրոու բանկային հաշիվ բացելու և թիվ ՍնԴ/0232/04/19 ու թիվ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթներն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ավարտված լինելը հավաստելու պարտավորությունները չկատարելու հանգամանքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էսքրոու բանկային հաշիվ բացելու պարտավորության չկատարումը Պայմանագրի իմաստով չի հանդիսանում այն լուծելու ինքնուրույն հիմք, սակայն դրա` որպես Պայմանագրի էական պայմանի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, այն է` «կողմերը պարտավորվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել էսքրոու հաշվի պայմանագիր և բացել էսքրոու հաշիվ»: Այսինքն` հայցի` վերը նշված պարտավորության խախտման փաստական հիմքի քննության շրջանակներում կիրառման են ենթակա Պայմանագրի էական պայմանի խախտման հիմքով այն լուծելու ընթացակարգի վերաբերյալ արտահայտված վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «Կիմ Եգանյանի կողմից թույլ տրված խախտման էական լինելու` ներառյալ այդ խախտման արդյունքում Ընկերության համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման և վերջինիս «զգալի» լինելու փաստերը չպետք է էական նշանակություն ունենային գործի լուծման համար», հիմնավոր չէ:

Միևնույն ժամանակ սույն գործի փաստերի հաշվառմամբ հիմնավոր համարելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, որ տվյալ դեպքում Վաճառողը չի ստանձնել Պայմանագրով նախատեսված վճարումը սահմանված պայմաններով ստանալու նպատակով էսքրոու հաշիվն ինքնուրույն բացելու պարտականություն, նման հաշիվ բացելու պայմանագրի կնքման հարցում Պայմանագրին համապատասխան նաև Գնորդը պետք է ցուցաբերեր անհրաժեշտ շրջահայացություն և նախաձեռնություն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանություններում կարևորելով էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու հարցում երկու կողմերի կամահայտնությունն ու դերակատարությունը, պատշաճ գնահատման չի արժանացրել էսքրոու հաշվի բացման ուղղությամբ կողմերի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` Վաճառողի անգործությունը:

Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումը, որ գործում առկա` կողմերի գրագրությամբ (պահանջագրեր, գրություններ, ծանուցում) հաստատվում է, որ պատասխանողը` որպես Պայմանագրի կողմ, չի դրսևորել որևէ դրական վարքագիծ Պայմանագրի էական պայման հանդիսացող էսքրոու պայմանագիր կնքելու և էսքրոու հաշիվ բացելու համար, ավելին` Ընկերության տնօրենի կողմից Վաճառողին հասցեագրված գրություններով բարձրացված հարցերի վերաբերյալ վերջինս որևէ պատասխան չի ներկայացրել, պայմանագրի կնքմանն ուղղված որևէ գործնական քայլ չի կատարել, ինչը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ նա խուսափել է էսքրոու հաշիվ բացելու կողմերի փոխադարձ պարտավորությունն իր մասով կատարելուց, մինչդեռ, հաշվի առնելով կողմերի միջև ծագած պայմանագրային պարտավորության բնույթն ու բովանդակությունը, առաջին հերթին հենց Վաճառողը պետք է դրսևորեր Պայմանագրով վճարումներ ստանալու էական նախապայման հանդիսացող էսքրոու հաշիվ բացելու և պարտավորությունների կատարման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը Պայմանագրի 3.2.1-ին ու 3.2.3-րդ կետերով նախատեսված պայմաններին համապատասխան բանկին ներկայացնելու միջոցով այդ հաշվից միջոցներ ստանալու նախաձեռնություն` հստակ գիտակցելով, որ բանկում նման հաշիվ բացված չլինելու պայմաններում իր մեղքով ծագելու է վճարումներ կատարելու Գնորդի պարտավորության (նաև Վաճառողի կողմից իր պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու պայմաններում այդ վճարումներն ստանալու) իրավական անհնարինություն, որի պայմաններում փաստացի զրկվելու է կատարում պահանջելու իրավունքից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեկուզև Դատարանի եզրահանգումն առ այն, որ Վաճառողը թույլ է տվել Պայմանագրի էական պայմանի խախտում, իրավաչափ է, սակայն Պայմանագրի էական խախտման փաստական հիմքի քննության շրջանակներում վերոգրյալ իրավական դիրքորոշումների իմաստով Դատարանի կողմից, ի թիվս խախտման էական լինելու, ինքնուրույն գնահատման էր ենթակա նաև վնասի այնպիսին լինելու հանգամանքը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից: Մինչդեռ Դատարանը Վաճառողի կողմից թույլ տրված` Պայմանագրի էական խախտման հետևանքով «զգալի» վնասի առկայության փաստը հաստատված է համարել առանց ֆորմալ դատավարության կանոնների պահպանման (ապացույցների հետազոտման և գնահատման) ու այդ կապակցությամբ իր դատողությունները եզրափակիչ դատական ակտում շարադրելու: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Պայմանագիրը լուծելու պահանջի հիմքում Գնորդը դրել է ոչ միայն Վաճառողի կողմից Պայմանագրի (էսքրոու հաշիվ բացելու պայմանի) էական խախտման փաստը, այլ նաև Պայմանագրի 4.5-րդ կետով նախատեսված` Պայմանագիրը լուծելու «այլ» հիմքերի առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է Պայմանագիրը լուծելու ինքնուրույն հիմք: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հիմքերի առկայությունը պարզելու նպատակով Դատարանը սույն գործով քննություն չի իրականացրել` դատողություններ անելով բացառապես Պայմանագրի (էսքրոու հաշիվ բացելու պայմանի) էական խախտման ու դրա հետևանքների վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն էլ, արձանագրելով, որ «դատական ակտը զուրկ է հայցի փաստական հիմքով պատասխանողին վերագրվող այլ խախտումներ թույլ տված լինելու փաստարկների իրավաչափությունը գնահատող դատողություններից և դրա վերաբերյալ համապատասխան եզրահանգումներից», ու համապատասխանաբար չանդրադառնալով Վաճառողի կողմից այդպիսիք թույլ տրված լինելու փաստի գնահատմանը, այդուհանդերձ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վերաքննիչ դատարանի լիազորությունը` մերժելով հայցը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` փաստերի նման դասավորվածության պայմաններում Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չէին տալիս կայացնելու նման ակտ` հաշվի առնելով նաև այն, որ Դատարանի կողմից սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելիս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, Վաճառողի վրա չի դրվել Պայմանագրով իր կողմից ստանձնած այն պարտավորությունների կատարման փաստն ապացուցելու պարտականությունը, որոնցից յուրաքանչյուրի կատարումը Պայմանագրի 3.2.1-ին և 3.2.3-րդ կետերին համապատասխան հանդիսացել է էսքրոու հաշվից վճարումներ ստանալու նախապայման, իսկ չկատարումը` Պայմանագրի 4.5-րդ կետի իմաստով պայմանագրից միակողմանիորեն հրաժարվելու (պայմանագիրը լուծելու) հիմք:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի ու 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտումներ թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար` բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների շրջանակում ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտչյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204125441

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԵԴ/9591/02/21
Որոշում