Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՈՉ ԿԱՆ ...

 

01.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հոկտեմբերի 2022 թվականի N 18-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 28-րդ կետով` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հոկտեմբերի 31-ի

N 18-Ն հրամանի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների (այսուհետ` Հարթակ) շահագործման թույլտվության տրման և դրա շահագործման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել Հարթակների շահագործման թռիչքային անվտանգությունը:

3. Սույն կարգը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) թիվ 14 հավելվածի թիվ 1 և 2 հատորների, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9774 և դոկ 9981 ղեկավար ձեռնարկների և Եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 139/2014 կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) դրույթների հիման վրա:

4. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մեկանգամյա վայրէջքների համար օդանավի հրամանատարի կողմից օդից ընտրված վայրէջքի հարթակներին կամ եթե տարեկան կտրվածքով Հարթակում իրականացվող թռիչք-վայրէջքների քանակը չի գերազանցում 30-ը:

5. Հարթակում կարող են շահագործվել միայն այն օդանավերը, որոնց առավելագույն թռիչքային քաշը չի գերազանցում 3000 կգ:

6. Հարթակը չի կարող տեղակայվել գործող աերոդրոմի տեղորոշիչ կետից (ARP` Aerodrome Reference Point) 5 կմ շառավիղով շրջանի սահմաններում և 15 կմ-ից մոտ հեռավորության վրա` գործող աերոդրոմի թռիչք-վայրէջքների ուղղությամբ:

7. Ինքնաթիռների համար նախատեսված Հարթակը չի կարող տեղակայվել բնակավայրերից և հասարակական վայրերից 700 մետրից մոտ: Ինքնաթիռների համար նախատեսված Հարթակը պետք է տեղակայված լինի այնպես, որպեսզի թռիչք-վայրէջքների ուղղություններով գտնվող բնակավայրերի հեռավորությունը կազմի առնվազն 2500 մետր:

8. Հարթակի շահագործման թույլտվությունը տրվում է առավելագույնը երեք տարի գործողության ժամկետով:

 

2. ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

9. Հարթակը կարող է շահագործվել միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից սույն կարգի պահանջների համաձայն տրված թույլտվության հիման վրա:

10. Թույլտվություն ստանալու նպատակով Հարթակ շահագործողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացնում հայտ` համաձայն Ձև 1-ի: Թղթային եղանակով հատը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով` Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով: Հայտին կից ներկայացվում է հետևյալ տեղեկությունը`

1) տեղեկատվություն հարթակ շահագործողի վերաբերյալ.

ա. իրավաբանական անձի դեպքում` կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ),

բ. ֆիզիկական անձի դեպքում` անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, կապի միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ).

2) օդանավի սեփականության իրավունքի գրանցման կամ օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում),

3) Հարթակի շրջանի կադաստրային քարտեզը` Հարթակի աշխարհագրական կենտրոնից 5 կմ շառավղով, որտեղ արտացոլված կլինեն բնակավայրերը, արտադրական օբյեկտները (ծուխ արտանետող, աղբանոցներ, լույս արտացոլող) և հասարակական վայրեր,

4) Հարթակի տեղանքի օգտագործման իրավական հիմքերը (սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը), այդ թվում` հարթակի տեղանքի նպատակային նշանակությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի,

5) Հարթակի նպատակը` ուսումնական թռիչքներ, ոչ կանոնավոր առևտրային փոխադրումներ, սիրողական, անձնական, փորձարարական:

6) Հարթակի շահագործողական ցուցանիշերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

ա. աշխարհագրական կոորդինատները (WGS-84 համակարգով) և բացարձակ բարձրությունը,

բ. թռիչք-վայրէջքի հիմնական ուղղությունները (մագնիսական ուղղվածությունները),

գ. Հարթակի տարրերի (վազուղի, ղեկուղի, կայանատեղ, վայրէջքի և պոկման գոտի, վայրէջքի և թռիչքի վերջնական փուլի գոտի, անվտանգության գոտիներ) ֆիզիկական բնութագրերը,

դ. Հարթակի խոչընդոտներից ազատ գոտիներում առկա արհեստական խոչընդոտների վերաբերյալ (աշխարհագրական կոորդինատները` WGS-84 համակարգով, բացարձակ բարձրությունը),

ե. Հարթակի տեսողական միջոցները (քամու ուղղության ցուցիչ, ցերեկային մականշում կամ վերգետնյա նշաններ),

զ. Հարթակի թռիչքային և ավիացիոն անվտանգությանն ուղղված միջոցառումները (կողմնակի մարդկանց և կենդանիների մուտքը դեպի Հարթակի տարածք կանխարգելող միջոցառումները): Հարթակում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների ծրագիրը.

7) շահագործվող օդանավերի կատեգորիաները կամ տիպերը, շահագործվող օդանավերի և Հարթակի համապատասխանության հիմնավորումները (օդանավերի թռիչքատեխնիկական բնութագրերը, Հարթակի շահագործողական ցուցանիշերը. համաձայն Կարգի III և IV Գլուխների պահանջների),

8) Հարթակում թռիչքների իրականացման հրահանգը, որում պետք է ներկայացված լինեն.

ա. թռիչքների և վայրէջքների իրականացման սխեմաները.

բ. կապի ապահովման միջոցները` առկայության դեպքում.

գ. թռիչքային սահմանափակումները` կապված եղանակային պայմանների հետ.

դ. օդային երթևեկության սպասարկման մարմինների (այսուհետ` ՕԵՍ) հետ համագործակցության ընթացակարգը:

9) հրդեհաշիջման միջոցների և թռիչքների վթարափրկարարական ապահովվմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.

10) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(10-րդ կետը փոփ. 19.12.2024 թիվ 16-Ն հրաման)

11. Կարգի 10-րդ կետի համաձայն ներկայացված հայտն ուսումնասիրվում է Կոմիտեի նախագահի կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից` հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Հայտատուին այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:

13. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների և (կամ) անճշտությունների մասին առաջին գրավոր տեղեկացումը Հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը:

14. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններն իրականացվում են հայտի և հայտին կից ներկայացված տեղեկությունների տեսական գնահատման և Կարգի III կամ IV գլուխներով սահմանված պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունների միջոցով:

15. Հայտատուի մոտ ուսումնասիրություններն իրականացվում են Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 հավելվածի թիվ 1 և 2 հատորների, ԻԿԱՕ-ի դոկ 9774 և դոկ 9981 ղեկավար ձեռնարկների և Կանոնակարգի պահանջների հիման վրա:

16. Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն և ներկայացվում Կոմիտեի նախագահին:

17. Հայտատուի` սույն կարգի 16-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեի նախագահը 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տրամադրում է Հարթակի շահագործման թույլտվություն` համաձայն Ձև 2-ի:

18. Հայտատուի` սույն կարգի 16-րդ կետով նախատեսված անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում է տեղեկացնում է Հայտատուին` առաջարկելով վերացնել դրանք: Անհամապատասխանության վերացման ժամկետները համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:

19. Շահագործման թույլտվություն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում Հարթակ շահագործողը Կոմիտե է ներկայացնում դիմում Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ Հարթակի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու համար` նշելով.

1) մոտակա բնակավայրի կամ դրա բացակայության դեպքում աշխարհագրական տեղորոշիչ կետի (օրիենտիրի) անվանումը:

2) Հարթակ շահագործողի վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի:

3) Հարթակի աշխատանքային ժամերը:

4) Հարթակի տեղորոշիչ կետի (ARP) կոորդինատները և բացարձակ բարձրությունը:

5) թռիչք-վայրէջքների մագնիսական ուղղվածությունները և մագնիսական հակումը (/\M):

6) Հարթակի տարրերի բնութագրերը (երկրաչափական չափերը և ծածկույթի տեսակը):

7) ինքնաթիռների շահագործման համար նախատեսված հարթակի դեպքում` վազքուղու շեմերի և վայրէջքի կետերի աշխարհագրական կոորդինատները (WGS-84 համակարգով) և բացարձակ բարձրությունը:

20. Սույն կարգի 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով նախատեսված ժամկետներում Հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայտատուին:

21. Հարթակի շահագործման ընթացքում Հարթակ շահագործողն ապահովում է Կարգով սահմանված Հարթակին ներկայացվող պահանջները և թռիչքների անվտանգությունը: Հարթակի շահագործողական ցուցանիշերի և թռիչքների ընթացակարգերի նախատեսվող փոփոխությունները Հարթակ շահագործողը համաձայնեցնում է Կոմիտեի հետ` գրավոր ներկայացնելով նախատեսվող փոփոխության առարկան, դրա նպատակը և հիմնավորումը, դրանով պայմանավորված թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատումը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(21-րդ կետը փոփ. 19.12.2024 թիվ 16-Ն հրաման)

22. Հարթակը պետք է ապահովված լինի հրդեհաշիջման և բժշկական օգնության առաջնային միջոցներով:

23. Եթե Հարթակում բացակայում է պարագծային ցանկապատումը, ապա Հարթակի սահմաններին պետք է տեղադրվեն «Մուտքն արգելվում է» ցուցանակներ, ընդ որում ցուցանակները տեղադրվում են այնպես, որպեսզի դրանք տեսանելի լինեն մեկը մյուսի նկատմամբ:

24. Հարթակի շահագործումը դադարեցնելու դեպքում շահագործողը, շահագործումը դադարեցնելու օրվանից յոթօրյա ժամկետում գրավոր` թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Կոմիտեին` կից ներկայացնելով շահագործման թույլտվության բնօրինակը: Հարթակի շահագործման դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեն հրապարակում է Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ:

25. Հարթակի շահագործման թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի:

26. Կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով սահմանված պահանջների խախտումը համարվում է թռիչքների կանոնների խախտում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

3. ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԹԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Հարթակները կարող են լինեն արհեստական կամ հողային (գրունտային) ծածկույթով, որի ամրությունը պետք է ապահովի շահագործվող ինքնաթիռների ծանրաբեռնվածությունը:

28. Հարթակի տարրերի (վազուղի, ղեկուղի, կայանատեղ) վրա բացառվում են թումբերի, հողակույտերի, փոսերի, սահմանաշերտերի և նմանատիպ խոչընդոտների առկայությունը, որոնք կարող են դժվարացնել ինքնաթիռների թռիչք-վայրէջքները և գետնավարումը:

29. Հարթակի վազքուղիները պետք է ապահովված լինեն անվտանգության եզրագոտիներով և վերջնագոտիներով` ինքնաթիռների վազքուղու սահմաններից դուրս գալու դեպքում վնասումները բացառելու նպատակով:

30. Հարթակում ինքնաթիռների կայանատեղերը պետք է դիրքավորված լինեն այնպես, որպեսզի ապահովվի ինքնաթիռների միջև անվտանգ հեռավորությունները. առնվազն 3 մետր ինքնաթիռների թևերի ծայրերի միջև: Կայանատեղերը պետք է ապահովված լինեն ինքնաթիռի ամրացման միջոցներով:

31. Հարթակները պետք է ապահովված լինեն խոչընդոտներից ազատ օդային գոտիներով: Թռիչք-վայրէջքների ուղղություններով խոչընդոտներից ազատ գոտին իրենից ներկայացնում է սեղան, որի հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ, երկարությունը կազմում է 6000 մետր, կողմերի շեղումը` 150, իսկ թեքության անկյունը 1:30 վազքուղու շեմից: Խոչընդոտներից ազատ եզրային գոտիները կազմվում են երկու հարթություններից. առաջինը սկսվում է վազքուղու եզրերից 1:8 թեքությամբ մինչև 50 մետր բարձրություն, իսկ երկրորդը հանդիսանում է առաջինի շարունակություն. 1:15 թեքությամբ մինչև 200 մետր բարձրություն:

32. Հարթակները պետք է ապահովված լինեն առնվազն մեկ քամու ուղղության ցուցիչով, որը տեղադրվում է թռիչք-վայրէջքների հիմնական վազքուղու շեմի սահմաններում, որպեսզի տեսանելի լինի ինքնաթիռի հրամանատարին: Քամու ուղղության ցուցիչն իրենից ներկայացնում հատված կոն, որի երկարությունը պետք է լինի առնվազն 3.6 մետր, իսկ հիմքի տրամագիծը` 0,9 մետր: Գերթեթև ինքնաթիռների համար նախատեսված հարթակներում տեղադրվող քամու ուղղության ցուցիչի երկարությունը կարող է լինել 1,2 մետր, իսկ տրամագիծը` 0,15 մետր: Քամու ուղղության ցուցիչի գույնը պետք է ապահովի դրա տեսանելիությունը 300 մետր բարձրությունից: Նախընտրելի են համարվում սպիտակ կամ նարնջագույն գույները: Ելնելով միջավայրի ընդհանուր ֆոնից կարող է կիրառվել գույների զուգակցում` նարնջագույն և սպիտակ, կարմիր և սպիտակ կամ սև և սպիտակ:

33. Եթե հարթակի տարրերը (վազքուղի, ղեկուղի, կայանատեղեր) ունեն արհեստական ծածկույթ, ապա պետք է ապահովվի դրանց ցերեկային մականշումը. համաձայն Չիկագոյին կոնվենցիայի N 14 հավելվածի պահանջների:

34. Եթե հարթակի տարրերը հողային (գրունտային) ծածկույթով է, ապա դրանց սահմանների մականշման համար օգտագործվում են մուտքային, սահմանային և վայրէջքի տեղի «T» վերգետնյա նշաններ:

35. Մուտքային նշանն իրենից ներկայացնում է եռակողմ պրիզմա 4,9 մետր երկարությամբ և 1 մետր բարձրությամբ, որի հիմքի լայնությունը կազմում է 1,2 մետր:

1) Նշանը մեկ կողմից մականշվում է 0,7 մետր լայնությամբ սև և սպիտակ շերտագծերով, իսկ մյուս կողմից` կարմիր և սպիտակ շերտագծերով` համաձայն նկար 1-ի: Մուտքային նշանը տեղադրվում է վազքուղու շեմի ուղղությամբ, եզրագծից 5 մետր հեռավորության վրա, ընդ որում սև և սպիտակ շերտագծերով մականշված կողմով դեպի վայրէջքի ուղղությունը, իսկ կարմիր և սպիտակ շերտագծերով կողմը դեպի վազքուղի:

 

_________________

ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

ՆԿԱՐ 1

 

36. Սահմանային նշանն իրենից ներկայացնում է դրոշակ 1 մետր բարձրությամբ և 0,5x0,4 մետր չափերով: Դրոշակները կարող են լինել սև, սպիտակ կամ կարմիր գույնի` կապված թե, որ գույնն է առավել արտահայտիչ տվյալ տեղանքում: Վազքուղու սահմանային դրոշակները տեղադրվում են վազքուղու ամբողջ երկարությամբ` իրարից 100 մետր հեռավորությունների վրա: Սահմանային դրոշակները տեղադրվում են նաև ղեկուղու(ների) երկայնքով և օդանավի կայանատեղի (կառամատույցի) պարագծով իրարից 20 մետր հեռավորություն վրա: Սահմանային նշանները տեղադրում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տարրերի եզրերից 1-5 մետր հեռավորությունների վրա:

37. Վայրէջքի տեղի «T» նշանը բաղկացած է երկու 5x1 մետր չափերով ուղղանկյունիներից, որոնք միմյանց նկատմամբ տեղադրվում են այնպես, որպեսզի կազմվի լատիներեն «T» տառը` համաձայն նկար 2-ի: «T» նշանը տեղադրվում է վազքուղու եզրից 3, իսկ շեմից` 50 մետր հեռավորությունների և գետնից 10-20 սմ բարձրություն վրա, 6-80 թեքությամբ. դեպի վայրէջքի ուղղությունը: «T» նշանը կարող է լինել սև, սպիտակ կամ կարմիր գույնի` կապված թե, որ գույնն է առավել արտահայտիչ տվյալ տեղանքում:

 

_________________

ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

ՆԿԱՐ 2

 

38. Վազքուղու շեմից 2/3 հեռավորության վրա տեղադրվում է ցուցանակ, որը տեղեկացնում է մինչև վազքուղու վերջն ընկնող հատվածի հեռավորությունը: Ցուցանակը տեղադրվում է վազքուղու ձախ կողմում. եզրից 3-5 մետր հեռավորության վրա: Ցուցանակի և գրառման գույներն ընտրվում են այնպես, որ լինեն առավել արտահայտիչ տվյալ տեղանքում:

 

4. ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԹԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

39. Ուղղաթիռների համար նախատեսված Հարթակը (այսուհետ` Ուղղաթիռահարթակ) պետք է ապահովված լինի առնվազն մեկ վայրէջքի և թռիչքի վերջնական փուլի ՖԱՏՕ գոտով, որի լայնությունը պետք է լինի 1,5D, որտեղ D հանդիսանում է ուղղաթիռի երկրաչափական չափերից (երկարություն/լայնություն) առավելը: ՖԱՏՕ գոտու ընդհանուր թեքությունը ցանկացած ուղղություններով չպետք է գերազանցի 3%-ը: ՖԱՏՕ գոտու շուրջ պետք է ապահովված լինի անվտանգության գոտի, որը տարածվում է ՖԱՏՕ գոտու ուրվագծի սահմաններով առնվազն 3 մ կամ 0.25D` կապված թե որն է ավելի մեծ:

40. Ուղղաթիռահարթակում պետք է նախատեսված լինի առնվազն մեկ վայրէջքի և պոկման ՏԼՕՖ գոտի, որը կարող է գտնվել ՖԱՏՕ գոտու սահմաններում կամ դրանից դուրս և պետք է ունենա բավարար չափսեր, որպեսզի տեղավորվի տվյալ Ուղղաթիռահարթակի շահագործման համար նախատեսված ամենամեծ ուղղաթիռի 1.5 երկարության կամ հենասարքի լայնության (նայած թե որն է մեծ) տրամագծով շրջանում: ՏԼՕՖ գոտին կարող է լինել արհեստական կամ հողային (գրունտային) ծածկույթով: ՏԼՕՖ գոտու կրողունակությունը պետք է ապահովի ուղղաթիռների (որոնց շահագործման համար նախատեսված է տվյալ գոտին) անվտանգ շահագործումը: ՏԼՕՖ գոտու մակերևույթի թեքությունները պետք է բացառեն ջրակուտակումների առաջացումը և չգերազանցեն 2%-ը: ՏԼՕՖ գոտու մակերևույթը պետք է դիմակայի շահագործվող ուղղաթիռների ծանրաբեռնվածությանը և կրող պտուտակի օդի շիթի ազդեցությանը, ինչպես նաև չունենա անհարթություններ, որոնք կարող են բացասականորեն ազդել ուղղաթիռների թռիչք-վայրէջքի կատարման վրա.

41. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինի խոչընդոտներից ազատ հարթությամբ, որի լայնությունը պետք է առնվազն համապատասխանի անվտանգության գոտու լայնությանը, իսկ թեքությունը` 3%: Խոչընդոտներից ազատ հարթության ներքին սահմանը համընկնում է ՖԱՏՕ գոտու սահմանով անցնող հորիզոնական գծի հետ:

42. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինի քամու ուղղության ցուցիչով և ցերեկային մականշումներով: Քամու ուղղության ցուցիչը պետք է տեղադրվի թռիչք-վայրէջքի վերջնական փուլի գոտում այնպես, որպեսզի կախման ռեժիմում կամ աշխատանքային հրապարակում տեսանելի լինի ուղղաթիռի անձնակազմի համար և դրա վրա չազդեն օդի կողմնակի կամ տանող պտուտակի կողմից ստեղծած օդի տատանումները:

1) Քամու ուղղության ցուցիչն իրենից ներկայացնում հատված կոն, որի երկարությունը պետք է լինի առնվազն 1.2 մետր, իսկ հիմքի տրամագիծը` 0,3 մետր:

2) Ուղղաթիռահարթակի ցերեկային մականշումն իրականացվում է համաձայն Չիկագոյին կոնվենցիայի N 14 Հավելվածի պահանջների:

43. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինեն ուղղաթիռի ամրացման միջոցներով:

 

5. ՀԱՐԹԱԿՈՒՄ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

44. Հարթակում թռիչք-վայրէջքի կատարման որոշումն ընդունվում է օդանավի հրամանատարի կողմից, ելնելով օդանավի թռիչքատեխնիկական տվյալներից և Հարթակի շահագործողական բնութագրերից և վիճակից:

45. Վայրէջքից առաջ օդանավի հրամանատարը պետք է իրականացնի ստուգիչ թռիչք Հրապարակի վրա, որի շրջանակներում որոշում է վայրէջքի ուղղությունը և գնահատում է վայրէջքի պայմանները (օդերևութաբանական պայմանները, Հարթակի վիճակը, խոչընդոտների առկայությունը):

46. Հարթակներից չեն կարող իրականացվել միջազգային թռիչքներ:

47. ՀՀ տարածքում հարթակից թռիչքներ իրականացնելիս օդանավի հրամանատարը`

1) ստուգում և կազմում է ուղևորների ցանկը,

2) ապահովում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման գործընթացը,

3) ապահովում է ուղևորների մուտքը դեպի օդանավ:

 

6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն սույն կարգի համաձայն թույլտվություն ստացած Հարթակ շահագործողների նկատմամբ` սույն կարգով նախատեսված պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:

49. Վերահսկողությունն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ` Կոմիտեի նախագահի կողմից հաստատված հարցաշարերով:

50. Այն դեպքում, երբ Հարթակում իրականացվող թռիչք-վայրէջքների քանակը չի գերազանցում 30-ը, Հարթակի շահագործողական պատրաստվածության և թռիչքների անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում է շահագործողը:

51. Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության պահպանության համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է տարեկան տուրք, որը սահմանված կարգով և ժամկետում չվճարելը հիմք է համապատասխան թույլտվության գործողության կասեցման համար: Սույն կետով նշված հիմքով թույլտվության գործողությունը կարող է կասեցվել մինչև 3 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում կասեցման հիմքը չվերացնելու դեպքում թույլտվության գործողությունը ենթակա է դադարեցման:

(51-րդ կետը լրաց. 19.12.2024 թիվ 16-Ն հրաման)

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ __________________________________________________ գտնվող և

(ՀՀ մարզի անվանումը և աշխարհագրական կոորդինատները) ________________________________________________ սեփականության իրավունքով

(կազմակերպության անվանումը/սեփականատիրոջ Ա.Ա) պատկանող թռիչք-վայրէջքի հարթակին տալ շահագործման թույլտվություն:

Սահմանված կարգի համաձայն կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _______________________________________ 2. _______________________________________ 3. _______________________________________ 4. _______________________________________ 5. _______________________________________

 

__________________________________       __________________________________

(կազմակերպության ղեկավարի/ հարթակի       (կազմակերպության ղեկավարի/ հարթակի

սեփականատիրոջ ստորագրությունը)           սեփականատիրոջ անուն, ազգանունը)

 

Ձև 2

_________________

ԻՐՏԵԿ - զինանշանը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Սույնով հավաստիացվում է, որ _______________________ հարթակը,

(հարթակի անվանումը)

որը շահագործվում է_______________________________ կողմից և

(շահագործողի անվանումը)

տեղակայված է` Լայնությունը 00 o 00՛ 00.00» , Երկարությունը 00 o 00՛ 00.00»

բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օդանավերի թռիչք-վայրէջքների հարթակներին ներկայացվող պահանջներին:

Սույն Թույլտվությունը տրված է 3 տարի ժամկետով և ենթակա չէ փոխանցման:

 

Քաղաքացիական ավիացիայի

    կոմիտեի նախագահ                        _________________

                                            (ստորագրություն)

 

    Կ.Տ                            Տրման ամսաթիվը «___»_______20____ թ.  

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
31.10.2022
N 18-Ն
Հրաման