ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0878/04/24
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0878/04/24 2025 թ.
Նախագահող դատավոր` Լ. Սարգսյան
Դատավորներ` Ի. Բաղմանյան
Լ. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի հոկտեմբերի 3-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի` «Պայծառ Երազ» ՓԲԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի որոշման դեմ Համայնքի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.05.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեև Ընկերության հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձել է «չպահանջված» նշումով, այնուամենայնիվ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի հասցեով ուղարկված ծանուցագիրն ստացվել է վերջինիս կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը փաստացի ծանուցված է եղել սնանկության գործի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի թիվ ՍնԴ/0878/04/24 քաղաքացիական գործով կայացված որոշում բեկանել և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը մերժելու մասին»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համայնքն Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացրել Դատարան (հավելված 1-ին, գ.թ. 3-6).
2) 06.03.2024 թվականի դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն` Ընկերության գտնվելու վայրն է «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 1Ն. ԿՈՆ. / ք. Երևան, 0001 ՀԱՅԱՍՏԱՆ», գործադիր մարմնի ղեկավարն է տնօրեն Հարություն Ադիբեկյանը, իսկ վերջինիս հասցեն է «*********(1)» (հավելված 1-ին, գ.թ. 14).
_____________________
1) Առկա է անձնական տվյալ:
3) Դատարանի 02.04.2024 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, նաև որոշվել է պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Ռոբերտ Եղյանին: Դիմումը, կից փաստաթղթերը և որոշումը` վերջինս ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ու չկատարելու հետևանքների մասին տեղեկացնող ուղեկցական գրության (այսուհետ` Ուղեկցական գրություն) հետ մեկտեղ, փոստային առաքմամբ ուղարկվել է Ընկերությանը «ք. Երևան, Սայաթ-Նովայի 1Ն. ԿՈՆ» և «ք. Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 1/4» հասցեներով, որը վերջինիս կողմից չի ստացվել, ու ծրարը վերադարձվել է «ՉՊԱՀԱՆՋՎԱԾ» նշումով, իսկ տնօրեն Հարություն Ադիբեկյանին ուղարկվել է «********(2)» հասցեով, որը վերջինիս կողմից ստացվել է 13.04.2024 թվականին: Նաև Ընկերության տնօրեն Հարություն Ադիբեկյանին հասցեագրված ուղեկցական գրությամբ, վերջինիս, ի թիվս այլնի, պարզաբանվել է, որ դիմումին կից փաստաթղթերի ծավալուն լինելու պատճառով դիմումին կից փաստաթղթերն ուղարկվել են միայն Ընկերության հասցեով, դրանք դեպոնացված են դատարանում` նույն գրությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ծանոթանալու նպատակով (հավելված 1-ին, գ.թ. 2, 25-27):
_______________
2) Առկա է անձնական տվյալ:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործին մասնակցող անձանց հավասարության և մրցակցության սկզբունքների համատեքստում անդրադառնալ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցման հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպային դիրքորոշում այն մասին, որ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ, ու միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդերլանդների թիվ 14448/88 գանգատով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, կետ 30-35, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 17748/91 գանգատով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի թիվ 9024/80 գանգատով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28): Մրցակցային դատավարության իրավունքը պետք է դրսևորվի բավարար պայմաններում. քննության կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու դատարան ներկայացված ապացույցին, ինչպես նաև հնարավորություն ունենա ներկայացնելու դրա թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ մեկնաբանություններ պատշաճ ձևով ու պատշաճ ժամանակահատվածում (տե՛ս Կրչմարը և մյուսներն ընդդեմ Չեխիայի Հանրապետության թիվ 35376/97 գանգատով Եվրոպական դատարանի 03.06.2000 թվականի վճիռը, կետ 42, Immeubles Groupe Kosser-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 38748/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.03.2002 թվականի վճիռը, կետ 26)` անհրաժեշտության դեպքում ստանալով լրացուցիչ ժամանակ (տե՛ս Yvon-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 44962/98 գանգատով Եվրոպական դատարանի 24.07.2003 թվականի վճիռը, կետ 39):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում` ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա (տե՛ս Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ն և «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի թիվ 3-346 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով իրավահավասարության և մրցակցության սկզբունքների մասին նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ կողմերն ունեն հավասար հնարավորություններ դատարան դիմելիս ու խախտված իրավունքների պաշտպանության մեթոդներն և միջոցներ ընտրելիս: Այսինքն` քաղաքացիական դատավարության ընթացակարգում կողմերը միմյանց նկատմամբ որևէ առավելություն չունեն: Միաժամանակ իրավահավասարության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի կարող բավարար լինել, եթե գործնականում դատարանի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այդ սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով: Ուստի դատարանն արդարադատություն իրականացնելիս որևէ կողմի առավելություն տալու իրավասությամբ օժտված չէ և պետք է բացառի կողմնակալությունը կամ իրեն կողմնակալության մեջ կասկածելու հնարավորությունը (տե՛ս «Արմլեվլ» ՍՊԸ-ն ընդդեմ Գևորգ Պողոսյանի թիվ ԵԴ/2430/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց` հավասար պայմաններում իրենց գործը ներկայացնելու իրավունքը դիտարկելով որպես հավասարության և մրցակցության սկզբունքների բաղադրատարր` օրենսդիրը միաժամանակ վերջիններիս վրա դրել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ու դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում` դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով: Վերոշարադրյալից հետևում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի իրականացման իրական հնարավորությունն ապահովված լինելու պայմաններում գործին մասնակցող անձի կողմից իրեն վերապահված իրավունքներից չօգտվելու կամ անբարեխղճորեն օգտվելու բացասական հետևանքը պետք է կրի այդ անձը` բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցում է իրենից անկախ պատճառներով դրանից օգտվելու անհնարինությունը: Ընդ որում, բարեխղճության պայմանի կարևորությունը քաղաքացիական դատավարությունում ընդգծվում է նաև դատավարության մյուս կողմի իրավունքների տեսանկյունից, քանի որ ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները հավասարապես երաշխավորված են նաև նրա համար (տե՛ս Գոռ Զաքարյանն ընդդեմ Գրետա Սարգսյանի թիվ ԵԴ/28877/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2024 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում ու չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանը և դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու ու պաշտպանելու մարդու իրավունքներն ու օրինական շահերը (տե՛ս Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
i
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հարկ է համարել ընդգծել, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը` վերջիններիս իրավունքների պաշտպանության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սուբյեկտի` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը (տե՛ս Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը: Հետևաբար` ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռվի ապահովել վերոհիշյալ պահանջները: Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը և պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (գործի բանավոր քննության դեպքում), քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է` իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները: (...) Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքն ու դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ու պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) Անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ և նպատակ ունի ապահովելու սնանկ ճանաչվող պարտապանի մասնակցությունը սնանկության վարույթին` դրանով իսկ երաշխավորելով սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչվող պարտապանի` օրենքով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ` վիճարկելու սնանկության հիմքերը, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում` սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական ու կոնվենցիոն դրույթներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ, ըստ էության, կիրառելի են որոշակի սահմանափակումներ (օրինակ` մորատորիումը և այլն), միաժամանակ հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթը կարող է հանգեցնել սնանկ ճանաչվող պարտապանի` քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս գալուն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելու ընթացակարգը: Այսպես` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:
i
Օրենսդիրը միաժամանակ պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսել է ընդհանուր և պարզեցված ընթացակարգեր: Ընդհանուր կարգի համաձայն` երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԴ/0236/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը, անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրացման համատեքստում արժևորելով լսված լինելու ու գործում առկա բոլոր փաստաթղթերի առնչությամբ դիրքորոշում հայտնելու իրական հնարավորությունն ապահովելու, հավասարության և մրցակցության սկզբունքների պահանջների պահպանմամբ գործը քննելու կարևորությունը, ավելին` հետապնդելով դատավարության մասնակիցների շահերը հավասարակշռելու և նրանցից մեկի անբարեխիղճ վարքագծից մյուսների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակ, արձանագրում է, որ թեև օրենսդիրը սահմանել է, որ իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում, այնուամենայնիվ, նկատի ունենալով, դատական ծանուցման ինստիտուտի նպատակը, ինչպես նաև այն, որ Սահմանադրության 63-րդ հոդվածով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է նաև դատավարության մյուս կողմի համար, գտնում է, որ անկախ դատական ծանուցագիրն իրավաբանական անձի ծանուցման հասցեում հանձնված չլինելու հանգամանքից, եթե հնարավոր է ապացուցել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի` սնանկության վարույթի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը, ապա տվյալ դեպքում առարկայազուրկ է խոսել պարտապանի` օրենսդրությամբ սահմանված իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից զրկված լինելու մասին, ուստի դատարանում գործի քննության ժամանակ վերջինս պետք է իր դատավարական իրավունքներից օգտվի ու իր դատավարական պարտականությունները կատարի բարեխղճորեն, ինչը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում` դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` 06.03.2024 թվականի դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն` Ընկերության գտնվելու վայրն է «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 1Ն. ԿՈՆ. / ք. Երևան, 0001 ՀԱՅԱՍՏԱՆ», գործադիր մարմնի ղեկավարն է տնօրեն Հարություն Ադիբեկյանը, իսկ վերջինիս հասցեն է «********(3)»:
_______________
3) Առկա է անձնական տվյալ:
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Դատարանի 02.04.2024 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, նաև որոշվել է պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Ռոբերտ Եղյանին: Դիմումը, կից փաստաթղթերը և որոշումն Ուղեկցական գրության հետ մեկտեղ Ընկերությանն ուղարկվել է «ք. Երևան, Սայաթ-Նովայի 1Ն. ԿՈՆ» ու «ք. Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 1/4» հասցեներով, որը վերջինիս կողմից չի ստացվել և ծրարը վերադարձվել է «ՉՊԱՀԱՆՋՎԱԾ» նշումով, իսկ տնօրեն Հարություն Ադիբեկյանին ուղարկվել է «********(4)» հասցեով, որը վերջինիս կողմից ստացվել 13.04.2024 թվականին: Նաև Ընկերության տնօրեն Հարություն Ադիբեկյանին հասցեագրված ուղեկցական գրությամբ, վերջինիս, ի թիվս այլնի, պարզաբանվել է, որ դիմումին կից փաստաթղթերի ծավալուն լինելու պատճառով դիմումին կից փաստաթղթերն ուղարկվել են միայն Ընկերության հասցեով, սակայն դրանք դեպոնացված են դատարանում` նույն գրությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ծանոթանալու նպատակով:
_______________
4) Առկա է անձնական տվյալ:
Դատարանը 16.05.2024 թվականի վճռով դիմումը բավարարել է:
Ընկերության կողմից 18.06.2024 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացվել է վերաքննիչ բողոք նաև այն հիմնավորմամբ, որ զրկված է եղել գործով միջնորդություններ, առարկություններ և ապացույցներ ներկայացնելու իր իրավունքներից, քանի որ բոլոր դատավարական փաստաթղթերն Ընկերության ծանուցման հասցեով չեն հանձնվել, իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դատավարական փաստաթղթերն ուղարկել են ֆիզիկական անձ Հարություն Ադիբեկյանին` նրա անձնական հասցեով, ապա վերջինս որպես Ընկերության տնօրեն կարող էր Ընկերությանը վերաբերող փաստաթղթերն ստանալ Ընկերության ծանուցման հասցեով, իսկ որպես ֆիզիկական անձ իր հասցեով ուղարկելու հանգամանքը չի կարող դիտարկվել, որ Ընկերությունը պատշաճ կարգով ծանուցվել է:
Վերաքննիչ դատարանը 02.12.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 16.05.2024 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ`
- «Դատարանը սնանկության վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցված լինելու փաստը հիմնավորել է բացառապես հիմք ընդունելով հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու որոշումը պարտապան իրավաբանական անձի տնօրենի` Հարություն Արմենի Ադիբեկյանի, ք. Երևան, Նոր Նորք, Ն. Ստեփանյան փ. 7շ. 20 հասցեում ստացված լինելու հանգամանքը, մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավաբանական անձի ծանուցման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը չեն ստացվել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ օրենքով սահմանված անձի կողմից և հետ են վերադարձվել դատարան»,
- «սնանկության վարույթի հետագա ընթացքն ապահովելուն նպատակով պատասխանողի պատշաճ ծանուցումն իրականացնելու համար Դատարանի մոտ ծագել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասի դատավարական գործողությունների կատարման պարտականությունը, (...) մինչդեռ սույն դեպքում բացակայում է նշված գործողությունների կատարման, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում դատական ծանուցագիրը տեղադրելու փաստը»,
- «պարտապան իրավաբանական անձի ծանուցումն իրականացվել է թերի, հետևաբար վերջինս սնանկության վարույթի մասին պատշաճ ծանուցված չի եղել, ըստ այդմ զրկվել է իր դատավարական իրավունքներն իրականացնելու` ներկայացված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, մինչդեռ համաձայն բողոքի հիմքերի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ2/36877/02/23 գործը և Վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/ 0070/05/24 գործը վիճելի են դարձնում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված պարտավորության հիմնավորվածությունը»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը զրկված չի եղել իր գործը պատշաճ ներկայացնելու, այն է` միջնորդություններ, առարկություններ և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:
Այսպես` սույն գործի փաստերից բխում է, որ թեև իրավաբանական անձի հասցեով ուղարկված լինելու պայմաններում Ընկերության տնօրենը փաստացի չի ստացել Դատարանի 02.04.2024 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշումը, դիմումն ու կից փաստաթղթերը, ինչպես նաև Ուղեկցական գրությունը, այնուամենայնիվ, նշված փաստաթղթերն ուղարկվել են նաև Ընկերության տնօրեն Հարություն Ադիբեկյանին «********(5)» հասցեով, որոնք վերջինիս կողմից ստացվել են 13.04.2024 թվականին:
_____________
5) Առկա է անձնական տվյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության տնօրեն Հարություն Ադիբեկյանը, 13.04.2024 թվականին ստանալով Դատարանի 02.04.2024 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշումը, որպես Ընկերության գործադիր մարմնի ղեկավար փաստացի տեղեկացել է սույն գործի քննության մասին: Ավելին` նշված որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում ունենալով Ընկերության սնանկությունը գրավոր վիճարկելու հնարավորություն` որևէ գործողություն չի ձեռնարկել:
Փաստերի նման հաջորդականությունը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրել, որ Դատարանը գործնականում ձեռնարկել է համապատասխան միջոցներ` պարտապանին ընձեռելով իր իրավունքների պաշտպանությունն ամբողջ ծավալով կազմակերպելու հնարավորություն, որպիսիք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում իրացնելու հարցում վերջինս բարեխիղճ, շրջահայաց ու հետևողական մոտեցում չի ցուցաբերել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանի կողմից դատավարական իրավունքի իրականացման իրական հնարավորությունն ապահովված լինելու պայմաններում Ընկերությունը ոչ թե զրկված է եղել Դատարանում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այլ բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից, որից բխող բացասական հետևանքները պետք է կրի ինքը: Վճռաբեկ դատարանը վերոգրյալ եզրակացությանն է հանգում` հիմք ընդունելով նաև ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների պահպանման համատեքստում սույն գործով հայցվոր Համայնքի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 16.05.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 16.05.2024 թվականի վճռով դատական ծախսերի հարցը լուծված լինելու, իսկ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքը Ընկերության կողմից վճարված լինելու պայմաններում` Ընկերությունից հօգուտ Համայնքի ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու Համայնքի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Սնանկության դատարանի 16.05.2024 թվականի վճռին:
2. «Պայծառ Երազ» ՓԲԸ-ից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil- cases/3011