Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ       

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/1802/05/24

    Վարչական գործ թիվ ՎԴ/1802/05/24             2026 թ.

 

     Նախագահող դատավոր` Ռ. Խանդանյան

    Դատավորներ`        Մ. Մելքումյան

                       Ա. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող` Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաղանուշ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վարչական գործով` ըստ հայցի Վաղանուշ Ամիրխանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` ՀՀ պետական եկամուտների կոմիտե` 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը կարճելուն, հայցվորի գույքի վրա դրված արգելանքները վերացնելուն և կատարողական վարույթի շրջանակներում հայցվորից փաստացի բռնագանձված գումարներն ամբողջ ծավալով վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վաղանուշ Ամիրխանյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը` կարճել 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը, վերացնել հայցվորի գույքի վրա դրված արգելանքները և ամբողջ ծավալով վերադարձնել կատարողական վարույթի շրջանակներում հայցվորից փաստացի բռնագանձված գումարները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Ծառայությունը պարտավորեցվել է 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը կարճելու, հայցվորի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտն ընդունելուն: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և Դատարանի 16.04.2025 թվականի վճռի դեմ Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաղանուշ Ամիրխանյանը (ներկայացուցիչ` Տիգրան Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-136-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն սահմանում է, որ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում, ուստի օրենքի ուժով սահմանված լինելու պարագայում այդ արտոնությունը կիրառելու մասին առանձին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ծախսերի մասով` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու կարգի, ժամկետների, վերաքննիչ բողոքի ձևին ու բովանդակությանը ներկայացվող իմպերատիվ պահանջներին համապատասխանող բողոքի` վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության պայմաններում վերաքննիչ դատարանի պոզիտիվ պարտականությունն է կայացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

Սույն դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է առաջին ատյանի դատարանի վճռի դեմ` դատական ծախսերի մասով, և օրենքի ուժով պետական տուրքի վճարման պարտականությունից ազատված լինելու պայմաններում բողոք բերող անձն այդ արտոնությունից օգտվելու համար առանձին միջնորդություն ներկայացնելու պարտականություն չի կրում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտերի բողոքարկման համար օրենքով սահմանված` պետական տուրք վճարելու արտոնություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը, որի նպատակը պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցումն է, ինչպես նաև ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելելն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված դեպքերում դատական ակտերի դեմ բողոքարկման համար պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, արձանագրել է` որ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի նկատմամբ կարող են նախատեսվել սահմանափակումների տեսքով որոշակի պահանջներ: Իրենց հերթին այդ պահանջները չպետք է հանգեցնեն դատական պաշտպանության իրավունքի ոչ համաչափ սահմանափակման: Ի թիվս այլնի, նման սահմանադրական պահանջ է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա օրենքով սահմանված դեպքերում նախատեսված` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունը: Փաստորեն, նշված սահմանադրական պարտականությունը գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, ի մասնավորի` դատական ակտերի բողոքարկման իրավունքի հետ սերտ կապի մեջ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված դեպքերում դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ պետական տուրքի վճարման հանգամանքով է պայմանավորված արդարադատություն իրականացնող մարմիններին դիմելու անձանց հնարավորությունը: ՈՒստի` պետական տուրքի վճարման պարտականության նախատեսումը չի կարող ուղղված լինել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելուն կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելուն: Ավելին` դատարան դիմելու, այդ թվում` ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականությունն այլ հավասար պայմանների դեպքում դատարանի մատչելիության իրավունքի լեգիտիմ սահմանափակում է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը հատկապես կարևորել է այն, որ նման սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում իրավակիրառողները ոչ մի դեպքում չպետք է այդ սահմանափակումներ նախատեսող նորմերին տան տարածական մեկնաբանություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 23.04.2024 թվականի ՍԴՈ-1726 որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի` արդարադատության պատշաճ իրականացման նպատակը կարող է արդարացնել դատարան դիմող սուբյեկտների համար ֆինանսական սահմանափակումներ նախատեսելը: Քաղաքացիական դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այնուամենայնիվ, պետական տուրքի չափը` գնահատված տվյալ գործի հանգամանքների համատեքստում, ներառյալ` դիմողի վճարունակությունը, և դատավարության այն փուլը, որում կիրառվում է տվյալ սահմանափակումը, էական գործոններ են` որոշելու համար արդյոք անձն օգտվել է դատարանի մատչելիության իր իրավունքից և արդյոք նրա գործը լսվել է դատարանի առջև (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 59-60):

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, տուրքերի տեսակները և դրույքաչափերը, տուրք վճարողներին, տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև` «Օրենք»), որին հղում է կատարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 57-րդ հոդվածը: Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Պետական տուրքը, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է (Օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածներ):

Պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրը, դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու նպատակից ելնելով, սահմանել է որոշակի արտոնություններ, որոնք միտված են ապահովելու արդարացի հավասարակշռություն` դատարանի մատչելիության իրավունքի իրացման և դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև: Արտոնությունների տեսակները սահմանված են Օրենքի 2-րդ հոդվածով. պետական տուրքի գծով արտոնություններն են պետական տուրքի վճարումից ազատումը, պետական տուրքի նվազեցումը, պետական տուրքի դրույքաչափի նվազեցումը, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումը և պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատումը, նվազեցումը, դրանք վճարելու ժամկետի հետաձգումը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է այն դեպքերը, երբ դատարան դիմող անձինք օրենքի ուժով ազատվում են պետական տուրքի վճարումից` նման արտոնության տրամադրումը պայմանավորելով տարբեր հանգամանքներով: Մասնավորապես, օրենսդիրն առանձին դեպքերում արտոնության տրամադրումը պայմանավորել է.

- վեճի բնույթով. օրինակ` երբ վեճը վերաբերում է անձի կենսապահովման առաջնային միջոցներին (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետեր),

- դատարան դիմող սուբյեկտի անձով. օրինակ` երբ դատարան են դիմում արդարացված մեղադրյալները, ապաստան հայցողներն ու փախստականները (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 19-րդ կետեր),

- վարութային առանձնահատկություններով. օրինակ` երբ ներկայացվում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ),

- դատական պաշտպանության ենթակա իրավունքով. օրինակ` ընտրելու և ընտրվելու իրավունքի պաշտպանության գործերով (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ):

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում հայցվորները պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ միայն դատարան հայց (դիմում) ներկայացնելիս, այլ նաև դատարանի վճիռները և որոշումները բողոքարկելիս (Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս):

Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնող դատավարության մասնակիցներն ազատվում են համապատասխանաբար վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, ինչպես նաև միջանկյալ դատական ակտը բողոքարկելու դեպքում:

Օրենսդիրը Օրենքի 22-րդ հոդվածով սահմանելով այն դեպքերը, երբ անձը դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելուց ազատվում է օրենքի ուժով, միաժամանակ, Օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով դատարաններին իրավասություն է վերապահել առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություններ` նույն Օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու համար անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Դատարան ներկայացվող հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող նյութական իրավունքի վերը նշված նորմերին համահունչ դատավարական կարգավորումներ են սահմանված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով օրենսդիրը, պետական տուրքի վճարումը դիտարկելով որպես դատարան դիմելու իրավունքի իրացման նախապայման (եթե անձն ազատված չէ պետական տուրքի վճարումից օրենքի ուժով)` հայցադիմում (դիմում), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնող սուբյեկտների համար սահմանել է համապատասխանաբար հայցադիմումին (դիմումին), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ներկայացնելու պարտականություն (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 134-րդ հոդվածի 4-րդ մաս, 158-րդ հոդվածի 5-րդ մաս): Միաժամանակ, հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կարգավորումը` օրենսդիրը նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, որպիսի դեպքում հայցվորը (դիմումատուն, բողոք բերող անձը) պարտավոր է հիմնավորել, որ գույքային դրությամբ պայմանավորված ի վիճակի չէ կատարելու պետական տուրք վճարելու պարտականությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ պետական տուրք վճարելու արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվում է օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականություն չունեցող սուբյեկտի կողմից, նման միջնորդությունն առարկայազուրկ է և որպես այդպիսին ենթակա չէ քննարկման: Իսկ պետական տուրք վճարելու` օրենքով սահմանված պարտականություն ունեցող անձի կողմից արտոնություն կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ վերջինիցս պահանջվում է ներկայացնել բավարար փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ առ այն, որ իր գույքային դրությունը թույլ չի տալիս կատարելու պետական տուրք վճարելու պարտականությունը (տե՛ս, Սեյրան Աղվանյանն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության թիվ ՎԴ6/0292/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.06.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, հավելում է, որ այն դեպքում, երբ հայցվորը (դիմումատուն, բողոք բերող անձը) օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, հայցադիմումը (դիմումը, բողոքը) վերադարձնելն այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումին (դիմումին, բողոքին) կից ներկայացված չէ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր, հանդիսանում է անհամաչափ միջամտություն անձի դատարանի մատչելիության իրավունքին:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հայցադիմումին (դիմումին, բողոքին) կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր չներկայացվելու դեպքում դատարանից պահանջվում է հավաստիանալ` արդյոք առկա չէ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերից որևէ մեկը, երբ օրենսդիրն օրենքի ուժով հայցվորին (դիմումատուին, բողոք բերող անձին) ազատել է պետական տուրքի վճարումից:

Հաշվի առնելով Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի կարգավորումը` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման դեպքում վերադաս դատական ատյանի կողմից պահանջվում է պարզել նաև, թե ինչ հիմքով (հիմքերով) է բողոքարկվում դատական ակտը: Եթե վերջինս բողոքարկվում է միայն դատական ծախսերի մասով, ապա բողոքաբերը չի կրում պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար, այս դեպքում վերադաս ատյանի կողմից չի կարող պահանջվել ներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր կամ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն` հաշվի առնելով, որ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկող անձն արդեն իսկ օրենքի ուժով ազատված է վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է պարտավորեցնել Ծառայությանը կարճել 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը, վերացնել հայցվորի գույքի վրա դրված արգելանքները և վերադարձնել կատարողական վարույթի շրջանակներում հայցվորից փաստացի բռնագանձված գումարները:

Դատարանը 16.04.2025 թվականի վճռով Վաղանուշ Ամիրխանյանի հայցը բավարարել է մասնակիորեն. Ծառայությանը պարտավորեցրել է ընդունել 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը կարճելու, հայցվորի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու մասին բարենպաստ վարչական ակտ: Մնացած մասով հայցը մերժել է: Դատական ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ. «(...) 3) Վաղանուշ Ամիրխանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 5.000 դրամ` որպես հայցի մերժման մասով նախատեսված պետական տուրքի գումար. 4) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 5.000 դրամ` որպես հայցի բավարարման մասով նախատեսված պետական տուրքի գումար. 5) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Վաղանուշ Ամիրխանյանի բռնագանձել 20.000 դրամ` որպես ներկայացուցչի խելամիտ վարձատրության փոխհատուցում»:

Անդրադառնալով ներկայացուցչի վարձատրությանը` Դատարանն արձանագրել է. «Հայցվորի կողմից ներկայացվել է իր և անհատ ձեռնարկատեր Տիգրան Ստեփանյանի միջև 2024 թվականի հունվարի 23-ին կնքված փաստաբանական ծառայության մատուցելու մասին պայմանագրից քաղվածք, որի 4.1 կետով սույն դատական գործով մատուցվող ծառայության արժեքը կազմում է 100.000 դրամ:

(...) Դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով հայցվորի ներկայացուցչի վարձատրության ողջամտության հարցը որոշելիս էական են հետևյալ հանգամանքները.

1) Հայցադիմումը կազմվել է Տիգրան Ստեփանյանի կողմից, վերջինս ներկայացրել է միջնորդություններ, ներկայացրել վերաքննիչ բողոք.

2) գործով տեղի է ունեցել երկու դատական նիստ, որից մեկին հայցվորի ներկայացուցիչը մասնակցել է.

3) գործը միջին բարդության է և տևել է շուրջ 1 տարի

4) հայցը ենթակա է բավարարման մասնակի` 15.01.2024 թվականին հարուցված թիվ 11639867 կատարողական վարույթը կարճելուն, հայցվորի գույքի վրա դրված արգելանքները վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա դատարանը փաստաբանի վարձատրության ողջամիտ չափ է համարում 20.000 դրամը, որը որպես դատական ծախս պետք է փոխհատուցի հայցվորը:»:

Վերաքննիչ դատարանի 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և Դատարանի 16.04.2025 թվականի վճռի դեմ Վաղանուշ Ամիրխանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքին չեն կցվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ինչպես նաև չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:»:

 

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ բողոքով բողոք բերած անձը խնդրել է. «ՀՀ վարչական դատարանի 16.04.2025 թվականի վճիռը մասնակի` դատական ծախսերի մասով բեկանել և փոփոխել` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Վաղանուշ Վաղինակի Ամիրխանյանի բռնագանձել 100.000 դրամ` որպես փաստաբանի վարձատրության գծով դատական ծախսի փոխհատուցում (...)»:

Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերի և խնդրամասի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս Դատարանի 16.04.2025 թվականի վճիռը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում: Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ բողոք բերող անձն օրենքի ուժով ազատված է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից, եթե դատական ակտը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերը նշված պահանջը կիրառելի չէ այն դեպքում, երբ բողոք բերող անձը դատական ակտը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով` հաշվի առնելով, որ այս դեպքում բողոքաբերը պետական տուրքի վճարումից արդեն իսկ ազատված է օրենքի ուժով: Հետևաբար, միայն դատական ծախսերի մասով դատական ակտը բողոքարկելու դեպքում վերաքննիչ բողոքը չի կարող վերադարձվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չէ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը կամ ներկայացված չէ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Սույն դեպքում Վաղանուշ Ամիրխանյանը Դատարանի 16.04.2025 թվականի վճիռը բողոքարկել է միայն դատական ծախսերի մասով, ուստի վերջինիս նկատմամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը կիրառելի չէր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելով այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն, խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը` սահմանափակելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված` բողոք բերող անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող` բողոքարկման իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող` Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3128

 

pin
Վճռաբեկ դատարան
10.02.2026
N ՎԴ/1802/05/24
Որոշում