Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/8198/05/24

    Վարչական գործ թիվ ՎԴ/8198/05/24             2026 թ.

 

    Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

  Դատավորներ`        Ա. Հարությունյան

                                     Ռ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող` Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում` 231.459 ՀՀ դրամ տուգանք, 11.573 ՀՀ դրամ կատարողական վարույթի ծախսեր, բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունը և կիրառել անվավերության հետևանքներ, այն է` Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում` 231.459 ՀՀ դրամ տուգանք, 11.573 ՀՀ դրամ կատարողական վարույթի ծախսեր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ներկայացուցչի միջնորդությունը և Դատարանի 13.05.2025 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանը (ներկայացուցիչ` Կարինե Օվչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը և 132-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հայցվորի ներկայացուցիչը ստացել է 02.06.2025 թվականին, ուստի վճռի դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելիս վերջինս միջնորդել է բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի, և այն հաշվարկել դատական ակտն իր կողմից ստանալու պահից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որից բխում է, որ դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը պատշաճ կատարված կհամարվի, երբ դատական ակտն ուղարկվի ներկայացուցչին, ում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահելու մասին հատուկ նշում է առկա լիազորագրում: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալ իրավակարգավորումը, հիմք է ընդունել հայցվորի կողմից վճիռը ստանալու ամսաթիվը և մերժել է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությունը` սահմանափակելով վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն դեպքում հայցվորի ներկայացուցիչը լիազորված է եղել ստանալու դատավարական ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը, ուստի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը ենթակա է եղել հաշվարկման վճիռը վերջինիս կողմից ստանալու պահից, իսկ այդ ժամկետի խախտումը տեղի է ունեցել ոչ թե ներկայացուցչի անգործության, այլ որոշակի օբյեկտիվ հանգամանքի` դատական ակտը ուշ ստանալու հետևանքով, ուստի միջնորդությունն ամբողջովին եղել է հիմնավոր ու բավարարման ենթակա:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը և խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանափակել է դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու հայցվորի իրավունքը` այդպիսով խախտելով նաև անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պատշաճ ծանուցման առանձնահատկությունների համատեքստում անդրադառնալ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու հարցը լուծելու իրավական խնդրին, այն դեպքում, երբ դատավարության մասնակցի կողմից ներկայացուցչին տրված լիազորագրում առկա է հատուկ նշում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորությունը ներկայացուցչին վերապահելու մասին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների անբաժան մասն է (տե՛ս, Zubac v. Croatia (ՄՊ), թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 76):

Չնայած 6-րդ հոդվածի 1-ին կետը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, երբ ստեղծվում են նման դատարաններ, դրանց վարույթը պետք է ապահովի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների առկայությունը, մասնավորապես այն առումով, որ պետք է երաշխավորվի դատավարության մասնակիցներին «իրենց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին» առնչվող որոշումների համար դատարան դիմելու արդյունավետ իրավունքը (տե՛ս, Chatellier v. France, թիվ 34658/07 գանգատով Եվրոպական դատարանի 31.03.2011 թվականի վճիռը, կետ 35):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի գործադրման և գործունեության կատարելագործման մասին» թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերից մեկն է համարվում բողոքարկման իրավունքը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Հախվերդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/10346/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2021 թվականի որոշումը, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ «(...) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշմանը, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (...) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը» (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia թիվ 797/14, 67755/14 գանգատներով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը պոտենցիալ խախտող որոշման մասին: Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես նվազեցնել բողոք բերելու ժամկետները կամ նույնիսկ անհնարին դարձնել բողոքարկումը` ձգձգելով իրենց որոշումների կայացումը: Դատական մարմնի և կողմերի միջև, որպես հաղորդակցության միջոց` համապատասխան ծառայությունը դատարանի որոշումը և դրա հիմքերը հասանելի է դարձնում կողմերին` դրանով նրանց համար հնարավորություն ստեղծելով ցանկության դեպքում բողոքարկելու այն (տե՛ս, Miragall Escolano and Others v. Spain թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovenia թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքից ածանցվում է անձի արդար դատաքննության իրավունքը, որը թեև առանձին հիմնարար իրավունք է, սակայն նախատեսում է այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար (տե՛ս, Սուսաննա Սարգսյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ6/0174/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու համար ներպետական օրենքներով սահմանված ժամկետային սահմանափակումներին, բազմիցս արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու պահանջն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Նման պահանջը, ըստ Եվրոպական դատարանի, հետապնդում է արդարադատությունը պատշաճ իրականացնելու և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու իրավաչափ նպատակ:

Եվրոպական դատարանը, մասնավորապես, դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների առնչությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետները, որոնք դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներ են, ծառայում են մի քանի նպատակի, այն է` ապահովել իրավական որոշակիությունը, հավանական պատասխանողներին պաշտպանել ժամկետանց հայցերից և թույլ չտալ որևէ անարդար լուծում, ինչը կարող է տեղի ունենալ, եթե դատարաններն ստիպված լինեն գնահատել հեռավոր անցյալում տեղի ունեցած փաստերն այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են ժամանակի հոսքի պատճառով դառնալ ոչ արժանահավատ (տե՛ս, Stubbings and Others v. United Kingdom թիվ 22083/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51): Եվրոպական դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վտանգվում է, եթե դատավարական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակին և խոչընդոտում են անձի վեճի ըստ էության քննությանն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Zubac v. Croatia թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 98):

Միաժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ ձևով տեղեկացել են իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին: Հակառակ դեպքում, դատարանները կարող են զգալիորեն կրճատել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք ներկայացնելը` ուշացնելով իրենց որոշումների հանձնումը կողմերին: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և դրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.04.2000 թվականի վճիռը, կետ 37):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Rec(2004)20 հանձնարարականի 2.c կետի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար` դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որևէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար` նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:

Նշված հանձնարարականի 4i կետի համաձայն` վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտը, առնվազն կարևոր գործերով, պետք է բողոքարկման ենթակա լինի ավելի բարձր ատյանում: Յուրաքանչյուր իրավական համակարգում դատական ակտերի բողոքարկման իրավունքը պետք է երաշխավորվի ողջամիտ ժամկետում:

Դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը գործնականում ապահովելու համար, մասնավորապես, հարկ է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման արդարացում,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում` բողոքարկման ժամկետները, չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2019 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումների և Եվրոպական դատարանի հաստատած նախադեպային իրավունքի համաձայն` դատական ակտը բողոքարկելու իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները չպետք է խախտեն կամ զրկեն անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի քննությանը: Ըստ այդմ` սահմանափակումները կարող են սահմանվել միայն խիստ անհրաժեշտության և «իրավաչափ նպատակ» հետապնդելու պայմաններում: Այսինքն, ամեն դեպքում պետությունը պետք է փորձի կատարել ամեն ինչ, որ իր նպատակին հասնի առանց անձի արդար դատաքննության իրավունքը սահմանափակելու: Դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ներպետական իրավական կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որ անձն իր իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում կարողանա դիմել դատարան` ներկայացնելով վերջինիս վերականգնման կամ այլ պահանջներ, և նշված իրավունքն անհիմն չսահմանափակվի:

Դատական ակտը բողոքարկելու համար նախատեսված ժամկետներ սահմանող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը: Դատարան դիմելու իրավունքը ենթադրում է դատական որոշումների մասին դատավարության մասնակցի համարժեք ծանուցում ստանալու իրավունք: Դատական ակտը բողոքարկելու իրավունքը ծագում է հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը խախտող որոշման մասին, և դատարանի որոշման մասին դատավարության մասնակցի իմացության վերաբերյալ իրավակարգավորումները պետք է հնարավորություն տան ստուգելու որոշման հանձնումը դատավարության մասնակցին, ինչպես նաև այդ հանձնման ամսաթիվը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կարևոր պայման է բողոքարկման ենթակա դատական ակտի` դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովումը: Դատավարության մասնակիցներին դատական ակտերի հասանելիության ապահովման գործուն երաշխիք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատարանների` դատական ակտերը դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում ուղարկելու պարտականության սահմանումը և այդ պարտականության պատշաճ կատարումը (տե՛ս, Սուսաննա Սարգսյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ6/0174/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, վերը նշված դիրքորոշումներին և չափանիշներին համապատասխան, սահմանել է ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու ողջամիտ ժամկետներ` ապահովելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի իրացումը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, (...):

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Այսինքն` ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում հրապարակման պահը, որից հաշվված մեկ ամիս ժամկետում կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը:

Ապահովելով ողջամիտ հարաբերակցություն դատական ակտի բողոքարկման դատավարական ժամկետի սահմանման և դրանով հետապնդվող իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու իրավաչափ նպատակի միջև` օրենսդիրը սահմանել է նաև այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության ապահովման երաշխիքներով (տե՛ս, Բաղիշ Պետրոսյանն ընդդեմ Վարդենիսի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ2/0098/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2018 թվականի որոշումը):

Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի վերականգնման ընթացակարգն ու հիմքերն ամրագրված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն հոդված 4-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավական հետևանքը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը, այդուհանդերձ այդ ժամկետը բաց թողնված լինելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդության հարցի քննարկման համար կարևորվում է ինչպես այն հանգամանքը, թե արդյոք ստորադաս դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել դատավարության մասնակցին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու պարտականությունը, այնպես էլ այն, թե երբ է բողոքարկվող դատական ակտը հասու եղել բողոք բերող դատավարության մասնակցին:

ՀՀ վարչական դատարանի այս պարտականությանն է անդրադարձել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով 22.09.2023 թվականի որոշմամբ` ընդգծելով այդ պարտականության պատշաճ կատարման կարևորությունը` որպես դատավարության մասնակիցների համար դատական ակտերի հասանելիության և ըստ այդմ նաև` դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման գործուն երաշխիք: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) դատարանների կողմից դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակի համար կարևորվում է նաև այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, ում նկատմամբ դատարանը կրում է իր այդ պարտականությունը:

(...) դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանի պարտականությունն ունի կոնկրետ հասցեատեր, այն է` դատավարության մասնակիցները` հայցվորը, պատասխանողը և երրորդ անձինք (Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս): Օրենսգիրքը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին չի դիտարկում ո՛չ որպես դատական ակտերն ուղարկելու պարտականության լրացուցիչ, ո՛չ որպես այլընտրանքային հասցեատեր` հաշվի առնելով, որ նշված նորմերում օրենսդիրը չի օգտագործել «և դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին», «կամ դատավարության ներկայացուցիչներին» ձևակերպումները:

(...) օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում` վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան:

(...) դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է` դատավարության մասնակցին:

(...) դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին: (...) դատարաններն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասնակցի ներկայացուցչին միայն այն դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջնորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում` դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին: Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի` դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում:

(...) դատարանների կողմից դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը չի կարող համարվել դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում, բացառությամբ այն դեպքի, երբ դատավարության մասնակիցը դատարանին ուղղված համապատասխան միջնորդությամբ խնդրել է դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին (տե՛ս, Էդուարդ Սուքիասյանն ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30.05.2024 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-220-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատական ծանուցումները» վերտառությամբ 61-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է` «(...) 2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ 30.05.2024 թվականին ուժի մեջ մտած կարգավորումների պայմաններում դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը պատշաճ կատարված կհամարվի նաև այն դեպքում, երբ դատական ակտն ուղարկվել է ներկայացուցչին, ում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահելու մասին հատուկ նշում է առկա լիազորագրում (տե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8742/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.06.2024 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու հարցը լուծելիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նախևառաջ պետք է պարզի, թե արդյոք ՀՀ վարչական դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել բողոքարկվող դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունը: Մասնավորապես, արդյոք ճիշտ է ընտրվել այն սուբյեկտը, ում պետք է ուղարկվեր դատական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

Հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը` ծանուցումներն ու դատավարական այլ փաստաթղթերը` այդ թվում դատական ակտերը, ՀՀ վարչական դատարանը պարտավոր է ուղարկել միայն ներկայացուցչին, եթե դատավարության մասնակիցը դիմում է ներկայացրել իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ կամ իր ներկայացուցչին տրված լիազորագրում հատուկ նշել է ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին, հետևաբար այդ փաստաթղթերը միաժամանակ դատավարության մասնակցին ուղարկելու օրենսդրական անհրաժեշտությունը բացակայում է:

Վերոգրյալ իրավակարգավորմամբ օրենսդիրը փաստացի բացառել է միևնույն նպատակի համար կրկնակի ծախս կատարելու հնարավորությունը և համապատասխան նախապայմանների առկայության պարագայում սահմանել է ծանուցումներն ու դատավարական այլ փաստաթղթերը` այդ թվում դատական ակտերը միայն դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելու կանոն: Ըստ այդմ` ապահովելով իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի իրացումը` օրենսդիրը բացառել է նաև դատավարական ժամկետների հաշվարկի և բողոքարկման իրավունքի իրականացման մասով անորոշությունը, քանի որ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ վերադաս դատական ատյանների համար որոշակի կլինի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար հիմք ընդունվող ելակետը` դատական ակտը ստանալու օրը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը դիմում է ներկայացրել իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ կամ իր ներկայացուցչին տրված լիազորագրում հատուկ նշել է ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին, ապա այդ փաստաթղթերը պետք է ուղարկվեն միայն դատավարության մասնակցի ներկայացուցչին և դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար հիմք պետք է ընդունվի վերջինիս կողմից դատական ակտը ստանալու օրը: Ընդ որում` դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու պարագայում ծանուցումներն ու դատավարական այլ փաստաթղթերը` այդ թվում դատական ակտերը նաև դատավարության մասնակցին ուղարկված լինելու և վերջինիս կողմից ստացված լինելու հանգամանքն ինքնին վերոգրյալ հիմնավորումների հաշվառմամբ չի կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար: Միաժամանակ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե դատական ակտը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելու հիմքերի առկայության պայմաններում բողոքարկման ենթակա դատական ակտն ուղարկվել է միայն դատավարության մասնակցին, ապա համարվում է, որ դատարանը պատշաճ չի կատարել դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար չի կարող հիմք ընդունվել դատավարության մասնակցի կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալու օրը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունը և որպես անվավերության հետևանքներ` Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում` 231.459 ՀՀ դրամ` որպես տուգանք, 11.573 ՀՀ դրամ` որպես կատարողական վարույթի ծախսեր:

Դատարանը 13.05.2025 թվականի վճռով հայցը մերժել է:

Դատարանի վճռի դեմ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանն իր ներկայացուցիչ Կարինե Օվչյանի միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միևնույն ժամանակ վերջինս ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը 07.07.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչ Կարինե Օվչյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հրապարակվել է 14.05.2025 թվականին, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ կարող էր բողոքարկվել մինչև 16.06.2025 թվականը ներառյալ (15.06.2025 թվականը` ոչ աշխատանքային օր), այսինքն` անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը:

(...)

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հայցվոր Հերմինե Սարգսյանն ստացել է 16.05.2025 թվականին, ինչը հավաստվում է գործում առկա հետադարձ ծանուցման անդորրագրով (գ.թ. 55), որպիսի պայմաններում բողոքարկվող դատական ակտին իրազեկվելուց հետո մեկամսյա ժամկետի վերջին օրը 17.06.2025 թվականն է, մինչդեռ բողոքը Վերաքննիչ դատարան առաքելու համար հայցվորի ներկայացուցիչ Կարինե Օվչյանը փոստային ծառայությանն է ներկայացրել 25.06.2025 թվականին (հիմք` LO128458166AM ծրար), այսինքն` բացակայում են իրավունքի ուժով դատավարական ժամկետը վերականգնելու հիմքերը:

Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված փաստարկներին առ այն, որ հայցվորի ներկայացուցիչը բողոքարկված դատական ակտն ստացել է 02.06.2025 թվականին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատավարության մասնակից հանդիսացող հայցվորի կողմից դատական ակտին փաստացի 16.05.2025 թվականին իրազեկված լինելու պայմաններում միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ միջնորդությունը բավարարելու համար»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից 27.06.2024 թվականին երեք տարի ժամկետով լիազորագիր է տրվել Կարինե Օվչյանին, վերջինիս, ի թիվս այլնի, վերապահելով նաև դատական ծանուցումներն ու դատական փաստաթղթերը, բոլոր տեսակի դատական ակտերը ստանալու լիազորություն (գ.թ. 24):

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռն ուղարկվել է և՛ հայցվոր անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանին, և՛ վերջինիս ներկայացուցիչ Կարինե Օվչյանին, ովքեր վճռի օրինակները ստացել են համապատասխանաբար 16.05.2025 թվականին և 02.06.2025 թվականին (գ.թ. 54-57):

Այնուհետև Դատարանի 13.05.2025 թվականի վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2025 թվականին: Միաժամանակ, ներկայացված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնելով, որ բողոքարկվող դատական ակտը փաստացի ստացել է 02.06.2025 թվականին, հայցվորի ներկայացուցիչը խնդրել է բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողնելը օրենքի ուժով համարել հարգելի և այն հաշվարկել դատական ակտը ստանալու, իրեն հասանելի լինելու պահից` 02.06.2025 թվականից (գ.թ. 66-70):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը պատշաճ կերպով չի կատարել բողոքարկվող դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականությունը, քանի որ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն իր ներկայացուցչին վերապահելու մասին հայցվորի կողմից տրված լիազորագրում հատուկ նշում առկա լինելու պարագայում այդ պարտականության պատշաճ կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման իմաստով դատական ակտը միայն ներկայացուցչին ուղարկելն է, ում կողմից ստանալու օրով էլ պետք է պայմանավորվեր դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Դատարանի վճիռը հայցվորի կողմից ստանալու օրը` 16.05.2025 թվականը` անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս Կարինե Օվչյանին տրված լիազորագրով, ի թիվս այլնի, նրան վերապահել է նաև դատական ծանուցումներն ու դատական փաստաթղթերը, այդ թվում` բոլոր տեսակի դատական ակտերը ստանալու լիազորություն, հետևաբար և լեգիտիմ ակնկալիք է ունեցել այն մասին, որ Դատարանը, ի կատարումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի, վճիռը պետք է ուղարկի ներկայացուցչին, ով էլ պետք է իրականացնի իր շահերի դատական պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքն ուղղակիորեն փոխկապակցված է այդ դատական ակտը ստանալու, այսինքն` այն բողոքաբերին հասու լինելու հանգամանքի հետ, որը կրում է ոչ թե ձևական բնույթ, այլ միտված է ապահովել անձի` իր իրավական վիճակը վատթարացնող կամ իր իրավունքներին և օրինական շահերին որևէ կերպ առնչվող դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու և դրա հետ համաձայն չլինելու դեպքում` այն բողոքարկելու իրավունքի իրական և արդյունավետ իրացման հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն իր ներկայացուցչին լիազորում է իր անունից հանդես գալ դատարանում, ստանալ դատավարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դատական ակտերը և բողոքարկել դրանք, նա այդ կերպ իր կամքն է արտահայտում իրեն դատական բուն ընթացակարգով չծանրաբեռնելու, այդ թվում` դատավարական փաստաթղթեր և դատական ակտեր չուղարկելու առումով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ներկայացուցիչ Կարինե Օվչյանը, ով հայցվորի կողմից տրված լիազորագրով օժտված է եղել դատական ակտը ստանալու և այն բողոքարկելու լիազորությամբ, միայն 02.06.2025 թվականից սկսած է ունեցել իրական հնարավորություն ծանոթանալու Դատարանի վճռին և վերաքննիչ բողոք ներկայացնել այդ վճռի դեմ, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի անձի բողոքարկման իրավունքի պատշաճ իրականացման տեսանկյունից: Ուստի հայցվորի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության քննարկման համար պետք է հիմք ընդունվի ոչ թե հայցվորի, այլ` վերջինիս ներկայացուցչի կողմից վճիռը ստանալու օրը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ոչ իրավաչափ դատական ակտ է, որի կայացմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ` սահմանափակելով հայցվորի բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող` Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3125

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.02.2026
N ՎԴ/8198/05/24
Որոշում